Այս տարվա օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ՀՀ Կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը: Ոչ պարտադիր, բայց ընկերության համար ցանկալի ու դրական փոփոխությունների բերող կառավարման այս մոդելի կիրարկումը դեռեւս քիչ ընկալելի է հայկական բիզնես միջավայրին: Թեման քննարկելու, պետական մարմիններն ու մասնավոր ընկերությունները նաեւ միջազգային կառույցներին ու փորձագետներին կապելու նպատակով Երեւանում անցկացվել է «ՀՀ Կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման եւ իրավակիրարկման հիմնախնդիրները» աշխատաժողովը: Այն կազմակերպել է Կորպորատիվ կառավարման կենտրոնը՝ ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի, Ասիական զարգացման բանկի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Banks.am-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանն ու աշխատաժողովի մոդերատոր, Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը պատմել են եղած մարտահրավերների ու դրանք հաղթահարելու տարբերակների մասին: «Կորպորատիվ կառավարումը ճանապարհ է, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ»Կորպորատիվ կառավարման կենտրոնն այն կառույցներից մեկն էր, որն աշխատել է ՀՀ Կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի մշակման ուղղությամբ: Նարինե Մելիքյանն ասում է՝ երկար ճանապարհ էր. «Կարեւոր էր, որ կանոնագիրքը համահունչ լինի ոչ միայն համաշխարհային սկզբունքներին ու չափանիշներին, այլեւ՝ արտացոլի մեր երկրի մշակութային առանձնահատկությունները, տնտեսական կառուցվածքը: Բիզնեսի համար այն չպետք է դառնար արհեստական ներմուծված տարր»: Նարինե Մելիքյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այսօր արդեն Կորպորատիվ կառավարման կենտրոնը շարունակում է կանոնագրքի ներդրումն ու կիրարկումը խթանող գործունեությունը:«Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը պարտադիր փաստաթուղթ չէ: Այն հիմնվում է «հետեւիր կամ բացատրիր» սկզբունքի վրա: Մեր բիզնես միջավայրում ընկերությունները հակված են կատարել պարտադիր պահանջները, բայց կամավորության վրա հիմված փաստաթղթերն ընդունելու ու կիրարկելու համար նրանց լրացուցիչ խթաններ են պետք: Ընկերություններին պետք է ցույց տալ կորպորատիվ կառավարման դրական կողմերը գործարար շահի տեսանկյունից, ներկայացնել երկարաժամկետ արդյունքները», - ասում է Նարինե Մելիքյանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նրա խոսքով՝ աշխատաժողովը խնդիր է դրել ոչ միայն ներկայացնել նոր կանոնագիրքը, այլեւ քննարկել դրա ներդրման եւ կիրարկման հարցերը, այդ թվում` «հետեւիր կամ բացատրիր» սկզբունքի գործնական կիրառումը.«Այն տալիս է համաչափության, ճկունության ու հաշվետվողականության հնարավորություն: Համաչափությունն, օրինակ, ենթադրում է, որ ընկերությունները տարբեր են՝ կառուցվածքով, ֆինանսական աղբյուրներով, գործարար մոդելով, եւ բոլորին «նույն արշինով չափելը» ճիշտ չէ: Սա է պատճառը, որ «հետեւիր կամ բացատրիր» սկզբունքն ասում է՝ կիրառիր կանոնագիրքն այնքանով, որքանով թույլ է տալիս քո կառավարման համակարգը: Միեւնույն ժամանակ, կարողացիր բացատրություն տալ այն սկզբունքների մասին, որոնք չես կիրառում կամ որոնց չես համապատասխանում`ապահովելով ողջամիտ բացատրություններ, որոնք բխում են սկզբունքի բովանդակությունից: Նման կերպ ընկերություններն իրենց կառավարման համակարգի վերաբերյալ հաղորդակցվում են ներդրողների, բաժնետերերի եւ այլ շահակիցների հետ, արդարացնում նրանց սպասումները կամ՝ հակառակը»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրենի խոսքով՝ հաճախ լինում են նաեւ դեպքեր, երբ կազմակերպությունները գերադասում են «գերազանցիկի» կարգավիճակը, փորձում են համապատասխանել կանոնագրքի բոլոր սկզբունքներին: Արդյունքում, քանի որ դրանք բավականին բարդ են, ընկերությունն ինքն իր համար ստեղծում է համապատասխանության «բեռ», ինչը չի հանգեցնում ի սկզբանե նախատեսված արդյունքների՝ երկարաժամկետ նպատակների վրա կենտրոնացմանը, կորպորատիվ կատարողականի եւ գործունեության արդյունավետության բարձրացմանը, ներդրումային գրավչության աճին, ռիսկերի նվազեցմանը, շահակիցների շահերի ընկալմանը եւ այլն: «Այս միջոցառման գլխավոր նպատակներից է կազմակերպություններին բացատրել, նրանց հետ քննարկել նոր կանոնագրքի կիրարկման մեխանիզմները, ինչպես նաեւ խրախուսման մեխանիզմ մտածել կանոնագրքին միացող կազմակերպությունների համար», - ասում է Նարինե Մելիքյանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա ընդգծում է՝ կորպորատիվ կառավարումը ճանապարհ է, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ: Դրա ներդրումից պետք չէ այսրոպեական հաջողություն ակնկալել. «Այն ենթադրում է ոչ թե արագ, այլ՝ երկարաժամկետ արդյունք»: «Ճիշտ ներդրված կորպորատիվ կառավարմամբ ընկերության արդյունավետությունն աճում է 25%-ով»Աշխատաժողովի մոդերատոր եւ Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանի խոսքով՝ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման ընթացքում աշխարհում բազմաթիվ երկրներ են բախվում խնդիրների. Կոնստանտին Սարոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Սա հասկանալի է, երբ կա «փափուկ» կարգավորման դրույթ եւ չկան պարտադրում կամ վերահսկողություն ենթադրող մեխանիզմներ»: Միեւնույն ժամանակ, միջազգային մասնագետների հետ քննարկումը, որոնք արդեն իսկ անցել այս ճանապարհը, տեսել դրա թե հաճելի, թե բարդ «տեղամասերը», կարող է շատ օգտակար լինել: Կոնստանտին Սարոյանը եւս շեշտում է՝ կորպորատիվ կառավարումը չի ենթադրում կազմակերպությունում եղած բոլոր խնդիրների արագ լուծում. Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հաճախ, երբ ասում ենք՝ կորպորատիվ կառավարումը հանգեցնում է ծախսերի կրճատման, մեզ խնդրում են ապացուցել: Արդյունքում այդ «ապացույցները» ներկայացնում ենք հինգ տարվա կտրվածքով ու ի պատասխան լսում, որ 5 տարվա մեջ, գուցե, շատ այլ փոփոխություններ են եղել կազմակերպությունում կամ փոխվել է ընդհանուր բիզնես միջավայրը: Բայց պետք է հասկանալ, որ կորպորատիվ կառավարման ներդրումն ու դրանից արդյունքներ քաղելը ժամանակատար գործընթաց է»: Կոնստանտին Սարոյանի խոսքով՝ հստակ է մի բան՝ ճիշտ ներդրված կորպորատիվ կառավարում ունեցող ընկերությունները գրանցում են դրական արդյունքներ ու առավել գրավիչ են նաեւ ներդրողների համար. «Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ճիշտ ներդրված կորպորատիվ կառավարում ունեցող ընկերությունների արդյունավետությունն աճում է մոտ 25%-ով»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Միանձնյա կառավարումից կորպորատիվի անցումը բարդ է նաեւ մենթալիտետի, հոգեբանության տեսանկյունից: «Հաճախ ընկերության ղեկավարները մտածում են՝ «ես կառուցել եմ ընկերություն, որը 10 տարի աշխատել է իմ միանձնյա կառավարմամբ, հիմա որոշումներս պետք է կայացնեմ կոլեգիալ, իսկ եթե իմ որոշումը մերժվի՞»: Շատ կարեւոր է հաղթահարել այս վախը, աշխատել նաեւ հոգեբանության հետ, ընդ որում՝ ոչ միայն ընկերությունների սեփականատերերի, այլեւ՝ մենեջմենթի հետ», - ասում է Կոնստանտին Սարոյանը: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 2309