Ներկայացնում ենք Բոստոնի համալսարանի Գլոբալ զարգացման քաղաքականության կենտրոնի տնօրեն Քեւին Փ. Գալագերի եւ նույն կենտրոնի ավագ գիտաշխատող Մարինա Ցուկեր-Մարկեսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Մարինա Ցուկեր-Մարկես, Քեւին Փ. ԳալագերԱրդեն ընդունված փաստ է, որ համաշխարհային կապիտալի հոսքերը դեպի զարգացող աշխարհ ցիկլային են. աճում են, երբ զարգացած տնտեսությունները մեղմում են դրամավարկային քաղաքականությունը, եւ նվազում, երբ տոկոսադրույքները բարձրանում են: Դրա օրինակն է զարգացող երկրների աճող թիվը, որոնք բախվում են իրացվելիության եւ վճարունակության ճգնաժամերին վերջին խստացման ցիկլի հետեւանքով, որը սկսվեց 2022 թվականին: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 25 կառավարություններ այժմ իրենց եկամուտների ավելի քան մեկ հինգերորդը ծախսում են պարտքերի վրա. ամենաբարձր ցուցանիշը 1980-ականների եւ 1990-ականների ահռելի պարտքային ճգնաժամից ի վեր: Տոկոսավճարները այժմ գերազանցում են կրթության կամ առողջապահության ծախսերը 3,3 միլիարդ բնակչություն ունեցող երկրներում:Բրետոն Վուդսի ինստիտուտները ստեղծվել են 80 տարի առաջ, որպեսզի աջակցեն հենց զարգացող երկրներին հակացիկլային պետական ֆինանսավորման օգնությամբ, երբ մասնավոր հատվածը կրճատում է ներդրումները: Արժույթի միջազգային հիմնադրամի նպատակն էր օգնել կարճաժամկետ իրացվելիությանը, իսկ Համաշխարհային բանկը պետք է կենտրոնանար երկարաժամկետ աճի ֆինանսավորման եւ կառուցվածքային փոփոխությունների վրա՝ կանխելու իրացվելիության ճգնաժամը:Այդ ինստիտուտները, իհարկե, դեռ կան, բայց չեն համապատասխանում համաշխարհային տնտեսական իրողություններին: Աշխարհի ֆինանսական «հրշեջները»՝ ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը եւ այլ բազմակողմ զարգացման բանկերը (ԲԶԲ), փորձում են հանգցնել զարգացող երկրներում բռնկված հրդեհները դույլերով, այլ ոչ թե կաշեխողովակներով: Լուսանկարը՝ REUTERS Զարգացող շուկաների եւ զարգացող տնտեսությունների (ԶՇԶՏ) համարժեք իրացվելիություն ապահովելու համար միջազգային ֆինանսական կառուցվածքը պետք է փոխվի, որպեսզի ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը եւ այլ բազմակողմ հաստատությունները դառնան ավելի մեծ, ավելի անաչառ եւ պակաս կենտրոնացած խնայողության վրա: Անհրաժեշտ են համակարգված կանոնակարգեր, որոնք տնտեսական բուռն աճի ժամանակ մասնավոր կապիտալը կուղղորդեն դեպի արտադրողական աճ եւ ԶՇԶՏ-ների կառուցվածքային փոփոխություններ, իսկ տնտեսական անկման ժամանակ կպահեն կապիտալը այս երկրներում:Զուտ փոխանցումները դեպի ԶՇԶՏ-ներ՝ բացառությամբ Չինաստանի, բացասական են դարձել 2022-ին, ինչը նշանակում է, որ պարտքի սպասարկման ծախսերը գերազանցել են նոր հատկացումները: Այս բացը հատկապես նկատելի էր առեւտրային բանկերի եւ պարտատոմսերի սեփականատերերի դեպքում՝ 2023-ին հասնելով 193 մլրդ. դոլարի: Թեեւ ԱՄՀ-ն եւ ԲԶԲ-ն փոխհատուցեցին մասնավոր հատվածի կողմից միջոցների դուրսբերումը, ոչ արտոնյալ ֆինանսավորումը բացասական էր եւ կազմեց -2,7 մլրդ. դոլար, իսկ արտոնյալ ֆինանսավորումը դրական էր, բայց անբավարար՝ 2023-ին հասնելով ընդամենը 20 մլրդ. դոլարի:Թեեւ 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո ԱՄՀ-ի ծրագրերի ծավալը չորս անգամ ավելացել է, հիմնադրամի միջոցների համարժեքությունը մնում է պատմական մակարդակից ցածր: Քվոտաների վերջին՝ 16-րդ ընդհանուր վերանայումը, որն ավարտվեց 2023-ի դեկտեմբերին, չհանգեցրեց ԱՄՀ-ի վարկավորման կարողությունների զուտ աճի:Զարգացած տնտեսությունները ունեն արժույթի անսահմանափակ փոխանակումների ցանց, սակայն ԶՇԶՏ-ների մեծ մասը իրացվելիության աջակցության համար կարող է դիմել միայն ԱՄՀ-ին: Սա խորացնում է անհավասարությունը համաշխարհային ֆինանսական անվտանգության ցանցում՝ արտակարգ ֆինանսավորման աղբյուրում, որը ներառում է ԱՄՀ-ն, տարածաշրջանային ֆինանսավորման պայմանավորվածությունները եւ կենտրոնական բանկերի սվոփները: Նման գլոբալ անհավասարությունը փոխհատուցելու համար ԱՄՀ-ը (ցանցի միակ գլոբալ հաստատությունը) պետք է մեծացնի վարկավորման կարողությունները մոտավորապես 500 մլրդ. դոլարից մինչեւ 1 տրլն. դոլար:Ինչ վերաբերում է ԲԶԲ-ներին, ապա դրանք ներկայումս տրամադրում են զարգացող երկրների համախառն ազգային եկամտի ընդամենը 0,5%-ին համարժեք վարկեր՝ 1990-ականների 0,7%-ից ցածր: G20-ի Անկախ փորձագիտական խմբի վերջին գնահատումների համաձայն՝ ԲԶԲ-ները պետք է եռապատկեն ֆինանսավորումը մինչեւ 2030-ը, որպեսզի հասնեն կլիմայի եւ զարգացման ընդհանուր նպատակներին: Լուսանկարը՝ REUTERS Ավելին, ԱՄՀ ծրագրերը հաճախ խիստ պայմաններ են պարտադրում երկրներին ու ստիպում խնայողության միջոցներ ձեռնարկել: «Վստահության փերիի» մասին առասպելը (այն է՝ խնայողությունը կվերականգնի շուկայի վստահությունը եւ կխթանի տնտեսական աճը) դեռ կենդանի է, չնայած բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ԱՄՀ-ի վարկային պայմանները տնտեսական կայունությունը բարելավելու փոխարեն ավելացնում են աղքատությունը, անհավասարությունը եւ հանգեցնում սոցիալական խռովությունների: Համաշխարհային բանկի ֆինանսավորումը նույնպես չի նպաստում աճին:Քենիայում վերջին սոցիալական ցնցումները դրա վառ օրինակն են: Չնայած հույսերին, որ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի վարկերը կխրախուսեն մասնավոր հատվածի վերաֆինանսավորումը, նոր պարտատոմսերի թողարկումներն ունեին չափազանց մեծ տոկոսադրույք՝ 10,375%, ինչը սրեց պարտքի խոցելիությունը: Երբ Քենիայի կառավարությունը առաջարկեց ֆինանսական օրինագիծ, որը պարունակում էր հարկերի ավելացում՝ ԱՄՀ եկամուտների նպատակներին հասնելու համար, սկսվեցին բողոքի ցույցեր, որոնք հանգեցրին առնվազն 39 հոգու մահվան:Ֆինանսական ծանր վիճակում գտնվող զարգացող երկրներին անհրաժեշտ է աճին միտված մոտեցում, որը կայունացնում է տնտեսությունը՝ չկրճատելով էական պետական ծախսերը: Բրուքինգսի ինստիտուտի Հոմի Խարասը եւ Շարլոթ Ռիվարդը պարզել են, որ խթանիչ փաթեթները կհանգեցնեն ավելի բարձր աճի եւ հետ կպահեն ԶՇԶՏ-ները կառուցվածքային օրինաչափություններից, որոնք առաջացնում են իրացվելիության ճգնաժամեր: Ի վերջո, այդպես են զարգացած տնտեսություններն արձագանքում ցնցումներին: ԱՄՆ-ի հարկաբյուջետային արձագանքը Քովիդ-19 համաճարակին, օրինակ, կազմեց ՀՆԱ-ի ավելի քան 25%-ը, թեեւ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցել է 120%-ը։ Ի հակադրություն դրան, Ենթասահարյան Աֆրիկան՝ 58% պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ, իրեն թույլ տվեց արձագանքել համավարակին ՀՆԱ-ի ընդամենը 3%-ով եւ այժմ խնդիր ունի մարման պարտավորությունների հետ: Լուսանկարը՝ REUTERS Համաշխարհային ֆինանսական համակարգը պետք է թույլ տա ԶՇԶՏ-ներին իրականացնել հակացիկլային քաղաքականություն՝ առանց խիստ խնայողության, այլապես ներկայիս ճգնաժամը կարող է ավարտվել պարտքերի զանգվածային դուրսգրումով, բացահայտ դեֆոլտով կամ համատարած սոցիալական խռովություններով: Զարգացած տնտեսությունները պետք է կապիտալացնեն ԲԶԲ-ները եւ օգնեն բարձրացնել դրանց արդյունավետությունը, համալրել արտոնյալ ֆոնդերը, օրինակ՝ Միջազգային զարգացման ասոցիացիան, եւ մեծացնել ԱՄՀ-ի ֆինանսավորումը: Հիմնադրամն իր հերթին պետք է վերանայի պայմանականության կիրատումը եւ թողարկի Փոխառության հատուկ իրավունքների նոր փուլ՝ իր պահուստային ակտիվը:Համաշխարհային տնտեսության առողջությունը եւ միլիարդավոր մարդկանց ապրուստը կախված են ավելի մեծ եւ ավելի լավ ֆինանսական «հրշեջներից»: Եթե նրանց կարողությունները սահմանափակ մնան, Բրետտոն Վուդսի ինստիտուտների լեգիտիմությունը կթուլանա, եւ առաջընթացը գլոբալ մարտահրավերների հարցում, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը, կմնա անիրագործելի:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 1509