ՄԱԿ ՊՀԾ-ն, ԵԱԶԲ-ի եւ «Երեմյան Փրոջեքթսը» մեկնարկել են «Կաթ դպրոցներին» ծրագրի նոր փուլը

26.09.2024 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի  կողմից իրականացվող «Կաթ դպրոցներին. Լոռի եւ Երեւան» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը։ Օրը խորհրդանշական է, քանի որ ամբողջ աշխարհում սեպտեմբերի 25-ը նշվում է որպես «Կաթ դպրոցներին համաշխարհային օր» (World School Milk Day)։

Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուի, Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ողջույնի խոսքերով։



ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց.«Սա եզակի ծրագրերից է, որտեղ համատեղվում են մի քանի միջազգային կառույցների, մասնավոր սեկտորի եւ պետական կառույցների ջանքերը։ Մասնավոր կազմակերպությունների ներգրավումը կրթական գործընթացում  եւ համագործակցության ձեւավորումը շատ կարեւոր նշանակություն ունի։ Անցյալ տարի մեր գործընկերների՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարահյին ծրագրի աջակցությամբ, Վայոց ձորի մարզում իրականացրեցինք ծրագիր, որտեղ բավականին լավ արդյունքներ գրանցվեցին։ Վստահ եմ, որ այս ծրագրի շրջանակում ընդգրկված բոլոր դպրոցները նույնպես կգրանցեն նմանատիպ արդյունքներ»։


 
«Կաթ դպրոցներին» ծրագիրն ընդլայնվել է Ջերմուկի եւ Եղեգնաձորի դպրոցներում իրականացված պիլոտային նախագծի հաջողված լինելու արդյունքում։ Սույն թվականի հունիսի 27-ին Ղազախստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի միջեւ ստորագրվեց մտադրությունների մասին համաձայնագիր այս ծրագրի շարունակության եւ ընդլայնման վերաբերյալ։ Կողմերը համաձայնագրով նպատակ ունեն մեկտեղել հնարավորությունները Հայաստանում բարձրակարգ կաթն ավելի շատ դպրոցների եւ աշակերտների հասանելի դարձնելու համար՝ դրանով իսկ խթանելով նրանց առողջ սննդակարգն ու ձեւավորել առողջ սովորություններ։

Առողջ սնունդն արդյունավետ ուսումնական գործընթացի կարեւոր գործոն է։ «Կաթ դպրոցներում» ծրագրի հիմնավորումն այն է, որ զարգացման կարեւոր ժամանակահատվածում  երեխաների կողմից կաթի օգտագործումը նպաստում է նրանց աճին, ստեղծում կաթի օգտագործման հետ կապված դրական սովորություններ, նվազեցնում առավոտյան քաղցի զգացումը դպրոցական սննդից առաջ, ինչն էլ իր հերթին բարելավում է դասապրոցեսում կենտրոնացումն ու նվազեցնում անառողջ խորտիկներ ուտելու ցանկությունը։ Ուստի կաթի ներառումը դպրոցական սննդակարգում երեխաներին անհրաժեշտ էներգիայի բավարարման կարեւոր մաս է։



Օրն ավելի առողջ եւ արդյունավետ սկսելու համար առավոտյան մեկական բաժակ կաթ կստանան արդեն ոչ միայն մարզերի, այլեւ երեւանյան դպրոցները. այս անգամ ծրագրում նախնական ընդգրկված են 9 դպրոց՝ 7-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Տաշիր, Մեծավան համայնքներում եւ 2-ը՝ Երեւանի Աջափնյակ ու Շենգավիթ վարչական շրջաններում։ Ծրագիրն ընդգրկում է վերոնշյալ դպրոցների  5-9-րդ դասարանների շուրջ 1350 աշակերտի։  

Մեկնարկին ընդառաջ՝ ծրագիրն իրականացնող կողմերն այցելություններ են ունեցել ընտրված դպրոցներ՝ ծանոթանալու խոհանոցների պատրաստվածությանն ու համոզվելու, որ դպրոցները պատրաստ են ծրագրի հաջող եւ սահուն մեկնարկին: ՊՀԾ-ն նաեւ մշակում է գնահատման գործիքներն ու վարքագծային փոփոխությանն ուղղված միջոցառումներ՝ երեխաների շրջանում ձեւավորելու առողջ սնվելու վարքագիծ։


 
«ՊՀԾ-ն մշտապես առաջնահերթություն է տվել երեխաների սննդին, առողջությանն ու բարեկեցությանը եւ կարեւորել դրանց դերն ուսումնական հաջողություններում  եւ առաջընթացում։ «Կաթ դպրոցներին» ծրագրի միջոցով մենք հայ դպրոցականների ուշադրությունը հրավիրում ենք բալանսավորված սննդակարգի անհրաժեշտության վրա։ ԵԱԶԲ-ի եւ «Երեմյան Փրոջեքթսի» հետ համագործակցության շնորհիվ մենք նպաստում ենք Հայաստանում երեխաների առողջ ապագայի կառուցմանը՝ սկսած պարզ, բայց եւ կարեւորագույն քայլից՝ օրական մեկ բաժակ կաթ խմելուց»,- նշել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն։

Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը նշել է. «Սա ԵԱԶԲ-ի, ՊՀԾ-ի եւ «Երեմյան Փրոջեքթսի» հետ համագործակցության մեր առաջին փորձն է։ Շատ ուրախ ենք նման հնարավորության համար, հատկապես հաշվի առնելով, որ սա «Երեմյան Փրոջեքթսի» հետ իրականացվող մեր համատեղ ծրագրի երկրորդ քայլն է։ Այսպիսով, մենք առաջ ենք շարժվում եւ ընդլայնում մեր համագործակցությունը՝ սկսած ֆերմայից եւ կաթի արտադրությունից մինչեւ դպրոցականներին կաթի մատուցում։ Տեղական արտադրությանն աջակցելուց զատ, մենք նաեւ նպաստում ենք երեխաների շրջանում առողջ սննդակարգի ձեւավորմանը։ Լիահույս ենք, որ գազավորված եւ անառողջ ըմպելիքների սպառման նվազման տեսանկյունից մեր նախագիծը դպրոցականների շրջանում իր դրական ազդեցությունը կունենա»։


 
«Կաթ դպրոցներին» ծրագրի շրջանակում երեխաները խմելու են «Երեմյան Փրոդաքթսի» բարձրորակ կաթը։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը նշում է.  «Կաթ դպրոցներում» ծրագիրը Հայաստանում առողջ սնվելու եւ վարքագծային փոփոխության համատեքստում կարեւոր համագործակցություն է։ Եվ ուրախ եմ, որ ծրագրի երկրորդ փուլից արդեն ընդգրկվում են Երեւանի դպրոցները։ Նախորդ տարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ երկու դպրոցներում իրականացված պիլոտային ծրագրի տպավորիչ ու խոսուն արդյունքների շնորհիվ է ծրագիրն այժմ ընդլայնվում։ Դրանք լավագույն ապացույցն են, որ կաթի սպառման նոր մշակույթ ձեւավորելու մեր նպատակին հասնելու համար ճիշտ ռազմավարությամբ ենք գործում»։



Միջոցառումն անցկացվեց պանելային քննարկման ձեւաչափով, որի բանախոսներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ եւ Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը,  հաղորդակցության տնօրեն, «Դպրոցական սնունդ եւ երեխաների բարեկեցություն» գործակալության ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը, ՀՀ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը,իսկ մոդերատորն էր Սինգապուրի Global Fintech Institute-ի  ակադեմիական խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը։



Բանախոսները ներկայացրեցին ինչպես «Կաթ դպրոցներին» ծրագրի նոր փուլի առանձնահատկություններն ու իրականացման հեռանկարները, այնպես էլ քննարկեցին կաթի՝ որպես կարեւոր սննդամթերքի օգտագործման կարեւորությունը դպրոցահասակ երեխաների աճի եւ զարգացման տեսանկյունից, ծանոթացրեցին նապատեսվող միջոցառումներին, որոնք կնպաստեն Հայաստանում երեխաների եւ մեծահասակների շրջանում կաթի՝ որպես առողջ նախաճաշի մաս օգտագործման խթանմանը։ Միջոցառման առանցքում էին առողջ սնվելու սովորությունների ձեւավորման համատեքստում երեխաների վարքագծային փոփոխություններին ուղղված իրականացված եւ ընթացիկ ծրագրերի քննարկումը։



Միջոցառման ընթացքում ներկայացված էր նաեւ «Կաթը սեր է, ուժ եւ առողջություն» խորագրով ֆոտոշարքը։

«Կաթ դպրոցներին. Լոռի եւ Երեւան» ծրագրի մեկնարկին եւ «Կաթ դպրոցներին համաշխարհային օրվան»  նվիրված միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային եւ դիվանագիտական կառույցների, դպրոցների ներկայացուցիչներ, աշակերտներ, ծնողներ, բժիշկ-սննդաբաններ։

***

Եվրասիական զարգացմանը բանկը (ԵԱԶԲ) Եվրասիական տարածքում ներդրումային գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական կազմակերպություն է։ 18 տարի շարունակ ԵԱԶԲ-ն օգնում է ամրապնդել եւ ընդլայնել տնտեսական կապերը եւ իր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի,Ռուսաստանի եւ Տաջիկստանի համակողմանի զարգացումը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ ճարտարագիտության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով եւ ESG սկզբունքներով։

***

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում եւ օգտագործում է պարենային օգնությունը՝ խաղաղության, կայունության եւ բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից եւ կլիմայի փոփոխության ազդեցությունից։

***

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում գյուղատնտեսության՝ մասնավորապես կաթնամթերքի արտադրության, հյուրընկալության եւ ռեստորանային բիզնեսի, ճաշարանային նախագծերի եւ մասնագիտական կրթության ոլորտների առաջատարներից է։ Իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում Ընկերությունը ստեղծել եւ իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ եւ կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի եւ գյուղատնտեսության,ոլորտային կրթության զարգացման գործում։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը ներառում է հայտնի ռեստորանային բրենդեր, ինչպիսիք են «Ռենոմե», «Սիզընս», «Բուրգըրի», «Կազա Նոստրա», «Լիվինգսթոն», «Լավաշ», «Շերեփ», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երեւան» ռեստորանային ցանց, «Պանդոկ Երեւան Գետափին»։ Խմբի կազմում են նաեւ «Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան Ակադեմիան», «Երեմյան Դելիվերին» «Երեմյան Փրոդաքթս» կաթնամթերքի գործարանը եւ «Երեմյան Ֆարմը» որն իրականացնում է գյուղատնտեսական բոլոր նախագծերը։
Դիտում՝ 5242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW