Գրասենյակային միջավայրը սովորաբար ասոցացվում է սառը գույների, մինիմալիզմի ու աշխատանքի համար միայն խիստ անհրաժեշտ պարագաների առկայության հետ: Այս կարծրատիպը կոտրում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, որի պատերը «շնչում են» արվեստով: Ընկերության ղեկավար Արամ Կայֆաջյանը կերպարվեստի մեծ սիրահար է: Կատակում է՝ «երբ տան պատերին այլեւս տեղ չկար, որոշեցի հավաքածուիս կտավները բերել գրասենյակ»: Արդյունքում «Արմբրոկ»-ում հայտնվեցին հայ դասական ու ժամանակակից հեղինակների կտավներ՝ նոր գույներ ու ջերմություն հաղորդելով գրասենյակին: Banks.am-ի հետ զրույցում Արամ Կայֆաջյանը պատմել է տասնյակ կտավներ ներառող իր հավաքածուի մասին ու վերհիշել՝ ինչպես ամեն ինչ սկսվեց: «Ինձ պետք է դուր գան նկարի գույներն ու տրամադրությունը» «Արմբրոկ»-ի ղեկավարը հիշում է՝ միշտ սիրել է պատկերասրահներ այցելել, ծանոթանալ ցուցադրություններին. Արամ Կայֆաջյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Թանգարաններ էի այցելում ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում: Քիչ-քիչ հասկացա, որ ուզում եմ ինքս էլ նկարներ ունենալ: Դրանք գույներ ու տրամադրություն են հաղորդում միջավայրին, օգնում մտածել: 10 տարի առաջ էր, երբ որակյալ աշխատանքներ ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէր: Առաջին մեկ-երկու գնումից հետո սկսեց ձեւավորվել իմ հավաքածուն»: Արամ Կայֆաջյանը հիշում է՝ առաջին նկարները ձեռք էր բերում՝ երբեմն նույնիսկ հեղինակներին չճանաչելով.«Ինձ պարզապես դուր էին գալիս գույներն ու նկարի տրամադրությունը: Հիմա էլ է այդպես: Ես չեմ գնում նկարը միայն այն պատճառով, որ դրա հեղինակը հայտնի նկարիչ է, ինձ պետք է դուր գա բուն աշխատանքը»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Այսօր Արամ Կայֆաջյանի աշխատասենյակում հայ ժամանակակից նկարիչ Սարգիս Համալբաշյանի նկարներն են: «Այս հեղինակի աշխատանքներն ինձ շատ էին դուր գալիս: Մի օր առիթ եղավ լինել նրա արվեստանոցում ու մի մեծ՝ մոտ երեք մետրանոց նկար ձեռք բերեցի: Պատկերացրեք՝ տանն ինչքան տեղ է զբաղեցվում (ժպտում է – հեղ.), բայց, միեւնույն ժամանակ, լցնում ու լուսավորում է սենյակը», - ասում է «Արմբրոկ»-ի ղեկավարը: Նա նշում է՝ արվեստն էսթետիկ հաճույք է. Լուսանկարը՝ Մեդիամաքս «Գեղեցիկին նայելը միշտ ոգեւորում է եւ ուժ տալիս: Շատերն այդ հաճույքը ստանում են, օրինակ, բնապատկերներին՝ լեռներին, ծովերին նայելիս: Ինձ մոտ այդ հաճույքի աղբյուրը կերպարվեստն է: Երբ անընդհատ լսել ու կարդացել ես Բոտիչելիի, Միքելանջելոյի, Վան Գոգի, Արշիլ Գորկիի մասին, գնալ ու բնականից տեսնելը բառերով չփոխանցվող զգացողություն է: Մոտավորապես այնպիսին, ինչ ունենում է The Rolling Stones-ի երկրպագուն, տարիներով խմբի սկավառակները լսելուց ու մի օր վերջապես համերգին հայտնվելուց հետո»: Հավաքածուն ներառում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից հեղինակներԱրամ Կայֆաջյանն ասում է՝ ցանկացած արվեստասերի համար մեծ հաճույք ու պատիվ է հավաքածուում ունենալ հանրահայտ ու դասական հեղինակների կտավներ. «Օրինակ՝ Քոչար, Սարյան, Թութունջյան, Մինաս: Իհարկե, նրանց կտավները ձեռք բերելը բավականին բարդ է: Այսօր իմ հավաքածուն ներառում է Լեոն Թութունջյանի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Աշոտ Հովհաննիսյանի (Դեղձ Աշոտ) ու այլ դասականների կտավներ: Միեւնույն ժամանակ, ինչ-որ պահից ցանկություն ունեցա ձեռք բերել նաեւ ավելի համարձակ՝ ժամանակակից, փորձարարական արվեստի նմուշներ: Արդյունքում ուշադրություն դարձրեցի ու շատ տպավորվեցի մի շարք հայ նկարիչների աշխատանքներով: Նրանց թվում են Սեմ Զումյանը, Ռուբեն Գրիգորյանը, Սարգիս Համալբաշյանը, Վահան Ռումելյանը, Մոկո Խաչատրյանը, Աշոտ Հարությունյանը, Վավ Հակոբյանն ու այլք»: Արամ Կայֆաջյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ժամանակակից, փորձարարական կտավները, Արամ Կայֆաջյանի խոսքով, հաճախ շատ բազմաշերտ են: Կան հեղինակներ, որոնք «բացատրում են» դրանք դիտողնին, մյուսներն էլ թողնում են դա դիտողի երեւակայությանը. «Լինում են նկարներ, որոնք երկու տարի աչքիդ առաջ են, բայց ամեն անգամ ուշադիր նայելիս նոր կերպարներ ու տրամադրություն ես որսում դրանցում»: «Կտավները գրասենյակ «եկան», երբ տան պատերի վրա տեղը վերջացավ» Տարիների ընթացքում Արամ Կայֆաջյանի հավաքածուն այնքան է ընդլայնվել, որ, ինչպես ինքն է կատակում՝ «պատերի վրա տեղը վերջացել է».«Նկատեցի, որ գրասենյակում շատ ազատ պատեր կան: Հիմա, ինչպես կարող եք տեսնել, արդեն՝ ոչ (ծիծաղում է – հեղ.)»: Իրականում կտավները գրասենյակ բերելու նպատակը միջավայրն ավելի գեղեցիկ, հետաքրքիր ու արվեստային դարձնելն էր: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մեր սկզբունքներից է, որ աշխատակիցները հարմարավետ միջավայր ունենան: Կարծում եմ՝ արվեստի գործերը նպաստում են դրան: Բացի այդ, նկարները տպավորում են նաեւ մեր գրասենյակ այցելող գործընկերներին ու ներդրողներին: Հատկապես օտարերկրյա ներդրողները հաճախ հետաքրքրվում են հեղինակներով: Հաճույքով փոխանցում եմ տվյալները, քանի որ գրասենյակում ներկայացված կտավների հեղինակները գործող նկարիչներ են: Նրանց համար նոր կապերի հաստատումը կարող է օգտակար լինել», - ասում է Արամ Կայֆաջյանը: Տաղանդավոր հեղինակները պետք է սովորեն ճիշտ «փաթեթավորել» իրենց աշխատանքները«Արմբրոկ»-ի ղեկավարի խոսքով՝ այսօր արվեստի սիրահարը կարող է կտավ ձեռք բերել երեք ճանապարհով՝ համագործակցելով պատկերասրահների հետ, անձամբ հեղինակից եւ աճուրդների ընթացքում. Արամ Կայֆաջյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Հայաստանում, ցավոք, աճուրդներ չեն անցկացվում, բայց արտերկրում անցկացվողների ընթացքում երբեմն ներկայացված են լինում նաեւ հայ նկարիչներ: Ինքս էլ այդ ճանապարհով մի քանի աշխատանք եմ գնել»: Նրա խոսքով՝ այսօր շատ հայ արվեստագետներ ունեն հիանալի աշխատանքներ, սակայն չեն կարողանում դրանք ճիշտ «փաթեթավորել» ու վաճառել: «Մեր նկարիչներն ասում են՝ կոմերցիոն հատվածը խանգարում է բուն արվեստին, եւ սրա հետեւանքով նրանք անհայտ են մնում արտերկրի շուկայի համար, հետեւաբար նաեւ՝ քիչ պահանջված: Ցավալի իրավիճակ է, քանի որ տաղանդավոր հեղինակներ ունենք, որոնք պարզապես ճիշտ մարքեթինգի արդյունքում կարող են առավել ճանաչելի ու սիրված դառնալ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Այսօր մեր գրասենյակում կիրառվող այս մոդելով մենք էլ ցանկանում ենք ցույց տալ, որ բիզնեսը եւս կարող է գնահատել ժամանակակից արվեստն ու ուշադիր լինել դրա նկատմամբ: Փորձում ենք օրինակ ծառայել մեր գործընկերներին ու հաճախորդներին», - ասում է Արամ Կայֆաջյանը: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 3701