Ներկայացնում ենք Հարվարդի Քենեդու անվան դպրոցի միջազգային քաղաքական տնտեսության պրոֆեսոր Դենի Ռոդրիկի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Դենի Ռոդրիկ 2000 թվականին ես մտահայեցողական հոդված գրեցի խնդրի մասին, որն անվանեցի «համաշխարհային տնտեսության քաղաքական եռընտրանք»։ Ես պնդում էի, որ գլոբալացման առաջադեմ ձևերը, ազգային պետությունը և զանգվածային քաղաքականությունը չեն կարող գոյակցել: Հասարակությունները, ի վերջո, կանգ կառնեն (առավելագույնը) երեքից երկուսի վրա:Ես առաջարկեցի, որ երկարաժամկետ հեռանկարում զիջելու է ազգային պետությունը: Բայց ոչ առանց պայքարի։ Կարճաժամկետ հեռանկարում առավել հավանական էր, որ կառավարությունները կձգտեն վերահաստատել ազգային ինքնիշխանությունը և լուծել բաշխման և կառավարման մարտահրավերները, որոնք առաջանում են գլոբալիզացիայի պատճառով:Ի զարմանս ինձ, եռընտրությունը բավական ճշմարտանման դուրս եկավ: Իմ «Գլոբալիզացիայի պարադոքս» գրքում, որը հրատարակվեց տասնամյակ անց, ես զարգացրի այդ գաղափարը: Եռընտրության հայեցակարգը դարձավ հարմար միջոց՝ հասկանալու հակազդեցությունը հիպերգլոբալիզացիային, Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից, ծայրահեղ աջերի վերելքը և ԵՄ-ում ժողովրդավարության ապագան, ի թիվս այլ հարցերի:Վերջերս ինձ մտահոգում է մեկ այլ եռընտրություն: Սա անհանգստացնող հավանականությունն է, որ գուցե անհնար լինի միաժամանակ պայքարել կլիմայի փոփոխության դեմ, խթանել միջին խավը զարգացած տնտեսություններում և նվազեցնել համաշխարհային աղքատությունը: Ներկայիս քաղաքականության պայմաններում երկու նպատակների ցանկացած համակցություն հնարավոր է միայն երրորդի հաշվին:Առաջին հետպատերազմյան տասնամյակների ընթացքում զարգացած և զարգացող աշխարհում քաղաքականությունը կարևորում էր տնտեսական աճն ու ներքին սոցիալական կայունությունը: Զարգացած տնտեսությունները կառուցեցին մեծ սոցիալական պետություններ, բայց նաև աստիճանաբար բացեցին իրենց շուկաները աղքատ երկրների արտահանման համար, քանի դեռ բաշխման և սոցիալական հետևանքները կառավարելի էին: Արդյունքում հարուստ երկրներում ներառական տնտեսական աճ էր և աղքատության զգալի կրճատում այն զարգացող երկրներում, որոնք ճիշտ քաղաքականություն էին վարում:Որքան էլ այս ռազմավարությունը հաջողված էր, այն շրջանցեց կլիմայի փոփոխության ռիսկերը: Հանածո վառելանյութերով սնվող տնտեսական աճի հետևանքները գնալով ավելի դժվար է անտեսել:Հետպատերազմյան քեյնսյան-սոցիալ-դեմոկրատական գործարքը զարգացած տնտեսություններում չեղարկվեց իմ սկզբնական եռընտրության արդյունքում առաջացած ներքին հակասությունների պատճառով: Երբ հիպերգլոբալիզացիան փոխարինեց Բրետոն Վուդսի ավելի վաղ մոդելը, առաջադեմ տնտեսությունների աշխատաշուկաներում ավելի մեծ խափանումներ տեղի ունեցան, որոնք խարխլեցին միջին խավը և բուն ժողովրդավարությունը: Այս երկու զարգացումները պահանջում էին նոր ռազմավարություն: Լուսանկարը՝ REUTERS Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեմ առ դեմ ելավ այս նոր իրողությունների դեմ: Այն նոր ուղիներ հարթեց կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ խթանելով զգալի ներդրումներ վերականգնվող էներգիայի և կանաչ արդյունաբերության մեջ: Եվ այն հստակ նպատակ ունի վերականգնել միջին խավը՝ խթանելով աշխատանքի սակարկության ուժը, վերականգնելով արտադրությունը և աշխատատեղեր ստեղծելով այն տարածաշրջաններում, որոնք մեծապես տուժել են Չինաստանից ներմուծվող ապրանքներից:Ուշադրությունը կլիմային և միջին խավին վաղուց էր հասունացել: Բայց այն, ինչ ԱՄՆ և եվրոպական քաղաքականություն մշակողները համարում են անհրաժեշտ պատասխան նեոլիբերալիզմի ձախողումներին, աղքատ երկրների համար հարձակում է իրենց զարգացման հեռանկարների վրա: Արդյունաբերական քաղաքականության և այլ կանոնակարգերի վերջին զարգացումները հաճախ խտրական են և սպառնում են արգելել զարգացող երկրներից ներկրված արտադրված ապրանքները: «Կանաչ» սուբսիդիաները ԱՄՆ-ում խթանում են ներքին, այլ ոչ թե ներմուծվող ռեսուրսների օգտագործումը: ԵՄ-ի ածխածնի գնագոյացման մեխանիզմը շուտով զարգացող երկրների «կեղտոտ» արտահանողներից կպահանջի լրացուցիչ մաքսատուրքեր վճարել: Աղքատ երկրների կառավարությունները կարծում են, որ նման քայլերը կզրոյացնեն Արևելյան Ասիայի օրինակով արդյունաբերականացումը կրկնելու իրենց ջանքերը:Կարող ենք պատկերացնել քաղաքականության այլընտրանքային համադրություն, որը կենտրոնացած է աղքատ երկրների և կլիմայի վրա: Սա կհանգեցնի ֆինանսական և տեխնոլոգիական մեծ ռեսուրսների փոխանցմանը հյուսիսից հարավ՝ ապահովելու անհրաժեշտ ներդրումները կլիմայի հարմարվողականության և մեղմացման համար:Կպահանջվի նաև հարավային աղքատ երկրների ապրանքների, ծառայությունների և աշխատողների էապես ավելի մեծ ներմուծում Հյուսիսային շուկաներ, որպեսզի բարելավվեն այդ աշխատողների տնտեսական հնարավորությունները: Այս քաղաքականությունը բարոյապես գրավիչ է. այն արդյունավետորեն կկիրառի փիլիսոփա Ջոն Ռոուլսի արդարության սկզբունքները համաշխարհային մասշտաբով:Բայց այստեղ էլ եռընտրությունը բարձրացնում իր տգեղ գլուխը: Նման մոտեցումը կաշխատի ընդդեմ առաջադեմ տնտեսություններում միջին խավի վերականգնման հրամայականի: Շատ ավելի մեծ մրցակցություն կստեղծվի համալսարանական կամ մասնագիտական կոչում չունեցող աշխատողների միջև ու կնվազեցնի նրանց աշխատավարձերը: Կնվազեն նաև ֆինանսական ռեսուրսները մարդկային կապիտալում և ֆիզիկական ենթակառուցվածքներում ներդրումների համար:Բարեբախտաբար, այս հակամարտություններից որոշները ավելի թվացյալ են, քան իրական: Մասնավորապես, զարգացած տնտեսությունների և աղքատ երկրների քաղաքականություն մշակողները պետք է հասկանան, որ ապագայի լավ, միջին դասի աշխատատեղերի ճնշող մեծամասնությունը կլինի ծառայությունների ոլորտում, ոչ թե արտադրությունում: Իսկ զարգացող տնտեսություններում տնտեսական աճը և աղքատության կրճատումը հիմնականում կնպաստեն սպասարկման ոլորտներում ավելի արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանը:Աշխատուժ կլանող ոլորտները, օրինակ՝ խնամքը, մանրածախ առևտուրը, կրթությունը և այլ անձնական ծառայությունները, մեծ մասամբ առևտրի ենթակա չեն: Դրանց խթանումը չի ստեղծում առևտրային լարվածություն այնպես, ինչպես արտադրական արդյունաբերություններում: Սա նշանակում է, որ հարուստ տնտեսություններում միջին խավի և աղքատ երկրների տնտեսական աճի միջև հակամարտությունը այնքան սուր չէ, որքան թվում է: Նմանապես գործնականում անհնար կլինի անդրադառնալ կլիմայի փոփոխությանը առանց զարգացող երկրների հետ լուրջ համագործակցության: Թեև ԱՄՆ-ի և Եվրոպայի արտանետումները նվազում են, զարգացող երկրների արտանետումները դեռևս աճում են, որոշ դեպքերում՝ արագ, և դրանց չափը համաշխարհային արտանետումներում (բացառությամբ Չինաստանի) շուտով կգերազանցի 50%-ը։ Հետևաբար, հարուստ երկրների շահերից է բխում կանաչ անցումային քաղաքականության խթանումը, որը աղքատ երկրները համարում են իրենց աճի ռազմավարության մաս, ոչ թե պարզապես ծախս:Կլիմայի փոփոխությունը գոյութենական սպառնալիք է: Մեծ ու կայուն միջին խավը լիբերալ ժողովրդավարության հիմքն է։ Իսկ համաշխարհային աղքատության կրճատումը բարոյական հրամայական է: Տագնապալի կլիներ, եթե ստիպված լինեինք հրաժարվել այս երեք նպատակներից որևէ մեկից: Սակայն մեր ներկայիս քաղաքականության շրջանակը անուղղակիորեն, բայց համառորեն պարտադրում է այս դժվար հաղթահարելի եռընտրությունը: Հաջող հետնեոլիբերալ անցումի համար պետք է ձևակերպել նոր քաղաքականություն, որի դեպքում փոխզիջումներ պետք չեն լինի:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 2825