Ներկայացնում ենք Ցյուրիխի EFG բանկի գլխավոր տնտեսագետ, Հոնկոնգի դրամավարկային վարչության նախկին գործադիր տնօրեն և Իռլանդիայի Կենտրոնական բանկի նախկին փոխկառավառիչ Շտեֆան Գերլախի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Շտեֆան Գերլախ Կենտրոնական բանկերը ինքնակալ իշխանություններ չեն, իսկ նրանց կառավարիչները ինքնակալ իշխաններ չեն: Թեև վերջին տասնամյակներին կենտրոնական բանկի անկախությունը էական նշանակություն է ունեցել արդյունավետ քաղաքականություն մշակելու համար (դրամավարկային իշխանությանը քաղաքական պաշտպանություն տալով անհրաժեշտ, բայց ցավոտ միջոցառումներ իրականացնելու համար), այս սկզբունքի սահմանները անկասկած ավելի պարզ կդառնան առաջիկա տարիներին:Պատճառն այն չէ, որ դրամավարկային քաղաքականության մեջ աղետալի սխալներ են եղել, կամ այն, որ կառավարությունները ցանկանում են ինքնուրույն կառավարել դրամավարկային քաղաքականությունը: Կենտրոնական բանկերը ընդհանուր առմամբ լավ գործ են արել, և կառավարությունները ուրախությամբ թույլ են տալիս նրանց շարունակել:Թեև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և այլ կենտրոնական բանկերը, անշուշտ, կարող էին ավելի վաղ գործել՝ դադարեցնելու կամ մեղմելու գնաճի վերջին փուլը, սթափ դիտորդների մեծամասնությունը այդ դրվագը համարում է անխուսափելի: Այն առաջացել է համաշխարհային տնտեսության մի շարք անսովոր մեծ և բոլորովին անսպասելի ցնցումների հետևանքով, հատկապես՝ Քովիդ-19-ը և Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Կենտրոնական բանկերի կառավարիչներին կարելի է ներել դարի առաջին գլոբալ համաճարակը և 80 տարվա ընթացքում Եվրոպայում առաջին խոշոր պատերազմը չկանխատեսելու համար:Հապա ինչո՞ւ է կենտրոնական բանկի անկախության սկզբունքը դառնում ավելի խոցելի։ Հիմնական մտահոգությունը կենտրոնական բանկերի հաշվեկշռի աճն է, որը պայմանավորված է քանակական մեղմացման (QE) տարիներով, որոնք այժմ մեծ կորուստների են հանգեցնում: Կենտրոնական բանկի անկախությունը սկզբունքորեն լավ է կառավարությունների համար, բայց այլ խնդիր են կորուստները, որոնք էական ազդեցություն են ունենում պետական ֆինանսների վրա: Եվ սա հատկապես ճիշտ է, եթե կորուստներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ խիստ աճել է պետական ծախսերի պահանջարկը կլիմայի փոփոխությանը հարմարվելու և դրա հետևանքների մեղմելու, ռազմավարական մրցունակության և պաշտպանության ոլորտում:Կենտրոնական բանկերի անկախությունը հաճախ դիտվում է որպես համադեղ 1970-ականներին և 1980-ականների սկզբին բնորոշ բարձր և կայուն գնաճի դեպքում: Շատերի համար այն ասես անվճար ճաշ է. գների դանդաղ աճ և երկարաժամկետ գների կայունություն՝ առանց տնտեսական աճի և գործազրկության վրա բացասական հետևանքների: Սակայն կենտրոնական բանկի անկախության ջատագովները անկասկած գերագնահատել են նրա դերը՝ որպես ցածր գնաճի երաշխավորի:Դիտարկենք հակափաստարկը. Սինգապուրի դրամավարկային վարչությունը ապահովել է գրեթե 2% գնաճի միջին ցուցանիշ այն պահից, երբ 1980-ականների սկզբին ներդրվեց դրամավարկային քաղաքականությունը: Քիչ կենտրոնական բանկեր կարող են հասնել այս աստղային ռեկորդին, այնուամենայնիվ կառավարության չորս նախարարներ նստած են Սինգապուրի Կենտրոնական բանկի խորհրդում, և կասկած չկա, որ Սինգապուրի կառավարությունը կարող է վերահսկել դրամավարկային քաղաքականությունը, եթե ցանկանա: Սինգապուրը հասել է հաստատուն ցածր, կայուն գնաճի՝ առանց կենտրոնական բանկի անկախության խիստ ռեժիմի:Գների կայունության համար ամենակարևորը Կենտրոնական բանկի կարողությունն է սահմանել տոկոսադրույքները և քաղաքականության այլ լծակները, ինչպես հարմար է համարում: Ցածր գնաճ պահպանելու համար էական է հստակ քաղաքական աջակցություն, բայց լիակատար իրավական անկախությունը անհրաժեշտ պայման չէ դրան հասնելու համար: Շտեֆան Գերլախը Ավելին, երբ տնտեսագետները չափում են կենտրոնական բանկի անկախությունը, Պահուստային ֆոնդը ինքը վատ գնահատականների է արժանանում (ավելի վատ, քան գնաճին հակված Լատինական Ամերիկայի շատ երկրների կենտրոնական բանկերը), սակայն, ընդհանուր առմամբ, համարվում է, որ լավ գործ է անում գների կայունությունն ապահովելու համար: Առանցքային հարց է մնում այն, թե արդյոք կա քաղաքական համաձայնություն՝ չմիջամտելու Կենտրոնական բանկի՝ ցածր գնաճի ձգտմանը:Կենտրոնական բանկերը շտապում են նշել, որ իրենց նպատակը կայուն գների ապահովումն է, ոչ թե պետական եկամուտներ ստեղծելը։ Այս պնդումը, անշուշտ, ճիշտ է, բայց մի քիչ միամիտ: Երբ քառորդ դար առաջ ամբողջ աշխարհում ընդունվեց կենտրոնական բանկի անկախությունը, ոչ ոք չէր ակնկալում, որ դրանց շահույթն ու վնասը մեծ նշանակություն կունենան պետական ֆինանսների համար: Սակայն մեծ կորուստները կարևոր են, և քանի որ իրավիճակը փոխվել է, քաղաքական գործիչները կարող են ենթադրել, որ կենտրոնական բանկի անկախության և դրա ձևի մասին կոնսենսուսը նույնպես պետք է փոխվի:Կառավարությունները իրավասու են նշանակել դրամավարկային քաղաքականություն մշակողներին, ուստի տրամաբանական է, որ նրանք չեն նշանակի այն պաշտոնյաներին, որոնք անտեսում են կառավարության շահերն ու առաջնահերթությունները: Ահա թե ինչու շատ երկրներում կենտրոնական բանկերի կառավարիչները հաճախ գանձապետարանի նախկին պաշտոնյաներ են:Կենտրոնական բանկերը պետք է ավելի զգույշ մտածեն հետևանքների մասին, որ իրենց գործողությունները կարող են ունենալ պետական ֆինանսների վրա: Ի վերջո դա գուցե միակ ճանապարհն է՝ պաշտպանելու իրենց ազատությունը. համապատասխանեցնել դրամավարկային քաղաքականությունը գների կայունության մանդատի հետ:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 2145