Հայաստանում ֆրանսիական համալսարանը եզակիներից է, որ շուկայի ապագա մասնագետներին կրթում է գործատուների հետ համատեղ: Ուսանողները ստանում են տեսական գիտելիք ու մասնագիտական ամուր հիմք եւ դրան զուգահեռ սովորում՝ ինչպես արդյունավետ կիրառել այդ գիտելիքը: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՀՀ-ն Dargett ընկերության հետ համատեղ իրականացրել է նախագծային ուսուցման հերթական համագործակցությունը: Դրան մասնակցել են համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները՝ իրենց կողմից ուսումնասիրվող երեք առարկայի շրջանակում: Նրանք աշխատել են Dargett-ի համար արդիական ու կարեւոր նախագծերի վրա՝ առաջարկելով սեփական լուծումները: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Dargett-ի ներկայացուցիչները Banks.am-ին պատմել են նախագծերի իրականացման ընթացքի մասին ու ընդգծել բուհ-գործատու համագործակցության կարեւորությունը: Գործատուները կարող են նպաստել կրթության որակի բարելավմանը«Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշտապես կատարելագործում է ուսուցման մեթոդները: Նախագծային ուսուցումը կիրառում ենք բավականին երկար ժամանակ ու ամեն անգամ նոր փորձառություն ենք ավելացնում», - ասում է ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը: Նրա խոսքով՝ ուսումնական գործընթացում բիզնեսի հետ համագործակցելն օգտակար է թե՛ բուհին, թե՛ բիզնեսին, քանի որ սա հնարավորություն է տալիս դրական ցուցանիշներ գրանցել. Նաիրա Հայրապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Դեկանի խոսքով՝ միեւնույն ժամանակ, կան նաեւ որոշակի ռիսկեր. մի կողմից համալսարանը պատասխանատու է ուսանողի ստացած թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքի համար, մյուս կողմից՝ բիզնեսի առաջ, որպեսզի արդարացնի եղած սպասումները. «Գործընկերների հետ համագործակցության առումով խնդիրներ չեն ծագում, քանի որ ՀՖՀՀ համբավն ու անձնական կապերը տալիս են լայն հնարավորություններ ու վստահություն են ներշնչում բիզնեսին: Միեւնույն ժամանակ, ցանկալի կլիներ, որ գործատուներն առավել նախաձեռնող լինեն ու ակտիվ մասնակցեին ուսումնական գործընթացին: Այսօր, ցավոք, գործատուների մեծ մասն ուսումնական գործընթացում ներգրավվելու փորձ չունի: Այստեղ է, որ մենք ստանձնում ենք մեծ պատասխանատվություն ու կազմակերպում այդ համագործակցությունը: Կարծում եմ՝ սա է կրթության ապագան: Եթե բուհը չկարողանա բիզնեսի հետ խոսել նույն լեզվով, չի կարողանա կրթել մասնագետների, որոնք պետք են շուկային: Բիզնեսը եւս պետք է գիտակցի, որ կրթական գործընթացին մասնակցելով՝ կարող է բարելավել դրա որակն ու հետագայում ստանալ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ»: Նաիրա Հայրապետյանը հույս է հայտնում, որ հետագայում ուսուցման այս մեթոդն այնքան ընկալելի կլինի բիզնեսի համար, որ ընկերություններն իրենք կդիմեն բուհերին՝ ցանկություն հայտնելով մասնակցել գործընթացին: «Միեւնույն ժամանակ, բոլոր այն ընկերությունները, որոնք արդեն իսկ համագործակցել են մեզ հետ, եղել են շատ պատրաստակամ: Դրանց աշխատակիցներն ուսանողների հետ կիսվել են արժեքավոր փորձով, գիտելիքներով ու ՀՖՀՀ-ին հավասար մասնակցել են կրթական գործընթացին՝ ուսանողների մոտ ձեւավորելով վստահություն ձեռք բերված կարողությունների ու հմտությունների նկատմամբ», - ասում է մարքեթինգի ֆակուլտետի դեկանն՝ ընդգծելով, որ այս գործատուները պատրաստակամություն են հայտնել համագործակցությունը շարունակել նաեւ հետագայում. «Սա նշանակում է, որ եղած սպասումներն արդարացել են»: «Նախագծեր կային, որոնք շատ են տպավորել»Dargett ընկերության համահիմնադիր Արիս Բերբերյանը նշում է՝ Ֆրանսիական համալսարանի հետ աշխատանքն ի սկզբանե խոստումնալից է եղել. «Dargett ընկերությունը, շատ պրոդուկտների տեսանկյունից լինելով առաջամարտիկ, միշտ բաց է նոր առաջարկների ու հետաքրքիր համագործակցությունների համար։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ ծավալուն համագործակցության առաջարկն ու եղած մոտեցումները վստահություն էին ներշնչում, որ ընթացիկ աշխատանքն ու ստացած արդյունքը նույնիսկ գերազանցելու են մեր սպասելիքները։ Այդպես էլ եղավ»։ Արիս Բերբերյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Արիս Բերբերյանի խոսքով՝ 8 տարի շուկայում որպես բրենդ ներկայացված Dargett-ին ինչ-որ առումով թարմություն էր պետք, «կողքի աչքի տեսակետ», ինչն էլ իրականացրին ՀՖՀՀ ուսանողներն իրենց նախագծերով. «Ներկա եմ եղել նախագծերի ներկայացմանն ու կային շատ լավ ու տպավորիչ աշխատանքներ, որոնք հիացրել են: Կարող եմ ասել՝ եթե այդ խնդիրները պատվիրակեինք շուկայում արդեն իսկ գործող որեւէ մարքեթինգային ընկերության, գուցե, այսքան մանրակրկիտ ու խորքային աշխատանքներ չստացվեին»։ Dargett ընկերության համահիմնադիրը եւս կարծում է, որ նախագծային կրթությունն ունի մեծ առավելություն, քանի որ միավորում է տեսական ու կիրառական գիտելիքը. «Ցավոք, ակադեմիական կրթությունն ունի որոշակի խնդիրներ: Ստանալով տեսական գիտելիք՝ հաճախ անջատ ես մնում իրական շուկայից։ Լավ մասնագետ դառնալու համար բավարար չէ 4 տարի նույնիսկ լավագույն դասագրքերով կրթվելը։ Սա է պատճառը, որ ունենալով շատ լավ տեսական գիտելիք՝ աշխատանքի ընդունվելիս հաճախ ստիպված ես լինում սկսել զրոյից։ Համոզված եմ՝ այն ուսանողները, որոնք մեզ հետ իրականացրին իրենց նախագծերը, նման խնդրի չեն բախվի»։ Կարեւոր է, որ համալսարանները չգործեն վակուումումՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի դասախոս Գոռ Գյուլխասյանը նշում է, որ նախագծային ուսուցման մեթոդի արդյունքում ուսանողների մոտ ակնհայտ են դրական փոփոխությունները. Գոռ Գյուլխասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Չեմ պատկերացնում մարքեթինգային ուսուցումը միայն տեսական տարբերակով: Նախագծերի իրականացման ընթացքում ուսանողները շփվում են իրական գործատուի հետ, հասկանում շուկայի պահանջներն ու այն, ինչ դուր է գալիս իրենց։ Սա, բնականաբար, ոգեւորիչ է։ Կարեւոր է, որ համալսարանները չգործեն վակուումում, համագործակցեն ընկերությունների հետ եւ ուսանողներին տան ինքնաարտահայտվելու հնարավորություն»։ Դասախոսի խոսքով՝ ուսանողներն աշխատել են տարբեր նախագծերի վրա, որոնցից մի քանիսի մանրամասները Banks.am-ին ներկայացրել են ՀՖՀՀ ուսանողները: «Երիտասարդացած» Pilsner-ն ու պատվերը սպասելու առավել հետաքրքիր տարբերակըՀայաստանում ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Սյուզաննա Ավետիսյանն իր թիմակիցների հետ աշխատել է Dargett ռեստորանի համար մարքեթինգային արշավի մշակման ուղղությամբ.«Արշավը բաժանել էինք մի քանի ուղղության։ Դրանցից առաջինով փորձում էինք ակտիվացնել այցելությունները Dargett ցերեկային ժամերին, քանի որ երեկոյան ռեստորանը միշտ լի է հաճախորդներով։ Այդ նպատակով առաջարկում էինք համագործակցություն սկսել Արամի փողոցում (այստեղ է գտնվում Dargett ռեստորանը – հեղ.) գտնվող բիզնես կենտրոնների հետ՝ տրամադրելով հատուկ լանչ-սերտիֆիկատներ, որոնք որոշակի զեղչեր են ենթադրում ճաշի ժամին այցելությունների համար»։ Սյուզաննա Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բացի այդ, Սյուզաննայի խոսքով, ինքն ու թիմակիցներն առաջարկել են առավել հետաքրքիր դարձնել նաեւ Dargett-ում պատվերը սպասելու ժամանակը։ «Կարծում ենք՝ պատվերին սպասելու ժամանակն ավելի հետաքրքիր կանցնի խաղերով։ Ընդ որում՝ առաջարկում էինք ոչ թե դասական խաղեր, այլ՝ մշակել էինք մերը, օրինակ՝ «Դարգեթոպոլին», որը ճանաչված «Մոնոպոլիայի» փոփոխված տարբերակն էր», - ասում է Սյուզաննա Ավետիսյանը՝ նշելով, որ նախագծերի իրականացման ողջ ընթացքում մեծ հաճույք են ստացել բրենդի հետ աշխատանքից։ Ուսանողներից Աստղիկ Եղիազարյանն ու Սյոմա Եղիազարյանը մի թիմում են աշխատել։ Նրանց նախագծի նպատակը Dargett-ի Pilsner գարեջրի ճանաչելիության բարձրացումն ու վաճառքի ավելացումն էր. «Ցանկացած մարքեթինգային պլան չի կարող հիմնարար լինել առանց հետազոտության։ Այնպես որ, ի սկզբանե կատարել ենք հետազոտություն՝ հասկանալու շուկան ու գարեջրի այս տեսակի յուրահատկությունները։ Արդյունքում առանձնացրել ենք մեր թիրախային լսարանն ու սկսել աշխատանքը»։ Աստղիկի խոսքով՝ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ որոշակի դառնություն ունեցող Pilsner-ը Հայաստանում նախընտրում են 30 տարեկանից բարձր մարդիկ։ Աստղիկ Եղիազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Արդյունքում մենք փորձել ենք աշխատել ոչ միայն այս լսարանի հետ, այլեւ եկել եզրակացության, որ մի շարք քայլերի օգնությամբ Pilsner-ով կարելի է հետաքրքրել նաեւ ավելի երիտասարդ գարեջրասերներին»։ Սյոմա Եղիազարյանը եւս կարծում է, որ ուսուցման նախագծային տարբերակը շատ կարեւոր է սեփական գիտելիքն իրական գործատուի հետ աշխատանքում փորձելու համար. «Այս նախագծի իրականացումն ինձ տվել է ինքնավստահություն ու շատ կարեւոր փորձառություն։ Մոտիվացնող էր տեսնել՝ ինչպես են գաղափարներդ գնահատվում խոշոր, շուկայում ճանաչված ու սիրված բրենդի կողմից»։ Սյոմա Եղիազարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ուսանողներն ընդգծում են՝ շատ կարեւոր էր աշխատանքի ողջ ընթացքում զգալ դեկանի ու դասախոսների աջակցությունը, որոնք ցանկացած անհասկանալի հարցի դեպքում ստանձնում էին մենտորի ու ավագ գործընկերոջ դերը։ Յանա Շախրամանյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 3185