Ներկայացնում ենք Բրետոն Վուդսի կոմիտեի պետական պարտքի աշխատանքային խմբի համանախագահ, Citibank-ի նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն Վիլյամ Ռոդսի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի նախկին առաջին տեղակալ Ջոն Լիպսկիի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Վիլյամ Ռ. Ռոդս, Ջոն ԼիպսկիՈչ ոք չի կասկածում, որ աշխարհի ամենամեծ մարտահրավերներից շատերը (օրինակ՝ կլիմայի փոփոխության մեղմացումը, ֆինանսական շուկայի կայունության ամրապնդումը, չզարգացած եւ արագ զարգացող տնտեսությունների աճի խթանումը) խորապես փոխկապակցված են: Բազմակողմ համագործակցությունը կհանգեցնի ավելի լավ արդյունքների, քան չհամակարգված պետական միջոցառումները: Սակայն պարզ չէ, թե գլոբալ մարտահրավերներին դիմակայելու բազմաթիվ առաջարկվող մոտեցումներից որն է պետք կիրառել:Բազմակողմ հաստատությունները, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպությունը (ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան), Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, Ֆինանսական կայունության խորհուրդը, G20-ը (պարտքի կարգավորման իր ընդհանուր շրջանակով) եւ բազմակողմ զարգացման բանկերը տվել են որոշակի դրական արդյունքներ: Բայց առաջընթացը անհավասար էր բաշխված, եւ նույնիսկ այս հաստատությունների ամենաջերմ աջակիցները կհամաձայնեն, որ անհրաժեշտ են ավելի համաձայնեցված ջանքեր՝ շատ ավելի մեծ ռեսուրսներով, հատկապես ֆինանսական: Լուսանկարը՝ REUTERS Բայց ինչպե՞ս կարող ենք բավարար ֆինանսավորում հայթայթել մեր առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Հաշվի առնելով, որ պահանջվող գումարները զգալիորեն գերազանցում են կառավարությունների հասանելի ռեսուրսները, հարկ կլինի ավելացնել մասնավոր ֆինանսները: Կամավոր մասնավոր ներդրումներ ներգրավելու համար, սակայն, պետք է մշակել նորարարական ֆինանսական գործիքներ:Բարեբախտաբար, Բրետոն Վուդսի կոմիտեն արդեն պատրաստել է մի շարք կոնկրետ առաջարկներ (որոնք մշակվել ու հրապարակվել են աշխատանքային խմբերի կողմից, այդ թվում՝ ֆինանսների ապագայի, պետական պարտքի եւ բազմակողմանի բարեփոխումների վերաբերյալ) այս հրամայականին համապատասխանելու համար: Ամենավերջին ներդրումը Պետական պարտքի աշխատանքային խմբի զեկույցն է պետական պայմանական պարտքային գործիքների (state-contingent debt instruments, SCDI) ներուժի վերաբերյալ:SCDI-ների հիմքում այն գաղափարն է, որ հնարավոր է ստեղծել այնպիսի պարտք, որի մարման բեռը տատանվում է՝ կախված վարկառուի միջոցներից: Օրինակ, եթե գյուղատնտեսական ապրանքների արտահանումից կախված երկիրը բախվի եղանակային պայմանների, որոնք զգալիորեն նվազեցնում են արտադրանքը, ապա պարտքը սպասարկելու նրա կարողությունը լրջորեն կխաթարվի: Սակայն SCDI-ի դեպքում պարտքի սպասարկման պարտավորությունները կփոխվեն ըստ պարտքային գործիքի մեջ նշված բանաձեւի՝ համապատասխան կլիմայական պայմանները հաշվի առնելով:Եթե այս մոտեցումը ճիշտ կիրառվի, այն կտրուկ կնվազեցնի պարտքի վերակազմավորման կամ վերադասակարգման ռիսկը եկամուտների պակասի դեպքում: Շատ կարեւոր է, որ SCDI-ները նաեւ լրացուցիչ եկամուտ են ապահովում ներդրողներին, եթե արդյունքները սպասվածից ավելի բարենպաստ են: Դրանք կարող են գրավիչ գործիք լինել թե՛ վարկատուների, թե՛ պարտապանների համար եւ օգտագործվել այն իրավիճակներում, երբ պարտապանի վճարունակության վրա էականորեն ազդել են արտաքին գործոնները, որոնք կարելի է չափել, բայց հնարավոր չէ կանխատեսել առանց նշանակալի սխալի:SCDI-ի մի տեսակ, որը հայտնի է որպես արժեքի վերականգնման գործիքներ (value recovery instruments, VRIs), արդեն օգտագործվել է մի շարք պետական վարկառուների կողմից, ներառյալ Հունաստանը, Մեքսիկան, Սուրինամը եւ Զամբիան: Բայց եթե ուզում ենք, որ SCDI-ները, հատկապես VRI-ները, իրականացնեն իրենց ներուժը, ապա դրանց ամբողջականությունը, արդյունավետությունն ու շուկայականությունը պետք է բարելավվեն: Լուսանկարը՝ REUTERS Պետական պարտքի աշխատանքային խմբի զեկույցը առաջարկում է, թե ինչպես դա անել: Օրինակ, զեկույցը ցույց է տալիս, որ պարտքի սպասարկման վճարումների ճշգրտման համար օգտագործվող «դրդող իրադարձությունները» եւ բանաձեւերը պետք է հստակորեն սահմանվեն եւ ճշգրիտ արտացոլեն պարտապանի վճարունակության փոփոխությունները: Սա նշանակում է արդյունավետորեն գրանցել եւ չափել դրամական միջոցների հոսքերը, որոնք ուղղակիորեն հասանելի կլինեն պետությանը պարտքի մարման պահին:Ավելին, վճարման բանաձեւերը պետք է ունենան պարտապանների համար դրական խթաններ՝ նվազեցնելով բարոյական վտանգի ռիսկը: VRI-ների աճի ներուժը առավելագույնի հասցնելու համար դրանք պետք է ներառվեն ֆիքսված եկամտի պարտատոմսերում, որպեսզի համակցված գործիքն ավելի իրացվելի լինի եւ ավելի մեծ հավանականությամբ ներառվի պարտատոմսերի ինդեքսներում: Իսկ փաստաթղթերը պետք է ստանդարտացված լինեն, որպեսզի նվազեցվեն եւ՛ ծախսերը, եւ՛ ռիսկերը: Ստանդարտացումը կնպաստի SCDI-ների համատարած կիրառմանը, ինչպես եղավ պարտատոմսերի պայմանագրերում կոլեկտիվ գործողությունների դրույթների ներառումից հետո:Իհարկե, նույնիսկ բարելավված տարբերակով SCDI-ները համադեղ չեն: Դրանք կարող են օգնել ավելի շատ մասնավոր ներդրումներ գրավել գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար, սակայն անհրաժեշտ կլինեն լրացուցիչ լուծումներ, հատկապես ֆինանսական նորամուծություններ: Հրատապ առաջնահերթություն պետք է դառնա օգտակար ֆինանսական ձեւաչափերի ավելի մեծ ցանկի մշակումը:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 2243