Ներկայացնում ենք տնտեսագետ, «Նյու Յորք Թայմս»-ի չորս բեսթսելերների հեղինակ Դամբիսա Մոյոի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Դամբիսա Մոյո Ֆինանսական շուկաներում պղպջակների առաջացման նշաններն ակնհայտ են: Dow Jones ինդեքսը վերջերս առաջին անգամ գերազանցեց 40,000-ը, Մեծ Բրիտանիայի FTSE 100-ը եւ ֆրանսիական CAC 40-ը նույնպես հասան նոր բարձրակետերի: Գին-շահույթի գործակիցների կանխատեսման հարաբերակցությունը Միացյալ Նահանգներում մոտ 25 է (պատմական միջին 16-ից շատ ավելի բարձր) եւ այս բարձր թվերը պահպանվել են՝ չնայած 5%-ից բարձր տոկոսադրույքներին:Նման միտումները, անշուշտ, արդարացնում են մտահոգությունները ֆոնդային շուկայի նոր պղպջակների մասին: Բայց ոչ բոլոր պղպջակներն են հավասար, եւ միայն որոշներն են խնդրահարույց տնտեսության համար լայն առումով: Կարեւորը, ինչպես տեսանք 2007-ից հետո, այն է, թե արդյոք պայթած պղպջակը կառաջացնի շղթայական ռեակցիա, որը կնվազեցնի տնտեսական աճը հաջորդ տարիներին:Ներդրումային տեսանկյունից երկու գործոն կարող է նախազգուշացնել, թե որտեղ եւ երբ կարող է պայթել պղպջակը եւ արդյոք դրան կհետեւի շուկայի շտկում կամ ավելի մեծ տնտեսական ճգնաժամ: Առաջինը ակտիվի հիմնական արժեքն է (արդյունավետ է այն, թե անարդյունավետ). երկրորդը վերաբերում է նրան, թե ինչպես է այդ ակտիվը ֆինանսավորվում (սեփական կապիտալի, կանխիկ դրամի կամ զգալի վարկավորման միջոցով):Այս երկու գործոններով մենք կարող ենք գնահատել չորս տեսակի պղպջակներ: Առաջինը եւ պակաս վտանգավորը լայն տնտեսության համար արտադրողական ակտիվն է, որը հիմնականում ֆինանսավորվում է սեփական կապիտալով կամ ներդրողների կանխիկ դրամով: Դիտարկենք, օրինակ, կապիտալի ներդրումը հեռահաղորդակցության կամ լայնաշերտ մալուխային ընկերությունում: Եթե պղպջակը պայթի, կորցրած կապիտալը մեծ մասամբ կսահմանափակվի ուղղակի ներդրողներով (բաժնետոմս ունեցողներով) եւ առանձնակի մեծ ազդեցություն լայն տնտեսության վրա չի թողնի: Ավելին, հեռահաղորդակցման/մալուխային ընկերություններն ունեն նյութական ակտիվներ՝ ներքին արժեքով, որը եւ՛ սահմանափակում է փլուզման ռիսկը, եւ՛ աճի ներուժ հանդիսանում, երբ տնտեսությունը վերականգնվում է: Երկրորդ կատեգորիան արտադրողական ակտիվների պղպջակն է, որը ֆինանսավորվում է պարտքով, ինչպես, օրինակ երբ կորպորացիաները պարտք են վերցնում իրենց գործառնությունները ֆինանսավորելու կամ շարունակական գործունեություն ծավալելու համար: Այս դեպքում պղպջակի պայթելը կարող է համակարգային հետեւանքներ ունենալ, քանի որ մեծ կորուստները կանդրադառնան բանկային համակարգում կամ կապիտալի շուկաներում՝ դանդաղեցնելով տնտեսության վերականգնումը, մինչ ֆինանսական հաստատությունները փորձում են վերականգնել իրենց կորուստները եւ կրճատում վարկավորումը: Սակայն տնտեսությանը կրած վնասը սահմանափակ կլինի, քանի որ այս սցենարը դեռեւս ներառում է արտադրողական ակտիվներ:Երրորդ սցենարով անարդյունավետ ակտիվները ֆինանսավորվում են կապիտալով կամ կանխիկ դրամով, ինչպես հաճախ է լինում կրիպտոարժույթում ներդրումների դեպքում: Այստեղ հիմնական ակտիվն անարդյունավետ է այն իմաստով, որ ապագա դրամական հոսքեր չի բերի: Եթե դրա արժեքը նվազի, չկա որեւէ հիմք՝ բիզնեսային կամ ֆինանսական, օրինակ՝ երկարաժամկետ ակտիվներ, որոնց օգնությամբ այն կարող է վերականգնվել: Բայց ինչպես առաջին դեպքում, կապիտալով/կանխիկով ֆինանսավորումը ենթադրում է, որ ազդեցությունը սահմանափակ կլինի:Այժմ պարտքի հաշվին ֆինանսավորվող անարդյունավետ ակտիվների մասին: Դրանց վառ օրինակ է 2008-09 թվականներին հիփոթեքային վարկային ճգնաժամը: Բնակարանների ավելցուկը նշանակում էր, որ հիմնական ակտիվն անարդյունավետ էր (չբնակեցված տները ապագա դրամական հոսքեր չեն տա), իսկ հիփոթեքային եւ պարտքային շուկաների միջոցով ֆինանսավորման եղանակը նշանակում էր, որ տների գների անկումը շղթայական ռեակցիա կառաջացնի:Այսօրվա ֆինանսական շուկաներում կարելի է գտնել բարձր վարկավորմամբ եւ հավանաբար անարդյունավետ ակտիվների խմբեր: Առավել մտահոգիչ է, որ դրանցից շատերը կարգավորող մարմինների վերահսկողությունից դուրս են: Օրինակ, ԱՄՆ-ում փոխառությունների եւ հիփոթեքային վարկերի մոտավորապես 70%-ն այժմ ստվերային բանկային հատվածում է. հաստատությունները պարտք են վերցնում եւ տրամադրում ֆինանսավորում՝ չենթարկվելով ավանդական բանկային կանոնակարգերի եւ չդիմելով դաշնային օգնության արտակարգ միջոցների, եթե դառնան ոչ իրացվելի կամ անվճարունակ: Այս ներդրումներն ակնհայտորեն ռիսկային են, քանի որ կապված են պարտքի հետ, եւ անհասկանալի է՝ արդյոք դրանք ապահովված են արդյունավետ, թե անարդյունավետ ակտիվներով: Քանի որ դրանք ստվերային բանկային հատվածում են, կապիտալի կառուցվածքը (ներդրումները ֆինանսավորելու համար օգտագործվող կապիտալի բնույթն ու աղբյուրները) գրեթե տեսանելի չէ: Մասնավորապես անհայտ է՝ արդյոք ներդրումները ֆինանսավորվում են փոխառնություններով, թե կուտակված խնայողություններով։ Ավելին, եթե ընկերությունը պարտք է վերցրել, կողմնակի անձանց, ներառյալ կարգավորող մարմիններին դժվար է որոշել, թե որքան է ակտիվը փոխառված:Թեեւ կուտակված խնայողություններ օգտագործած անձի կրած վնասը սահմանափակ ազդեցություն կունենա լայն տնտեսության վրա, «փոխառված» փողի վնասը, հատկապես մեծ փոխառնությունների դեպքում, կարող է վարակիչ լինել:Համակարգը, որտեղ ներդրումների հիմքում ընկած կապիտալի աղբյուրներն ու ձեւերը ցածր տեսանելիություն ունեն, ռիսկային է: Ֆինանսական ճգնաժամից խուսափելու համար վճռորոշ է անարդյունավետ, փոխառված ակտիվների նկատմամբ ավելի խիստ վերահսկողությունը:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 3184