Հնդկաստանի Պահուստային բանկի նախկին կառավարիչ եւ Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ, Չիկագոյի համալսարանի Booth բիզնես դպրոցի ֆինանսների պրոֆեսոր Ռագհուրամ Գ. Ռաջանի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Ռագհուրամ Գ. Ռաջան Բազում երկրներում քաղաքական լանդշաֆտը կտրուկ փոխվում է, ինչը, հավանաբար, կանխատեսում է ավելի արմատական քաղաքականություն ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Եվրոպայում: Սոցիալական ծերացման, ապագլոբալացման, կլիմայի փոփոխության, հակամիգրացիոն տրամադրությունների եւ տեխնոլոգիական առաջընթացի հետ առնչվելով՝ կենտրոնական բանկերը առաջիկա տարիներին ճնշում կզգան տարբեր ուղղություններից:Ակնհայտ մտահոգություններից մեկը հարկաբյուջետային քաղաքականությունն ու պարտքն է: Երբ իշխանության են գալիս արմատական քաղաքական գործիչները, նրանք հազվադեպ են մտածում խնայողության մասին: Շատերը գալիս են մեծ համարձակ ծրագրերով, որոնք ծախսերի լայնամասշտաբ աճ են պահանջում: (Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը բացառություն է մասամբ այն պատճառով, որ ընտրվել է նախորդ արմատականների քաղաքականությունը փոխելու համար):Սակայն նույնիսկ չափավոր առաջնորդները գալիք տարիներին ծախսելու ավելի մեծ ճնշում կզգան: Իրական (գնաճով ճշգրտված) տոկոսադրույքները ամենայն հավանականությամբ կվերադառնան իրենց երկարաժամկետ միտումին, ինչը նշանակում է, որ պարտքի սպասարկման ծախսերը «կուտեն» կառավարությունների բյուջեի մեծ մասը: Ռազմական ծախսերը նույնպես, անկասկած, կաճեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վիճակը, եւ կրթության վրա ծախսերը հավանաբար պետք է ավելանան, քանի որ կառավարությունները փորձում են բնակչությանը նախապատրաստել արհեստական բանականության դարաշրջանի: Ի լրումն, ավելի հրատապ են դարձել կլիմայի հետ կապված ծախսերն ու սուբսիդիաները: Քաղաքական կաթվածը դժվարացնում է արտանետումների հարկումը, ինչը հարկաբյուջետային առումով ավելի խելամիտ է, կամ ընդհանրապես հարկային եկամուտների բարձրացումը:Այս բոլոր լրացուցիչ զուտ ծախսերը ենթադրում են, որ կենտրոնական բանկերը ստիպված կլինեն փոխհատուցել կառավարությունների ընդլայնողական ազդակները ավելի խիստ քաղաքականությամբ: Բայց քանի որ շատ երկրներ արդեն իսկ մեծ պարտքեր ունեն, ավելի բարձր իրական տոկոսադրույքները կառաջացնեն կասկածներ պարտքի կայունության վերաբերյալ: Արդյո՞ք կենտրոնական բանկերը կվախենան ու թույլ կտան գների ավելի բարձր աճ՝ հուսալով, որ պարտքի մի մասը կլուծի գնաճը: Թե՞ կհակադրվեն իրենց կառավարություններին, կբարձրացնեն դրույքաչափերը եւ կկրկնվի «Լիզ Թրասի պատմությունը»: Երբ հարկաբյուջետային առաջնահերթությունները եւ պարտքի մակարդակը որոշում են դրամավարկային քաղաքականության մասշտաբը, տնտեսագետներն այն անվանում են «հարկաբյուջետային գերակայություն»: Ամենայն հավանականությամբ, այդպիսի իրավիճակներն ավելի հաճախ կլինեն:Իսկ ժողովրդագրական միտումնե՞րը: Չարլզ Գուդհարթը եւ Մանոջ Պրադհանը կարծում են, որ Չինաստանի աշխատունակ տարիքի բնակչության կրճատման եւ այլուր բնակչության ծերացման հետ աճը կդանդաղի, քանի որ աշխատուժը նվազում է: Միեւնույն ժամանակ ծախսերը կավելանան՝ մասամբ բավարարելու ավելի շատ թվով տարեցների խնամքի կարիքը, իսկ աշխատավարձը կաճի, քանի որ աշխատողների թիվը նվազում է: Այս ամենը գնաճային է:Իհարկե, մյուսները կարծում են, որ ծերացման հետ մեկտեղ կավելանան խնայողությունները, իսկ ներգաղթը ծերացող երկրներ կօգնի խուսափել աշխատուժի պակասից: Բայց հաշվի առնելով, որ բազում ծերացող երկրներ բացահայտ հրաժարվում են մեծ թվով ներգաղթյալների ընդունել, այս լավատեսական սցենարը պակաս հավանական է: Ռագհուրամ Ռաջանը Այն պահից, երբ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա հսկա մաքսատուրքեր սահմանեց, մենք ականատես ենք պրոտեկցիոնիզմի լայնածավալ վերադարձի, որն առաջին հերթին վերածվում է ավելի ցածր միջսահմանային ներդրումների: Առայժմ առեւտուրը չի նվազում մասամբ այն պատճառով, որ չինական արտադրանքը վերջնական հավաքման համար ուղարկվում է այլ երկրներ՝ նախքան Միացյալ Նահանգներ հասնելը: Բայց եթե Թրամփը հաջորդ տարվա հունվարին վերադառնա Սպիտակ տուն, նա կփորձի դադարեցնել նման փոխադրումները՝ միաժամանակ բարձրացնելով մաքսատուրքերը ամեն ինչի վրա:Ապագլոբալացումը կշարունակի բարձրացնել արտասահմանյան ապրանքների գները: Բայց արդյոք այս գործընթացը գնաճային է, կախված կլինի նրանից, թե ինչպես այն կզարգանա: Ինչպես նշում են Լյուդովիկա Ամբրոզինոն, Ջենի Չանը եւ Սիլվանա Թենրեյրոն իրենց ընթացիկ աշխատանքում, եթե սակագները հանկարծակի լինեն, գնաճը զգալիորեն կբարձրանա, եւ կենտրոնական բանկերը դժվարությամբ կխուսափեն տոկոսադրույքների բարձրացումից:Հետազոտողները ենթադրում են, որ միջնաժամկետ հեռանկարում ներքին ներկրողները կդիմեն այլընտրանքային մատակարարների, եւ քանի որ տնտեսությունն ավելի աղքատ կլինի, իսկ սպառումը` ավելի ցածր (ծախսերի յուրաքանչյուր դոլարը կբերի ավելի քիչ ներմուծում), գնաճը կնվազի: Հետաքրքիր է, որ եթե ներմուծման գները աճեն աստիճանաբար, ներմուծման ավելի բարձր գների ակնկալիքով պահանջարկի անկումը կարող է հանգեցնել ներքին ապրանքների գնաճի դանդաղման՝ զսպելով ընդհանուր գնաճը: Այսինքն պրոտեկցիոնիզմը կարող է բարձրացնել ներմուծման գները, բայց քանի որ այն նաեւ աղքատացնում է եւ նվազեցնում պահանջարկը, գնաճը կարող է մեծ չլինել:Այս համեմատաբար բարենպաստ տեսակետը պետք է հակադրել գլոբալացման տասնամյակների մեր փորձին մինչեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, երբ գնաճն ամբողջ աշխարհում նվազեց: Եթե գլոբալացումը նվազեցրեց գնաճը, արդյո՞ք ապագլոբալացումը չպետք է բարձրացնի այն:Հենց դա են պնդում Հասան Աֆրուզին, Մարինա Հալակը, Քենեթ Ռոգոֆը եւ Պիեռ Յարեդը: Ապագլոբալացումը, նվազեցնելով մրցակցությունը, կխթանի մենաշնորհային շահույթը եւ այդպիսով կավելացնի կենտրոնական բանկերի գայթակղությունը՝ թույլ տալ ավելի մեծ գնաճ (որպես այդ շահույթը քայքայելու եւ արտադրանքում աշխատուժի մասնաբաժինը պահպանելու միջոց): Իհարկե, ապագլոբալացումը կարող է նաեւ մեծացնել արհմիության ուժը, որը նույն ենթադրությունների համաձայն պետք է մեղմացնի այս գայթակղությունը: Բայց հաշվի առնելով, որ գլոբալացումը ուղեկցվում էր ավելի ցածր գնաճով, մենք պետք է գոնե պատրաստ լինենք այն հավանականությանը, որ ապագլոբալացումը կանի հակառակը:Անցումը ցածր ածխածնային տնտեսությանը ավելի է բարդացնում պատկերը: Ինչպես ենթադրում է Լուկա Ֆորնարոյի, Վերոնիկա Գերիերիի եւ Լուկրեցիա Ռայխլինի աշխատանքը, «կանաչ» կարգավորումը սովորաբար լրացուցիչ ծախսեր է պահանջում էներգիայի «կեղտոտ» աղբյուրների վրա, երբեմն այն աստիճան, որ բանկերը նույնիսկ չեն ֆինանսավորում նման նախագծերը: Բայց քանի դեռ «կեղտոտ» էներգիան արտադրության համար անհրաժեշտ է, դրա վրա հիմնված արտադրանքը ավելի թանկ կարժենա: Իսկ երբ պահանջարկը մեծանա, ընկերությունները ստիպված կլինեն ավելի շատ «կեղտոտ» էներգիա օգտագործել՝ մեծացնելով ծախսերը եւ արտադրանքի գները:Գնաճը զսպելու համար կենտրոնական բանկի քաղաքականությունը պետք է շատ ավելի խստացվի, իսկ դա կնշանակի ավելի դանդաղ աճ: Այն կարող է նաեւ դանդաղեցնել կանաչ էներգիայի պահանջարկը եւ զսպել ներդրումները վերականգնվող աղբյուրներում (որը միջնաժամկետ հեռանկարում կթեթեւացնի կախվածությունը հանածո վառելիքից): «Կանաչ» կողմնորոշում ունեցող կենտրոնական բանկերը այս հեռանկարում կարող են ողջամտորեն ցանկանալ ավելի հանդուրժող լինել բարձր գնաճի նկատմամբ՝ հեշտացնելու կանաչ անցումը:Այստեղ քննարկվող ուժերի ու դինամիկայի մեծ մասը ավելի բարձր գնաճ է խոստանում: Ճիշտ է, եթե արտադրողականությունը մեծանա տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում, ինչպիսին է արհեստական բանականության համատարած ներդրումը, գնաճային ճնշումները կարող են թուլանալ ավելի մեծ, էժան առաջարկի պատճառով: Այս պահին, սակայն, սա ավելի շատ հույս է, քան իրականություն:Թերեւս ամենամեծ անհանգստությունն այն է, որ փոփոխություններ պահանջող ընտրազանգված ունեցող արմատական առաջնորդները պայմաններ կստեղծեն ավելի բարձր գնաճի համար (օրինակ՝ դադարեցնելով ներգաղթը կամ անսահմանափակ ծախսեր անելով)՝ նույնիսկ եթե դրանք քայքայեն կենտրոնական բանկի անկախությունը: Անցյալում դա պարբերաբար տեղի էր ունեցել, եւ հետեւանքները սոսկալի էին: Հնարավոր է, որ ստիպված լինենք ծանր փորձով նորից սովորել հին դասերը:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 2408