Աշխարհում խոշորագույն աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ցանցերից մեկի՝ BDO-ի անդամ BDO Armenia-ն եւ ստարտափների աճի եւ փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող Orion Worldwide Innovations-ը հայտարարել են Հայաստանում Power Consulting Days ծրագրի մեկնարկի մասին:Ծրագիրը 12-ամսյա մենտորական ակումբ է, որի նպատակն է օժանդակել Հայաստանում տնտեսության զարգացմանը՝ այլընտրանքային ներդրումների գծով բիզնեսներին խորհրդատվություն տրամադրելու միջոցով:Այլընտրանքային ներդրումների շուկայի զարգացումների, Orion-ի հետ համագործակցության ու նոր մեկնարկող Power Consulting Days-ի մասին Banks.am-ը զրուցել է BDO-ի գործընկեր, հարկային, միջազգային առեւտրի եւ իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանի հետ:Այլընտրանքը միշտ լավ էԱյլընտրանքը միշտ էլ լավ երեւույթ է: Սա թույլ է տալիս որոշումների որակը բարձրացնել։ Այլընտրանքային ասելով, պարզ ասած, նկատի ունենք՝ որտեղ կարող են ներդրումներ կատարել գումար ունեցող մարդիկ` ի տարբերություն ձեւավորված ավանդական ուղղությունների: Օրինակ՝ բանկում ավանդ դնելն ավանդական տարբերակ է համարվում։ Հիմա ձեւավորվել է նաեւ այլընտրանք՝ տարբեր բիզնես նախագծերում ներդրումեր կատարելը։ Մյուս կողմից էլ կան բազմաթիվ գաղափարներ, որոնք ուղղակի կկորչեին, եթե միայն բանկից վարկ վերցնելու միջոցը լիներ ու չլիներ ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների հնարավորությունը։ Ահարոն Չիլինգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այլընտրանքային ներդրումային ֆոնդերը կարելի է պայմանականորեն բաժանել 3 հիմնական խմբի։ Առաջինը՝ անհատ ներդրողներն են կամ հրեշտակ ներդրողները։ Երկրորդը՝ ձեւավորված վենչուրային ֆոնդերն է, օրինակ՝ Granatus Ventures-ը, որը Հայաստանում առաջինն է ստեղծվել։ Դրանք Կենտրոնական բանկի (ԿԲ) կարգավորման եւ հսկողության տակ են։ Երրորդը՝ մասնավոր կապիտալի ֆոնդերն են։ Այստեղ արդեն ավելի ծավալուն ներդրումների մասին ենք խոսում, երբ կայացած մեծ ձեռնարկությունների խումբը ցանկանում է ներդրումներ կատարել խոշոր նախագծերում։ Որպես ներդրումների առանձին ուղղություն՝ պետք է նշել արժեթղթերի շուկան, մասնավորապես, օրինակ՝ պետական պարտատոմսերը, որոնք թողարկում ու վերահսկում է Ֆինանսների նախարարությունը։ Ռիսկը կփոքրանա տեղեկացված լինելու դեպքումԻմ կարծիքով, լավ տեղեկացված լինելու դեպքում է հնարավոր անվտանգ որոշումներ կայացնել։ Լավ օրինակ է կենսաթոշակային ռեֆորմը, երբ Հայաստանում պարտադիր կուտակային բաղադրիչը ներդրվեց, միջազգային ֆոնդեր հրավիրվեցին, լայնածավալ իրազեկումներ իրականացվեցին, շատ երկար քննարկումներ ծավալվեցին այդ համակարգի երաշխիքների վերաբերյալ։ Այլընտրանքային ներդրումների դաշտն արդեն իսկ, կարելի է ասել, պիլոտ ունեցել է ու ռիսկերն այդտեղ դուրս են եկել։ Օրինակ՝ բանկը չի կարող ներդրումային ֆոնդի գումարն իր ցանկությամբ տնօրինել, փոխանցումներ կատարել. կարգավորումները բավականին խիստ են, հետեւաբար՝ ռիսկերը պակաս։ Բացի այդ, կարգավորողն ինքը ռիսկերի մատրիցա ունի, հետադարձ հաշվետվողականության միջոցով կասեցնում է չափից շատ ռիսկերը եւ թողնում բիզնես ռիսկը՝ ձեռնարկատերերի որոշմանը։ Եթե դիտարկենք ներդրումային օրենքը, ապա սահմանված է նաեւ հատուկ շեմ ներդրումներ կատարելու համար, եւ միայն որոշակի որակավորում ունեցող եւ տեղյակ ներդրողը կարող է անցնել շեմը։ Այդ համակարգը վերահսկում է ԿԲ-ն։ Ահարոն Չիլինգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այլընտրանքային ներդրումների շուկան աշխարհում ու Հայաստանում2022 թվականին կորպորատիվ վենչուրային կապիտալի (CVC) ֆինանսավորումը հասել է տպավորիչ ծավալի՝ $55,1 միլիարդի։ 2023-ին մասնավոր կապիտալի կողմից կառավարվող ակտիվներն ամբողջ աշխարհում հասել են շուրջ 4,7 տրիլիոն, իսկ վենչուրային կապիտալի կառավարվող ակտիվները՝ $1,2 տրիլիոնի։ Հայաստանում կորպորատիվ վենչուրային ֆինանսավորումը ու մասնավոր կապիտալի կողմից կառավարվող ակտիվների հանրագումարը հասնում է մոտ $600 միլիոնի։ Հայաստանում մասնավոր կապիտալի ընկերությունները սակավաթիվ են՝ համեմատած վենչուրային ֆոնդերի հետ։ Հրեշտակ ներդրողների վերաբերյալ քիչ տվյալներ կարող ենք ասել, քանի որ անհատներ են: Այնուամենայնիվ, Հայաստանում նրանք բավականին ակտիվ են, հանդես են գալիս նաեւ միություններով, այս ուղղությունը նույնպես զարգանում է։ Ապահով միջավայրի զարգացումն ու օրենսդրական խնդիրներըԱռաջինը պետք է ընկալումները ձեւավորել։ Բոլոր խաղացողները միասին պետք է, այսպես ասած, մեկ սեղանին դնեն բոլոր գործոնները, գործիքները, համակարգերը, կազմակերպությունների հնարավորությունները եւ այլն։ Աստիճանաբար այնքան պետք է զրուցել, քննարկել, որ լայն հանրությունը նույնպես տեղեկանա ու սկսի կիրառել այդ գործիքներն ու օգտագործել հնարավորությունները։ Սա նշանակում է, որ կշահեն այն կորպորացիաները, որոնք այդ ճանապարհով կգնան։ Կձեւավորվի նաեւ ալտերնատիվ մրցակցություն բանկերի համեմատ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել դրույքաչափերի ավելի մատչելիության։ Ահարոն Չիլինգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Աշխարհի փորձն ասում է, որ, որպես կանոն, ավելի օգտավետ է ոչ թե գումարը ներդնել որպես ավանդ, այլ մի քիչ գիտելիք կուտակել, մի քիչ ռիսկ վերցնել եւ գնալ այլընտրանքային ներդրումների դաշտ։ Այն շատ ավելի ճկուն է: Բանկերն ավելի կոնսերվատիվ են շատ բնական պատճառով, քանի որ հազարավոր մարդկանց առաջ պատասխանատու կառույց են։ Այլընտրանքային ներդրումային համակարգի բացերի մասին այս փուլում խոսելը մեծամտություն կլինի, նախ հարկավոր է ճանաչել, գովազդել, քննադատություններ վաստակել, դաշտն ապրի ու ճանապարհ անցնի։ Պետք է «լսելու ռեցեպտորներ» ձեւավորվեն։Կան ֆոնդերի տեսակներ, որոնք Հայաստանում չկան եւ չեն աշխատում, թեեւ օրենսդրությունն, ըստ էության, թույլ է տալիս։ Այսպիսով` հարկավոր է համոզվել, որ աշխարհում կիրառվող ու վերջերս ձեւավորվող նոր տեսակի ֆոնդերը կտեղավորվեն հայկական օրենսդրության մեջ։ Օրինակ՝ հեջ-ֆոնդերը․ օրենսդրությունը թույլ է տալիս, բայց այն շատ բարդ է կիրառելը, ցանկալի է այդ ուղղությամբ որեւէ առաջընթաց ունենալ։ Օրինակ է նաեւ կրեդիտ ֆոնդերի ինստիտուտը. վերջապես, եթե մի քիչ ընդլայնենք դաշտը եւ գնանք դեպի կորպորատիվ կառավարման աշխարհ, ապա հայաստանյան օրենսդրությունում նկարագրված չէ ձեռնարկությունների խումբը: Դա կօգներ ձեռնարկությունների միաձուլման, կիսման հարցերում, այդ գործարքները եւս, ընդհանուր առմամբ, կարելի է դասել այլընտրանքային ներդրումներին ու ֆինանսավորմանը: Ահարոն Չիլինգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բացերի մասին խոսել տեղին կլինի աստիճանաբար, երբ փորձեր շատ կատարվեն ու կուտակվեն։ Սա իրավակիրառական տարածքում է: Այդ ընթացքում ԿԲ-ն եւս տարբեր մասնավոր դեպքերում պարզաբանումներ կարող է հրապարակել, օրինակ՝ վերջերս քրաուդֆանդինգի վերաբերյալ տեղի ունեցավ այդպիսի հրապարակում: Power Consulting Days-ն ու Օrion-ի հետ համագործակցությունըԱրդեն 2,5 տարի է, ինչ համագործակցում ենք Orion Worldwide Innovations-ի հետ։ Օrion-ի շահառուների եւ BDO-ի ներուժի միավորմամբ՝ ընդլայնում ենք մարդկանց մտահորիզոնը: 2022-ի աշնանը Երեւանում միասին կազմակերպել էինք Այլընտրանքային ներդրումների վերաբերյալ համաժողով, բազմաթիվ հյուրեր ունեինք նաեւ արտասահմանից: Մեզ էին միացել կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները: Այլ ձեւաչափերով մի շարք հանդիպումներ ենք կազմակերպել:Power Consulting Days-ը սեմինարների, գործնական մասնագիտական միջոցառումների շարք է, որի ընթացքում բիզնեսները կստանան ներդրումների եւ այլ ուղղություններով անհրաժեշտ գիտելիք հայաստանյան եւ համաշխարհային առաջատար մասնագետներից, կլսեն հաջողության պատմություններ։ Մասնակիցները մանրամասն կծանոթանան նաեւ տվյալ պահին տնտեսության ընթացիկ վիճակին, ներդրումների հետ առնչվող ՀՀ օրենսդրական դաշտին եւ վերջին փոփոխություններին։ Ահարոն Չիլինգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հրավիրել ենք առաջատար մասնագետներ արտասահմանյան հաջողակ ընկերություններից, օրինակ՝ Հայկ Գրիգորյանը, որը զարգացող հեջ-ֆոնդի՝ SharpeMachine-ի գլխավոր գործընկերն է եւ գլխավոր ներդրումային տնօրենը։ Քեւին Ալենը նույնպես եռանդուն եւ ստեղծագործ անձնավորություն է, որը դրական է ազդում իր շրջապատի մարդկանց վրա էքսպոնենցիոնալ տեխնոլոգիաների եւ ExO մոդելի միջոցով: Հայաստան է ժամանելու նաեւ Ֆերնանդո Գոմես-Բակերոն՝ Ջեյքոբս Տեխնիոն-Կորնել ինստիտուտի Cornell Tech-ի Runway-ի եւ Spinouts-ի տնօրենը։Հանդիպումները մեկնարկելու ենք սեպտեմբերից, առաջինը «Ինչպե՞ս կարող են կորպորացիաները էքսպոնենցիոնալ շահույթ ստանալ դրամական միջոցների միջոցով» թեման է, որի գրանցումն արդեն բաց է։ Մասնակցությունը 6-ամսյա է կամ տարեկան: Վճարը մեկ ամսվա հաշվով 163 հազար դրամ է: Մասնակիցները հանդիպման վերջում կարող են իրենց հուզող հարցերն ուղղել ու ազատ շփվել, գործարար կապեր հաստատել այլ մասնակիցների եւ հյուրերի հետ: Անգնահատելի փորձ կտա սա: Ոլորտային առումով սահմանափակումներ չունենք, բոլորը կարող են դիմել: Փորձում ենք նաեւ պետական մարմիններին ներգրավել եւ իրենց կողմից նույնպես մասնակցություն ունենալ: Հնարավոր է նաեւ առցանց մասնակցել։ Նունե Գրիգորյան Լուսանկարներն`Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 12630