Ներկայացնում ենք Համաշխարհային բանկի նախկին գործադիր տնօրեն, «Blue like an Orange Sustainable Capital» ֆոնդի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Բերտրան Բադրեի եւ Բրիտանական Կոլումբիայի համալսարանի Ասիական հետազոտությունների ինստիտուտի պատվավոր տնօրեն Իվ Տիբերժիանի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:Բերտրան Բադրե, Իվ ՏիբերժիանԱյսօրվա տնտեսական հեռանկարները տարօրինակ կերպով հակասական են: Մինչ գլոբալ շուկաները՝ տեխնոլոգիաների եւ էներգետիկայի գլխավորությամբ, աշխուժացել են կարճաժամկետ բարձր շահույթի պատճառով, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային ժողովների ժամանակ տրամադրությունը միանշանակ մռայլ էր: Երկու գլոբալ հաստատություններ, որոնք սովորաբար տափակաբանություններ են ասում, խստորեն նախազգուշացրին տնտեսական մասնատման աճող ռիսկերի մասին:Այն գաղափարը, որ փոխկապակցված համաշխարհային տնտեսությունը կարող է աշխատել աշխարհաքաղաքական համակարգում, որը հիմնված է մոտ 200 պետությունների ինքնիշխանության վրա, միշտ որոշ չափով իդեալիստական էր: Կամ գուցե ամբարտավան: Այս տարօրինակ միասնությունը, ի վերջո, փլուզվեց 1930-ականներին, եւ բաժանումը տեւեց մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:Սակայն իդեալիզմը մեռած չէր, եւ գլոբալ համակարգը հետագայում վերակառուցվեց համաձայնեցված կանոնների, ընդհանուր միջազգային ինստիտուտների, որոշ փոխադարձ հանդուրժողականության եւ ճգնաժամային կառավարման հիմքի վրա: Ի սկզբանե անվտանգության նկատառումները հնարավորինս տարանջատված էին տնտեսությունից, բայց դա հատկապես կարեւոր դարձավ 1990-ականներին, երբ արմատապես տարբեր ռեժիմներով երկրները սկսեցին ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը: Այսօր, սակայն, այս համակարգի հիմքերը արագ քայքայվում են, եւ համաշխարհային տնտեսական ինտեգրումը կարծես թե գնում է հակառակ ուղղությամբ: Ինչպես վերջերս բացատրեց ԱՄՀ-ի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոփինաթը, տնտեսական մասնատումը կարող է հեռու գնացող հետեւանքներ ունենալ առեւտրի վրա, ինչպիսիք են արդյունավետության նվազումը, եւ մեծացնել մակրոֆինանսական անկայունության ռիսկը: Մասնատումը կարող է նաեւ նվազեցնել կապիտալի հոսքը դեպի Գլոբալ հարավ եւ խաթարել աշխարհում հանրային բարիքների տրամադրումը, այդ թվում՝ կլիմայի ոլորտում: Գիտա Գոփինաթը Լուսանկարը՝ REUTERS Մասնատմանը դրդող հինգ հիմնական գործոն կա: Նախ, աճող աշխարհաքաղաքական ռիսկերը ստեղծել են անվստահություն եւ կրճատել համակարգային առումով կարեւոր երկրների կամքը համագործակցելու: Թեեւ քաղաքականություն մշակողները հազվադեպ են դա ընդունում, Թայվանի ճգնաժամը, որը չին-ամերիկյան մրցակցության բռնկման կետն է, կարող է տապալել համաշխարհային տնտեսական համակարգը:Երկրորդը, առանցքային երկրները թույլ են տալիս, որ տնտեսական քաղաքականությունը ձեւավորվի անվտանգության նկատառումներից, իսկ որոշ երկրներ մեծ քայլեր են ձեռնարկում ռեսուրսների, ենթակառուցվածքների եւ տեխնոլոգիաների հասանելիությունն ապահովելու համար: Դրանք հասկանալի քայլեր են, բայց երկրները պետք է զսպվածություն ցուցաբերեն: Գլոբալացումը տեղի ունեցավ աստիճանաբար, սակայն ապագլոբալացումը, որը առաջնորդվում է անվտանգության նկատառումներով (որոնք մրցակիցների եւ գործընկերների միջեւ հաստատ էսկալացիա կհրահրեն), հավանաբար արագ եւ անճոռնի կլինի՝ լուրջ համակարգային ռիսկերով:Տնտեսական մասնատման հիմքում ընկած երրորդ գործոնը Գլոբալ հյուսիսի եւ Գլոբալ հարավի միջեւ խորացող խզումն է: Պետական եւ մասնավոր աջակցությունը զարգացող տնտեսություններին անկում է ապրել այն ժամանակ, երբ շատերը պայքարում են Քովիդ-19 համաճարակի հետեւանքների դեմ եւ դիմակայում են կլիմայի փոփոխությանը: Տասնամյակների միտումը՝ մերձենալ զարգացած տնտեսությունների հետ, կարծես ընդհատվել է, եւ Գլոբալ հարավում աճում է դժգոհությունը: Զուտ ֆինանսական հոսքերը դեպի զարգացող երկրներ բացասական են դարձել 2023-ին, եւ միտումը վատթարանում է 2024-ին: Սա մասամբ բացատրում է Գլոբալ հարավի երկրների դժկամությունը կամ մերժումը՝ աջակցել Արեւմուտքին առանցքային աշխարհաքաղաքական հարցերում, ինչպիսիք են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան Ուկրաինայում պատերազմի:Մասնատումը արտացոլում է նաեւ կլիմայական ռիսկերի եւ աղետների արագ աճը: «Անհավանական» ջրհեղեղների, գերհրդեհների եւ երաշտների պատճառով շատ երկրներ մոտակա մի քանի տարիներին կկանգնեն ապակայունացման վտանգի առջեւ, իսկ գլոբալ «ապահով ցանց» գոյություն չունի: Մինչդեռ երկրները, ինչպես նշել է Հարվարդի գիտնական Դենի Ռոդրիքը, մրցում են կանաչ տեխնոլոգիաների ոլորտում գերակայության համար, ոչ թե համագործակցում՝ առաջընթացն արագացնելու համար:Վերջապես, արհեստական բանականության էքսպոնենցիալ աճը խթանում է ազգային մրցակցությունը, ոչ թե գլոբալ համագործակցությունը: Ինչպես նշել են MIT-ի աշխատակիցներ Դարոն Աճեմօղլուն եւ Սայմոն Ջոնսոնը, անհրաժեշտ են կանոնակարգեր, քաղաքականություն եւ հաստատություններ, որպեսզի ԱԲ-ն աշխատատեղեր ստեղծի, այլ ոչ միայն ոչնչացնի դրանք: Գլոբալ հարավի երկրները պետք է ձայն ունենան ԱԲ-ն կարգավորող ոլորտում: Դարոն Աճեմօղլուն Լուսանկարը՝ Becker Friedman Institute Անշուշտ, համաշխարհային տնտեսական համակարգը դեռեւս ունի ճկունության բազմաթիվ աղբյուրներ: Ինչպես ցույց տվեցին Ինդոնեզիայի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի G20-ի վերջին նախագահությունները, Գլոբալ հարավի մեծ մասը հավատարիմ է թե՛ փոխկախվածությանը, թե՛ գլոբալ կառավարմանը: Ավելին, մասնավոր հատվածը դեռեւս փոխկախված է: Մենք դեռեւս ունենք միջազգային կազմակերպություններ, համաշխարհային կրթական ցանցեր եւ համաշխարհային քաղաքացիական հասարակություն:Բայց մենք չպետք է թերագնահատենք վտանգները։ Հիմքեր կան մտածելու, որ գալիք ամիսներին ու տարիներին մի շարք ցնցումներ ու ճգնաժամեր են սպասվում։ Եթե առաջնորդները պատասխանեն ակն ընդ ական քաղաքականությամբ՝ մրցակիցներին նկատմամբ առավելություն ունենալու համար, ինտեգրված համաշխարհային տնտեսությունը կարող է քանդվել: Այդ գործընթացի արագությունը կարող է ցնցել քաղաքականություն մշակողներին, եւ ճանապարհը տնտեսական խնդիրներից մինչեւ սոցիալական ցնցումներ եւ հրաժարում համընդհանուր գլոբալ կանոններից կարող է կարճ լինել:Առայժմ առաջնորդներն այնքան են զբաղված պատերազմներով, իշխանության համար պայքարով, սոցիալական լարվածությամբ եւ քաղաքական բեւեռացմամբ, որ մեծամասնությունը չի ցանկանում ներդրումներ կատարել ինտեգրված համաշխարհային տնտեսությունը փրկելու համար, առավել եւս ուժեղացնելու նրա ունակությունը՝ դիմակայելու գոյութենական ռիսկերին: Սակայն պատմությունը, տնտեսական տեսությունը եւ ներկայիս փորձառական միտումները ցույց են տալիս, որ դա սխալ է:Մեր փոխկապակցված գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նույնիսկ մասնակի փլուզումը աղետալի կլինի, հատկապես այն պատճառով, որ այն թույլ չի տա ներդրումներ կատարել համաշխարհային հանրային բարիքներում: Քաղաքական գործիչները, որոնց մտահոգում է միգրացիայի ազդեցությունը իրենց երկրների վրա, պետք է հասկանան, որ առանց կլիմայի փոփոխության դեմ պայքարի, անապատացման եւ աղքատության նվազեցմանը ուղղված մեծ ներդրումների, 2050-ին միլիոնավոր մարդիկ կփորձեն անցնել Միջերկրական ծովը:Ազգային անվտանգությունը պետք է առաջնահերթություն լինի քաղաքականություն մշակողների համար: Սակայն տնտեսությունը «ապահովելու» միջոցառումները պետք է զուգակցվեն մրցակիցների հետ հաղորդակցությունը բարելավելու եւ համաշխարհային հանրային բարիքներում ներդրումներ կատարելու հետ: Այդ նպատակով աշխարհի առաջնորդները պետք է օգտագործեն G20-ը եւ այլ բազմակողմ ինստիտուտերը՝ սատարելու աշխատանքային խմբերին ու հաստատություններին, որոնք աջակցում են կոլեկտիվ կառավարմանը եւ զբաղվում արհեստական բանականության ռիսկերով, կլիմայի փոփոխության դեմ պայքարով եւ կանխում համաշխարհային տնտեսական համակարգի փլուզումը, որից մենք կախված ենք:Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 2030