Կենտրոնական բանկերն անկանխիկ աշխարհում

12.05.2024 | 23:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Լոնդոնի համալսարանական քոլեջի Նորարարության եւ հանրային նպատակների ինստիտուտի հիմնադիր տնօրեն Մարիանա Մացուկատոյի եւ նույն ինստիտուտի փոխտնօրեն եւ թվային կառավարման պրոֆեսոր Դեյվիդ Իվսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Մարիանա Մացուկատո, Դեյվիդ Իվս

Տնտեսագիտությունը միշտ տարօրինակ եւ վիճելի հարաբերություններ է ունեցել փողի հետ: Երկար ժամանակ տնտեսագետները, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ Մերթոն Միլերը եւ Ֆրանկո Մոդիլյանին, փողը համարում էին զուտ փոխանակման միջոց: Սակայն հիմնվելով Ջոն Մեյնարդ Քեյնսի եւ Հայման Մինսկիի աշխատությունների վրա՝ տնտեսագետները սկսեցին ուշադրություն դարձնել ոչ միայն փողի քանակի վրա, այլ մտածել իրական տնտեսության եւ ֆինանսական համակարգի վրա փողի կառուցվածքային ազդեցության մասին:

Փողի եւ ֆինանսների կառուցվածքային ըմբռնումն է՛լ ավելի կարեւոր է դառնում թվայնացված եւ անկանխիկ աշխարհում, քանի որ քաղաքականություն մշակողները պետք է գործեն ոչ միայն որպես շուկայի կարգավորողներ, այլեւ շուկայի ակտիվ ձեւավորողներ: Անկանխիկ աշխարհը ոչ միայն փոխում է մարդկանց հարաբերությունը փողի հետ եւ նոր հնարավորություններ ստեղծում այն կառավարելու կամ նույնիսկ ընկալելու համար. այն ստիպում է կենտրոնական բանկերին վերաիմաստավորել իրենց դերը եւ դառնալ ավելի նորարար:

Թեեւ մեծ ուշադրություն է հատկացվել կենտրոնական բանկի թվային արժույթների հետ փորձերին, ավելի կարեւոր միջամտություն է փոխգործունակ վճարային համակարգերի համար նոր թվային ենթակառուցվածքի ստեղծումն ու ձեւավորումը: Հաշվի առնելով կապիտալի կառուցվածքային բաղադրիչը՝ սա կարող է մեծացնել բանկերի մրցակցությունը, ներառականությունն ու հասանելիությունը եւ միգուցե նոր գործիքներ առաջարկել ճգնաժամի պայմաններում տնտեսությունները կառավարելու համար:

Անկանխիկ գործարքներն աճում են ավելի արագ, քան երբեւէ, քանի որ նվազում է կախվածությունը ֆիզիկական կանխիկ դրամից: Սպառողները, ձեռնարկություններն ու կառավարությունները ակնհայտորեն նախընտրում են անկանխիկ տեխնոլոգիայի ծախսարդյունավետությունը եւ օգտագործման հեշտությունը: Անհպում վճարային համակարգերը, որոնք ժամանակին հասու էին միայն տեխնոլոգիապես առաջադեմ քաղաքաբնակներին, այժմ լայնորեն օգտագործվում են նույնիսկ ամենատարրական տնտեսություններում: Փոխգործունակ վճարային համակարգերը արագորեն ի հայտ են գալիս որպես թվային դարաշրջանի տնտեսության հիմնական ենթակառուցվածք՝ ի տարբերություն վերջին 2000 տարվա ընթացքում կառավարության կողմից թողարկված ֆիզիկական կանխիկին:



Ինչպես բոլոր տեխնոլոգիական փոփոխությունները, այս մեկն էլ անաչառ չէ: Այն ունի սեփական մղիչ ուժը, եւ եթե քաղաքականություն մշակողները այն չուղղորդեն հանրային շահերին, կարող է հանգեցնել ավելի խորը մեկուսացման եւ այլ կառուցվածքային խնդիրների ողջ տնտեսության մեջ: Օրինակ, թվային վճարումների համակարգերը շատ երկրներում փոխգործունակ չեն, ինչը նշանակում է, որ սեփականատերերը կարող են որոշել, թե ով կարող է դրանք օգտագործել եւ այդպիսով անհարկի վարձավճարներ կորզել: Նրանք, ովքեր արդեն մարգինալացված են, հետագայում դուրս են մղվում անկանխիկ աշխարհից կամ ավելի վատ՝ ֆորմալ տնտեսությունից:

Այստեղ կենտրոնական բանկը կարող է լինել ավելին, քան պարզապես կարգավորող մարմին՝ ազդելով ընդհանուր ենթակառուցվածքի վրա կամ նույնիսկ ստեղծելով այն: Այդպես հնարավոր կլինի ոչ միայն նվազեցնել թվային գործարքների ծախսերը, այլ նաեւ ստեղծել նոր հնարավորություններ՝ բարելավելու արդյունավետությունը եւ ֆինանսական ներգրավվածությունը ֆորմալ տնտեսության եզրին գտնվողների համար: Այդպես է արել Հնդկաստանը UPI-ով (Unified Payments Interface, վճարումների միասնական ինտերֆեյս)՝ թվային վճարումների փոխգործունակ ենթակառուցվածքով, որը ձեւավորել է կենտրոնական բանկը:

Այդպես է վարվել նաեւ Բրազիլիան իր Pix համակարգով՝ փոխգործունակ ակնթարթային վճարման ծառայությամբ, որը թույլ է տալիս անհատներին եւ ձեռնարկություններին օրվա ցանկացած ժամին գումար ուղարկել եւ ստանալ՝ սովորաբար անվճար կամ շատ ցածր գնով: Բրազիլիայի Կենտրոնական բանկի (BCB) տվյալներով՝ Pix-ն այժմ երկրի ամենասիրելի վճարման եղանակն է՝ առաջ անցնելով վարկային ու դեբետային քարտերից եւ կանխիկ գումարի հետ մրցակցող այլ փոխանցման եղանակներից: Դրանից օգտվում է բնակչության ավելի քան 66%-ը։



Սա կարծես ֆինանսական տեխնոլոգիայի հաջողության տիպիկ պատմություն է: Այդուհանդերձ, հենց BCB-ն է նախաձեռնել Pix-ի ստեղծումը, երբ հասկացել է, որ մասնավոր խաղացողներն իրենց համակարգերը փոխգործունակ չեն դարձնի: Նախքան Pix-ը, յուրաքանչյուր ֆինանսական հաստատություն օգտագործում էր իր գործարքների համակարգը եւ սահմանում իր վճարները: Բայց այժմ մրցակցությունը ոչ թե վճարների ոլորտում է, այլ ֆինանսական հաստատությունների ծառայությունների որակի եւ քանակի: Որպես ենթակառուցվածք, Pix-ը ապահովում է իրական, ուղղակի խնայողություններ սպառողների համար եւ աջակցում է ներառմանը եւ հասանելիությանը:

Առաջնորդելով այս փոփոխությունը՝ BCB-ն ընդհանուր բարօրությանն ուղղված կարեւոր միտում է ստեղծում: Երբ ընդհանուր բարօրությունը դառնում է տնտեսական գործունեության հիմք, շատ ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում կառավարությունների, մասնավոր ընկերությունների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության, համակարգման եւ համաներդրումների համար:

Իհարկե, կենտրոնական բանկերի այս դերը մարտահրավեր է ավանդական տեսակետին, այն է՝ որ նրանք շուկայի կարգավորողներ են եւ պետք է զբաղվեն միայն ֆինանսական կայունությունը երաշխավորելով, իսկ սեփական կապիտալի, հասանելիության եւ ներառման հարցերը թողնեն մասնավոր հատվածին: Հանրային հատվածին վաղուց հանձնարարված է պարզապես վտանգազերծել արժեք ստեղծողներին, ոչ թե ռիսկի դիմել կամ ինքնուրույն արժեք ստեղծել: Կենտրոնական բանկը դիտվում է որպես վերջին ատյանի վարկատու, ոչ թե առաջին ատյանի ներդրող:

Հարստության ստեղծման գործում պետության դերի այս նեղ տեսակետը թույլ չի տալիս քաղաքականություն մշակողներին հասկանալ, թե ինչ գործիքներ ունեն կայուն տնտեսական աճ խթանելու համար: Թեեւ ֆինանսական համակարգի կայունության ապահովումը կարեւոր է մնալու, Բրազիլիայում եւ Հնդկաստանում շուկա ձեւավորելու ջանքերը փոխգործունակ վճարային ենթակառուցվածքի օգնությամբ ցույց են տալիս, որ կենտրոնական բանկերն ունեն ընդհանուր բարօրության համար ավելին անելու գործիքներ:



Միացյալ Թագավորության Անգլիայի Բանկի նոր հայտարարված երկրորդական նպատակն է դյուրացնել ֆինանսական շուկայի ենթակառուցվածքային ծառայությունների նորարարությունը՝ շարունակելով իրականացնել իր կարգավորող լիազորությունները: Շուկա ձեւավորելու ավելի մեծ հավակնությունների ախորժակը կարծես աճում է: Մենք, անշուշտ, հուսով ենք, որ այդպես է, քանի որ արդար ապագայի համար կպահանջվեն ավելի հավակնոտ կենտրոնական բանկեր:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի


Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW