Ամիօ բանկում ներդրված լիզինգը եւ հաճախորդների լայն հատվածի հետ համագործակցությունը
08.04.2024 | 06:43
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս




Banks.am-ի հետ զրույցում Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արման Պետրոսյանը պատմել է վերաբրենդավորումից հետո բանկում լիզինգի ներդրման գործընթացի, առաջարկվող ծառայությունների եւ տնտեսության վրա լիզինգի ազդեցության մասին:
Լիզինգն Ամիօ բանկում արդեն հասանելի է
Վերաբրենդավորումից հետո Ամիօ բանկը սկսել է նոր պրոդուկտներ առաջարկել եւ մանրածախ, եւ կորպորատիվ հատվածում: Առաջարկվող նոր պրոդուկտներից մեկը լիզինգն է, որը բանկային շուկայում այսօր լայնորեն տարածված է եւ բավականին հաջող օգտագործվում է:
2023 թվականի վերջին եռամսյակում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած, Ամիօ բանկում նախաձեռնեցինք լիզինգ գործիքի ներդրումը: Անդամակցեցինք Հայաստանի լիզինգատուների ասոցիացիային եւ սկսեցինք պատրաստվել լիզինգի ներդրման գործընթացին: Անձնակազմի բոլոր անդամները, որոնք ներգրավված են լինելու լիզինգի պրոդուկտի վաճառքի եւ տրամադրման գործընթացին, անցել են ամբողջական թրեյնինգների կուրս եւ ստացել վկայականներ: Այժմ կարող ենք ուրախությամբ փաստել, որ լիզինգի պրոդուկտն Ամիօ բանկում արդեն հասանելի է:
Այսօր արդեն ինտենսիվ աշխատանք ենք տանում հաճախորդների եւ մատակարարների հետ: Պատրաստվում ենք նաեւ ապրիլին 12-14-ը մասնակցել ամենամյա Leasing EXPO-ին, որտեղ կներկայացնենք մեր պրոդուկտի գրավչությունը, առանձնահատկությունը եւ դրա հետ կապված մեր հատուկ առաջարկները:
Ամիօ բանկի լիզինգային ծառայությունները
Ամիօ բանկը որեւէ սահմանափակում չի դրել՝ մենք պատրաստ ենք համագործակցել հաճախորդների շատ լայն հատվածի հետ: Մեր թիրախային հաճախորդները լինելու են ե՛ւ կորպորատիվ, ե՛ւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսները:
Լիզինգի միջոցով մեր հաճախորդները կկարողանան ձեռք բերել մեքենասարքավորումներ, որոնք կհանդիսանան բանկի սեփականությունը եւ ժամանակավոր տնօրինման կտրամադրվեն լիզինգառուին: Այստեղ եւս սահմանափակում չենք դնում: Աշխատելու ենք գյուղտեխնիկա, տարատեսակ շինարարական մեքենասարքավորումներ, հոսքագծեր, տրանսպորտային միջոցներ, բժշկական սարքավորումներ ներկայացնող ընկերությունների հետ: Այսինքն, բանկային շուկայում գործող բոլոր շղթաները մեզ մոտ հասանելի են:
Ամիօն Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է, ունի հաճախորդների բավականին մեծ բազա, եւ առաջին իսկ օրվանից, երբ ազդակ տվեցինք շուկային, որ բանկը պատրաստվում է լիզինգի պրոդուկտ ունենալ, նկատելի հետաքրքրություն զգացինք մեր բոլոր սեգմենտների հաճախորդներից: Այստեղից արդեն կարող ենք արձանագրել, որ ունենք բավականին մեծ պահանջարկ եւ հաջողելու ենք այս շուկայում: Հաշվի առնելով նաեւ լիզինգատու կառույցների քանակը, որը գնալով ավելանում է, կարող ենք այստեղից էլ փաստել, որ լիզինգի պահանջարկը կա: Սա գալիս է այն առավելություններից, որոնք տրամադրում է այս գործիքը:
Առավելությունները՝ գործարքի մասնակիցների համար
Լիզինգի գործարքի հիմնական մասնակիցները երեքն են՝ բանկ, հաճախորդ եւ մատակարար: Եթե խոսենք այն առավելություններից, որոնք լիզինգը բանկին է տալիս, ապա դրանից ամենակարեւորը պրոդուկտի նպատակային օգտագործման հետ կապված խնդրի բացակայությունն է: Այն միջոցը, որը բանկը պետք է տրամադրի հաճախորդին գնում անելու համար, անմիջապես ինքն է ձեռք բերում: Այսինքն՝ թիրախային փոխանցում է անում եւ այստեղ նպատակայնության խնդիր չի լինում:
Մյուս առավելությունն այն է, որ սարքավորումը բանկի սեփականություն է համարվում, ինչը հեշտացնում է նաեւ հետագա ոչ ցանկալի դեպքերում բանկի աշխատանքը՝ ապահովման առարկայի հետ կապված: Բանկի համար ստանդարտ վարկային պրոդուկտներին ի հավելումն՝ լիզինգը նոր պրոդուկտ է, որն ավելի կառուցվածքային է իր տեսակով եւ համալրում է բանկի գործիքակազմը:
Եթե խոսենք հաճախորդին տրվող առավելություններից, ապա պետք է փաստել, որ փոքր ներդրմամբ հաճախորդը կարողանում է տնօրինել սարքավորում, օգտագործել իր բիզնես գործունեության մեջ, մեծացնել եկամուտները, նաեւ բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, քանի որ ձեռքբերվող սարքավորումները հիմնականում լինում են նոր եւ ժամանակակից տեխնոլոգիաներով արտադրված:
Մյուս առավելությունն էլ այն է, որ հաճախորդների համար լրացուցիչ գրավի անհրաժեշտություն չի առաջանում:
Ինչ վերաբերում է մատակարարներին, ապա նրանց դեպքում էլ, ի հավելումն բազմաթիվ առավելությունների, կնշեմ այն, որ աշխատում են մի կառույցի հետ, ունեն հիմնական կոնտակտ այդ կառույցում եւ գործ չեն ունենում հաճախորդների բազմազանության հետ: Սա, իհարկե հեշտացնում է մատակարարի աշխատանքը:
Եթե խոսենք լիզինգի պրոդուկտի ռիսկերից, ապա այն ավելի քիչ ռիսկային է: Այստեղ էլ կարող է լինել ստանդարտ անվճարունակության ռիսկը, որի համար, իհարկե, բանկերը հաճախորդների հետ կապված վերլուծություններ են կատարում՝ նրանց եկամտաբերության, վարկունակության մասին: Սակայն, հաշվի առնելով այն բոլոր առավելությունները, որը տալիս է լիզինգը, կարող ենք ասել, որ այս պրոդուկտը բավականին հեռանկարային է ե՛ւ ֆինանսական կառույցների, ե՛ւ հաճախորդների համար:
Լիզինգը տնտեսության համար
Լիզինգի պրոդուկտը նաեւ հնարավորություն է երկրի տնտեսության զարգացման համար: Պետության ընդհանուր քաղաքականությունն այսօր ուղղված է երկրի տնտեսական ներուժի բարձրացմանը, ինչի մասին վկայում են, օրինակ, սուբսիդավորման ծրագրերը, այդ թվում՝ լիզինգի համար նախատեսված տարբերակը, որն ունի շատ ավելի բարենպաստ պայմաններ, քան մնացած վարկատեսակներինը:
Պետությունն այդ նպատակին հասնելու համար բանկային շուկայում ունի պրոդուկտ, որից օգտվելով՝ բիզնեսը հնարավորություն է ստանում, օրինակ, թարմացնել սարքավորումները՝ այդպիսով անուղղակիորեն բարձրացնելով տնտեսության արտադրողականությունը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ |
![]() |
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: