Լիզինգը, դրա առանձնահատկությունները եւ «Գլոբալ կրեդիտ»-ի սուբսիդավորվող լիզինգային ծրագրերը

22.02.2024 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական կառույցներում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել:

Banks.am-ի հետ զրույցում «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ վաճառքի բաժնի ղեկավար Նոնա Գյուրջյանը խոսել է լիզինգից օգտվելու հնարավորությունների, տնտեսության զարգացման մեջ դրա դերի մասին, ինչպես նաեւ ներկայացրել «Գլոբալ Կրեդիտի»-ի լիզինգային ծառայություններն ու սուբսիդավորվող լիզինգը:

Լիզինգը վարկ չէ, լիզինգը ֆինանսական գործիք է

Լիզինգը վարկ չէ, լիզինգը ֆինանսական վարձակալություն է՝ նախապես ամրագրված պայմաններով և ժամկետով, և տարբերություններն ու առավելությունները վարկի հետ բավականին շատ են և էական: Մեր օրերում լիզինգն աստիճանաբար ավելի լայն շրջանակ է ներառում և ունի մեծ պահանջարկ, ինչի շնորհիվ, որպես ֆինանսական գործիք լայն կիրառվում է ֆինանսական կառույցներում:

Լիզինգը ֆինանսական վարձակալության պայմանագրի միջոցով կատարվող գործարք է, որի էությունը հիմնական միջոցների (օրինակ՝ գյուղատնտեսական նշանակության, հատուկ տեխնիկա կամ սարքավորումներ) ձեռքբերման ֆինանսավորումն է։ Տվյալ դեպքում ֆինանսական կազմակերպությունը` Լիզինգատուն իր հաճախորդի` Լիզինգառուի պատվերով Մատակարարից ձեռք է բերում որոշակի գույք և վարձակալության հանձնում Լիզինգառուին: Այստեղ կան վարկային որոշակի բաղադրիչներ ռիսկի դիտարկման և վերլուծության հետ կապված, մասնավորապես դիտարկվում է Լիզինգառուի վարկային պատմությունը, վճարունակությունը և այլն:

Նոնա Գյուրջյանը


Որպես առավելություն նշեմ, որ Լիզինգառուն հիմնական միջոց ձեռք բերելու դեպքում կարողանում է այն օգտագործել, շահույթ ստանալ, հաշվառել, ծախսագրումներ անել: Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, ավելի ցածր ռիսկային պրոդուկտ է, քանի որ ինքնին ֆինանսներ գեներացնելու միջոց է, որով կարող է եկամուտ ունենալ լիզինգառուն: Ցածր ռիսկայնության բաղադրիչ է նաև այն, որ Լիզինգառուին դրամական միջոցներ չեն տրամադրվում, այլ տրամադրվում է լիզինգի առարկան, և այստեղ ռիսկը վարկի հետ համեմատած նվազում է:

Լիզինգի առարկան

Լիզինգից առավել հաճախ օգտվում են ձեռնարկատերերը կամ ընկերությունները, որոնց անհրաժեշտ է առանց մեծ ներդրումների ձեռք բերել թանկարժեք սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, հատուկ սարքավորումներ կամ կոմերցիոն անշարժ գույք: Հետևաբար, ցանկացած սարքավորում, տրանսպորտային միջոց, արտադրություններում օգտագործվող հիմնական միջոցներ այսօր արդեն հնարավոր է ձեռք բերել լիզինգով:

Լիզինգառուն պայմանագրով որոշված ժամանակահատվածում և տոկոսադրույքով վճարումներ է կատարում, այդ ընթացքում օգտագործում է լիզինգի առարկան ամբողջությամբ և դրանից ստանում է շահույթ, կարողանում է այդ գույքը հաշվառել իր հիմնական միջոցների ցանկում, ծախսագրումներ կատարել, ԱԱՀ ստանալ և այլն:

Այսինքն՝ չկատարելով մեծ ֆինանսական ներդրում, կատարելով ընդամենը որոշակի կանխավճար՝ լիզինգառուն կարողանում է ձեռք բերել այնպիսի գույք, որն իրեն կապահովի կայուն եկամուտ, ինչի շնորհիվ էլ կկարողանա ե՛ւ լիզինգի գումարը մարել, ե՛ւ ստանալ լրացուցիչ շահույթ:

Լիզինգի առարկան կարելի է ձեռք բերել թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկայից, իսկ այն կդառնա՞ լիզինգառուի սեփականությունը, թե՞ կվերադարձվի ֆինանսական կառույցին, ամրագրվում է պայմանագրով:

Լիզինգի մասնակիցները, իրավունքները եւ պարտականությունները

Լիզինգի երկու կողմերից՝ Լիզինգատուից եւ Լիզինգառուից բացի՝ այս գործարքում որպես երրորդ կողմ հանդես է գալիս նաև մատակարարը, ումից նախապես համաձայնությամբ ձեռք է բերվում լիզինգի առարկան: Այսինքն՝ լիզինգառուն նախապես ընտրում է իրեն անհրաժեշտ գույքը՝ գյուղտեխնիկա, սարքավորում և այլն, ընտրում է ֆինանսական կազմակերպությունը, որի միջոցով ձեռք է բերելու տվյալ առարկան որպես լիզինգ: Տեղի է ունենում եռակողմ պայմանագրի կնքում, այսինքն ամբողջ գործընթացին մասնակցում է նաև մատակարարը: Լիզինգի առարկաները մեծամասամբ ապահովագրվում են, այսինքն՝ ապահովագրական ընկերություններն էլ կարող են լինել գործարքի մյուս կողմը: Լիզինգի պայմանագիրը սկսում է գործել լիզինգի առարկան հանձնելու պահից:

Նոնա Գյուրջյանը


Բնականաբար, Լիզինգատուի և Լիզինգառուի համար պայմանագրով ամրագրվում են որոշակի պարտավորությունների եւ իրավունքների շրջանակ: Լիզինգառուն պարտավորվում է կատարել գրաֆիկով սահմանած իր ֆինանսական պարտավորությունները՝ վճարումները և ձեռք բերած գույքը պատշաճ վիճակում պահպանելը: Լիզինգատուն իրավունք ունի պարբերաբար այցելություններ կատարել, ուսումնասիրել գույքի վիճակը, կատարել մոնիթորինգ եւ այլն:

Լիզինգառուի պարտականությունները չկատարելու դեպքում տեղի է ունենում գրեթե նույն իրավական գործընթացը, ինչպես վարկերի դեպքում, պարզապես այստեղ գրավի առարկա չէ, այլ ֆինանսական կազմակերպության սեփականություն, եւ եթե լիզինգառուն չի կարողանում իր պարտավորությունները կատարել, լիզինգի առարկան իրավական ճանապարհով վերադարձվում է Լիզինգատուին: Ֆինանսական կազմակերպությունը հնարավորություն ունի հետագայում առարկան տրամադրել որպես երկրորդային լիզինգ:

Լիզինգային ծառայությունները «Գլոբալ կրեդիտ»-ում

Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջերս ենք սկսել կիրառել մեր ընկերությունում, հետեւաբար լիզինգային ծառայությունները մեզ մոտ համեմատաբար նոր են: Լիզինգը լրացուցիչ ֆինանսական գործիք է, որպեսզի կարողանանք մեկ ուղղությամբ ևս ունենալ նոր հաճախորդներ, որոնք համեմատաբար ավելի «սպիտակ» հաճախորդներ են, ավելի ցածր ռիսկայնություն ունեցող (low risk): Կարող եմ փաստել, որ լիզինգային ծառայություններն ակտիվանում են մեր ընկերությունում:

Եթե համեմատենք ոչ վաղ անցյալի հետ, ենթադրենք հինգ տարի առաջ, մարդիկ լիզինգի մասին գրեթե անտեղյակ էին: Այսօր բավականին տեղեկացված են, գուցե այնքան մանրամասն չէ, որքան իրենից ենթադրում է լիզինգը, այնուամենայնիվ գիտեն, որ նման ֆինանսական գործիք կա: Այստեղ խնդիրն ավելի շատ մերն է, որպես ֆինանսական կազմակերպություն այդ ամենը հասցնել մեր շահառուներին: Հեռանկարն անհամեմատ ավելի լավն է եւ, իմ կարծիքով, հետագայում շատ վարկատեսակներ իրենց տեղը զիջելու են լիզինգին:

Սուբսիդավորվող լիզինգային ծրագրերը

«Գլոբալ կրեդիտ»-ը ներգրավված է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերում, ինչը թույլ է տալիս տրամադրել առավել հարմար պայմաններով լիզինգ` ապահովելով նվազագույն տոկոսադրույք և մարման երկար ժամկետ: Այս պահին «Գլոբալ կրեդիտ»-ի հիմնական ուղղությունը գյուղատնտեսական ծրագրային լիզինգներն են: «Գլոբալ կրեդիտ»-ը տրամադրում է լիզինգային ֆինանսավորում, որի տոկոսի մեծ մասը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից: Արդյունքում Լիզինգառուի կողմից վճարվում է առավելագույնը տարեկան 2-4%: Ծրագրերը տրամադրվում են բավականին մատչելի և հասանելի պայմաններով: Խոսքը գյուղատնտեսական տեխնիկայի եւ ագրոպարենային ոլորտի սարքավորումների մասին է. այս երկու ուղղությունների մասով մեր ընկերությունն ունի հստակ ռազմավարություն: Այս պահին բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալում, ունենք մեկ տասնյակից ավել մատակարար-գործընկեր:



Իսկ թե ինչու ենք այս ոլորտն ընտրել՝ որպես ռազմավարական ուղղություն, պատճառն այն է, որ մեր ընկերությունն ունի նաեւ գյուղատնտեսական զարգացման վարկեր: Հիմնականում տրամադրում ենք այնպիսի վարկեր, որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը, իսկ լիզինգի գործիքով համալրումը մեզ հնարավորություն է տալիս գյուղատնտեսության զարգացման ավելի համալիր առաջարկներով ներկայանալ:

Մեր նպատակն էր գյուղատնտեսության զարգացման վարկերից բացի՝ ունենալ նաեւ սուբսիդավորվող լիզինգներ: Լիզինգավորման գործընթացները կատարվում են շատ արագ, ունենք վերապատրաստված մասնագետներ, որոնք այցելություններ են կատարում գյուղական համայնքներ, հանդիպում մեր պոտենցիալ լիզինգառուներին, ուսումնասիրություններ կատարում, հավաքագրում փաստաթղթերը, կազմում լիզինգի փաթեթը, մատակարարից ստանում լիզինգի առարկայի հետ կապված համապատասխան փաստաթղթերը, որի հիման վրա արդեն սկսում ենք գործընթացը: Այն իրականացվում է արագ, առանց ավելորդ քաշքշուկների եւ թղթաբանության: Լրացուցիչ գրավի կամ նմանատիպ միջոցի պահանջ չունենք, երաշխավորի պահանջ կարող է լինել, որն արդեն բխում է կոնկրետ լիզինգառուի վարկային պատմությունից, ծանրաբեռնվածությունից կամ այլ կոմպոնենտներից:

Նոնա Գյուրջյանը


Մեր նպատակն է՝ նման ֆինանսական գործիքների միջոցով նպաստել գյուղական համայնքների, գյուղատնտեսության զարգացմանը, գյուղատնտեսական ապրանքների արտադրության ծավալների մեծացմանը, վերամշակմանը, ինչպես նաև արտահանմանը: Օրինակ՝ ագրոպարենային սարքավորումների մասով լիզինգը բավականին լայն շրջանակ է ներառում՝ ջերմային, սառնարանային տնտեսություններ, գյուղմթերքի վերամշակման սարքավորումներ եւ այլն: Այս միջոցներով տնտեսվարողները կարող են անհամեմատ մեծացնել իրենց տնտեսությունը, իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան վերամշակում, ունենալ մշակման ավելի անվտանգ միջոցներ, այս ամենը կհանգեցնի նաեւ արտահանման ծավալների մեծացմանը: Գյուղատնտեսական տեխնիկայի մասով դրանք կարող են լինել կոմբայններ, տրակտորներ, խոտհնձիչներ եւ այլ պարագաներ, որոնք կարող են ամրակցվել նման տեխնիկային:

Ստացվում է, որ լիզինգը ոչ միայն ուղղակի ֆինանսական գործիք է, որով հնարավորություն է տրվում որոշակի ձեռքբերումներ ունենալ, այլեւ աջակցում է տնտեսության զարգացմանը և ընդլայնմանը: Մեր ընկերության նպատակն է համալիր միջոցներով, ֆինանսական գործիքներով ներկայանալ եւ ունենալ մեր ներդրումը գյուղատնտեսության զարգացման մեջ:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
 


Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ

Դիտում՝ 4444
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW