2023-ի բանկային ճգնաժամը մոռանալու վտանգը

21.02.2024 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Չիկագոյի համալսարանի Բութ բիզնեսի դպրոցի ֆինանսների պրոֆեսոր Ռաղուրամ Գ. Ռաջայի եւ Նյու Յորքի համալսարանի Սթերնի բիզնեսի դպրոցի տնտեսագիտության պրոֆեսոր Վիրալ Վ. Աչարյաի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

ԱՄՆ-ում բանկային փոքրիկ ճգնաժամից գրեթե մեկ տարի անց արժե նորից անդրադառնալ այդ դրվագին: Արդյո՞ք դա պարզապես փոթորիկ էր բաժակի մեջ: Արդյո՞ք իրոք կար համակարգային վտանգ, թե՞ ընդամենը մի քանի բանկերի խնդիր էր։ Արդյո՞ք մեզ պետք է անհանգստացնեն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (Fed) եւ գանձապետարանի միջամտությունները, թե՞ մխիթարեն:

Հիշեցնենք, որ 2023-ի մարտին երեք միջին չափի ԱՄՆ բանկեր հանկարծակի սնանկացան: Ամենահայտնին Silicon Valley Bank-ն էր (SVB), եւ դա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ խոշորագույն բանկային սնանկացումն էր (2008-ին Washington Mutual-ից հետո): SVB-ում ավանդների մոտավորապես 90%-ը ապահովագրված չէին, իսկ չապահովագրված ավանդները հաճախ արագ հանում են: Իրավիճակը վատթարացրեց այն, որ SVB-ն զգալի գումարներ է ներդրել երկարաժամկետ պարտատոմսերում, որոնց շուկայական արժեքը նվազեց, երբ բարձրացան տոկոսադրույքները: Երբ SVB-ն միջոցներ հայթայթելու համար վաճառեց այս բաժնետոմսերից մի քանիսը, սկսեցին ի հայտ գալ պարտատոմսերի պորտֆելի չիրացված կորուստները: Բաժնետոմսերի անհաջող տեղադրումն այնուհետեւ առաջացրեց ավանդատուների փախուստի դասական իրավիճակ:


Հարմար է մտածել, որ խնդիրը ընդամենը մի քանի խնդրահարույց բանկերն էին։ Բայց խնդիրը համակարգային էր:

Երբ Դաշնային պահուստը մասնակցում է քանակական մեղմացման (ՔՄ), այն գնում է պարտատոմսեր ֆինանսական հաստատություններից: Որպես կանոն այդ վաճառողները գումարը որպես ավանդ դնում են իրենց բանկում, եւ դա հանգեցնում է բանկային համակարգում չապահովագրված ավանդների մեծ աճի: Բանկերի ակտիվների մասով նկատվում է կենտրոնական բանկի պահուստների համապատասխան աճ։ Այն կայուն է, քանի որ պահուստները աշխարհի ամենալիկվիդային ակտիվն են եւ կարող են բավարարել ցանկացած անհամբեր ավանդատուների, որոնք գալիս են իրենց փողի հետեւից: Ցավոք, մի շարք փոքր բանկեր (50 միլիարդ դոլարից պակաս ակտիվներով) կորցրին այդ կայուն դիրքը, երբ ՔՄ-ն շարունակվեց:

Պատմականորեն ԱՄՆ-ի փոքր բանկերը ֆինանսավորվում էին պահպանողական կերպով. չապահովագրված ցպահանջ ավանդները կազմում էին իրենց պարտավորությունների միայն 10%-ը: Բայց երբ Fed-ը ավարտեց իր համաճարակի ժամանակաշրջանի ՔՄ-ն, այս բանկերի չապահովագրված ցպահանջ ավանդները գերազանցում էին պարտավորությունների 30%-ը: Թեեւ այդ մակարդակը դեռեւս շատ ցածր էր SVB-ի մակարդակից, այս բանկերը ակնհայտորեն «սնվում էին» նույն աղբյուրից:

Փոքր բանկերը նախկինում էլ ավելի պահպանողական էին իրացվելիության հարցում: ՔՄ-ն սկզբում՝ 2008-ի վերջին, 50 մլրդ դոլարից պակաս ակտիվներով բանկերն ունեին պահուստներ (եւ այլ ակտիվներ, որոնք կարող էին օգտագործվել պահուստները փոխառելու համար), որոնք գերազանցում էին իրենց թողարկած չապահովագրված ցպահանջ ավանդները: Մինչեւ 2023-ի սկիզբը, սակայն, նրանք ընդհանուր առմամբ թողարկել էին «փախչող» պահուստներ, որոնք մեկուկես անգամ գերազանցում էին իրենց իրացվելի ակտիվների չափը: Իրացվելի պահուստներ պահելու փոխարեն, նրանց ակտիվներում այժմ ավելի շատ էին երկարաժամկետ արժեթղթերն ու ժամկետային վարկերը՝ առեւտրային անշարժ գույքի (CRE) վարկերի զգալի մասնաբաժնով:


Այսպիսով, երբ Fed-ը բարձրացրեց տոկոսադրույքները, այս բանկերի ակտիվների տնտեսական արժեքը կտրուկ ընկավ: Անկման մի մասը թաքցրին հաշվապահական խելամտությամբ, սակայն SVB-ի հանկարծակի սնանկացումը ստիպեց ներդրողներին ավելի ուշադիր ուսումնասիրել բանկերի հաշվեկշիռները: Տեսածը վստահություն չներշնչեց։ Արդյունքում KBW Nasdaq բանկային ինդեքսն ընկավ ավելի քան 25%-ով, եւ ավանդները սկսեցին արտահոսել մեծ թվով բանկերից, որոնցից շատերը չունեին իրացվելիություն՝ հանկարծակի արտահոսքերին դիմագրավելու համար: Փոքր բանկերից ավանդների դուրս բերման վտանգն իրական էր, ինչպես նաեւ խնդրի ավելի լայն տարածման հավանականությունը:

Կարեւոր է նշել, որ մասնավոր փողերը հոսեցին դեպի խոշոր բանկեր, շատ քիչ մասը միայն՝ դեպի փոքր եւ միջին ֆինանսական հաստատություններ: Այդ պատճառով իշխանությունները ստիպված եղան օգնության հասնել։ SVB-ի սնանկությունից անմիջապես հետո գանձապետարանը ազդարարեց, որ ոչ մի չապահովագրված ավանդատու փոքր բանկերի սնանկացման դեպքում վնասներ չի կրի:


Դաշնային պահուստը ստեղծեց նոր առատաձեռն ծրագիր, որը բանկերին մինչեւ մեկ տարով գումար էր տրամադրում իրենց հաշվեկշռում պահվող արժեթղթերի անվանական արժեքի դիմաց՝ առանց ճշգրտելու այդ արժեթղթերի արժեքի իջեցումը բարձր տոկոսադրույքների պատճառով: Իսկ Դաշնային ներքին վարկերի բանկերը (Federal Home Loan Banks, FHL)՝ փաստացիորեն ԱՄՆ կառավարության թեւը, ավելացրին իրենց վարկավորումը սթրեսային վիճակում գտնվող բանկերին, ընդ որում բանկային համակարգում նրանց ընդհանուր կանխավճարներն արդեն եռապատկվել էին 2022-ի մարտից մինչեւ 2023-ի մարտն ընկած ժամանակահատվածում, երբ Fed-ը խստացրել էր իր քաղաքականությունը: Փոքր եւ միջին բանկերի փոխառությունները այս պաշտոնական աղբյուրներից կտրուկ աճեցին:

Գանձապետարանը փաստացի փրկեց բանկերին ավանդատուների փախուստի վտանգից, մինչդեռ Fed-ը բանկերին տրամադրեց միջոցներ ավանդատուների շարունակական (թեեւ այլեւս ոչ խուճապային) արտահոսքին դիմագրավելու համար: Պոտենցիալ բանկային ճգնաժամի հրդեհը վերածվեց դանդաղ ծխացող խնդրի բանկերի համար, որոնք աստիճանաբար ճանաչեցին ու ճշգրտեցին իրենց հաշվեկշիռների կորուստները:

Վերջերս New York Community Bancorp-ը, որը գնել էր 2023-ին սնանկացած բանկերից մեկի մասերը, հայտարարեց մեծ կորուստների մասին եւ հիշեցրեց մեզ, որ այս գործընթացը դեռ ավարտված չէ: Քանի որ 2023-ի մարտից ի վեր փոքր ընկերությունների Russell Microcap ինդեքսը զգալիորեն զիջում է խոշորագույն ընկերությունների S&P100 ինդեքսին, պարզվեց, որ փոքր բանկերի խնդիրները ծանրացել են իրենց ավանդական հաճախորդների՝ փոքր եւ միջին ընկերությունների վրա:


Ի՞նչ է սա նշանակում: Թեեւ իրավիճակը կարող էր շատ ավելի վատ լինել, եթե գանձապետարանը եւ Fed-ը չմիջամտելին, խուճապը կանգնեցնելու թվացյալ հեշտությունը շեղեց հասարակության ուշադրությունը: Բացի համառ ազատականներից՝ ոչ ոքի կարծես չհետաքրքրեց, թե ինչ ծավալի միջամտություն պետք եկավ փոքր բանկերին փրկելու համար, ոչ էլ մանրամասն ուսումնասիրվեց  բանկերի խոցելիության հանգամանքները:

Արդյունքում մի քանի հարցեր անպատասխան են: Որքանո՞վ էին 2023-ի բանկային սթրեսի պատճառները բխում համաճարակի ժամանակ ներդրված դրամական խթաններից եւ բանկերի թույլ վերահսկողությունից: Արդյո՞ք FHL բանկերի ֆինանսավորումն իրականում դանդաղեցրեց կապիտալի ներգրավումը սնանկացած բանկերի կողմից: Արդյո՞ք այն բանկերը, որոնք SVB-ի սնանկացումից հետո ապավինեցին պաշտոնական օգնությանը, օգնում են անհանգիստ CRE վարկառուներին գոյատեւել եւ, հետեւաբար, պարզապես հետաձգել ապագա հատուցումը:

Կապիտալիզմի համար լավ չէ, երբ գիտակցաբար ռիսկի դիմածները (տվյալ դեպքում՝ բանկիրներն ու չապահովագրված ավանդատուները) չեն վճարում, երբ ռիսկն իրականանում է: Չնայած վերջին 15 տարիների բանկային լայնածավալ բարեփոխումներին՝ իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ պատրաստ են փրկել շուկայի խաղացողներին, եթե շատերը նույն ռիսկի դիմեն: «Չափազանց մեծ՝ սնանկանալու համար» արդեն իսկ վատ մոտեցում էր, իսկ հիմա մենք ունենք «չափազանց բազմաթիվ՝ սնանկանալու համար»:

2023-ի մարտի փոքրիկ բանկային ճգնաժամը պատմության մեջ ուղղակի դիպված չէր: Մենք չենք կարող թույլ տալ, որ այն մոռացվի:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


Copyright: Project Syndicate, 2023.
www.project-syndicate.org
Դիտում՝ 3394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW