Հակամենաշնորհային կոմպլաենս. «Փափուկ ուժ»՝ բիզնես միջավայրի բարելավման համար

25.12.2023 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Վերջին տարիներին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մրցակցային օրենսդրության զարգացման կարեւոր ուղղություններից մեկն է կանխարգելիչ գործիքների կիրառումն ու դրանց կատարելագործումը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին զուգահեռ, ընդունվում են «փափուկ իրավունքի/ուժի» մեխանիզմներ եւ գործիքներ, որոնց նպատակն է խրախուսել տնտեսվարող սուբյեկտներին հետեւել մրցակցային կանոնների պահպանմանը:

Այս գործիքների թվում առավել արդյունավետ է հակամենաշնորհային կոմպլաենսը (համապատասխանությունը), որը նպաստում է առավել բարեխիղճ մրցակցության ձեւավորմանն ու իրավախախտումների նվազմանը:

Մրցակցային մշակույթը քննարկելու, ինչպես նաեւ հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունների փորձը կիսելու նպատակով Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կազմակերպել են համատեղ միջոցառում:



Կոմպլաենսի էությունը հայկական բիզնես միջավայրում առավել հասկանալի դարձնելու եւ դրա ներդրմանն աջակցելու նպատակով ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել է ուղեցույց, որն արդեն կիրառել են մի շարք կազմակերպություններ: Ընդ որում, դրանում ներկայացված գործողությունները կիրառելի են բոլոր, այդ թվում՝ փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների համար:

Banks.am-ը ներկա է եղել միջոցառմանն ու զրուցել նախաձեռնողների հետ:

«Կապող օղակ՝ պետական եւ մասնավոր հատվածքների միջեւ»

Էլինա Մարգարյան, Ամերիկայի առեւտրի պալատի նախագահ

Թափանցիկ եւ մրցունակ բիզնես միջավայր ունենալը շատ կարեւոր է: Կարծում եմ՝ պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ իրականացվող նման միջոցառումները պետք է շարունակական լինեն, քանի որ դրանց միջոցով բարձրանում է բիզնեսի իրազեկվածության մակարդակը: Այսօր այստեղ ենք, որպեսզի օգնենք միմյանց, կիսվենք փորձով:  

Բիզնես միջավայրում կան մեծ, փոքր եւ միջին ընկերություններ, կան միջազգային ընկերություններ: Այս բոլոր դեպքերում ընթացակարգերը տարբեր են, ընդհանուր է մեկ բան՝ էթիկայի կանոնների պահպանման եւ թափանցիկության կարեւորությունը:

Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրումը կարեւոր է նաեւ պատասխանատվության միջոցների ընտրության եւ տուգանքի հաշվարկման մեթոդաբանության տեսանկյունից:

Էլինա Մարգարյանը


Կազմակերպություններն ունեն ներքին ընթացակարգեր, բայց դրանք նաեւ տեղայնացնել է պետք, որովհետեւ ամեն երկրի փորձառությունն ու իրավական դաշտը տարբեր են:  

Այս պատճառով շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մասնավոր եւ պետական հատվածների միջեւ կապող օղակ լինել, միասին հասկանալ եղած մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ճանապարհները: Նման աշխատաժողովներն օգնում են միմյանց առավել լավ հասկանալ եւ կոմպլաենսի ներդրման գործընթացը դարձնել հնարավորինս սահուն: Որքան շատ բիզնեսներ այս ուղղությամբ սկսեն աշխատել հանձնաժողովի հետ, այնքան ավելի մրցակցային եւ թափանցիկ շուկա կունենանք:  



Այսօրվա աշխատաժողովին մասնակցում է տարբեր ոլորտների մոտ 70 ընկերության ներկայացուցիչ: Կարծում եմ՝ սա խոսում է հետաքրքրվածության մասին:  
Մենք պարտավոր ենք ձեւավորել այնպիսի բիզնես միջավայր, որն առավել ընկալելի կլինի միջազգային շուկայի եւ ներդրողների համար:  

«Կոմպլաենսը բիզնեսին առավելություններ է տալիս»

Գեղամ Գեւորգյան, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ

Պալատի հետ համատեղ այս միջոցառմանը բավականին երկար ենք պատրաստվել: 2019թ.-ին, երբ ընտրվեց ՄՊՀ նոր կազմը, բիզնեսի հետ իրար հասկանալու որոշակի պակաս կար: Արդյունքում այս օղակի որոշ գործընկերների հետ, այդ թվում՝ Ամերիկայի առեւտրի պալատի ջանքերով, որոշեցինք շտկել իրավիճակն ու մրցակցության մշակույթ ձեւավորել:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց առաջ քաշել կոմպլաենսի ներդրման գաղափարն ու խոսել ոչ միայն օրենքի ուժի կիրառման, այլեւ՝ այս ճանապարհը համատեղ անցնելու տեսանկյունից: Արդյունքում մշակեցինք հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույց: Կոմպլաենսը պարզ, մատչելի ձեւով գրված վարքագծի կանոնների ամբողջություն է, որոնք տրվում են բիզնեսին եւ կամավոր ներդրվում դրա գործունեության մեջ:

Գեղամ Գեւորգյանը


Կարծում եմ՝ լավ փաստաթուղթ է ստացվել, որն իր մեջ ներառում է ինչպես տարբեր երկրների փորձն, այնպես էլ հաշվի է առնում Հայաստանի մրցակցային եւ բիզնես մշակույթը: Սա բիզնեսի եւ վարչարարություն իրականացնող մարմնի միջեւ համատեղ աշխատանքի լավ օրինակ է:

Կոմպլաենսը բիզնեսին մի շարք առավելություններ է տալիս:

Կիրառելով կոմպլաենս, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ խնդիրներ կունենաք պետական մարմնի հետ: Ձեր աշխատակիցները կհասկանան՝ ինչ է մրցակցությունը եւ կխուսափեն հնարավոր խախտումներից, դրանց հետեւող պատասխանատվությունից:

Միանշանակ է, որ ավելի մեծ կլինի ընկերության ներդրումային գրավչությունը, կաճի վստահությունն ինչպես հասարակության, այնպես էլ՝ բիզնես գործընկերների կողմից: Եթե ունեք կոմպլաենս եւ հեղինակություն, ձեզ հետ աշխատելու ցանկությունը, ձեր ապրանքանիշի ուժը շատ ավելի մեծ կլինի թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում:

Պետության տեսանկյունից՝ կոմպլաենսի առկայությունն ընկերություններում թույլ է տալիս աշխարհին ցույց տալ, որ տվյալ երկիրն ունի լուրջ բիզնես միջավայր, որտեղ ցանկալի է ներդրումներ կատարել:

Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման մեր ուղեցույցն արդեն կիրառել են մի շարք ընկերություններ, որոնց թվում են «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինք Քամփնի» ընկերությունը, «Նատալի Ֆարմ»-ը, կոմպլաենսի թարմացման փուլում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Պեռնո Ռիկար Արմենիա»-ն եւ այլ ընկերություններ: Կարող եմ ասել, որ խոշոր բիզնեսի դեպքում գործընթացն արագ է առաջ շարժվում:



Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ցանկանում է բիզնեսի հետ ձեւավորել միջավայր, որում ցանկացած հարց քննարկում ենք միասին, մեր ուղին հարթում ենք միասին եւ «խաղի կանոնների» շուրջ պայմանավորվելուց հետո, բոլորով պահպանում ենք դրանք:

«Փափուկ ուժի» եւ դրա չարաշահման հետեւանքների մասին

Տիգրան Մարկոսյան, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Մեր կողմից հնչեցված «փափուկ ուժի» կանոնի էությունը հետեւյալն է. հանձնաժողովը ոչ թե նորմատիվային կարգավորումներով է ստիպում տնտեսվարող սուբյեկտին ցուցաբերել համապատասխան վարքագիծ, այլ օրենսդրական մակարդակում ստեղծում է խթաններ, որպեսզի հենց բիզնեսն ընտրի տվյալ ճանապարհը: Բնականաբար, «համոզելու» ճանապարհն ավելի արդյունավետ է, քան՝ հարկադրանքինը:

Տիգրան Մարկոսյանը


Հակամենաշնորհային կոմպլաենսը թույլ տված խախտման դեպքում նախատեսում է պատասխանատվության միջոցների ընտրության եւ տուգանքի հաշվարկման մեթոդաբանություն: Եթե բիզնեսը մինչեւ կոնկրետ իրավախախտման դեպքը ներդրել է կոմպլաենս եւ հետագայում ինչ-ինչ պատճառներով վրիպել, կոմպլաենսի առկայությունը կլինի մեղմացնող հանգամանք՝ բավականին բարձր տոկոսադրույքով: «Փափուկ ուժն» այս մասին է:



Շատ կարեւոր է ընդգծել, որ կոմպլաենսի առկայությունն իրավախախտման դեպքում մեղմացնող հանգամանք կլինի միայն առաջին անգամ: Եթե բիզնեսը հստակ հասկանում է, որ այս կամ այն քայլն անել չի կարելի, ակնհայտ է, որ հետագայում նույն արարքի կրկնությունը հստակ դիտավորություն կլինի: Հետեւաբար՝ հետեւանքները կլինեն առավել ծանր: Այնպես որ, «փափուկ ուժը» չարաշահել չի ստացվի:

Հայաստանում մրցակցային մշակույթի զարգացմանը նվիրված աշխատաժողովի ընթացքում հակամենաշնորհային կոմպլաենս ներդրած ընկերությունները կիսվել են իրենց փորձով, քննարկվել են մրցակցության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 2525
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW