PROFAL-ն ապակու մշակման գերժամանակակից գործարան է հիմնում

22.12.2023 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ալյումինե դռների ու պատուհանների առաջատար հայկական արտադրող PROFAL ընկերությունը Հայաստանում աննախադեպ արտադրողականություն ունեցող ապակու մշակման գործարան է կառուցում, որը շահագործման կհանձնի հաջորդ տարվա կեսերին։ Նոր գործարանը տեղակայված կլինի Նաիրի համայնքում գտնվող արդյունաբերական տարածքում. սա արտադրությունը մայրաքաղաքից դուրս մեկ վայրում կենտրոնացնելու առաջին փուլն է։

PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով՝ կառուցվում է վերջին ստանդարտներին համապատասխան ու գերժամանակակից հաստոցային պարկով նոր ենթակառուցվածք։ Գործարանի ընդհանուր տարածքը 62 հազար քառակուսի մետր է, որից 16 հազարը նախատեսված է ապակու արտադրության ու պահեստի համար։

«Տարբերակ կար վերցնել հին շենքերն ու, ռեկոնստրուկցիայի ենթարկելով, դարձնել արտադրամաս։ Բայց մենք այդ տարբերակին չգնացինք, այլ զրոյից կառուցում ենք ամենավերջին տեխնոլոգիաներով, մետաղական կոնստրուկցիաներով, սենդվիչ պանելներով, տաքացվող համակարգերով անգար։ Մեր նոր գործարանը կառուցում ենք այնպիսի սկզբունքներով ու չափանիշներով, ինչն այսօր կիրառվում է եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում»,- ասում է Էդգար Ավետիսյանը։

Թրծման վառարանի հզորության ավելացման շնորհիվ՝ հնարավոր է լինելու արտադրել ավելի մեծ պարամետրերով ապակե կոնստրուկցիաներ: Ընկերությունից վստահեցնում են, որ շարունակելու են ուշադրության առանցքում պահել արտադրական գործընթացի անվտանգության ապահովման, արդյունավետության բարձրացման ու որակյալ արտադրանք թողարկելու հարցերը։ Հեռակառավարման եղանակով օգտագործվելու են հատուկ ամբարձիչներ, իսկ մեխանիկական աշխատանքները կատարելու են հաստոցներին ներկառուցված ռոբոտները։

Գործարանի շահագործմամբ նախատեսվում է շուրջ հինգ անգամ ավելացնել ապակու մշակման արտադրողականությունը։ Արտադրանքը սպառում կգտնի ոչ միայն տեղական, այլեւ դրսի շուկաներում, մասնավորապես, Ֆրանսիայում։ «Մենք այս պահին էլ Հայաստանում վաճառում ենք ապակե փաթեթներ, իսկ ապակու նոր գործարանի շնորհիվ կկարողանանք դրանք նաեւ արտահանել։ Պատուհան արտադրող եվրոպական ընկերությունների համար մենք հանդես կգանք որպես մատակարար»,- նշում է Էդգար Ավետիսյանն ու հավելում, որ այդպիսով՝ նախատեսվում է նաեւ PROFAL-ի արտադրանքի արտահանման  շեշտակի աճ, որը ներկայում 20 տոկոս է կազմում։



PROFAL-ի կողմից իրականացված ներդրման ընդհանուր արժեքն առաջին տարվա համար կգերազանցի 13 միլիոն դոլարը՝ ներառելով ապակու գործարանի շինարարությունն ու հաստոցային պարկով համալրումը։ Ընկերությունն օգտվել է պետական սուբսիդավորման ծրագրից, որով լիզինգով ձեռք բերված հաստոցների առաջին երեք տարվա տոկոսադրույքները կֆինանսավորի կառավարությունը։

Կավելանա նաեւ աշխատատեղերի թիվը։ Սկզբնական փուլում ընկերությունը կներգրավի 50-60 նոր աշխատակից, հետագայում այս թիվն էլ ավելի կմեծանա, երբ PROFAL պատուհանի արտադրական ամբողջ ցիկլը մեկ վայրում իրականացվի։ Դա հնարավոր կլինի ալյումինի եւ փոշեներկման արտադրությունների տեղափոխման միջոցով, որը նախատեսվում է 2024-2025 թվականներին։ Այս բոլոր արտադրությունները մեկտեղող գործարանի հիմնումը կարժենա 30 միլիոն դոլարից ավելի։ Արդյունքում՝ PROFAL ընկերությունը շեշտակի կավելացնի բոլոր ուղղություններով իր արտադրական ծավալները։
Դիտում՝ 16164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW