Արհեստական բանականությունը Talent Management-ում. բաց դասախոսություն Յորքի համալսարանից

12.06.2023 | 22:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ը դիմորդների և կրթական ծրագրերով հետաքրքրված անձանց համար հունիսի 8-ին անցկացրել է բաց դռների օր, որի շրջանակում համալսարանի դասախոս դոկտոր Ջիովանի Օսկար Սերաֆինին վարել է դասախոսություն «Ահեստական բանականության հեղափոխությունը․ վերաիմաստավորելով տաղանդների կառավարումը» («The Artificial Intelligence (AI) Revolution: Rethinking Talent Management) թեմայով։

Դասախոսությունից հետո պրոֆեսորը նաև ներկայացրել է մանրամասներ ինչպես բակալավրիատի և մագիստրատուրայի, այնպես էլ Executive MBA-ի կրթական ծրագրերի վերաբերյալ։

Talent management-ն այլևս առաջվանը չի լինի

Վերջին տարիներին մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտն ակտիվորեն փոխակերպվում է արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնորեն կիրառմամբ։ Միջազգային առաջնակարգ ընկերություններն AI-ն գործածում են ինչպես տաղանդների բացահայտման, աշխատակիցների ներգրավման, այնպես էլ աշխատուժի հմտությունների կատարելագործման և մինչև անգամ աշխատակիցներին ընկերությունում պահելու ու մրցակցային աշխատավարձեր սահմանելու համար։ Ներկայացնելով այս գործիքների օրինակները՝ պրոֆեսոր Սերաֆինին խոսել է այս հեղափոխության ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերի մասին։



Նրա խոսքով՝ արհեստական բանականության շնորհիվ մարդիկ կկարողանան ազատվել ձանձրալի ու մեխանիկական աշխատանքից և կենտրոնանալ ավելի բարդ որոշումների կայացում և հուզական ինտելեկտ պահանջող, ինչպես նաև ավելի մեծ արժեք ստեղծող առաջադրանքների վրա։ Այնուամենայնիվ, այն աշխատակիցները, որոնք չեն ցանկանա փոխակերպել իրենց հմտությունները նոր իրողություններին համապատասխան, հեշտությամբ կփոխարինվեն արհեստական բանականությամբ։

«Չպետք է մոռանանք, որ արհեստական բանականությունն ընդամենը գործիք է։ Տեխնոլոգիան չի լինում լավը կամ վատը, հարցը միայն նրանում է, թե ինչպես է այն օգտագործվում։ Կազմակերպությունները պետք է ներդրումներ կատարեն իրենց աշխատակիցների հմտությունների զարգացման ուղղությամբ, իսկ մյուս կողմից աշխատակիցներն իրենք պետք է պատրաստակամ լինեն փոխվելու»,- ընդգծել է պրոֆեսոր Սերաֆինին։

Անձնական տարածքի խախտում

Չնայած AI-ի ապշեցնող հնարավորություններին ՝ դրա կիրառումն ընկերությունների կողմից մի շարք մտահոգություններ է առաջացնում։ Շատ կազմակերպություններ համապատասխան վերլուծությունների ստացման համար օգտագործում են աշխատակիցների անձնական տվյալներ, մտնում նրանց անձնական տարածք, խստորեն հետևում մարդկանց տեղաշարժին ու անգամ տրամադրությանը, և հաճախ, դա անում են առանց համապատասխան համաձայնության և պատշաճ տեղեկացման։


 
«Ընկերությունները պետք է թափանցիկ լինեն իրենց աշխատակիցների հետ և ներկայացնեն, թե ինչպես են օգտագործվելու նրանց տվյալները։ Բացի այդ, պետությունները նաև պետք է օրենսդրական կարգավորումներ մտցնեն, որով կհստակեցվեն արհեստական բանականության կիրառման օրինականության սահմանները և կապահովվի դրա օգտագործումը բացառապես հայտարարված նպատակների համար»,- հավելել է պրոֆեսոր Սերաֆինին։

Մարտահրավերի պատասխանը՝ կրթություն

Զարգացող տեխնոլոգիաներին զուգահեռ կրթական համակարգը ևս պետք է արագ փոխակերպվի։ Պրոֆեսոր Սերաֆինիի խոսքով՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի և Համաեվրոպական Executive MBA-ի ուսանողները ստանում են լիարժեք գիտելիքներ արհեստական բանականության կիրառման վերաբերյալ, սովորում են, թե այն ինչպես է անդրադառնում ընկերությունների կառավարման մի շարք ոլորտների վրա, կատարում են բազում հետազոտություններ, որոնց շնորհիվ կատարելագործում են իրենց հմտությունները՝ փոփոխվող իրողություններին համապատասխան։


 
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են տեխնոլոգիաները զարգանում մեր աչքի առաջ և շատ կարևոր է դրան նայել ակադեմիական տեսանկյունից՝ կատարելով հետազոտություններ բիզնեսի վրա AI-ի ազդեցության մասին։ Մենք մեր ուսանողներին տալիս ենք այդ հնարավորությունն ու սովորեցնում պահպանել քննադատական մտածողությունը նաև AI գործիքները կիրառելիս»,- հավելել է պրոֆեսորը։

Ջիովանի Օսկար Սերաֆինին


City College-ի կրթական ծրագրերին դիմելու երկրորդ փուլը մեկնարկել է հունիսի 1-ից և կտևի մինչև օգոստոսի 31-ը։ Դիմորդների համար շարունակում են գործել որոշակի զեղչեր, ուստի պետք է շտապել, քանի որ փաստաթղթերի ընդունման երրորդ փուլում ուսման վարձն ավելի բարձր կլինի։

Հավաեվրոպական Executive MBA ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալու բրիտանական և ֆրանսիական կրթություն չլքելով հարազատ քաղաքը կրթական գործընթացի հիմնական ժամանակահատվածում։ Այս առավելության հետ մեկտեղ ուսանողներին տրվում է կրթական շաբաթ անցկացնելու հնարավորություն ինչպես Յորքի և Ստրասբուրգի համալսարաններում, այնպես էլ City College-ում։

Բակալավրիատի և մագիստրատուրայի դիմորդների համար առկա է հրաշալի հնարավորություն ստանալու բրիտանական կրթություն և Յորքի համալսարանի դիպլոմ՝ ուսանելով եվրոպական կամպուսում, որը տեղակայված է Հունաստանի Սալոնիկ քաղաքում։



Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանի խոսքով՝ Հունաստանը իր մշակույթով, պատմական կապերով և տեղի մտածելակերպով բավականին մոտ է Հայաստանին, ինչը թույլ է տալիս հայ ուսանողներին շատ հեշտ ադապտացվել միջավայրին։

Լիլիթ Շահզադեյանը

 
«Մեր բոլոր դասախոսները մշտապես ընդգծում են հայ երիտասարդների կրթված և օրինակելի ուսանող լինելը։ Այստեղ խիստ զգացվում է ընտանիքի դերը։ Սալոնիկում սովորող մեր բոլոր ուսանողներն առանձնանում են իրենց վարվելակերպով և բարեկրթությամբ, ուստի մեր երկրի հրաշալի դեսպաններ են արտասահմանում»,-ընդգծել է Լիլիթ Շահզադեյանը։

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 21465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW