Ռանա Կարադշե. ՀՀ մասնավոր հատվածն առանցքային նշանակություն ունի կայուն տնտեսական աճի համար

25.04.2023 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանում իրականացվող ծրագրերի, ներուժի ու ներդրողների համար երկիրն ավելի գրավիչ դարձնելու մասին Banks.am-ի իր սյունակում գրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեն:

Նա ներկայացրել է նաեւ IFC-ի հիմնական առաջնահերթություններն ու տրամադրված ֆինանսական աջակցությունը, մատնանշել Հայաստանում գոյություն ունեցող որոշ բացեր:

Հայաստանում ներդրումներն աճում են

Հայաստանում լավ լուրեր կան. երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրկին թափ են հավաքել` 2022թ. առաջին երեք եռամսյակում ավելանալով 36%-ով` 2021թ. ամբողջ տարվա համեմատ: Դա կազմում է $708 միլիոն: Թեեւ հաճելի է արձանագրել այս արդյունքը կորոնավիրուսային համավարակի հետեւանքով երկրի ստացած հարվածից եւ 2020թ. համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7.6 կրճատումից հետո, սակայն Հայաստանը դեռ առերեսվում է աճը սահմանափակող լուրջ խոչընդոտների եւ անորոշության, ինչը պայմանավորված է միջազգային եւ տարածաշրջանային լարված իրավիճակով:

Կայուն աճի հետագիծը շարունակելու համար Հայաստանը պետք է լիարժեք իրացնի մասնավոր հատվածի միջոցով աճի ապահովման մոդելի ներուժը: Թեեւ դա պայմանավորված է մի շարք գործոններով, կցանկանայի ընդգծել մի քանի կարեւոր ուղղություն:

Էներգետիկ անվտանգություն

Կարեւոր քայլ է Հայաստանի էներգամատակարարման համակարգի հուսալիության բարելավումը, որի առանցքը հին եւ անարդյունավետ էներգակայանների փոխարինումն է եւ ցանցում էլեկտրաէներգիայի կորուստների կրճատումը: Սա, ինչպես նաեւ Հայաստանում կանաչ էներգիայի արտադրության տարբեր եղանակներին ուղղված բազմամյա ռազմավարական աշխատանքները, որոնց շրջանակում մրցույթներ են կայացել ու էլեկտրաէներգիայի գնման ստանդարտ համաձայնագրեր են կնքվել արտադրական մասշտաբի արեւային եւ հողմային էներգետիկ նախագծերի համար, Հայաստանը միանշանակ, դիրքավորել է որպես գրավիչ ուղղություն ներդրողների համար:

Ավելի շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ գրավելու ուղղությամբ կարեւոր քայլ է էներգետիկ շուկայի վերջերս կայացած ազատականացումը, ինչն ավելի թափանցիկ գնագոյացման եւ պայմանագրերի կնքման հնարավորություն է տալիս եւ նպաստում ոլորտի դիմակայունությանը: Այն ավելի է ուժեղանում, քանի որ Հայաստանն այժմ ավելացնում է վերականգնվող էներգակիրների մասնաբաժինն` ի լրումն հիդրոէներգիայի: Հիանալի է տեսնել կառավարության հավակնոտ թիրախը. այն է` մինչեւ 2025 թվականը ոչ հիդրոէներգետիկ վերականգնվող էներգակիրների մասնաբաժինը 10%-ից հասցնել 25%-ի:

Այդ ջանքերի շնորհիվ անցած 7 տարվա ընթացքում նկատել ենք մասնավոր հատվածի կողմից մեծ ներդրումներ արեւային եւ հիդրո էներգիայի արտադրության մեջ, արդիական գազային էլեկտրակայաններում եւ էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում: IFC-ն հպարտ է, որ հնարավորություն է ունեցել օգնելու եւ դերակատարում ունենալու այս գործընթացում` տրամադրելով այդքան անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորում $360 միլիոնի չափով՝ միաժամանակ մոբիլիզացնելով այլ միջոցներ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը բարելավելու համար:

Մեր օրերում «կանաչը» ամենուր հանդիպող կարեւոր եզրույթ է: Կլիմայի փոփոխության դեմ պայքարը` մեր ժամանակների ամենալուրջ մարտահրավերը, առաջնահերթ օրակարգային հարց է շատ երկրներում, եւ Հայաստանը բացառություն չէ: Կայուն եւ կանաչ ֆինանսավորման կարիքը երբեւէ այսքան արդիական չի եղել: Այսպիսով, Հայաստանը պետք է շարունակի այս ուղին:

Կլիմա

Այդուամենայնիվ, էներգետիկ ոլորտում էկոլոգիական ասպեկտներ ներառելը դեռ բավարար չէ: Շատ ավելին կարելի է անել Հայաստանի ողջ տնտեսությունում: Հայաստանում մինչեւ 2023թ. կլիմայական գործողությունների համար ներդրումային կարիքների գնահատման մեջ նշվել է, որ Հայաստանը $5.7 միլիարդի ներդրումների կարիք ունի 2030թ. համար սահմանված կլիմայական թիրախներին հասնելու համար: Գնահատմամբ պարզվել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար ներդրումների կարիք ունեցող ամենամեծ ոլորտը Հայաստանի էներգամատակարարման ոլորտն է. այդ կարիքը $1.4 միլիոն է, սակայն խոշոր ներդրումներ են անհրաժեշտ նաեւ բնակելի շենքերում էներգախնայողությունը բարելավելու ($1.2 միլիարդ) ոլորտում, ջրամատակարարման ոլորտում ($420 միլիոն) եւ ածխածնային փոքր արտանետումներով տրանսպորտային համակարգում ($265 միլիոն), ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում ($150 միլիոն): Այս ամենը միլիարդավոր դոլարների թարմ ներդրում է պահանջում եւ, այսպիսով, օտարերկրյա ուղղակի ներդրումներն իդեալական «բաղադրատոմս» են այս ամենը համախմբելու համար:

Ավելի շատ ներդրողներ բերել Հայաստան

Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական ներուժը եւ հանուն երկրի կլիմայակայուն ապագայի ներդրում կատարելու մեծ անհրաժեշտությունը` չափազանց կարեւոր է օտարերկրյա ուղիղ ներդրումների ավելի բազմազանեցված ու ավելի մեծ համախումբ Հայաստան բերելը: Հայաստանն արդեն այդ ճանապարհին է: 2019 թ-ին ՀՀ կառավարությունը հիմնադրեց «Էնթերփրայզ Արմենիա» կառույցը, որը ներդրումային աջակցման ազգային կենտրոն է եւ մասնագիտական աջակցություն է տրամադրում նոր եւ գործող ներդրողներին:

IFC-ն հպարտ է, որ սատարել է այս հավակնոտ նախաձեռնությանն` իր «Հայաստանի տնտեսական աճ» ծրագրի միջոցով, որն իրականացվել է ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» ու Ճապոնիայի կառավարության հետ համատեղ եւ լավագույն փորձի հիման վրա տրամադրել է այդքան անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ: Անցած երկու տարվա ընթացքում «Էնթերփրայզ Արմենիան» աշխատել է ավելի քան 150 օտարերկրյա ներդրողի հետ` հորդորելով նրանց Հայաստանը դիտարկել որպես ներդրումային ուղղություն: Կառույցը հաջողությամբ օժանդակել է նաեւ երկրում գործող ներդրողներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել վերաներդրում կատարել երկրում: Սա ընդամենը մեկն է Հայաստանի մեկնարկած բազմաթիվ ծրագրերից, որոնք կօգնեն ամրապնդել եւ երկիր բերել ավելի շատ ու ավելի որակյալ ներդրումներ:

Այս ուղին շարունակելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանն օժանդակի մրցակցության ոլորտի ընթացիկ բարեփոխումներին ու շուկայի ազատականացմանը, քանի որ դա կօգնի բարելավել գործարար միջավայրը եւ կհանգեցնի հետագա ներդրումների: Մրցակցության համապարփակ քաղաքականությունը կարող է օգնել հետագա առաջընթացին, նպաստել հավասար մրցակցային դաշտի կայացմանն ու երաշխավորել մրցակցության օրենքների արդյունավետ կիրարկումը:

Ֆինանսավորման հասանելիություն

Այդուամենայնիվ, շատ ավելին անելու անհրաժեշտություն կա, քանի որ մասնավոր հատվածի կայացումը հնարավոր չէ առանց խորը եւ ներառական ֆինանսական հատվածի: Ֆինանսավորման հասանելիությունը չափազանց կարեւոր է մասնավոր հատվածի զարգացման համար: Հայաստանը որոշակի կարեւոր առաջընթաց է ունեցել անցած մի քանի տարիներին ֆինանսական ներառականություն ապահովելու հարցում եւ այժմ տարածաշրջանի շատ երկրներից ավելի բարձր վարկանիշային միավորներ ունի: Օրինակ` Հայաստանը լավ վարկանիշային միավորներ է ստացել ֆինանսական հաստատությունում հաշիվների սեփականության համար (15-ից բարձր տարիքի բնակչության 48%-ը)` Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջին ցուցանիշի համեմատ: Սակայն Հայաստանը դեռեւս հետ է համադրելի զարգացող տնտեսություններից: Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն` հարցվածների 30%-ի կարծիքով գործարարությամբ զբաղվելու հիմնական խոչընդոտը ֆինանսների հասանելիությունն է:

Ահա թե ինչու է ֆինանսական հատվածին աջակցությունը IFC-ի հիմնական առաջնահերթություններից մեկը: Մենք աշխատում ենք տեղական բանկերի հետ, որոնք առեւտրային վարկեր ու ֆինանսավորում են տրամադրում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին (ՄՓՄՁ): Ի լրումն ֆինանսական պրոդուկտների` IFC-ն նաեւ խորհրդատվական ծառայություններ է բերել «ԴիջիԼաբ» ֆինանսավորման ծրագրի միջոցով` օգնելով Հայաստանի ֆինանսական ծառայությունների ոլորտին ընդլայնել թվային վերափոխման իր ռազմավարությունները:

Թվայնացում

Թվային օրակարգն առաջ տանելը չափազանց կարեւոր է ցանկացած տնտեսությունում, քանի որ այն բարձրացնում է արտադրողականությունը, կրճատում գործարքների ծախսերը, խթանում ավելի ներառական աճ ու ավելի մեծ նպաստավոր գործոն է բիզնեսի համար: Հայաստանի կենտրոնական բանկը հետամուտ է ֆինանսական ոլորտի թվայնացմանը եւ հատուկ շեշտադրում է ազգային վճարային համակարգի ռազմավարության արդիականացումը:

Էական հնարավորություններ կան թվային վճարումներն ավելի զարգացնելու առումով` լուծելով նույնականացման ենթակառուցվածքի եւ կարգավորման դաշտի խնդիրները ոչ բանկային վճարային ծառայությունների զարգացման ուղղությամբ, ինչը կբարելավի մրցակցությունը, դիվերսիֆիկացումն ու ներառվածությունը: Այս աշխատանքները կնպաստեն Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության կենսագործմանը եւ կօգնեն խթանել նորարարությունը թվային ֆինանսական ծառայությունների տիրույթում: Սա շատ լավ մեկնարկ է, բայց Հայաստանը պետք է ավելին անի: Ըստ էության, Հայաստանը հարուստ է տեխնոլոգիական ոլորտի տաղանդներով եւ իրապես պետք է լիարժեք օգտագործի դա տնտեսական աճի իր մոդելն ընդլայնելու համար:

Հետագա ուղին

Հայաստանն արդեն ցույց է տվել, որ ավելի քան ունակ է շարունակել ռազմավարական բարեփոխումների ուղին եւ հարմարվել նոր մարտահրավերների: Դրա օրինակն է անցած հինգ տարիներին ձեռնարկված քայլերը գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:

Այժմ առանցքային է վերականգնվող էներգիայի ռազմավարական թիրախավորումը` կայուն եւ կանաչ զարգացման ուղղվածությամբ: Բիզնես ծառայություններն ու թվային տնտեսությունն օժանդակության կարիք ունեն, հատկապես, ֆիզիկական ենթակառուցվածքն արդիականացնելու եւ ընդլայնելու համար, որպեսզի Հայաստանը կապվի արտահանման շուկաներին: Նշածս անհրաժեշտ է Հայաստանի կայուն զարգացման համար: Բավականին դրական պատկեր է մի շարք ոլորտներում: Աճի ներուժ ունի զբոսաշրջությունը` եւ՛ մշակութային, եւ՛ բժշկական, ինչպես նաեւ՝ տեխնոլոգիական եւ դեղագործական ոլորտներն ու ստեղծարար ինդուստրիան:

Մտածելու շատ բան կա, քանի որ Հայաստանը վերականգնվում է համավարակի առաջացրած դժվարություններից եւ ուղղություն է վերցրել դեպի ավելի դինամիկ, դիմակայուն, կանաչ եւ բարգավաճ ապագա: Դա խրախուսելով` IFC-ն, կենտրոնանալով մասնավոր հատվածի վրա, պատրաստ է մեծացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունն այս ուղղությամբ: Մեր նպատակն է ակտիվորեն օժանդակել նոր կայուն ներդրումներին ֆինանսական հատվածում, կանաչ էներգետիկայի ոլորտում եւ ենթակառուցվածքներում ու խորհրդատվական ծառայություններ տրամադրել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները մեծացնելու համար:
Դիտում՝ 38786
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW