«Shtigen Ventures» ներդրումային ֆոնդը՝ հանուն ՀՀ-ում կանաչ տնտեսության խթանման

04.04.2023 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Shtigen
Հայաստանի կանաչ զարգացման ռազմավարություն, կանաչ ֆինանսներ եւ միջազգային փորձ․ այս թեմաների շուրջ քննարկումներ ծավալվեցին մասնավոր եւ պետական սեկտորների ներկայացուցիչների ու ոլորտի փորձագետների միջեւ մարտի 31-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» ֆորումի ընթացքում։

Այն նախաձեռնել էր «Shtigen Group»-ը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում մասնավոր սեկտորի կայուն ներգրավվածությունը խթանելու եւ ջանքերը ﬔկտեղելու նպատակով։

Ֆորումի ընթացքում տեղի է ունեցել նաեւ «Shtigen VC» ներդրումային ֆոնդի շնորհանդեսը։ Այն  Հայաստանում առաջինն է թե՛ ֆոնդերի եւ թե՛ ֆինանսական այլ կառույցների շարքում, որը միտված է ներդրումներ կատարելու ՀՀ-ում կանաչ էներգետիկայի ոլորտի նախագծերում

Banks.am-ը ներկայացնում է ֆորումի ընթացքն ու «Shtigen VC»-ի ընձեռած հնարավորությունները։

Նոր սկիզբ կապիտալի շուկայում

«Թե՛ ինձ եւ թե՛ ընկերության համար սա պատմական օր է։ 12 տարի առաջ սկսելով բիզնես մոտ 10-15 հազար դոլար ներդրումով՝ այսօր մենք հասել ենք մի շատ կարեւոր հանգրվանի, երբ համագործակցության ձեռք ենք մեկնում բիզնեսին եւ ասում ենք՝ բարով գաք, մենք բաց ենք ներդրումների համար»,- ֆորումի բացման խոսքում նշել է «Shtigen Group»-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։

Հայկ Շեկյանը

ՀՀ կենտրոնական բանկը  «Shtigen VC» ներդրումային ֆոնդը գրանցել է 2022 թ․ դեկտեմբերին։ Դրա գործունեության մասին ֆորումի միջոցով իրազեկելով՝ ընկերությունը նաեւ ազդակ է հղել կառավարության համապատասխան մարմիններին եւ Կենտրոնական բանկին, որ այն Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ նոր սկիզբ է դնում՝ «Shtigen VC» մասնավոր, փակ ներդրումային ֆոնդի միջոցով։


«Այս ֆորումը մեզ համար կարծես թեստ լիներ՝ հասկանալու հետաքրքրությունը ինչպես մասնավոր ոլորտի ներդրումների, այնպես էլ կանաչ տնտեսության հանդեպ։ Շատ ուրախ ենք, որ մեր հրավերին արձագանքեցին թե՛ պետական սեկտորից, թե՛ գործարար համայնքից  եւ թե՛ միջազգային կառույցներից։ Նման ակտիվ մասնակցությունը մեզ հավաստիացնում է, որ ճիշտ ուղու վրա ենք»,- ընդգծել է Հայկ Շեկյանը։  

Կանաչ ռազմավարության ներկայացումը՝ շուտով

Ֆորումի բացմանը ելույթներով հանդես եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  եւ կենտրոնական բանկի խորհդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, նորագույն էներգետիկայի ոլորտում ավելի քան մեկ տասնամյակ գործունեություն ծավալող Shtigen ընկերությունների խմբի ղեկավար անդամներ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, շնորհավորելով «Shtigen Ventures»-ի մեկնարկը, ընդգծել է, որ կառավարությունն իր 2021-2026 թվականների ծրագրով նախատեսել է ոչ միայն բարձր, այլեւ կայուն ու կանաչ տնտեսական աճ։

«Կանաչ տնտեսության զարգացման համար կառավարությունն ունի գործողությունների ծրագիր, որի առանցքային փաստաթուղթը կանաչ եւ կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունն է։ Այն մշակման վերջին փուլում է եւ շուտով կներդնենք։ Կարծում եմ, որ այդ փաստաթղթում  արտացոլված կլինեն այն կարեւոր ուղղությունները, որոնց շնորհիվ կառավարությունը փորձելու է տնտեսության ներկայիս կառուցվածքը փոխել այնպես, որ այն դառնա ավելի էներգախնայող, կլիմայի հանդեպ «ընկերական» եւ, իհարկե, ավելի ցածր արտանետումներով»,- նշել է նա։

Վահան Քերոբյանը

Նախարարը կարեւորել է նաեւ կանաչ տաքսոնոմիայի փաստաթղթի ընդունումը, որը եւս շուտով կներդրվի։ Այն կօգնի տնտեսության բոլոր մասնակիցներին խուսափել կանաչ տերմինի տարընթերցումներից եւ հասկանալ, թե ինչպիսի ֆինանսական եւ ոչ ֆինանսական գաղափարներ են ներառում կանաչ տերմինով որակված ծրագրերը։

Ներդրումային ֆոնդը՝ 10 մլն ԱՄՆ դոլար

«Shtigen VC»-ն Հայաստանում առաջին ներդրումային ֆոնդն է, որը մասնագիտացած է  կանաչ էներգետիկայի ոլորտում, հետեւաբար ներդրումներ է կատարելու հենց այդ ոլորտի նախագծերում։ Հույս ունենք մեր այս նախաձեռնությամբ նաեւ նախադեպ ստեղծել այլ ներդրումային կազմակերպությունների եւ ֆոնդերի համար, որպեսզի հետաքրքրությունն այդ ոլորտի նկատմամբ մեծանա»,- ասել է «Shtigen Ventures»-ի տնօրեն Հակոբ Խոցանյանը։

Հակոբ Խոցանյանը

Այժմ վենչուրային ֆոնդն ունի 4 հիմնական գործընկեր, իսկ սահմանափակ պատասխանատվությամբ պոտենցիալ գործընկերների հետ բանակցություններ են տարվում։ Ակնկալվում է ֆոնդում ներգրավել մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որով ֆինանսավորելու են կանաչ էներգետիկայի ոլորտի տարբեր նախագծեր։


«Ֆոնդի հենասյունը, իհարկե, «Shtigen Group»-ն է, որի 12 տարվա աշխատանքային փորձն ու կուտակած գիտելիքը փորձել ենք օգտագործել՝ ներկայացվող ծրագրերը լավագույնս գնահատելու համար։ Ներդնում ենք  որոշումների ընդունման եւ կորպորատիվ կառավարման միջազգային սկզբունքներին համապատասխան համակարգ»,- մանրամասնել է Հակոբ Խոցանյանը։

Մասնավորը՝ կանաչ տնտեսության դրոշակակիր

Կանաչ ֆինանսների տիրույթը մեծ հետաքրքրություն է ներկայացնում առաջին հերթին ֆինանսական կայունության տեսանկյունից։ Այս մասին նշել է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ կարգավորման դեպարտաﬔնտի տնօրեն Գարեգին Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ այլեւս առաջնային չէ կլիմայական փոփոխությունների պատճառները քննարկելը, քանի որ դրանք արդեն տեղի են ունենում։ Ներկայումս առավել կարեւոր է այն, թե տնտեսություններն ինչպես են ադապտացվում եւ արձագանքում այդ փոփոխություններին։

«Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք  կնպաստեն այս հարցերին ճիշտ պատասխանելուն եւ տնտեսությունը ճիշտ ուղղորդելուն ու առաջ տանելուն, միանշանակ հետաքրքիր են Կենտրոնական բանկի համար, եւ այն մասնակցելու է այդ հարցերի շուրջ ճիշտ օրակարգի ձեւավորմանը։ Այժմ մենք հանդես ենք գալիս Կենտրոնական բանկի ճանապարհային քարտեզի նախաձեռնությամբ, որում նշում ենք ԿԲ-ի անելիքները։ Շուտով կհայտարարենք այդ մասին եւ կանցնենք գործողությունների իրականացմանը»,- մանրամասնել է նա։

Գարեգին Գևորգյանը

Գարեգին Գեւորգյանը նաեւ կարեւորել է տնտեսության բոլոր մասնակիցների դերը կանաչ օրակարգի ձեւավորման հարցում։ Նրա խոսքով՝ թեեւ ֆինանսական տեսանկյունից հնարավոր է նպաստավոր պայմաններ ստեղծել կանաչ տնտեսության զարգացման համար, սակայն առաջին հերթին հասարակությունը պետք է գիտակցի, որ այս գործընթացները ոչ թե ապագայինն են, այլ տեղի են ունենում ներկայում։


«Մենք պետք է ամեն օր քայլեր ձեռնարկենք կանաչ օրակարգի ճիշտ ձեւավորման եւ այն առաջ մղելու համար։ Իրական տնտեսության հատվածն է, որը բերում է իրական կանաչ լուծումներ, ներկայացնում է իրական կանաչ լուծումները տնտեսության այլ մասնակիցներին, եւ այն շատ ավելի կարեւոր է, քան որեւէ կարգավորող օղակ։ Իհարկե, առաջին քայլի տեսանկյունից թե՛ Կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը որոշակի անելիքներ ունեն, բայց դրոշակակիրը լինելու է մասնավոր հատվածը։ Այս իմաստով մենք ողջունում ենք «Shtigen VC» ֆոնդի բացումն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները, որոնք, ըստ էության, օրինակ են ծառայում եւ ուղղություն են ցույց տալիս տնտեսության մյուս մասնակիցներին»,- հավելել է նա։

Նորարարական գաղափարների զարգացում

Վենչուրային ֆոնդերի դերը մեծ կարեւորություն է ստանում նորարարական տեխնոլոգիաների առաջխաղացման գործում։ Պատճառը դրանցում ռիսկերի կառավարման եւ ֆինանսավորման տարբերվող մոտեցումներն են։

Վաչե Գաբրիելյանը

«Կարեւոր է, որ նոր տեխնոլոգիաներով զբաղվող մարդիկ իմանան՝  կան ֆոնդեր, որոնք տալիս են նման հնարավորություն։ Լիահույս եմ, որ հատկապես կանաչ ֆինանսների եւ էներգախնայողության բնագավառում գաղափարներ ունեցող բիզնեսները առաջարկներ կներկայացնեն ֆոնդին։ Անգամ եթե այդ գաղափարները դեռեւս «հում» են, սա հրաշալի հարթակ է այն քննարկելու, կարծիքներ լսելու տեխնոլոգիայի հուսալիության եւ հեռանկարի մասին, իսկ հետո հետադարձ կապի շնորհիվ այն զարգացնելու»,- ընդգծել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրիելյանը։

Կանաչ տնտեսությունն Արցախում

«Shtigen Group»-ն իր կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում իրականացնում է «Արեւածագ Արցախում» նախագիծը, որի նպատակն է, արեւային էներգիայի կիրառմամբ Արցախում ապահովել էներգետիկ անկախություն։

«Արեւածագ Արցախում լինելու է»․ այս մասին հիշեցնում էին ոչ միայն «Shtigen Group»-ի թիմի անդամները, որոնք կրում էին այդ գրվածքով շապիկներ, այլեւ սուրճի ընդմիջմանը ֆորումի մասնակիցների ուշադրությունը գրաված քաղցր անակնկալը՝ «Արեւածագ Արցախում» նախագծի բրենդինգով պատրաստված չրատուփերը։ Դրանք ներկայացնում էին Հայաստանի եւ Արցախի շոկոլադե քարտեզը, որի վրա Հայաստանի յուրաքանչյուր մարզ ու Արցախի վարչական շրջան առանձնանում էր իրեն բնորոշ մրգատեսակի չրերով։


Ֆորումի երկրորդ հատվածում տեղի է ունեցել պանելային քննարկում «Կանաչ ֆինանսավորման գործիքներ» թեմայով, որին մասնակցել են ոլորտի առաջատար փորձագետներն ու ներկայացուցիչները։ Նրանք քննարկել են ներդրումային ֆոնդերի, բաժնետիրական կապիտալի ներգրավման հարթակների, կանաչ պարտատոմսերի, կանաչ նախագծերում կենսաթոշակային ֆոնդերի դերի եւ այլ թեմաների առնչվող հարցեր։ Հարցուպատասխանից հետո ֆորումի ակտիվ քննարկումը շարունակվել է ոչ պաշտոնական զրույցներում՝ գինու գավաթի շուրջ։

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 17090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW