Լինել Շերլոք Հո՞լմս, թե՞ սովորել MBA ծրագրում. City College-ի բաց դռների օրերը շարունակվում են

24.03.2023 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Այս օրերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում ընթանում են Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի բաց դռների եւ մասնագիտական դասընթացների օրերը: Դրանց նպատակն է ծանոթացնել համալսարանի ընձեռած կրթական հնարավորություններին եւ թույլ տալ անմիջականորեն մասնակցել դասերին:

Մարտի 23-ին հետաքրքրված անձինք մասնակցեցին MBA բաց դասի «Սովորել MBA ծրագրում, թե՝ լինել Շերլոք Հոլմս. Ապագայում կառավարման համար անհրաժեշտ փափուկ հմտությունների մասին բացարձակ ճշմարտությունը» թեմայով: Այն վարում էր Ստրասբուրգի համալսարանի կառավարման գիտության եւ նորամուծությունների կառավարման պրոֆեսոր, Ստրասբուրգի համալսարանի փոխնախագահ Թիերի Բուրժեր-Հելմշենը։

Banks.am-ը ներկայացնում է դասախոսության հետաքրքրական դրվագներն ու մանրամասնում՝ ինչպես դառնալ Համաեվրոպական Executive MBA-ի ուսանող: 

Մենեջերները նման են Շերլոք Հոլմսին

Բաց դասախոսությունը բացառիկ հնարավորություն էր MBA (Master of Business Administration) կրթությամբ հետաքրքրվածների համար տեսնելու՝ ինչպես են ընթանում դասերը Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրում, ինչպես նաեւ ստուգելու իրենց անգլերենի իմացությունը՝ արդյոք այն բավարարա՞ր է նյութն ամբողջապես ընկալելու համար:

Լսարանին ակտիվորեն ընդգրկելով դասախոսության գործընթացում՝ Թիերի Բուրժեր-Հելմշենը սկզբում սահմանել է, թե ինչ է մենեջմենթը (կառավարում) եւ ովքեր են մենեջերները: Հետաքրքրական է, որ «մենեջմենթ» տերմինը ներառում է շատ ավելի շատ գործառույթներ, քան կարելի է ենթադրել՝ մարդկային ռեսուրսի զարգացումից մինչեւ աշխատակիցներին մոտիվացնելը:



Անդրադառնալով դասախոսության վերնագրին՝ պրոֆեսորը զուգահեռներ է անցկացրել լավ մենեջերի եւ անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի հայտնի գրական հերոս Շերլոք Հոլմսի միջեւ:

«Շերլոք Հոմլսի կերպարում մենք սիրում ենք այն, որ նա ուշադրություն է դարձնում ընդհանուր պատկերին ու միեւնույն ժամանակ նաեւ մանրուքներին, որի շնորհիվ էլ կարողանում է իմաստավորել մեծ պատկերը։ Նա կարողանում է տեսնել դետալները, ունի խնդիրներ լուծելու լավ ունակություն, լավ հաղորդակցության եւ դիտարկման հմտություններ։ Հավաքելով բոլոր տվյալները, փնտրելով լրացուցիչ տվյալներ՝ դրանք համադրելու ու վերլուծելու միջոցով նա կարողանում է կանխատեսումներ անել, հերքել կամ հաստատել տեսությունները: Սա գրեթե նույնությամբ այն է, ինչ անում են մեր ուսանողները case-երի ուսումնասիրության ժամանակ»,- մանրամասնել է Թիերի Բուրժեր-Հելմշենը:

Շերլոք Հոլմս լինելը դեռ բավարար չէ

Ու՞մ պետք է ընկերություններն ընդունեն աշխատանքի՝ Շերլոք Հոլմսի՞ն, թե՞ MBA-ի շրջանավարտներին: Պրոֆեսորը խորհուրդ է տալիս ընտրել MBA-ի շրջանավարտներին, որովհետեւ նրանք, ունենալով Շերլոք Հոլմսի բոլոր ունակությունները, նաեւ լրացուցիչ հմտություններ ունեն:

«Մենեջերը պլանավորում եւ կորդինացնում է ոչ միայն իր աշխատանքը, այլեւ ամբողջ թիմինը: Նա պետք է նաեւ ունենա զարգացած ինքնակառավարման հմտություններ, որպեսզի կարողանա լինել լավ առաջնորդ ու մարդկանց առաջ տանել»,- ասել է Թիերի Բուրժեր-Հելմշենը:



Նրա  խոսքով՝ այսօր առաջատար ընկերությունները, բացի լավ կրթությունից, ուշադրություն են դարձնում նաեւ մի շարք փափուկ հմտությունների: Մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ սովորելու, խնդիրներ լուծելու, ինքնակառավարման, հաղորդակցության, նախաձեռնողականության եւ ստեղծարարության, պլանավորման եւ կազմակերպման, թիմային աշխատանքի, ինչպես նաեւ տեխնոլոգիական հմտություններ: Հատկանշական է, որ 5 տարի անց այս ցանկը կարող է բոլորովին տարբեր լինել:

Ինչպե՞ս գերազանցել Շերլոքին: Իսկ ChatGPT-ի՞ն

«Անհրաժեշտ հմտություններում վարժվելու համար մենք մեր ուսանողների համար ստեղծում ենք այնպիսի իրավիճակներ, որտեղ նրանք կարիք կունենան դրսեւորելու այդ հմտությունները: Դասավանդման մեթոդը շատ ինտերակտիվ է: Ուսանողները պետք է աշխատեն լուծել բարդ խնդիրներ, ճիշտ հաղորդակցվեն մյուս ուսանողների հետ, պատրաստեն զեկույցներ, պրեզենտացիաներ, մասնակցեն մասնագիտական ուղղվածության մի շարք խաղերի, կատարեն case-երի ուսումնասիրություն եւ այլ վարժանքներ: Մենք համոզված ենք, որ առաջադրվող վարժությունների բազմազանությունը շատ կարեւոր է հմտությունների զարգացման համար»,- պարզաբանել է Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսորը:



Անդրադառնալով նաեւ ապագայի հմտություններին՝ նա կարեւորել է արհեստական բանականության հետ աշխատելու կարողության զարգացումն ուսանողների շրջանում: Իր դասերի շրջանակում նա ակտիվորեն կիրառում է ChatGPT-ն:

«Ռազմավարության շուրջ աշխատելիս ChatbGPT-ն օգտագործում ենք, որպեսզի տեսնենք, թե որոնք են ստանդարտ լուծումները, իսկ հետո փորձում ենք գտնել ավելի լավ լուծումներ, հասկանալ՝ որոնք են AI-ի բացթողումները, ինչ տվյալներ է այն օգտագործել, որը մենք չունենք, եւ ինչպիսի տվյալներ մենք կարող ենք ձեռք բերել, որն այն չունի:



Մենք այն ներգրավվում ենք դասապրոցեսում, որպեսզի մեր ուսանողներն աշխատաշուկայում լինեն ավելի մրցունակ նաեւ այն իմաստով, որ գիտեն՝ ինչպես օգտագործել AI-ն լավագույն ձեւով»,- հավելել է դասախոսը:

Ինչու՞ ընտրել Համաեվրոպական Executive MBA-ը

Դասախոսության ավարտից հետո Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սզամոսին ներկաներին առավել մանրամասն պատմեց կրթական հնարավորության մասին:

«Այս ծրագիրն ընթանում է 8 տարբեր երկրներում, եւ նախատեսված է բիզնեսում աշխատող մարդկանց համար, եթե ասեմ այսօրվա դասախոսության բառերով՝ մերօրյա Շերլոքների համար է, որոնք ցանկանում են թարմացնել ու կատարելագործել իրենց հմտությունները, եւ պատրաստել իրենց ապագային: Ծրագիրը ընթանում է հանգստյան օրերին՝ յուրաքանչյուր ամիս մեկ անգամ: Այն նաեւ նաեւ ներառում է 3 կրթական ճանապարհորդություններ դեպի Յորքի, Ստրասբուրգի համալսարաններ եւ Սալոնիկի եվրոպական կամպուս City College»,- նշել է նա:

Ծրագրի միջազգային լինելը թույլ է տալիս նաեւ զարգացնել ուսանողների մտածողությունը միջմշակութային հաղորդակցության շնորհիվ: Կրթական ճամփորդությունների շրջանակում տարբեր երկրներից ժամանած ուսանողներին տրվում են միեւնույն առաջադրանքները՝ մարզելով նրանց որպես թիմեր եւ ընդլայնելով մտածողության սահմանները:



Լեսլի Սզամոսին հավելել է, որ Համաեվրոպական Executive MBA ծրագիրը որակավորված է Association of MBAs-ի կողմից, ինչը փաստում է՝ ծրագիրը համապատասխանում է միջազգային ճիշտ ստանդարտներին: Բացի այդ, այն նաեւ միակ որակավորված MBA ծրագիրն է Հայաստանում:


 
«Ունենք մասնագիտական 6 ուղղություններ, դրանք են՝ ընդհանուր կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, լոգիստիկայի եւ մատակարարման շղթայի կառավարում, առողջապահության ոլորտի եւ մարդկային ռեսուրսների կառավարում: Մեր ուսանողները ստանում են անհատականացված կրթություն, ծրագրի բոլոր ուսանողներն ունեն կարիերայի զարգացմանն աջակցող քոուչ, որն օգնում է նրանց բացահայտել իրենց հմտություններն ու հետագա զարգացման հեռանկարը: Մեր շրջանավարտները ստանում են նաեւ հնարավորություն դառնալու շատ մեծ միջազգային համայնքի անդամ, որը միաձուլում է բրիտանական եւ եվրոպական լավագույն կրթությունն այստեղ՝ Հայաստանում»,- ընդգծել է:

Սպասվող միջոցառումներ

Մարտի 24-ին համալսարանի բաց դռների օրերի շրջանակում Լեսլի Սզամոսին հանդես կգա «Z սերունդը եւ մեր միասնական ապագան» թեմայով, ինչպես նաեւ կներկայացնի կրթական հնարավորությունները բակալավրի եւ մագիստրատուրայի դիմորդների համար:

Մարտի 25-ին բոլոր ցանկացողները կկարողանան անցնել անգլերենի անվճար թեստ՝ ստուգելու իրենց իմացության մակարդակի համապատասխանելիությունը համալսարանի պահանջներին:

Միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով:

Հավելենք, որ արդեն իսկ մեկնարկել է հայտերի ընդունելությունը Երեւանում իրականացվող Համաեվրոպական՝ անգլիական Յորքի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանների Executive MBA dual degree ծրագրում, ինչպես նաեւ Սալոնիկում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերում սովորելու համար:
 
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 13132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW