Vanaturants. Կոնստրուկտորական բյուրոյի միտքն ու հագուստի բրենդի հիմնումը

04.02.2023 | 00:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Զարմանալի նուրբ, կոկիկ կարերով հագուստները կրում են Made in Armenia պիտակ։ Vanaturants բրենդի արտադրանքը գեղեցիկ է ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։ Ամեն հագուստի համար ընտրվում եւ մշակվում է կարի յուրահատուկ տեսակ։

Հագուստների որոշ հատվածներում կարերն այնքան «առեղծվածային են», որ չես էլ պատկերացնում, թե ինչ կերպ են արվել։
 
Vanaturants-ի հիմնադիր Հովսաննա Վանատուրանցը Banks.am-ի հետ զրույցում պատմել է բրենդի ստեղծման, հագուստ ստեղծելիս գենետիկայի վրա հիմնվելու եւ ամառային հավաքածուի աշխատանքների մասին։
 
«Իմ երազանքի գործը չէր»

2020 թվականի սեպտեմբերի 26-ի գիշերը պատրաստել էի մի մեծ ցուցակ, որոշել էի, թե որքան եւ ինչ կտոր եմ գնելու հագուստի հետ կապված իմ գաղափարներն իրագործելու համար, պայմանավորվել էի վաճառողների հետ, որ հաջորդ առավոտ պետք է գնամ գնումների, բայց լուսաբացին ընտանիքիս անդամները Արցախից զանգեցին եւ ասացին, որ պատերազմ է սկսել։ Մինչ այդ շատ երազկոտ էի, բայց մեկ օրում ամեն ինչ փոխվեց։

Արցախից եմ, սովորել եմ Ստեփանակերտի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի մոդելավորման բաժնում։ Կրթության ընթացքում աշխատել եմ ֆիլմերի զգեստների նկարիչ։ Եղել եմ «Թեւանիկ», «Իմ խաչը», «Վերջին բնակիչը», «250 կմ» ֆիլմերի զգեստների նկարիչը, Արցախում եւ Հայաստանում մասնակցել եմ տարբեր այլ նախագծերի։

Մեդիամաքս


Եկավ շրջան, երբ ֆիլմերում աշխատելու առաջարկներին չէի համաձայնում, չնայած շատ էի սիրում եւ հիմա էլ կարոտում եմ այդ աշխատանքը, բայց դա իմ երազանքի գործը չէր։ Որոշ ժամանակ անց որոշեցի Ստեփանակերտից տեղափոխվել Երեւան։ Այստեղ բացվել էր իտալական Graduate of Instituto di Moda Burgo հագուստի կոնստրուկտորների դպրոցը։ Քանի որ որպես զգեստների նկարիչ, ոճաբան, բավական երիտասարդ տարիքում հասցրել էի բավականին փորձ ունենալ եւ ուզում էի դառնալ լավ կոնստրուկտոր, որովհետեւ հագուստի դիզայնի մեջ միայն նկարչությունը չէ, եթե մոդելավորող չես, գաղափարներդ չես կարող իրականացնել։

Graduate of Instituto di Moda Burgo-ն ավարտելուց հետո աշխատել եմ ֆաբրիկաներում, մասնագիտական առումով ամենադժվար աշխատանքը հենց այս վայրերում էր։ Աշխատանքի ծավալը մեծ էր, մարդիկ՝ տարբեր, կինոյից հետո ամեն ինչ ավելի տխուր էր, միջավայրն էլ ընդհանրապես «կինոշնի» չէր։

«Կոնստրուկտորական բյուրոյի գաղափարը չընդունվեց»

Երբ հասկացա, որ այլեւս չեմ կարող աշխատել ֆաբրիկայում, որոշեցի կոնստրուկտորական բյուրո ստեղծել։ Գծագրերս սկսեցի ուղարկել տարբեր ֆաբրիկաներ։ Արտասահմանում տարածված պրակտիկա է, երբ կոնստրուկտորական բյուրոն պատվերներ է ստանում, գծագրեր, կարի մշակումներ անում պատվիրատուի համար։ Գաղափարս չիրագործվեց, որովհետեւ մեր ֆաբրիկաները սովոր չեն, որ գծագիր անողը կարող է ֆիզիկապես հեռու լինել ու նաեւ չեն ուզում առանձին վճարել այդ աշխատանքի համար։ Հուսով եմ, որ ինչ-որ ժամանակ դրա կարիքը կլինի եւ, վերջապես, կիրագործեմ այդ գաղափարը։



Իմ բրենդը ստեղծելով այնքան էլ հետաքրքրված չէի, բայց երբ բյուրոյի ստեղծման հարցում հաջողություն չեղավ, որոշեցի գնալ այդ քայլին։ Անվան մի քանի տարբերակ դիտարկելուց հետո որոշեցի կոչել Vanaturants: Վանատուրն իմ պապն է։ Դեռ բրենդից առաջ նրա անունը վերցրել էի որպես ազգանուն։

Մինչ այդ կարի մեքենա ունեի, պլոտեր, դրա համար սկզբում մեծ ներդրումների կարիք չեղավ, բայց ընտանիքս որոշ չափով օգնեց։ Vanaturants-ը սկսվեց փոքրիկ սենյակից, որտեղ կարի մեքենան էր, գծագրերի սեղանը։ Ես գծագրերն էի անում, երկու աշխատակից՝ կարում։

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ լավ կլիներ, եթե մի փոքր ավելի շատ ներդրումով սկսեի։ Ավելի լավ է հաշվարկես ու սկզբում անհրաժեշտ չափով ներդրում անես, որպեսզի ճանապարհը դժվար չլինի։ Երբ քիչ-քիչ ես ներդնում, նույն ձեւով էլ ստանում ես։

Հովսաննա Վանատուրանցը


Սկզբում վախենում էի, պատերազմից հետո էլ այլեւս ոգեշնչված չէի, գուցե եթե պատերազմ չլիներ, այլ կերպ սկսեի։ Դժվար էր վերադառնալ նպատակներին ու երազանքներին, բայց հաջողեցի ընտանիքիս եւ այդ պահին ինձ հետ աշխատող մարդկանց օգնությամբ, որոնք կարեկցող ու նրբանկատ էին։ Ընկերուհիներս էլ լուսանկարվում էին եւ օգնում պատրաստի հագուստները ցուցադրելու հարցում։

«Դիզայներից ակնկալում են տարբերվող հագուստ»

Սկզբում առօրյա հագուստ էի առաջարկում, որ միշտ նորաձեւ է։ Այս ոճն ինձ ավելի հոգեհարազատ է, առօրյայում ես կրում եմ հարմար պիջակներ, վերնաշապիկներ, ջինսեր, բայց պահանջարկն այնքան էլ մեծ չէր։ Առաջարկում էի պարզ, բայց որակյալ կտորով, կարով ու կոնստրուկտորական աշխատանքով հագուստ, հետո հասկացա՝ Հայաստանում մարդիկ դիզայներից ակնկալում են տարբերվող հագուստ։ Այդ ամենը հաշվի առնելով՝ սկսեցի ֆիքսվել դիզայներական լուծումների վրա։



Երբ հագնում ես որեւէ հագուստ ու շատ հարմարավետ ես զգում, չես ուզում «հագիցդ հանել» պետք է իմանաս, որ մեծ հաշվով կոնստրուկտորի աշխատանքի շնորհիվ է։ Կտորն ու կարը շատ մեծ դեր ունեն, բայց հիմնական կարեւորությունը գծագրի հարմարավետությունն է։ Ես ավելի այս ուղղությամբ էի ուզում խորանալ, բայց նման որակի պահանջարկը դրսում է մեծ, իսկ քանի որ Հայաստանում եմ, անում եմ այն, ինչ այստեղ է պահանջված։ Նորմալ է, որ մարդն իրատես է, ստեղծված իրավիճակում՝ ճկուն։

Հագուստ ստեղծելուց առաջ պարտադիր չէ, որ մատիտով նկարեմ, սկզբում հավաքում եմ «մուդբորդը», ուսումնասիրում, թե որոնք են տարվա թրենդային գույները, ձեւվածքները, բացվածքները, որովհետեւ ժամանակի հետ հագուստը կոնստրուկտիվ փոփոխության է ենթարկվում։ Հավաքում եմ այս ամբողջ ինֆորմացիան ու մշակում։ Ամեն ինչ հաշվի եմ առնում՝ գուցե լայն հագուստը շատ նորաձեւ է, բայց հայկական կազմվածքին չի սազում, նման դեպքում այնպիսի լուծում եմ տալիս, որ թրենդային լինի, մեր կազմվածքին ու ճաշակին համապատասխան։



Նախկինում գծագրերը ձեռքով էի անում, հիմա՝ ծրագրով։ Պատրաստի գծագրերը տպում եմ, փորձարկում մակետի, բյազի կտորի վրա, որովհետեւ միանգամից թերությունները երեւում են։ Մշակումներից հետո երկրորդ փորձարկումը լինում է հենց այն կտորի վրա, որով կարվելու է հագուստը, վերջնական շտկումներից հետո էլ տալիս եմ արտադրության։

Շատ լավ եւ սրտացավ տեխնոլոգի հետ եմ աշխատում, ամեն հագուստի համար միասին քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել, որ մաքսիմալ որակյալ լինի։ Հեշտ ենք համագործակցում, միանգամից հասկանում է, թե ինչ որակ է պետք, կարերի տարբեր մշակումներ է առաջարկում, ինչն էլ աշխատանքն էլ ավելի որակյալ է դարձնում։

«Որակ ապահովելը հեշտ չէ»

Հայաստանում մատչելի գնով հագուստ արտադրելը դժվար է, որակ ապահովելը եւս հեշտ չէ։ Հայկական արտադրության ամենադժվար կողմն այն է, որ որոշ վատ արտադրողների պատճառով հայ արտադրողին նկատմամբ վստահություն չկա ու գնորդները, երբեմն, ուզում են էժանացնել քո աշխատանքը՝ պատճառաբանելով տեղում արտադրած լինելով, բայց տեղում արտադրելն ամենաթանկ բանն է։ Հայաստանում որակյալ կտորի արտադրություն չկա, լավ հումք ձեռք բերելը մեծ դժվարություն է, հատկապես, որ չեմ ուզում թուրքական կտոր գնել։ Աշխատանքային տարիների ընթացքում ծանոթացել եմ մարդկանց հետ, ովքեր եվրոպական կտորներ են ներմուծում եւ խելամիտ գներով վաճառում։



Կտորի որակն անկանխատեսելի է, երբ անփորձ ես, ավելի հաճախ կարող ես սխալվել, բայց հիմա ավելի զգույշ եմ, բոլոր նոր կտորներից փոքրիկ հատվածներ եմ կտրում, լվանում, փորձարկում, հետո կարում։ Երբ աչքդ սովորում է որակին, հասկանում ես՝ ինչը կփչանա, ինչը՝ ոչ, բայց բոլորը կարող են սխալվել, անգամ համաշխարհային մեծ բրենդներից կարող ես հագուստ գնել ու առաջին լվանալուց հետո փչանա։

Սիրում եմ վերնաշապիկներ, բայց Հայաստանում չեմ գտնում կտորներ, որոնցից լավ վերնաշապիկներ կկարեմ։ Վերնաշապիկի կտորը պետք է հարմար, չճմրթվող ու նաեւ գեղեցիկ լինի։ Գիտեմ, որ եթե ես ուզում եմ որակով ու գեղեցիկ վերնաշապիկ կրել, ապա իմ հասակակիցները եւս կուզեն։

Կտորները, որ ձեռք եմ բերում, սահմանափակ քանակությամբ են, մեր ստեղծած հագուստները՝ եւս։ Նաեւ չեմ սիրում նույն օրինակից շատ կարել։ Հստակ թիվ չկա, թե որեւէ զգեստից քանի օրինակ է կարվելու, մաքսիմումն այնքան է, որքան կտորն է թույլ տալիս, դեռ չեմ էլ ուզում մեծաքանակ արտադրության անցնել։ Բացի այդ, ինձ մոտ եկող հաճախորդը վճարում է՝ իմանալով, որ իր զգեստից կարող է ընդամենը 2-3 օրինակ լինել։ Իհարկե, կան նաեւ մոդելներ, որ ավելի շատ են կարվում, օրինակ՝ S-ից մինչեւ XXL չափը։



Vanaturants-ը հիմնադրելիս որոշել էի պատվերով չաշխատել, այլ առաջարկել իմ տարբերակները, բայց դժվար էր, որովհետեւ սկզբում, գոնե չտուժելու եւ որոշ եկամուտ ապահովելու համար, պետք է նաեւ պատվերներ անես։ Այժմ ունենք ժամանակ եւ աշխատակից, ով կարողանում է նաեւ պատվերներ ընդունել, բայց մարդիկ պետք է հասկանան՝ զգեստը, որի համար պետք է զրոյից աշխատել, մակետ հանել, ավելի թանկ է արժենալու, քան այն մոդելները, որոնք մենք ենք առաջարկում։ Հաճախորդները կարող են նաեւ մեր ստեղծած հագուստից այլ կտորով պատվիրել՝ առանց հավելյալ ծախսի։

Սրահ՝ օնլայն բիզնեսի համար

Vanaturants-ը օնլայն գործող բրենդ է, հիմնականում պատվերներն այդպես են արվում, դիմողը, օրինակ, ասում է, որ S չափի հագուստ է ուզում եւ եթե կասկածում եմ չափի հարցում՝ խնդրում եմ ուղարկել նաեւ մարմնի որեւէ հատվածի շրջագիծ, քանի որ մարդիկ կարող են իրենց M չափը S պատկերացնել։ Վերջնական ճշգրտումներն օգնում են չսխալվել հագուստի չափի հարցում։



Վերջերս Խորենացի 47/7 հասցեում սրահ եմ բացել, որտեղ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի ցանկացողները գան, տեղում տեսնեն պատրաստի օրինակները, փորձեն, բայց անհրաժեշտ է նախապես պայմանավորվել, որովհետեւ դեռ մենակ եմ աշխատում, երբեմն գործերով դուրս եմ գալիս, պատահում է, որ ինքս եմ առաքումներն անում։ Սիրում եմ մարդկային, ջերմ լինել, ինձ նաեւ դուր է գալիս ոճաբանի աշխատանքը եւ սրահ եկողներին հաճույքով խորհուրդներ եմ տալիս, օգնում եմ ճիշտ կողմնորոշվել։

«Ֆիքսվում եմ տարազների կոնստրուկցիայի վրա»

Հայերի մեծ մասը չի սիրում վառ հագնվել, ավելի նախընտրում է բեժ, սպիտակ, սեւ գույների հագուստ, որ միշտ պրակտիկ լինի, բայց մենք կոլորիտային ազգ ենք, մեզ գույներ շատ են սազում։ Հագուստի ստեղծման հարցում կենտրոնանում եմ գենետիկայի վրա, իսկ մեր տարազները գունավոր են եղել։

Արվեստի ինստիտուտն ավարտելուց հետո իմ առաջին հավաքածուն տարազներն էին եւ ես՝ որպես կոնստրուկտոր, խորը ուսումնասիրել եմ դրանք։ Ինձ միշտ հետաքրքրել են, ցանկացել եմ անձամբ վերցնել թանգարաններում պահպանված տարազների չափերը, դա ինձ կօգնի մեր կազմվածքի համար ավելի ճիշտ լուծումներ տալ։ Հիմա էլ ֆիքսվում եմ տարազների կոնստրուկցիայի վրա, որոնք միշտ էլ ընդգծել են հայ կնոջ մարմինը։ Մենք լայն տարազներ չենք ունեցել եւ դա գենետիկա է, որը խորը նստած է մեր ենթագիտակցության մեջ։ Հայ կանայք նախընտրում են մարմինն ընդգծող հագուստ։ Որքան էլ նիհար լինենք, մեզ սազում է ավելի կոկիկ, մարմինն ընդգծող հագուստ։

«Ուզում եմ արժեքավոր ջինսեր ստեղծել»

Արդեն աշխատում ենք ամառային հավաքածուի ստեղծման վրա, ամառային շորեր ենք կարում։ Սահմանափակել եմ տեսականին, ավելացրել եմ յուրահատկությունը, դիզայնն ու ավելի բարձր որակը։ Կարում ենք զգեստներ, կիսաշրջազգեստներ, բլուզներ, տոպեր, վերարկուներ, վերնաշապիկներ։ Այժմ նախկին քանակը չենք հասցնում, բայց կարեւորը որակն է։ Կարեւոր է, որ գտել եմ իմ հաճախորդին ու հասկանում եմ նրան, մարքեթինգային հոտառությունս էլ ուժեղացել է, գիտեմ, որ մոդելն ինչ պահանջարկ է ունենալու։

Հովսաննա Վանատուրանցը


Ուզում եմ ֆիքսվել յուրահատուկ ջինսերի վրա, որոնք կտարբերվեն թե՛ գունային գամմաներով, թե՛ կոնստրուկտիվ գծերով ու մշակումներով։ Ամռանը ջինսային փոքրիկ հավաքածու կունենանք՝ դիզայներական լուծումներով։

Ջինսից լավ որակի հագուստ ստանալու համար հատուկ մեքենաներ են պետք, որոնք մենք չունենք, բայց տեխնոլոգի հետ այնպիսի մշակումներ ենք մտածել, որ հագուստը ներսից նայելուց միանգամից հասկանան՝ դրանք դիզայներական են, աչք շոյող։

Հրաշալի կլինի, եթե Հայաստանում ջինսի որակյալ կտորի արտադրություն լինի, այս ոլորտը կզարգանա։ Հայերը ջինս շատ են սիրում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 32037
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW