Թալինի երազանքների «գործարանը» եւ քարի փոշուց պատրաստվող իրերը

25.11.2022 | 22:31 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Թալինն ավելի քան մեկ տարի առաջ Թեհրանից տեղափոխվել է Երեւան եւ հիմնել իր երազանքների «գործարանը»։ Վայրը, որտեղ աշխատում է, դժվար է գործարան անվանել, փոքրիկ տարածք է, որտեղ նա քարի փոշուց պատրաստում է դեկորատիվ իրեր։

Dream_factory-ի հիմնադիր Թալին Միրզայանսը Banks.am-ի հետ զրույցում պատմել է Իրանում սկսած եւ Երեւանում շարունակվող գործի, իրերի ստեղծման եւ աշխատանքային երազանքների մասին։

«Ինչի հետեւից գնում ես, գալիս է հետեւիցդ»

Այս աշխատանքի մասին երազում էի այն պահից, երբ ուզում էի տանը գեղեցիկ դեկորատիվ իրեր ունենալ։ Միշտ սիրել եմ ամեն ինչ իմ ձեռքով անել։ Այս տարածքի դռներն ու պատերը ինքս եմ ներկել, վարագույրները պատրաստել։ Երեխա ժամանակվանից տեսել եմ, թե ինչպես է հայրս ոսկերչությամբ զբաղվում, իսկ մայրս տարբեր նյութերից ծաղիկներ, ծաղկամաններ ու հայկական դիզայնով սփռոցներ պատրաստում։

Թալին Միրզայանսը


Մասնագիտությամբ թարգմանիչ եմ, Իրանում պարսկերենից անգլերեն թարգմանություններ էի անում եւ երբ սկսեցի նաեւ դեկորատիվ իրեր պատրաստել, աշխատում էի փոխադրումներ իրականացնող ընկերությունում, աշխատավարձս ծախսում էի նյութեր գնելու վրա։

Ամեն ինչ ինքնուրույն եմ սովորել։ Առաջին գործերը ցեմենտով էի պատրաստում, բայց լավ չէր ստացվում՝ ֆորմայից հանելուց վնասվում էր, չորանալուց հետո ճաքճքում։ Սկսեցի փնտրել, թե նման իրերն ինչ հումքով են պատրաստում։ Ասում են՝ «ինչի հետեւից գնում ես, գալիս է հետեւիցդ»։ Պատահաբար համացանցում մի էջի սկսեցի հետեւել, որ հենց նման իրեր էր վաճառում։ Հարցրեցի հումքի մասին եւ մի գործ էլ գնեցի, որ տեսնեմ, թե ինչպիսին է։ Դրանից հետո սկսեցի լավ նյութով աշխատել ու վաճառել Իրանում գործող մի կայքի միջոցով։



Առաջին պատվիրատուն իրանցի էր, հետո նաեւ հայերի շրջանում սկսեցին իմ գործերի մասին իմանալ, բայց պատվերները շարունակեցի ավելի շատ իրանցիներից ստանալ։ Նրանք միանգամից ավելի մեծ թվով իրեր են ցանկանում ունենալ, մեկ պատվերի ժամանակ ոչ թե մեկ սկուտեղ կամ զարդատուփ են պատվիրում, այլ՝ ամբողջ հավաքածու։

Մեկ տարի եւ երկու ամիս առաջ որոշեցի տեղափոխվել Հայաստան, բոլոր իրերս հավաքեցի ու եկա։ Այդ օրվանից գործն այստեղ եմ շարունակում, հումքը ներմուծում եմ Իրանից, այնտեղ նյութերի վրա ավելի քիչ գումար էի ծախսում, իսկ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ ավելի շատ, որովհետեւ նաեւ ներմուծման արժեքն է գումարվում։

Թալին Միրզայանսը


Իրանը, իհարկե, ավելի մեծ երկիր է, քան Հայաստանը, թվում է՝ հնարավորություններն էլ ավելի շատ են, բաց համացանցի հետ կապված սահմանափակումներ կան, գովազդելու հնարավորություն չկա, այդ իմաստով նաեւ զարգանալու տարբերակը մեծ չէ, ինֆորմացիան էլ հիմնականում հաճախորդների միջոցով է տարածվում։ Հայաստանում այլ է, հանգիստ կարողանում եմ հրապարակումներ անել, ինչն օգնում է, որ հաճախորդը գտնի ինձ, ես էլ՝ նրան։

Ջրակայուն եւ հրակայուն իրեր

Հիմնականում պատրաստում եմ սկուտեղ, բաժակի տակդիր, զարդաման, ծաղկաման, մոխրաման, շրջանակ, ժամացույց, գրասեղանի դեկորատիվ իրեր։ Դրանք պատրաստում եմ քարի փոշուց՝ առանց որեւէ խառնուրդի, դրա համար էլ բավական ծանր են ստացվում, բայց նաեւ ամուր, գեղեցիկ, ջրակայուն եւ հրակայուն են: Եթե նույնը գիպսից պատրաստեմ՝ անհամեմատ թեթեւ կլինի, բայց նաեւ պակաս դիմացկուն։

Թալին Միրզայանսը


Այս աշխատանքը շատ եմ սիրում, լինում է, որ առավոտյան ժամը 10-ից եմ սկսում եւ չեմ նկատում, թե օրն ինչպես մթնեց։ Եթե հնարավոր լինի, ապա ամբողջ օրն էլ կաշխատեմ։

Յուրաքանչյուր իր պատրաստելիս նախ հաշվարկում եմ, թե որքան քարի փոշի եւ ջուր է պետք, դրա համար ամեն ինչ կշեռքով եմ անում, նյութերը պետք է ճիշտ համադրությամբ խառնել։ Եթե իրը ոչ թե բնական գույնով է, այլ՝ ուրիշ, ապա գույնը հենց քարի փոշուն եմ խառնում եւ ոչ թե պատրաստելուց հետո ներկում։ Պատրաստի զանգվածը լցնում եմ ֆորմայի մեջ, որոնց մի մասը ներմուծում եմ, մի մասն էլ ինքս եմ պատրաստում։ Մինչ ֆորմայի մեջ գտնվող զանգվածը չորանում եւ վերջնական տեսք է ստանում, անցնում եմ հաջորդ աշխատանքին։



Երբ իրն արդեն չոր է, պատում եմ հատուկ նյութով։ Որակը նաեւ դրանից է կախված։ Այդ նյութի փնտրտուքի ճանապարհին շատ տարբերակներ եմ փորձել, մինչեւ գտել եմ ինձ պետք եղածը։ Այն չունի հոտ, վտանգավոր չէ առողջության համար եւ դրանով պատված սկուտեղների մեջ, օրինակ, կարելի է չոր ուտեստներ դնել։

Մի մարդու գործարան

Ժամանակի հետ վերաբերմունքս փոխել եմ իմ պատրաստած իրերի նկատմամբ: Նախկինում աննշան, փոքրիկ թերություններին ավելի հանգիստ էի վերաբերվում, իսկ հիմա, եթե տեսնեմ, որ մի բան այն չէ, չեմ ուղարկում պատվիրատուին։ Ինձ մոտ պատվեր անող մարդիկ սիրում են էսթետիկ, ժամանակակից իրեր, ու քանի որ իրենց աշխարհը հենց այդպիսի նմուշներով են գեղեցկացնում, կարծում եմ՝ նրանց փոխանցվող իրերը պետք է անթերի լինեն։

Թալին Միրզայանսը


Dream factory-ում միայնակ եմ աշխատում, բայց հույս ունեմ, որ ապագայում տարածքն ավելի մեծ կլինի, աշխատակիցներ կլինեն եւ նմուշներն էլ ոչ միայն օնլայն, այլ նաեւ իմ ունեցած խանութում կվաճառվեն։ Մարդիկ նկարներով տեսնելուց լավ չեն պատկերացնում, թե ինչպիսի իրեր են, իսկ այն հաճախորդները, ովքեր արդեն մեկ անգամ պատվիրել են, շարունակում են նորերը գնել։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 32035
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW