«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF-ՔՈԱՖ) արդեն երկու տարի իրականացնում է ինկուբացիոն ծրագիր հիմնադրամի շահառու գյուղերի երիտասարդների համար՝ հնարավորություն տալով զարգացնել իրենց համայնքները, նպաստել տարածաշրջանային սոցիալական խնդիրների լուծմանը եւ իրականություն դարձնել հիմնադրամի շրջանավարտների ստարտափ գաղափարները: Ethome-ը ծրագրի հաջողած գաղափարներից մեկն է. նպատակը՝ Հայաստանում էթնոտուրիզմի զարգացումն է հյուրատնային ցանցի ստեղծմամբ եւ գյուղական ծառայությունների մատուցմամբ:«Մեր համայնքում փոփոխություն անելու համար ինքներս պետք է լինենք այդ փոփոխությունը»,- ասում է 21-ամյա Անուշը, ով այս խոսքերում համոզվել է Իտալիայի Մեսինայի համալսարանում ուսանելու ամիսներին: Անուշի նախաձեռնությամբ չորս գաղափարակից երիտասարդներ Հայաստանի տարբեր գյուղերից միավորվել են եւ սկիզբ դրել էթնոմշակութային տուրիզմի զարգացմանը:Որոշել են՝ առաջին հյուրատունը Արմավիրի մարզում պետք է լինի, քանզի Արմավիրը տուրիզմի տեսանկյունից Հայաստանի անտեսված մարզերից է, նաեւ հյուրատնային ցանցի սխալ բաշխվածության պատճառով. Անուշը Լուսանկարը՝ Ethome «Ծրագրի գաղափարը առաջացավ, երբ ես հասկացա, որ Արմավիրի մարզը հիմնականում դիտարկվում է որպես գյուղատնտեսական եւ միայն այդ ուղղությամբ է զարգանում: Տարբեր մարզեր այցելելուց եւ տեղի հյուրանոցային ցանցին ծանոթանալուց հետո մտածում էի՝ եթե մեկը գա իմ մարզը տեսնելու, որտե՞ղ կարող է գիշերել: Հասկացա, որ մեր մարզում գրեթե չկան հյուրատներ, հյուրանոցներ: Արմավիրի մարզը Երևանին, թերևս, ամենամոտ մարզերից է, ու մարդիկ, ովքեր չեն սիրում երկար ճանապարհ կտրել-անցնել հանգիստը կազմակերպելու համար, կնախընտրեին երեւանամերձ մարզերում հանգստանալ»,- նշում է Անուշը ու թվում Բագարանի՝ հյուրատան նախատեսվող վայրի առանձնահատկությունները: Տեղանքից տեսանելի է Արաքս եւ Ախուրյան գետերի հատման կետը, հնադարյան Շուշանիկ եկեղեցին։ «Ընտրեցի Բագարան գյուղը, որովհետեւ տատիկս Բագարանից էր, ու փոքրուց իրենց հին տան ու նաեւ գյուղում շատ հին տների տեսարանը մնացել է իմ հիշողության մեջ: Բագարան ու Երվանդաշատ գյուղերը նախկինում ունեցել են մայրաքաղաքի պատմություն ու մեծ պատմամշակութային անցյալ, որոշեցինք դա միքսել գյուղատնտեսական, գյուղական առօրյայի հետ ու ստանալ էթնիկ մշակույթ, որն էլ բնորոշն է մեր տարածաշրջանին»,- ասում է Անուշը:Մոդելի յուրահատկությունն այն է, որ հիմնադիրները պատրաստվում են տարբեր մարզերում տեղայնացնել նախագիծը՝ կախված մարզի առանձնահատկությունից, ավանդույթներից ու բնորոշ գծերից:Թիմի անդամներից Սարգիսը սովորում է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, զուգահեռաբար՝ աշխատում իր մասնագիտությամբ եւ գաղափարի իրագործմանն ուղղված աշխատանքներում էլ ներդնելու է իր մասնագիտական հմտությունները. Սարգիսը Լուսանկարը՝ Ethome «Թիմին միացել եմ հետաքրքիր գաղափարը կյանքի կոչելու համար՝ վստահ լինելով նաեւ հետաքրքիր թիմակիցների վրա: Առաքելությունս էթնիկ հյուրատան մոդելի մշակումն է՝ ելնելով հյուրատան գեոլոկացիայից՝ ինտերիեր, էքստերիեր, լուծումների մշակումներ, բրենդինգի մշակում»:Երիտասարդների գլխավոր նպատակներից է նաեւ տուրիզմի զարգացումը սկսել սահմանամերձ գոտիներից՝ դրանով լուծելով սոցիալական մի շարք խնդիրներ՝ նոր աշխատատեղերից ընդհուպ մինչեւ երիտասարդական տարբեր ծրագրերի կենտրոնի ստեղծում. «Սա ավելի շատ սոցիալական ձեռնարկատիրություն է»:Գաղափարը ստարտափի վերածելու առիթը հանդիսացավ COAF Ինկուբացիոն ծրագիրը, որի շնորհիվ նորաստեղծ բիզնեսը ունեցավ իր առաջին ներդնումը՝ 3000 ԱՄՆ դոլար: Ներսես Խաչատրյանը Լուսանկարը՝ COAF ՔՈԱՖ-ի շրջանավարտների ծրագրերի ղեկավար Ներսես Խաչատրյանի խոսքով, ինկուբացիոն ծրագրի շրջանակներում չորսամսյա դասընթացներից հետո երեք ընտրված գաղափարներ մասնագիտական խորհրդատվության ներքո սկսում են իրենց գործունեությունը. «Օգնում ենք ստարտափներին զարգացնել իրենց բիզնեսի պլանը, գտնել նոր ներդրումներ եւ դուրս գալ դեպի շուկա: Մեր գլխավոր նպատակն է ստարտափին հասցնել գաղափարի փուլից մինչեւ վաճառքի փուլ»:Կրթական ծրագրերով ավելի քան 15 երկիր այցելած Անուշը վստահ է, որ իր համար կարեւոր է վերադառնալ համայնք, ունենալ համայնքի հետ կապը պահող ծրագրեր, կառույցներ. «Այն, ինչ ես այսօր կամ, պարտական եմ իմ համայնքին, դպրոցին, հատկապես ՔՈԱՖ-ին, սկսեց մեր համայնքում ծրագրեր իրականացնել, երբ դեռ 12 տարեկան էի»:Լյուդմիլա ՇիրվանյանԼուսանկարները՝ Ethome նախագծի Tweet Դիտում՝ 20981