“Նախատեսում ենք ներգրավել նոր ռեսուրսներ”

11.11.2008 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
“Հայէկոնոմբանկի” վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի հարցազրույցը “Մեդիամաքս” գործակալությանն ու Banks.am պորտալին

- Ներկայացրեք, խնդրեմ, վերջերս Լոնդոն եւ Վաշինգտոն կատարած Ձեր այցի արդյունքները:

- Լոնդոն և Վաշինգտոն կատարած այցերի ընթացքում տեղի ունեցան 20-ից ավելի հանդիպումներ միջազգային խոշոր բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ, որտեղ քննարկվեցին ինչպես նախօրոք համաձայնեցված ծրագրերը, այնպես էլ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ նոր վարկային ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Այդ ծրագրերի իրականացումը փոքր-ինչ հետաձգվել էր հիմնականում պայմանավորված Հայաստանի ներքաղաքական իրավիճակով եւ միջազգային ֆինանսական ճգնաժամով, սակայն մենք նախատեսում ենք ներգրավել նոր ռեսուրսներ, թե հետաձգված և թե նոր վարկային ծրագրերի շրջանակներում:

- Անցած տարի բանկի ստացված արտաքին վարկային միջոցների մեծ մասն ուղղված էր միկրո, փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմանը: Ինչպե՞ս է ընթանում այդ միջոցների տեղաբաշխման գործընթացը, ի՞նչ առավելություններ են հաշվի առնվում բանկի կողմից փոխառուների ընտրության պարագայում:

- “Հայէկոնոմբանկի” ռազմավարական առաջնային ուղղություններից է փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը, որի համար բանկը միջոցներ է ներգրավում միջազգային ֆինանսական կառույցներից: Ներգրավված միջոցներն արդեն ամբողջությամբ տեղաբաշխվել են:

Բանկում ձևավորվել եւ կիրառվում են վարկավորման առաջատար տեխնոլոգիաներ, որոնք տարբերվում են կախված վարկատեսակներից: Նշված տեխնոլոգիաների ձևավորման մեջ մեծ դեր ունի մեր մասնագետների աշխատանքային փորձը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների տեխնիկական օժանդակությունը:

Վարկավորման ժամանակ հաշվի է առնվում վարկառուի փորձը, բիզնեսի կայունությունը, վարկային պատմությունը, գործունեության ոլորտը եւ այլն:

Կցանկանայի նշել նաեւ, որ սպառողական վարկավորումը չի հանդիսանում բանկի ռազմավարական առաջնային ուղղություններից մեկը և բանկը չի խրախուսում շուկայի այդ հատվածում իր մասնակցության ծավալների մեծացմանը:

- Շարունակելով փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման թեման` կցանկանայինք իմանալ, թե ո՞ր փուլում են գտնվում Երեւանում ՓՄԲ սուբյեկտների վարկավորման մասնագիտացված մասնաճյուղ-կենտրոն գործարկելու ծրագրերը եւ փոխառուներին ի՞նչ նոր ծառայություններ են առաջարկվելու:

- Միջին և փոքր բիզնեսի վարկավորման կենտրոնը բացվել է դեռ անցյալ տարի, սակայն ամբողջ ծավալով սկսել է գործել այս տարի: Այն յուրահատուկ է նրանով, որ հանդիսանում է ոլորտի մասնագետների պատրաստման դարբնոց: Ներկայումս արդեն իսկ պատրաստվել են գրեթե 40 մասնագետներ, որոնք գործուղվել են բանկի ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի մասնաճյուղեր: Նախատեսում ենք 3 տարվա ընթացքում ունենալ մոտ 100 մանագետներ, ովքեր կֆինանսավորեն միկրովարկավորման ծրագրերի շրջանակներում: Նշված գործընթացը կրելու է շարունակական բնույթ եւ բանկը մեծ ակնկալիքներ ունի միկրովարկավորման կենտրոնի գործունեությունից:

Ծրագրի իրականցման համար մեծ օժանդակություն են ցուցաբերում BFC-ի մասնագետները, նրանք օգնում են կատարել ինչպես կադրերի ընտրությունը, այնպես էլ ծրագրերի ներդրումը: Կենտրոնում գործում է ինքնուրույն վարկային կոմիտե, որն իր լիմիտների սահմաններում իրականացնում է փոքր և միջին բիզնեսի վարկավորում:

- Աճող մրցակցության պայմաններում Հայաստանի բանկերը սկսել են մեծ նշանակություն հատկացնել նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Արդյո՞ք այդ նորարարությունները վաղաժամ չեն այն իմաստով, որ հասարակությունը դեռեւս դրանց գործնական կիրառման համար բավարար հմտություններ չունի:

- ֆինանսական շուկայում ներդրված բանկային առաջատար տեխնոլոգիաները եւ նորամուծությունները բավականին արագ են յուրացվում հասարակության կողմից: Ցանկացած նորամուծության ներդրման արդյունավետությունը պայմանավորված է նրա հանդեպ հասարակության ունեցած պահանջով և այդ ուղղությամբ արդեն իսկ արձանագրված արդյունքները վկայում են այն մասին, որ նոր ծառայությունների ներդրումը եւ սպասարկման նոր մակարդակի ապահովումը դարձել է առօրյա պահանջ հասարակության համար:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները` “Հայէկոնոմբանկը” ձեռնամուխ է եղել իր հաճախորդներին նոր ծառայությունների առաջարկման հետ մեկտեղ տրամադրել նաեւ անվճար խորհրդատվություն:

- Բանկերը հարց են բարձրացնում վարկային եւ դեպոզիտային տոկոսադրույքների բարձրացման վերաբերյալ, ավելին, քննարկվում է թույլատրելի նվազագույն վարկային տոկոսադրույքի սահմանափակումը վերացնելու հեռանկարը: Ինչպիսի՞ն է “Հայէկոնոմբանկի” դիրքորոշումը:

- “Հայէկոնոմբանկը”, համահունչ լինելով շուկայում տեղի ունեցող զարգացումներին, եւ հաշվի առնելով տեղական շուկայում տոկոսադրույքների բարձրացման փաստը, բարձրացրել է վարկային տոկոսադրույքները: Միջինում, կախված վարկատեսակից, տոկոսադրույքները բարձրացել են 2-4 տոկոսային կետով: Մեր բանկի կողմից վարկավորման տոկոսադրույքների բարձրացումը պայմանավորված է շուկայի մասնակիցների հետ հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ:

“Հայէկոնոմբանկն” աշխատում է խոշոր միջազգային կառույցների հետ եւ հակված է միջազգային ռեսուրսներով բանկային պորտֆելի ձևավորմանը: Ինչ վերաբերվում է ավանդների տոկոսադրույքներին, դրանք մնում են անփոփոխ եւ մենք չենք տեսնում փոփոխման անհրաժեշտությունը, քանի որ ներքին շուկայում մեր կողմից ներգրավված միջոցների, առաջին հերթին ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցների, ծավալներն աճում են: Օրինակ, վերջին երկու եռամսյակների ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալները աճել են գրեթե 35 %-ով:

- Այսօր կարելի է լսել հակասական կարծիքներ Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցության մասին: Փորձագետների մի մասը կարծում է, որ ազդեցությունն աննշան կլինի, մյուսները պնդում են, որ ազդեցությունը կլինի ամենալուրջը եւ լրջորեն կազդի Հայաստանի բանկային համակարգի վրա: Դուք ի՞նչ եք կարծում:

- Ճգնաժամի ազդեցությանը դեռեւս արտահայտվում է արտաքին ֆինանսական շուկաներից միջոցների ներգրավման որոշակի բարդություններով, որն ի դեպ, ինչպես արդեն նշեցի, ՀՀ-ում տոկոսադրույքների բարձրացման հիմնական պատճառն է: Այնուամենայնիվ, ՀՀ բանկային համակարգն ի վիճակի է դիմակայել միջազգային ֆինանսական ճգնաժամին` շնորհիվ իր բարձր իրացվելիության եւ կապիտալով ապահովվածությամբ: Նկատի ունենանք նաեւ, որ ՀՀ Կենտրոնական բանկը, հանդիսանալով ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորիչ, բավականին խիստ հսկողություն է իրականացնում բանկային համակարգի նկատմամբ եւ միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցության դեպքում իր նշանակալի դերը կունենա համակարգի կայունության եւ գործունեության անընդհատության պահպանման գործում:

- Մինչեւ տարեվերջ քիչ ժամանակ է մնացել. ինչպիսի՞ն էր անցնող տարին “Հայէկոնոմբանկի” համար: Ո՞ր հիմնական ձեռքբերումների մասին կարելի է խոսել:

- Ընթացիկ տարին բանկի համար նշանակալի էր մի շարք իրադարձություններով: Վարկային կենտրոնի բացումը լուրջ քայլ էր վարկավորման գործընթացի իրականացման որակի բարձրացման ուղղությամբ: Գործարկվեցին մասնաճյուղեր ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

ՀՀ-ում առաջին անգամ ներդրվեց և գործարկվեց call-center (զանգերի կենտրոն) ծառայությունն` “Արմենտելի” հետ համատեղ: 86-86 հեռախոսահամարը հնարավորություն է տալիս հաճախորդներին շուրջօրյա տեղեկատվություն ստանալ մեր սակագների, տոկոսադրույքների եւ բանկի այլ ծառայությունների վերաբերյալ: Փետրվարին Սևծովյան առևտրի եւ զարգացման բանկի հետ կնքվեց վարկային պայմանագիր, որի միջոցներն ուղղվեցին փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը: Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ կնքվել են պայմանագրեր ինչպես համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, այնպես էլ հիփոթեքային շուկայի վարկավորման համար: Atlantic Forfeiterungs AG վարկային կազմակերպությունից ստացվել է հերթական տրանշը` ուղղված առևտրի վարկավորմանը:

Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցել միջազգային կառույցների հետ, մասնավորապես նախատեսում ենք հանդիպումներ Ֆրանկֆուրտում նոյեմբերին կայանալիք եվրոպական բանկերի տարեկան կոնգրեսում, որին մասնակցելու հրավեր ենք ստանում երկրորդ տարին անընդմեջ:

Դիտում՝ 9841
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW