Եւ ինչպե՞ս է ԿԲ-ն տնօրինում իր պահուստները Նախորդ օրը` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՀՀԿ խմբակցության անդամ Ա.Դավթյանը վարչապետ Տ.Սարգսյանին հարց ուղղեց` համաշխարհային տնտեսական ճգնաժամը ինչպե՞ս եւ ի՞նչ չափով է ազդել Հայաստանի տնտեսության վրա, արդյոք կառավարությունը գնահատե՞լ է հնարավոր ռիսկերը, եւ ի՞նչ է ձեռնարկում գլոբալ ճգնաժամի բացասական հետեւանքերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Վարչապետի պատասխանը հարցի հեղինակին ոչ միայն չի համոզել, այլեւ զարմացրել է: Ստորեւ` պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ նկատառումները սույն խնդրահարույց հարցի վերաբերյալ: - ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ չի տալիս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը բանավեճի վերածել: Եւ, բնականաբար, չէի կարող հակադարձել վարչապետի պարզաբանումներին, անդրադառնալ` որքանով ճիշտ կամ սխալ, ընդունելի կամ անընդունելի են կառավարության փաստարկները: Բայց չեմ կարող չասել, որ վարչապետի պատասխաններով, մեղմ ասած, բավարարված չեմ: Առավել եւս` նկատի ունենալով այն կտրական շեշտադրումները, խրատական տոնը, որով կառավարության ղեկավարը հանդես եկավ` մասնավորապես, բարձրաձայնելով Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 4 կետից բաղկացած ՙհանձնարարականները՚: Ըստ վարչապետի, մասնագետների առաջին հանձնարարականը կամ “առաջարկությունը” հետեւյալն է. հնարավորինս քիչ խոսել սպասվող ճգնաժամի կամ աղետի մասին` տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների շրջանում իբր բացասական սպասումներ, խուճապային տրամադրություններ չստեղծելու, ըստ այդմ` հնարավոր ռիսկերը եւ բացասական հետեւանքները էլ ավելի չխորացնելու համար: Կարծում եմ, սա ընդհանրապես ընդունելի մոտեցում չէ: Եթե ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն համոզված լինեին, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ձեւը այդ ռիսկերը չտեսնելը, դրանց մասին չխոսելն է, նախ եւ առաջ իրենց ծնած երկրներին նման խորհրդատվություն կմատուցեին: Առաջին հերթին` նույն Միացյալ Նահանգներին, որտեղ բոլոր լրատվամիջոցները խոսքները մեկ արած` գլոբալ համաշխարհային ճգնաժամի եւ դրա հետեւանքները հաղթահարելու մասին են խոսում: Չգիտեմ` ի՞նչ նպատակ են հետապնդում վարչապետի պնդումները, հավաստիացումները, թե մեզանում ամեն ինչ կարգին է, մեր տնտեսությանը, ֆինանսական համակարգին ոչինչ չի սպառնում, կամ ինչքանո՞վ կօգնեն` դիմակայելու հնարավոր բացասական զարգացումներին: Անձամբ ես այդ առումով լավատես չեմ: Ի վերջո, եթե կա խնդիր, պետք է այդ խնդիրը վեր հանել, հասկանալ պատճառները, կանխատեսումներ անել, եւ հետո լուծումներ փնտրել, ոչ թե կոծկել կամ ձեւացնել, թե ոչինչ չի պատահել: Մանավանդ որ դրա փորձը ունենք: Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ վրաց-օսական հնգօրյա պատերազմը նոր էր սկսվել, եւ այդ “համաշխարհային ճգնաժամ” ասվածը չէր էլ ուրվագծվում, այն ժամանակ էլ ասվում էր, թե վրացական “ճգնաժամը” որեւէ ազդեցություն չի ունենալու մեր տնտեսության վրա: Այն դեպքում, երբ ակնհայտ էր, եւ ժողովուրդն էլ տեսնում էր, որ խնդիրը կա, եւ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել ռուս-վրացական դիմակայության բացասական հետեւանքները մեղմելու համար: Այսօր արդեն բոլորն ընդունում են, եւ կառավարությունն էլ “խոստովանում” է, որ իսկապես լուրջ կորուստներ ենք կրել. Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները մոտ 670 միլիոն դոլարի վնաս են հասցրել մեր երկրի տնտեսությանը: Եթե այդ իրողությունը ժամանակին ներկայացվեր միջազգային հանրությանը, միգուցե Վրաստանին տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնության մի մասն էլ Հայաստանին հատկացվեր: Այնպես որ` անկախ վարչապետի պարզաբանումներից, մնում եմ այն կարծիքին, որ լռությունը լավագույն միջոցը չէ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: - Ռեպլիկի իրավունքից օգտվելով` նաեւ խոցելի համարեցիք Կենտրոնական բանկի որդեգրած մոտեցումը, ըստ որի` ԿԲ պահուստների մի մասը ոսկու վերածելը անիմաստ է, քանզի դա ոչ միայն արդարացված չէ, այլեւ վնասաբեր է: Վարչապետի պարզաբանումներն այս դեպքո՞ւմ էլ համոզիչ չեք համարում: - Իմ հարցադրման մեջ, այո, նշեցի, որ, որոշ վերլուծաբանների կարծիքով, ոսկու իրական եւ իրավական կարգավիճակների միջեւ կա որոշակի հակասություն, եւ այդ հակասությունն ամենեւին չի նպաստում ֆինանսական համակարգի կենսունակությանը: Նաեւ սրանից ելնելով է, որ շատ երկրներ իրենց պահուստների մի մասը պահում են ոսկով, որպես կայուն արժեք: Մարդկությունը, ցավոք, ավելի հուսալի եւ ավելի կայուն արժեք դեռեւս չի հնարել: Եւ խնդիրն ամենեւին էլ այն չէ` ԿԲ-ն վաճառե՞լ է, թե՞ չի վաճառել, ճի՞շտ է արել, որ ազատվել է իր ոսկու պաշարներից, երկիրը դրանից շահա՞ծ է դուրս եկել, թե՞ կորցրել է` նկատի ունենալով վերջին տարիներին դոլարի սրընթաց արժեզրկումը: Իմ հարցադրումը հետեւյալն էր. ժամանակը չէ՞, որ մենք մեր արտարժութային պահուստների որոշ մասը պահենք ոսկով: Սրան ի հակակշիռ` վարչապետը վկայակոչեց ՙդասագրքային պարզ ճշմարտութուններ՚, բացատրեց, որ ոսկին ԿԲ ակտիվներում ընդամենը հարստության կուտակման գործառույթ է իրականացնում: Երկրորդ` մատնանշեց եկամտաբերության եւ իրացվելիության խնդիրը: Կարծում եմ, այստեղ իսկապես խնդիր ունենք: Կենտրոնական բանկի 2007թ. տարեկան հաշվետվության մեջ, “արտարժույթով ակտիվներ” մասում գրված է. “Իրական արժեքով չափվող ֆինանսական գործիքներ, որոնց վերաչափման արդյունքում օգուտները եւ վնասները ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությամբ” հոդվածով` 2006-ի վերջին ունեցել ենք 79 միլիարդ 440 միլիոն դրամի, 2007-ի վերջին` 318 միլիարդ 671 միլիոն դրամի կամ ավելի քան 1 միլիարդ դոլարի նմանատիպ ակտիվներ: Այս պարագայում հարց է առաջանում` որտե՞ղ են տեղաբաշխվել այդ գումարները: 2003 թվականից, երբ սկսվեց դրամի արժեւորումը, մեր արտարժութային պահուստները ավելանում են: Ավելանալուց հետո վերագնահատման արդյունքում ծախսային կամ վնասների մասում համապատասխան գումարներ են ավելանում: Հասկացա°նք: Բայց եթե ասվում է, որ պահուստները ոսկով պահելը եկամտաբեր չէ, դարձյալ հարց է առաջանում. ի՞նչ եկամտաբերության մասին է խոսքը, եթե միայն 2006թ. ԿԲ վնասները կազմել են 28 միլիարդ 970 միլիոն դրամ, իսկ 2007թ.` 43 միլիարդ 794 միլիոն: Դրամի արժեւորման հետ կապված` ավելի սարսափելի թվերի հետ գործ ունենք. միայն դրամի արժեւորման հետեւանքով այդ վնասները կազմել են 37 միլիարդ 927 միլիոն` 2006թ., եւ 52 միլիարդ 984 միլիոն` 2007-ին: Ուրեմն` Կենտրոնական բանկը ինչպե՞ս է տնօրինում, տիրապետում եւ օգտագործում իր արտարժութային միջոցնեըե մթե մեզանում ամեն ինչ հոյակապ է, խնդրեմ` փակագծերը բացեք, ապացուցեք, որ այդպես է: Tweet Դիտում՝ 4999