Երեւանում մեկնարկել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթը: Դրա նպատակն է երիտասարդներին փոխանցել բիզնեսի ոլորտում առաջացող խնդիրների լուծման գործնական հմտություններ, բարելավել կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը: Նմանատիպ մրցույթներն աշխարհում մեծ տարածում ունեն, Հայաստանում CaseKey-ն անցկացվում է երկրորդ անգամ: Այս տարի մրցույթի հատուկ հյուրը Շոն Լիմոնն է, որն աշխարհի լավագույն քոուչերից է եւ դասավանդում է Ֆլորիդայի համալսարանում: Banks.am-ը ներկա է եղել CaseKey-ի բացման միջոցառմանն՝ առանձնացնելով քննարկումների ու ելույթների հետաքրքիր դրվագները: Արշակ Կարապետյան, CaseKey մրցույթի համահիմնադիրՇնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ Հայաստանի Կենտրոնական բանկին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը: Առանց նրանց աջակցության այս մրցույթն իրականություն չէր դառնա: Շնորհավորում եմ այսօր այստեղ ներկա մասնակիցներին, որոնք թեժ պայքարի արդյունքում հաղթահարել են մրցույթի առաջին փուլերը: Եթե թվերով խոսենք, 520 դիմորդից քոուչինգի փուլ են հասել 152-ը: Արշակ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բոլորին խորհուրդ եմ տալիս վայելել աշխատանքի, սովորելու ընթացքը, որովհետեւ վերջնարդյունքը շատ լավ է, բայց այս ընթացքում է, որ գիտելիք ու կապեր եք ձեռք բերելու: Բենջամին Բրնս, ԱՄՆ դեսպանատան տնտեսական եւ առեւտրային գծով պատասխանատուԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցել այս մրցույթին: Դեսպանությունում տնտեսական եւ առեւտրային հարցերով եմ զբաղվում եւ միշտ ուշադրություն եմ դարձնում երիտասարդներին, որոնք ձգտում են հաջողության հասնել ձեռնարկատիրության ոլորտում, նորարար գաղափարներ ու նոր մտածողություն են առաջ քաշում: Բենջամին Բրնսը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այսօր ապագա ու նաեւ ներկա ձեռնարկատերերը հնարավորություններ են փնտրում, հաջողության հասնելու նոր ճանապարհներ եւ բիզնես խնդիրների լուծման նման մրցույթները կարող են դառնալ այդ հնարավորություններից մեկը: Նման միջոցառումների ընթացքում դուք ոչ միայն յուրահատուկ մոտեցումներ եք գտնում իրական կյանքում հանդիպող խնդիրների լուծմանը, այլեւ սովորում եք իրարից: Գարեգին Գեւորգյան, Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրենՄեծ հաճույք է տեսնելը, որ այս միջոցառումն ավանդական է դառնում, մեծ հաճույք է աջակցել դրան: Գարեգին Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս նախաձեռնությունը դժվարությամբ է ծնվել, բայց հույս ունեմ ու վստահ եմ, որ CaseKey-ն դառնալու է Հայաստանի ամենահետաքրքիր բիզնես-միջոցառումներից մեկը: Ալ Եսայան, IntelinAir ընկերության հիմնադիր, գործարարՀաջողության բանաձեւն, ըստ իս, մի քանի բաղադրիչ ունի: Դրանցից առաջինը հոգատարությունն է: Եթե հոգատարությամբ չես մոտենում գործիդ, ստեղծածիդ, ուրեմն շարունակելով զբաղվել դրանով՝ անիմաստ էներգիա ես կորցնելու: Ալ Եսայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պետք է մի կողմ դնել բոլոր պատճառաբանությունները, որոնք մենք՝ մարդիկ, այդքան սիրում ենք, չմտածել՝ «ես բավարար գեղեցիկ չեմ», «բավարար կրթված չեմ», «բավարար նիհար չեմ» ու կենտրոնանալ միայն ձեր սրտում եղած առաքելության վրա: Երբ սկսեք հոգ տանել ձեր մտքերի ու առաքելությունների մասին, կնվիրվեք դրանց: Առհասարակ, ամբողջ կյանքում պետք է նվիրված լինել, խոսքը ինչ-որ բանին նվիրվելու մասին չէ միայն, նվիրված եղեք ինքներդ ձեզ: Շարունակեք աճել, ավելի լավը դառնալ, ներդրում արեք ինքներս ձեր մեջ: Մանուկ Հերգնյան, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիրԱյսօր, երբ մեր երկրում իսկապես ճակատագրական իրադարձություններ են տեղի ունենում, շատ դժվար է մասնակցել նման մասնագիտական քննարկումների: Պետք է խոստովանեմ՝ վերջին շրջանում քիչ եմ մասնակցում մասնագիտական միջոցառումների, բայց այս մեկը չէի կարող մերժել: Մի քիչ մտածելուց հետո հասկացա, որ այն իսկապես լուրջ կապ ունի մեր այսօրվա իրականության հետ: Երեւի մտածեցիք՝ խոսքն այն մասին է, որ եթե ամեն մեկն իր գործը լավ կատարի, ապա մեր երկիրը կզարգանա: Իհարկե, սա ճիշտ է: Բայց ես մի քիչ այլ բան նկատի ունեմ: Կարծում եմ՝ մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ են մարդիկ, որոնք կարող են խնդիրներ լուծել: Ոչ թե խնդիրներից փախչող, ոչ թե ուրիշին մեղադրող, ոչ թե խնդիրներից վախեցող, այլ «թեւերը քշտող» եւ խնդիրներ լուծող մարդիկ: Խոսքս բոլոր ոլորտների մասին է: Ի՞նչ առաքինություն պետք է ունենա մարդը, որ կարողանա խնդիր լուծել: Առաջինը, ըստ իս, քաջությունն ու համառությունն է: Մանուկ Հերգնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երկրորդ կարեւոր առաքինությունը խոնարհությունն է: Կմտածեք՝ ի՞նչ կապ ունի խոնարհությունը խնդիրների լուծման հետ. մարդը, որը կարող է ընդունել իր սխալը, կարող է խնդիր լուծել: Case լուծելիս պետք է միշտ մտածեք՝ «այն, ինչ ես հիմա մտածում եմ, կարող է սխալ լինել»: Մյուս կարեւոր առաքինությունը լայնախոհությունն է՝ խնդրին տարբեր դիտանկյուններից նայելու կարողությունը: Ռուբեն Հարությունյան, HENDERSON Group-ի հիմնադիր ղեկավար, գործարարԿյանքն ինքն իրենով մրցույթ է, եթե չեք հավատում, հիշեք՝ ինչպես եք ծնվել: Դուք ծնվել եք մրցույթի մեջ ու ամբողջ կյանքը մրցույթ է լինելու: Իմ կարծիքով՝ ձեռնարկատիրության մեջ հաջողության հասնելու համար երեք բաղադրիչ կա: Ընկերությունը, որը ստեղծում եք, պետք է ունիկալ լինի: Համոզված եմ՝ ցանկացած ասպարեզում այսօր էլ կարելի է ստեղծել հաջողակ ընկերություն, կարեւորը՝ դրա յուրահատկությունը գտնելն է: Ռուբեն Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երկրորդ՝ պետք է պատրաստ լինեք, որ ձեր այդ յուրահատկությունը շատ արագ սկսելու են կրկնօրինակել, ձեր շուրջը եղած իրավիճակը փոխվելու է՝ քաղաքական, տնտեսական առումով, նոր օրենքներ են ընդունվելու, նոր խոչընդոտներ են լինելու: Պետք է կարողանաք ադապտացնել ձեր բիզնես մոդելը եղած իրականությանը: Հաջողության համար անհրաժեշտ երրորդ բաղադրիչը ժամանակն է: Ամեն ինչ ճիշտ ժամանակին արեք: CaseKey մրցույթի բացման արարողությունից հետո մասնակիցների համար առաջին թրեյնինգն է անցկացրել Միացյալ Նահանգներից ժամանած աշխարհի լավագույն քոուչերից Շոն Լիմոնը: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 40837