“Տաքսիների խնդիրը կլուծվի օրենսդրական փոփոխություններից հետո”

20.09.2008 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալին

- Նախատեսվում էր, որ Հայաստանի հասարակական տրանսպորտային բոլոր միջոցները պետք է անցնեն դեղին պետհամարանիշների: Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, շատ տաքսիներ շարունակում են աշխատել սպիտակ համարանիշներով: Ո՞րն է պատճառը:

- Հասարակական ավտոտրանսպորտային ծառայություններ մատուցող բոլոր լիցենզավորվող սուբյեկտները` լինեն դրանք մասնավոր ձեռնարկատերեր, թե կազմակերպություններ, սկսում են իրենց գործունեությունը միայն դեղին պետհամարանիշներ ստանալուց հետո:

Հիմնական խնդիրն այստեղ վերաբերում է անհատներին, որոնք որպես տաքսի են օգտագործում սեփական ավտոմեքենան` շրջանցելով հարկային դաշտը:

Մենք ծրագրում ենք այդ խնդիրը լուծել օրենսդրական փոփոխությունների միջոցով, որոնց համաձայն մասնավոր ձեռնարկատերերը որպես պետական տուրք կվճարեն 25 000 դրամ` ի տարբերություն ներկայիս 200 000-ի: Մեկ ավտոմեքենայի դիմաց վճարվող 200 000 դրամ տուրքը կգործի միայն կազմակերպությունների համար: Համապատասխան օրենսդրական փոփոխությունը նախատեսվում է իրականացնել Ազգային Ժողովի առաջիկա նստաշրջանի ընթացքում:

- Անցնու՞մ են արդյոք տաքսիներում տեղադրող հաշվիչները սերտիֆիկացման գործընթաց պետական մարմիններում: Պահանջու՞մ է արդյոք Ձեր ղեկավարած գերատեսչությունը ստուգել հաշվիչների ճշտգրտությունը:

- Տաքսի ծառայությունների լիցենզավորում իրականացնող հանձնաժողովը կազմակերպությունից պահանջում է, որպեսզի ավտոմեքենաներում տեղադրված լինեն հաշվիչներ, սակայն այդ հանձնաժողովը տաքսի ծառայություններից չի պահանջում, որ այդ հաշվիչները համապատասխանեն որեւէ չափանիշի:

Լիցենզիա տրամադրող հանձնաժողովի ու կապի եւ տրանսպորտի նախարարության իրավասությունների մեջ չի մտնում հաշվիչների տեխնիկական ճշգրտության ստուգումը, սակայն, կարծում եմ, այդ հաշվիչների անճշտության խնդիրն անշուշտ առկա է:

Ոչ միայն տաքսիներում տեղադրված հաշվիչները, այլեւ ընդհանրապես բոլոր չափող եւ ստուգող սարքերը պետք է համապատասխան ստուգում անցնեն, որի արդյունքում իրավասու մարմնում կստանան սարքավորման ճշտությունը հավաստող փաստաթուղթ:

Այդ խնդիրը վերջին անսվա ընթացքում գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք փորձում ենք այս ուղղությամբ որոշակի քայլեր նախաձեռնել: Նշեմ, որ Հայաստանում կան պետական մարմիններ, որոնք կարող են չափման և ստուգման ծառայություններ իրականացնել, օրինակ` էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ստանդարտիզացման ծառայությունը:

- Վերջերս կառավարությունում ասվում էր, որ երթուղային տաքսիների քանակը աստիճանաբար կրճատվելու է ավտոբուսների թվի ավելացման հաշվին: Ո՞ր փուլում է այդ գործընթացը եւ ի՞նչ արդյունք է ակնկալվում:

- Երթուղային տաքսիների թվի կրճատումը եւ ավտոբուսների թվի ավելացումը նախատեսված են քաղաքապետարանի նոր ծրագրով, որի համաձայն նոր տրանսպորտային սխեմայի մշակումից հետո կսկսվի Երեւանի տրանսպորտային համակարգի բարելավման գործընթացը: Եթե չեմ սխալվում, այդ սխեմայի մշակման վերջնաժամկետն արդեն անցել է:

Այդ գործընթացը երկարատեւ է լինելու, սակայն արդյունքում երթուղային տաքսիների թիվը կկրճատվի կիսով չափ, եթե ոչ ավել, փոխարենը ավելանալու է ավտոբուսների քանակը:

Այդ միջոցառումները թույլ կտան լուծել տրանսպորտային խցանումների խնդիրը, ինչես նաեւ բարձրացնել ուղեւորափոխադրումների մակարդակը:

Երթուղային տաքսիների քանակի կրճատումը թույլ կտա նաեւ պահպանել ավտոբուսային երթեւեկության այժմյան սակագները, քանի որ դիզելային վառելիքով աշխատող ՙԲոգդան՚ ավտոբուսների տնտեսապես շահութաբեր սակագինն այժմ գերազանցում է 100 դրամը: Սակագինը բարձր է ուղեւորների փոքր թվի պատճառով: Եթե երթուղայինների թիվը պակասի, ուղեւորների հոսքը կուղղվի դեպի ավտոբուսներ, որոնց տնտեսապես շահավետ սակագինը, բնականաբար, կնվազի, եւ մենք կկարողանանք պահպանել գործող սակագինը 100 դրամի չափով:

- Ըստ նոր կարգի, Հայաստանում գործող տաքսիների տարիքը չպետք է գերազանցի 10 տարին. չի՞ նախատեսվում արդյոք այս կարգը տարածել նաև երթուղային տաքսիների վրա:

- Երթուղային տաքսիները եւս ենթարկվում են նոր կարգի, որի համաձայն միկրոավտոբուսների տարիքը չպետք է գերազանցի 15 տարին:

Սակայն ակնհայտ է, որ գործող երթուղիներում կան այս տարիքը գերազանցող մեքենաներ: Դրանք այն միկրոավտոբուսներն են, որոնք շահագործման են հանձնվել մինչ նոր կարգի ընդունումը: Առաջիկա մրցույթների արդյունքում հին ավտոմեքենաներն աստիճանաբար կանհետանան սպասարկման ոլորտից:

Երթուղայինների մրցույթներն արդեն անցնում են նոր կարգի համաձայն, եւ երթուղի կարող են դուրս գալ միայն այն միկրոավտոբուսները, որոնց 15 տարին չի լրացել:

Նշեմ, որ նույնիսկ այս պայմաններում երթուղիները համալրվում են հիմնականում նոր միկրոավտոբուսներով, քանի որ մրցույթին մասնակցող ընկերությունները առաջնորդվում են այն գաղափարով, որ մրցույթում առավելություն է ստանում նոր մեքենաներ ունեցողը: Հետեւաբար, երթուղային գծերի մրցույթների մասնակից ընկերությունները նախընտրում են հանդես գալ նոր միկրոավտոբուսներով, ինչը նպաստում է Հայաստանի երթուղային տաքսիների պարկի նորացմանը:

Դիտում՝ 6279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW