Համաեվրոպական Executive MBA ծրագրի ուսանողների ու ծրագրով հետաքրքրվողների համար Երեւանում կազմակերպվել է «Հանդիպեք գլխավոր տնօրենին. Ինչ է ակնկալում ղեկավարությունը» թեմայով MBA սեմինար-քննարկում: CITY քոլեջը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2012 թվականից՝ առաջարկելով կրթաթոշակներ Սալոնիկում բակալավրի եւ մագիստրատուրայի համար: 2016 թվականից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021 թվականից Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը վերափոխվել է համաեվրոպական Executive MBA ծրագրի՝ առաջարկելով բրիտանական Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների MBA կրթություն։Տարբեր կառույցների ղեկավարները ներկաների հետ կիսվել են խնդիրներով, որոնց բախվում են ամեն օր, աշխատակիցներին ընտրելու չափանիշներով, խոսել համավարակից հետո փոխված աշխատաշուկայի մասին: Մեդիամասքը ներկա է եղել քննարկմանն ու առանձնացրել հետաքրքիր դրվագները: Քննարկումը վարող Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին նախ ներկայացրել է ծրագիրը՝ նշելով, որ այն մասնագիտացում է առաջարկում վեց ոլորտներում՝ մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, լոգիստիկ, առողջապահական եւ մարդկային ռեսուրսների մենեջմենթ: Լեսլի Սզամոզին Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ծրագիրը հիմնվում է ակադեմիական գիտելիքի վրա, բայց դրան զուգահեռ, նման միջոցառումներ կազմակերպելով, մենք զարգացնում ենք ուսանողների «փափուկ հմտությունները» (soft skills): Այսօր մեզ հետ 5 անձիք են, որոնք տարբեր ոլորտների կազմակերպություններ են ղեկավարում, նրանք կկիսվեն իրենց փորձով, կպատասխանեն հետաքրքրող հարցերին», - ասել է պրոֆեսոր Սզամոզին: Ինչի՞ մասին են ղեկավարներն անհանգստանում ամեն օր Դենիս Լաուս, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն«Ես Բելգիայից եմ, Հայաստան եմ տեղափոխվել 2021թ. սեպտեմբերին: Ինձ հեշտ է խոսել կազմակերպության մասին, որում աշխատում եմ, որովհետեւ այսօր մենք հենց դրա տարածքում ենք հավաքվել: Կազմակերպությունը, որը ես ղեկավարում եմ, մարդիկ են, որոնց հանդիպել եք այսօր մուտքի դռնից ներս մտնելուց հետո մինչեւ այս դահլիճ: Միշտ ասում եմ՝ մենք չենք վաճառում ննջասենյակներ, աթոռներ կամ ուտելիք, մենք վաճառում ենք էմոցիաներ: Սա ամենակարեւորն է հյուրընկալության ոլորտում՝ մատուցել ճիշտ էմոցիաներ: Դենիս Լաուսը Լուսանկարը՝ Մեդիամաքս Եթե անդրադառնամ հարցերին, որոնց մասին անհանգստանում եմ ամեն օր, առաջինը միանշանակ վստահությունն է: Երբ 6 ամիս առաջ այստեղ աշխատանքի անցա, ունեի թիմի կարիք, որը կվստահի ինձ: Նույնը եւ ես՝ ուզում եմ միշտ վստահել թիմիս: Մյուս առաջնահերթությունն ինձ համար ստացած արձագանքներն են: Աշխատանքիդ վերաբերյալ արձագանք ստանալը շատ կարեւոր է, սա ինձ համար միակ ճանապարհն է ավելի լավ մարդ ու ավելի լավ ղեկավար դառնալու համար»: Արաքսյա Մարտիրոսյան, IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն «IAB-ն իմ երրորդ զավակն է: Այն հիմնադրվել է 2001թ.-ին ու արդեն ավելի քան 20 տարի մենք փորձում ենք մարդկանց օժտել հմտություններով, որոնց կարիքն ունի այսօրվա աշխատաշուկան: Ստացվել է այնպես, որ ինքս եմ ինձ համար աշխատանք ստեղծել ու նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս: Եթե չեք գտնում աշխատանք, որը ձեզ դուր է գալիս, ստեղծե՛ք այն: Արաքսյա Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սա հիասքանչ գործընթաց է: Ինչ վերաբերում է ամենօրյա անհանգստություններին ու առաջնահերթություններին, ինձ համար դա մարդու մտածելակերպն ու աշխարհայացքն է: Չափազանց կարեւոր է մարդկանց, ղեկավարների, մենեջերների, աշխատակիցների, ամբողջ թիմի մտածելակերպը: Այս ուղղությամբ ես աշխատում եմ ամեն օր ու ամեն տեղ, ուր գնում եմ՝ օգնում եմ զարգացնել կամ ստեղծել ճիշտ մտածելակերպ, որը կնսպաստի հաջողությանը»: Լիլիթ Ասատրյան, Հայաստանի կին ձեռներեցների ցանցի նախագահ«Մեր կազմակերպության նպատակն է նպաստել երկրի զարգացմանն՝ օգտագործելով կանանց ներուժը բոլոր ոլորտներում: Ինձ համար առաջնային խնդիրներից է կանանց շրջանում ձեռներեցության ու, իհարկե, ղեկավարման հմտությունների զարգացումը: Համոզված եմ, երբ կանայք ինքնաբավ են ու անկախ նաեւ ֆինանսապես, ավելի ինքնավստահ են դառնում ու սա ճիշտ ժամանակն է, որպեսզի մասնակցեն բարձր մակարդակով որոշումների կայացմանը: Լիլիթ Ասատրյանն ու Ամալյա Եղոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սա իմ ամենօրյա առաջնահերթություններից է: Իմ կարեւորագույն նպատակներից է մեր հասարակությունում շատ հզոր անհատականություններ ունենալ, որպեսզի ստեղծենք այնպիսի հզոր երկիր, որ մոտ ապագայում վերածվենք աշխարհին աջակցող երկրի, այնպես, ինչպես հիմա շատ երկրներ աջակցում են մեզ իրենց մարդկանց միջոցով»: Ամալյա Եղոյան, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ապահովում է կրթություն տեխնոլոգիական բնագավառում եւ մենք կենտրոնացած ենք հիմնականում Հայաստանի մարզերի վրա: Տեխնոլոգիական բնագավառը Հայաստանում զարգանում է, բայց այստեղ եւս ղեկավարների մի շարք հմտություններ դեռեւս մարտահրավեր են մնում: Մեր գործունեությամբ մենք փորձում ենք Հայաստան բերել միջազգային տեխնոլոգիական ընկերություններ ու հիմա հենց այդ փուլում ենք՝ Ուկրաինայում ու Ռուսաստանում իրավիճակի հետ կապված: Ամալյա Եղոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այժմ էլ բավականին բարդ է գտնել մենեջերների, որոնք կղեկավարեն այստեղ եկող թիմերն ու ընկերությունները: Այնպես որ, հույս ունեմ, որ Executive MBA ծրագրի արդյունքում կունենանք նաեւ տեխնոլոգիական ոլորտի որակյալ մենեջերներ»: Արամ Մխիթարյան, «Ագրոլիզինգ» լիզինգային վարկային կազմակերպության տնօրեն «Հյուրերի մեջ միակն եմ, որ Executive MBA ծրագրի շրջանավարտ եմ: 2012թ.-ից ղեկավարում եմ ագրոլիզինգի ոլորտում աշխատող վարկային կազմակերպություն: Մեր ամենօրյա խնդիրը ճիշտ որոշումների կայացումն է: Որոշումներ, որոնք կարող են ազդել մեր հաճախորդների ու մեր կազմակերպության ֆինանսական կայունության վրա: Հատկապես բազմաթիվ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, կազմակերպության ճիշտ ղեկավարում չափազանց կարեւոր է»: Ո՞ւմ ընդունել աշխատանքի ու ինչպե՞ս ղեկավարելԱմալյա Եղոյան, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն «Ինչ-որ պահից ես հասկացա, որ արդյունավետ աշխատանքի համար պետք չէ յուրաքանչյուր աշխատակցի ամեն օր հստակ առաջադրանք տալ, ասել՝ այսօր 9-ից 18:00-ն պետք է աշխատես, անես սա ու սա: Ես սկսեցի աշխատակիցների հետ զրուցել ու կիսվել կազմակերպության ընդհանուր տեսլականով, մեծ նպատակով, որին ցանկանում ենք հասնել ու որին հասնելու համար իրենք եւս կարող են ներդրում կատարել: Լուսանկարը՝ Մեդիամաքս Իհարկե, այդ ընթացքում շատերը լքեցին մեզ, որովհետեւ նրանց համար անսովոր էր չիմանալ՝ ինչ պետք է անեն, իսկ մյուսներն իսկապես աճեցին՝ դառնալով լավ մենեջերներ: Այսօր մեր թիմի անդամներից շատերն արդեն հիմնել ու ղեկավարում են իրենց կազմակերպությունները: Աշխատողներին նախաձեռնող լինելու հնարավորություն տալը շատ կարեւոր է»: Դենիս Լաուս, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն«Կարիերայիս ընթացքում ես փորձում եմ աշխատանքի ընդունել մարդկանց, որոնք ունեն հմտություններ ու կարողանում են լավ կատարել իրենց աշխատանքը: Այս դեպքում դու կարիք չունես ժամանակ ծախսել ու սովորեցնել այդ մարդուն՝ ինչպես աշխատել: Իհարկե, սովորեցնելով դու կրթական ֆունկցիա ես կատարում, որոշակի ներդրում ունենում, բայց ի վերջո հասկանում ես, որ ժամանակ ես կորցնում ու անօգուտ փորձում ես փոխել մարդուն, որ ավելի շատ ժպտա, փոխանցի այն կարեւոր էմոցիաները, որոնց մասին խոսեցի սկզբում ու որոնք կարեւոր են հյուրընկալության ոլորտում: Արդյունքում գիտակցում ես՝ մարդուն փոխել հնարավոր չէ ու փոխում ես աշխատանքի ընդունման մեխանիզմդ»: Աշխատանքային կոնֆլիկտներն ու կորոնավիրուսային «նոր նորմալը» Ամալյա Եղոյան, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն «Միշտ ասում եմ՝ կոնֆլիկտները հարթելու միակ տարբերակը ճիշտ հաղորդակցությունն է: Ես բավականին շատ ժամանակ եմ ծախսում թիմի յուրաքանչյուր անդամի հետ պարբերաբար զրուցելու վրա: Եթե կոնֆլիկտ է լինում, առանձին զրույցներից բացի, անպայման փորձում եմ կողմերին սեղանի շուրջ նստեցնել ու հարթել իրավիճակը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Այսպիսով, կոնֆլիկտների հարթումն ինձ համար ճիշտ հաղորդակցության մասին է, հետեւողականության ու, երբեմն, նաեւ աշխատանքից հեռացման: Այո՛, լինում են իրավիճակներ, երբ ինչ-որ մեկը չի կարողանում աշխատել թիմում: Եթե խնդիրը չի լուծվում, զրուցում ես այդ մարդու հետ ու փորձում օգնել գտնել այլ աշխատանք»: Արամ Մխիթարյան, «Ագրոլիզինգ» լիզինգային վարկային կազմակերպության տնօրեն «Կոնֆլիկտներ հետ կապված մի հետաքրքիր պատմություն ունեմ: Երկու ամիս առաջ մի խնդրի առաջ կանգնեցի, որի մասին պատմեցի ընկերոջս, ում հետ ծանոթացել եմ հենց Executive MBA ծրագրի ընթացքում: Նա բանկերից մեկի ղեկավարն է: Մի օր ճաշելու ընթացքում պատմեցի նրան, որ աշխատակիցներիցս մեկը պարզապես չի աշխատում ժամը երեքից հետո, հենց գալիս է այդ ժամն, ուղղակի ասում է, որ հոգնել է ու հրաժարվում աշխատել: Արամ Մխիթարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընկերոջս ասացի՝ «դու հազարից ավելի մարդու ես ղեկավարում, ես՝ տասներկուսին, խորհուրդ տուր, ինչպե՞ս վարվեմ»: Ընդ որում, իրավիճակը վերահսկողությունից դուրս էր գալիս, քանի որ այդ աշխատակցին հետեւելով՝ մյուսները եւս հրաժարվում էին աշխատել. մեկը չորսից հետո չէր աշխատում, մյուսն էլ՝ հինգին արդեն տուն էր գնում: Ընկերս մոտ 30 վայրկյան լուռ նայեց ինձ վրա ու հանգիստ ասաց՝ «աշխատանքից հեռացրու նրան»: Հակառակվեցի, գուցե, սա ամենահեշտ տարբերակն է, բայց արդյոք ամենաարդյունավետն է: Ընկերս շարունակեց՝ «հավատա, սա ամենաարդյունավետ տարբերակն է»: Մի քանի օրից ես այդպես էլ արեցի ու իսկապես՝ այդ դեպքից հետո մեր աշխատավայրում մարդիկ այլեւս չեն հոգնում (ծիծաղում է – հեղ.)»: Արամ Մխիթարյանի պատմությունից հետո դահլիճից հարց հնչեց կորոնավիրուսային համավարակից հետո աշխատաշուկայի փոփոխության ու դրանում եւս ձեւավորված «նոր նորմալի» մասին. «Եթե ձեր աշխատակիցը մինչեւ ժամը 3-ը կատարել է իր ողջ աշխատանքը, ի՞նչն է խանգարում նրան ազատ թողնել, աշխատանքը կազմակերպել ազատ գրաֆիկով կամ հեռավար»: Արաքսյա Մարտիրոսյան, IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն «Աշխատանքի հեռավար կազմակերպման հնարավորությունն, իհարկե, կախված է բիզնեսի, ոլորտի յուրահատկությունից: Ամբողջ աշխարհում մարդիկ կորոնավիրուսային լոքդաունից հետո չեն ցանկանում վերադառնալ աշխատավայր: Մարդիկ դեմ չեն աշխատել, բայց չեն ուզում ժամանակ ծախսել աշխատավայր հասնելու համար: Նրանք ցանկանում են ազատ ստեղծագործել: Սա նկատվում է հատկապես կանանց մոտ, քանի որ նրանք այդպիսով ցանկանում են բալանսավորել աշխատանքին ու ընտանիքին տրամադրվող ժամանակը: Արաքսյա Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Իմ կազմակերպությունը կարող է իրեն թույլ տալ աշխատանքը հեռավար կազմակերպել, բայց ես մի կարեւոր բան եմ նկատել՝ եթե ես աշխատում եմ գրասենյակից դուրս, ավելի շատ եմ աշխատում: Վերանում է բաժանումն աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ: Քեզ թվում է, թե հեռավար աշխատելով բալանսավորում ես ընտանիքիդ ու աշխատանքիդ տրամադրվող ժամանակը, բայց արդյունքում քո խոհանոցն այլեւս խոհանոց չէ, ննջարանը ննջարան չէ ու դու ավելի երկար ես աշխատում, քան գրասենյակում»: Համաեւրոպական Executive MBA ծրագրի վերաբերյալ տեղեկատվության համար զանգահարեք CITY քոլեջի երեւանյան գրասենյակ` 093 909 349 հեռախոսահամարով։Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի Tweet Դիտում՝ 18548