Տարածված կարծիք կա, որ այսօրվա պատանիները չեն կարդում։ Ժամանակի թելադրանքն է` սմարթֆոնները, գաջեթները ներխուժել են մեր կյանք եւ ավելի շատ են ժամանակ խլում։ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ փորձեցինք հասկանալ` արդյո՞ք ճիշտ է, որ վիրտուալացված մեր օրերում պատանիները հեռացել են գրականությունից։ԱրարատԲանկի աշխատակիցների 12-16 տարեկան երեխաների շրջանում անցկացված հարցախույզը հաճելիորեն զարմացրեց մեզ ու որոշակի առումով կոտրեց ընդունված կարծրատիպը։ Չե՞ք հավատում` կարդացեք այս մանուկների ոչ այնքան մանկական մտքերն ու դատողությունները։Լիլիթ. 14 տարեկանԼիլիթը հիշում է, որ իր կարդացած առաջին գիրքը Նիկոլայ Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելներն» են։ Ասում է` սիրում է հունական դիցաբանությունը եւ հետաքրքրությամբ կրկին կկարդա։ Աղջիկը պարտաճանաչորեն կարդում է նաեւ ուսուցիչների հանձնարարած գրքերը, բայց կարծում է` դրանք այդքան էլ հետաքրքիր չեն։ Ինքն իր նախընտրությամբ հետաքրքիր գրքեր է գտնում, չնայած խոստովանում է` հեշտ չէ դրանք գտնելը։ Հեռախոսո՞վ ես ավելի շատ զբաղվում, թե՞ գրքերով հարցին անկեղծորեն պատասխանում է` ավելի շատ հեռախոսներն են ժամանակ խլում, բայց չի մոռանում ավելացնել. «Մեծերն անընդհատ ասում են, որ սխալ է սմարթֆոններով շատ զբաղվելը»։ Պատմում է, որ այս պահին «Շերլոկ Հոլմսն» է կարդում` անգլերենով, նաեւ` Աստվածաշունչ է ընթերցում։ Ավելին` աղջնակը թե՛ մեծերին, թե՛ փոքրերին խորհուրդ է տալիս անպայման կարդալ Աստվածաշունչ։Վիկտորյա. 16 տարեկանԱմենաառաջին գրքերը, որ կարդացել է Վիկտորյան, դպրոցում հանձնարարվածներն են եղել` հայ գրողների գործերը։ Ասում է` սիրում է Նար-Դոսին, հատկապես «Ես եւ նա»-ն, այն դրամատիկ է։ Հիմա ավելի շատ արկածային գրքերն են հետաքրքրում նրան։Այս պահին Վիկտորյայի սեղանին «Ջեյն Էյրն» է` դասախոսի խորհրդով է ընթերցում եւ բնօրինակով` անգլերեն լեզվով։ Ուսուցիչներից գոհ է, ասում է` գայթակղիչ են ներկայացնում գեղարվեստական գրականությունը, եւ գրքերը սկսում են ձգել իրենց։ Վիկտորյայենց տանը սեփական գրադարան կա, նաեւ հաճախ են գիրք գնում կամ նվեր ստանում հենց Գիրք նվիրելու օրը։ Մայրիկի խորհրդով Վիկտորյան պատրաստվում է ընթերցել Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը։ Աղջիկը եւ՛ տպագիր գրքեր է կարդում, եւ՛ էլեկտրոնային` քինդլով, ասում է` եթե սյուժեն հետաքրքիր է, կարեւոր չէ, թե ինչ տարբերակով ես կարդում։ Լուսանկարը՝ ԱրարատԲանկ Վահագն. 13 տարեկանԴուք իհարկե չեք հավատա, բայց պատանի Վահագնը ավելի շատ գիրք է կարդում, քան սմարթֆոններով խաղում։ Այս պահին տղան «Բարեւ հարեւան» գիրքն է կարդում` ռուսերենով, ասում է` ռուսերենն ավելի հեշտ է տրվում։ Խոստովանում է` ավելի շատ կարդում է իր նախընտրած գրքերը, բայց չի անտեսում նաեւ ուսուցիչների հանձնարարածը։ Վահագնին շատ է տպավորել Շիրվանզադեի «Արտիստը»` դպրոցում էին հանձնարարել։ Ասում է` շատ տխուր պատմություն է` Լեւոնն իր ընկերուհուն չհասցրեց անգամ սիրո խոստովանություն անել։Ամռանը տեխնոճամբարի իր ջոկատավար ընկեր Սարգսից Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Այնշթայնը» գիրքն էր նվեր ստացել, որը շատ էր հավանել։ Վահագնին հատկապես դուր էր եկել Այնշթայնի այս խոսքը․ «Երեւակայությունն ավելի կարեւոր է, քան գիտելիքը։ Գիտելիքը սահմանափակ է։ Երեւակայության սահմաններում տեղավորվում է ողջ աշխարհը»։13–ամյա տղան, սակայն, ավելի հաճույքով կարդում է միստիկ գրականություն, որովհետեւ խորհրդավոր է։ Նախընտրած հեղինակն Ագաթա Քրիստին է։ Հայ գրողներից սիրում է Շիրվանզադեին։ Չեք հավատա, բայց Վահագնը նաեւ արդեն անձամբ է գրքեր պատվիրում, օնլայն գրախանութներից ինքնուրույն գնումներ է կատարում։ Լուսանկարը՝ ԱրարատԲանկ Էլեն. 13 տարեկանԷլենի կարծիքով այսօրվա պատանիներն ավելի շատ խաղում են սմարթֆոններով, քան կարդում։ Ասում է` երեխաներին ավելի շատ ինտերնետն է գերում. նաեւ ինքն է շատ տարվում համացանցով, որովհետեւ որոշել է ծրագրավորող դառնալ։ Բայց դրա հետ մեկտեղ կարդալուն էլ է ժամանակ հատկացնում։ Այս պահին «Բարեւ հարեւան» գիրքն է կարդում` ռուսերենով։ Ծնողների եւ ուսուցիչների առաջարկած գրքերն Էլենին այդքան էլ հոգեհարազատ չեն, ավելի շատ իր ընտրածներն է կարդում։ Նախընտրում է ֆանտաստիկա, սարսափ ժանրի գրքերը։ Ասում է` ունի իր ուրույն աշխարհը եւ այդ աշխարհին հոգեհարազատ գրքեր է ընտրում հենց նույն գաջեթների օգնությամբ։ Խոստովանում է` առաջին գիրքն ընդամենը 1.5 տարի առաջ է կարդացել, որովհետեւ սկզբում գրքերն իրեն հետաքրքիր չէին թվում։ Հետո հասկացավ, որ իր երեւակայությունը շատ վառ է եւ կարողանում է ֆանտաստիկ գրականությունը հասկանալ։ Առաջին գիրքը «Հարրի Փոթերն ու անիծյալ զավակն» էր, կրկին` ռուսերենով։ Մեծի պես մեծերին խորհուրդ է տալիս. «Եթե ծնողներն ուզում են, որ երեխաները շուտ սկսեն կարդալ, պետք է նրանց հետաքրքրող գրքեր տան, այլ ոչ թե պարտադրեն իրենց ուզածը»։ Լուսանկարը՝ ԱրարատԲանկ Մարիա. 12 տարեկանԱյս փոքրիկ գեղեցկուհին ոչ միայն ընթերցող է, այլ նաեւ սկսնակ գրող։ Ասում է` հիմա դետեկտիվ ժանրի պատմվածք է գրում, մյուս տարի կավարտի։ Բայց չի բացահայտում` ինչի մասին է այն, անգամ չի ասում վերնագիրը, խոստանում է հրավիրել իր առաջին գրքի շնորհանդեսին։ Մարիան այդքան շատ չի կարդում, բայց սիրում է կարդալ։ Այս պահին «Հարրի Փոթերն» է կարդում` հայերենով։ Այն նաեւ աղջկա սիրած ստեղծագործությունն է։ Կարդում է ոչ որովհետեւ հանձնարարում կամ ծնողներն են ստիպում, այլ որովհետեւ հետաքրքիր է։ Ասում է` դասարանում էլի կան կարդացող երեխաներ։ Վստահ է, որ մեծերը սխալվում են, երբ ասում են, թե այսօրվա երեխաները չեն կարդում։ Աղջիկը գրքերը դեռ ընտրում է ըստ նկարազարդման։ Մարիայի համար ամենատպավորիչ գիրքը մորաքրոջ նվիրածն էր` Ալիսայի եւ նրա ճամփորդությունների մասին։ Լուսանկարը՝ ԱրարատԲանկ Յանա. 14 տարեկանՅանան ասում է, որ գրքի հետ ծանոթությունը միշտ էլ ծնողներից է գալիս, սկզբում ծնողներն առանց քո ընտրության գիրք են տալիս ու եթե հետաքրքիր են մատուցում, դու սկսում ես սիրել եւ կարդալ։ Վստահ է` շատ բան կախված է առաջին գրքից, եթե լավ գիրք եղավ, հավանեցիր, կդառնաս ընթերցասեր։ Յանային ավելի շատ հետաքրքրում են դետեկտիվները, որովհետեւ մեր կյանքում նման հետաքրքիր բաները քիչ են, իսկ այդ գրքերն ադրենալին են տալիս։ Հիմա ընկերուհու խորհրդով մի անգլերեն գիրք է ուզում կարդալ` «The good place»-ը, բայց այս պահին դպրոցում հանձնարարած Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչն» է ընթերցում։ Յանան ավելի շատ նախընտրում է հայերեն կարդալ, որովհետեւ գտնում է, որ այսօրվա պատանիներն օտար լեզուներով շատ են կարդում` մոռանալով մայրենիի մասին։ Ամենասիրելի գիրքը հարավկորեական գրող-սցենարիստ Սոն Հյոն Քյոնգի «Արեւի հետնորդներն» է, որն անընդհատ վերընթերցում է։ Յանան սիրում է գրքի հոտը եւ նախընտրում է կարդալ թղթային, ոչ էլեկտրոնային տարբերակով։ Լուսանկարը՝ ԱրարատԲանկ Դավիթ. 12 տարեկանԴավիթը հիշում է` իր առաջին գիրքը Աստրիդ Լինդգրենի «Էմիլի արկածներն» էր։ Ասում է` ծիծաղելի էր։ Նա ոչ թե ծնողների կամ ուսուցիչների դրդմամբ է կարդում, այլ «եթե հետաքրքիր է, սիրով կարդում է»։ Չնայած անկեղծորեն խոստովանում է` օրվա մեջ ավելի շատ հեռախոսով է խաղում, քան կարդում։ Այս պահին Էրիկ Նայթի «Լեսսին» է ընթերցում։ Ասում է` քանի որ շատ է սիրում կենդանիներին, ծնողները խորհուրդ են տվել այս գիրքը կարդալ ու մեծի պես հավելում` ամեն օր քնելուց առաջ նաեւ Աստվածաշունչ է կարդում։ Ի դեպ, մեր ընթերցասեր երեխաները կարդում են նաեւ «մանգաներ»՝ «անիմե» ճապոնական մուլտերի հիման վրա պատրաստված կոմիքսներ։ Ճապոնիայում մանգա կարդում են առանց տարիքային սահմանափակման։ Այն ընդունված է եւ՛ որպես գեղարվեստի չափանիշ, եւ՛ որպես գրական երեւույթ։Զրույցը վարեց Սառա Գալստյանը Tweet Դիտում՝ 20641