Ashnak գյուղմթերք. Պատանիների բիզնես թիմը եւ աշնան գյուղի բարիքները

30.10.2021 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 15-17 տարեկան 7 պատանի ոչ միայն իրենց առաջին քայլերն են անում բիզնեսում, այլեւ օգնում են համագյուղացիներին՝ վաճառել իրենց արտադրանքը գյուղի սահմաններից հեռու:

Շուրջ երկու ամիս առաջ ստեղծված Ashnak գյուղմթերքը պահածոների, բանջարեղենի, կաթնամթերքի, ընդեղենի, չրերի տեսականի է առաջարկում սպառողին:

Ashnak գյուղմթերքի համահիմնադիր պատանիներից Մանե Պողոսյանը, Սյուզի Գրիգորյանը եւ Ալինա Ավագյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել են իրենց նախաձեռնության, առաջին դժվարությունների ու հաջողությունների, ինչպես նաեւ՝ գաղափարի զարգացման մասին:

Գյուղացիներին օգնող ստարտափը

Թիմի աղջիկներից 15-ամյա Մանեն ասում է, որ նման նախաձեռնության գաղափարն ավելի վաղ են ունեցել, բայց այն համարձակվել են կյանքի կոչել միայն որոշակի գիտելիքներ ստանալուց հետո. «Ամռանը մեր գյուղի Նուշ հյուրատանը ԱՄՆ ՄԶԳ «Ֆերմերից ֆերմեր Հայաստան» ծրագիրը մարկետինգի ու բրենդինգի դասընթացներ էր անցկացնում: Դրանց մասնակցելը հնարավորություն տվեց մեզ տիրապետել առաջնային հմտություններին, որոնք պետք էին բիզնես գաղափարն իրագործելու համար»:

Մանե Պողոսյանը

Մանեն ասում է՝ գյուղում ապրած ցանկացած ոք գիտի, որ գյուղացու արտադրանքի սպառումը, վաճառքը կազմակերպելը այդքան էլ հեշտ գործ չէ:

«Բոլոր գյուղերում էլ կան տեղի արտադրանքի սպառման հետ կապված խնդիրներ: Ashnak գյուղմթերք ստարտափի էությունն էլ այդ է՝ օգնել մեր համագյուղացիներին վաճառել իրենց արտադրանքը, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացնել այն քաղաքացիներին, որոնք փնտրում են առողջ եւ մաքուր գյուղական սնունդ»,- նշում է Մանեն:

«Ո՞նց եք անելու, կսխալվեք»

Նման բիզնես սկսելու համար նախաձեռնողների տարիքը, իհարկե, թերահավատություն է առաջացրել համագյուղացիներից շատերի մոտ, բայց հետագա համագործակցությանը չի խանգարել:

«Դասընթացի ավարտից հետո, երբ պատմում էինք մեր գաղափարի մասին, չէին ուզում մեր ոգեւորությունը կոտրեին, բայց շատերն ասում էին՝ ո՞նց եք անելու, կսխալվեք, 60-70 կմ հեռավորություն է, ո՞նց եք հասցնելու պատվերը Երեւան: Ես հուսահատվող եմ, բայց թիմում եւ շրջապատում այնպիսի մարդիկ ունենք, որոնք չկոտրվեցին ու չթողեցին, որ թեւաթափ լինել: Իրար հույս տալով իրականություն դարձրեցինք Ashnak գյուղմթերքը»,- կիսվում է Սյուզին:

Սյուզի Գրիգորյանը

Ալինան էլ նկատում է, որ ցանկացած գործ սկսելիս, մանավանդ այս տարիքում, միշտ չհաջողելու մտավախություն կա. «Բայց մեզ օգնեց նաեւ այն հանգամանքը, որ վաղուց էինք իրար ճանաչում, կարողացանք աշխատանքի ճիշտ բաժանում կատարել: Մեզնից յուրաքանչյուրն իր պարտականությունն ունի, օրինակ՝ Մանեն SMM-ով է զբաղվում, ես հաշվապահն եմ, երեխաներից մեկը վաճառքի մենեջերն է, մեկը՝ փաթեթավորողը, մյուսը՝ կապերի պատասխանատուն»:

Աշնան գյուղի բարիքները

Ինչպես աղջիկներն են ասում՝ Ashnak գյուղմթերքը ներկայացնում է աշնան գյուղի բարիքները՝ հորած, չեչիլ պանիրներ, մածուն, կոմպոտներ, մուրաբաներ, չրեր, թեյի տեսականի, ավելուկ, նուշ, ընկույզ, պնդուկ, սեզոնային բանջարեղեն: Սեզոնային գործոնն ամենամեծ ազդեցությունն ունի տեսականու վրա, ինչից կախված էլ այն կարող է փոփոխվել:

Ալինա Ավագյանը

Իսկ թե ինչու աշնան գյուղի, աղջիկները դրան էլ բացատրություն ունեն. «Այդ հարցը շատերն են տալիս, անգամ ֆեյսբուքյան էջին են գրում: Մեր գյուղի անունը աշնան հետ անմիջական կապ ունի, նախկինում այն կոչվել է Աշնանակալ, այսինքն՝ աշունը կալող, բռնող, հետագայում Աշնանակալը սեղմվել եւ դարձել է Աշնակ»:

Պատվերներն ու առաքումը

Պատվերների եւ առաքման մասին պատմելիս Սյուզին հիշում է՝ առաջին պատվիրատուն «Ֆերմերից ֆերմեր ծրագրի» իրենց մենտորն է եղել. «Երբ արդեն լոգո եւ հատուկ փաթեթավորում ունեինք, առաջին պատվերները սկսեցին անել մեր ծանոթները: Պարզ է, այդպես աջակցում էին մեզ, բայց առաջին «անծանոթ» պատվերներն էլ իրենց երկար սպասեցնել չտվեցին: Այս ընթացքում արդեն հասցրել ենք բավականին պատվերներ ունենալ, ճիշտ է, նաեւ խնդիրներ ենք ունեցել, բայց ինչպես ասում են՝ տակից դուրս ենք եկել»:


«Մի անգամ պնդուկի այնքան շատ պատվեր ունեինք, որ այդ պահին գնորդի ցանկացած քանակը չունեինք: Ամեն ինչ արեցինք, որ պատվերը տեղ հասցնենք. հավաքվեցինք, օգնեցինք գյուղացիներին քաղել պնդուկը եւ առանց ուշացնելու հասցրեցինք Երեւան: Վերջերս գրել-հարցնում էին՝ դեղձի կորիզ ունե՞ք: Իհարկե, տեսականու մեջ չունենք, բայց հնարավորության դեպքում կգտնենք գյուղացիներից եւ կառաքենք»,- պատմում է Մանեն:


Սպառողները պատվերներ կատարելու համար Ashnak գյուղմթերքի հետ կապ են  հաստատում ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Գրանցում ենք պատվերը, կապվում ենք գյուղացիների հետ, վերցնում ենք ապրանքը, փաթեթավորում եւ առաքում կատարում: Իսկ ապրանքի գինը որոշում ենք գյուղացիների հետ նախնական պայմանավորվածությամբ՝ հարցնում ենք, թե ինչ գին են առաջարկում տվյալ ապրանքի համար, դրան ավելացնում ենք փաթեթավորման ծախսերը եւ մեր փոքրիկ շահույթը»,- ասում է Ալինան եւ նշում, որ այնպես են կազմակերպել, որ պատվիրման օրից հետո ամենաուշը 2-3 օրվա ընթացքում պատվերը հասնի հասցեատիրոջը:


Ashnak գյուղմթերքն այս պահին առաքումներ է իրականացնում Թալին եւ Երեւան ուղղություններով՝ երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին: Առաքման հարցում թիմին օգնության են հասնում կամավորները՝ Աշնակից Թալին ու Երեւան գնացող աշխատողները եւ ուսանողները:

Մանե Պողոսյանը, Սյուզի Գրիգորյանը եւ Ալինա Ավագյանը

«Սկզբում մտածում էինք՝ վարորդ-առաքիչ ունենալ, որը տեղ կհասցներ բոլոր պատվերները, հետո հասկացանք, որ նախ նման ճոխություն մեզ չենք կարող թույլ տալ, հետո պատվերները կարելի է տեղ հասցնել մեր ընկերների, ուսանողների, աշխատողների միջոցով, որոնք բոլոր պատվերները հասցնում են գնորդների նշած հասցեներով»,- ասում է Ալինան:


Ashnak գյուղմթերքի հիմնադիրները իրենց նախաձեռնությունը ցանցային դարձնելու նպատակ ունեն:

«Հարակից մարզերի կամ գյուղերի երիտասարդների հետ ենք ուզում համագործակցել, օրինակ՝ երբ որ ինչ-որ արտադրանքի պատվեր ստանանք, որը մենք չունենք, կապվենք գյուղերից մեկի մեր գաղափարակիցների հետ, իրենք այդ պատվերը առաքեն Երեւան: Սկզբի համար կհամագործակցենք Թալինի շրջանի գյուղերի երիտասարդների հետ»,- ասում է Մանեն:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Դիտում՝ 17076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW