Բիզնես եւ ՏՏ ոլորտների փորձագետները թվային փոխակերպման ներկա միտումների ու հեռանկարների մասին մասնագիտական քննարկումների հնարավորություն ստացան հոկտեմբերի 21-ին The Alexander հյուրանոցում տեղի ունեցած InTech 2021 ամենամյա կոնֆերանսի ընթացքում: Այս տարի այն կրում էր «Թվային փոխակերպումը բիզնեսում» խորագիրը: Banks.am-ը ներկա է եղել միջոցառման ու ներկայացնում է դրա առանցքային դրվագները: Բիզնեսի ու ՏՏ-ի համընթաց զարգացումըInTech-ը ՏՏ շուկայի զարգացման առանցքային հարցերի քննարկման հարթակ է, որը կապում է բիզնեսի ներկայացուցիչներին ու բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ լուծումներն առաջարկող ՏՏ ընկերություններին: Այս տարվա InTech կոնֆերանսին մասնակցել են ՏՏ հսկաներ, որոնք ոչ միայն պատմել, այլեւ ցուցադրել են բիզնես լուծումների տեխնոլոգիական նորույթները: Միջոցառման տասից ավելի խոսնակները ներկայացրել են առաջիկա տարիների բիզնեսի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող հիմնական նորարարական միտումները: Softline ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սարգիս Հարությունյանի խոսքով՝ ամենամյա կոնֆերանսը նախորդ տարի չի հաջողվել իրականացնել համավարակի հետևանքով: Դա եւս պատճառ էր, որ InTech 2021-ը շատ սպասված էր ու լի նորություններով:«Այսօր աշխարհը գնում է դեպի թվայնացում: Բիզնեսում, ցանկացած տեսակի աշխատանքում ավելի շատ թվային տեխնոլոգիաներ են օգտագործվում: Մեր կոնֆերանսը հարթակ է, որը թույլ է տալիս բիզնես եւ տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներին իրար հանդիպել, հասկանալ՝ ինչպես կարելի է խնդիրներ լուծել: Տեղեկատվական տեխնոլոգիաների դերն առավել կարեւորվում է ցանկացած գործընթացի արագացմանն ու հեշտացմանն օգնելու պարագայում: Հետեւաբար, բիզնեսի եւ տեխնոլոգիաների կապն օգնում է էժանացնել գործընթացներն ու ավելացնել եկամուտը»,- ասել է նա: Սարգիս Հարությունյանը Եթե նախորդ տարիներին կոնֆերանսին մասնակցում էին հիմնականում տեխնիկական բաժինների ներկայացուցիչներ, ապա այս տարի մասնակիցների թվում ընկերությունների գործադիր տնօրեններն էին: «Կոնֆերանսն, իհարկե, շարունակական է լինելու: Ամեն տարի աճում է թե´ արտադրողների հետաքրքրվածությունը, թե´ բիզնեսի՝ նոր լուծումների մասին լսելու ցանկությունը»,- հավելել է Սարգիս Հարությունյանը: «Հայաստանը քայլ առաջ է»Կոնֆերանսը մեկնարկել է «ՏՏ ոլորտի փոփոխություններն ու միտումները» խորագրով պանելային քննարկմամբ, որի ընթացքում մի շարք մասնագետներ իրենց ընկերությունների օրինակով պատմեցին թվային փոխակերպումների, անվտանգային հարցերի ու բիզնես գործընթացների ավտոմատացման միտումների մասին: Thales ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուզնեցովի խոսքով՝ թվայնացման գործընթացին զուգահեռ աճում է կիբերհարձակումների վտանգը: «Յուրաքանչյուր քայլը դեպի նոր տեխնոլոգիաներ, որը թույլ է տալիս մեծացնել ծառայությունների մատուցման հնարավորությունները, զուգահեռաբար նաեւ ճանապարհ է կիբերհանցագործների համար: Դեպի թվային փոխակերպում կատարվող ամեն քայլը պետք է զուգակցվի լավ մտածված եւ ամրացված անվտանգային հնարավորություններով»,- նշել է նա: Թվայնացման նման տեմպերի մասին տարիներ առաջ պատկերացնելն էլ դժվար էր, մինչդեռ հիմա այն բազմաթիվ ոլորտների զարգացման պարտադիր պայման է: Սերգեյ Կուզնեցովը «Թվային փոխակերպման օրինակներից է ֆինանսական ոլորտը: Այսօր բանկային համակարգն առաջարկում է առանց գրասենյակների բանկեր՝ օգտագործելով թվային ծառայությունները: Գործարքների համար կարող է կիրառվել ցանկացած սարք, որով կարելի է այս կամ այն գնումը կատարել: Օրինակ՝ ժամացույց կամ ապարանջան, որը մոտեցնելով կատարվում է վճարումն անլար կապի միջոցով: Եթե ժամանակին ձեզ ասեին, որ կարող եք օգտագործել ձեր բջջային հեռախոսը մեքենա կամ տուն գնելու համար, գուցե չհավատայիք, սակայն սա այսօր իրողություն է մի շարք երկրներում՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, նաեւ Հայաստանում: Ինձ համար շատ հաճելի է, որ Հայաստանը մեծ քայլ առաջ է վճարումներին վերաբերող մի շարք ինտեգրացիոն հարցերում, քան շատ այլ, իմ համոզմամբ, զարգացած երկրներ մեր համայնքում»,-մանրամասնել է Սերգեյ Կուզնեցովը:Թվայնացումն ամենատարբեր ոլորտներումAPC by Schneider Electric ընկերության ներկայացուցիչ Դենիս Վայներն էլ ընդգծել է, որ թվայնացման գործընթացը միայն IT ստորաբաժանումների գործը չէ: Այն ավելի համընդհանուր խնդիր է, քանի որ շոշափում է բիզնես գործընթացների բոլոր մակարդակները: Դենիս Վայները «Արդյունավետության բարձրացումը թվայնացման գործընթացի մեկնարկի հիմնական խթանիչն է: Մենք տեսնում ենք նաեւ թվայնացման միտումների մեծ պահանջարկ լոգիստիկայի ու մատակարարման շղթաների ոլորտներում: Սրան նպաստեց նաեւ համավարակը: Ընկերությունները հաճախ են բախվում լոգիստիկ բարդ խնդիրների: Եթե դիտարկենք Amazon-ի օրինակը՝ որպես համաշխարհային կորպորացիա, ապա պետք է ընդգծել, որ լոգիստիկան դրա հիմնական բիզնեսն է: Առանց ճիշտ կառուցված լոգիստիկ համակարգի՝ ծառայության մնացած ամբողջ մասը նման թռիչք չէր ապրի: Մենք տեսնում ենք նաեւ թվայնացման միտումներ մեքենաշինության ոլորտում, որը թերեւս կլինի թվայնացման հաջորդ ալիքը»,-նշել է Դենիս Վայները՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում թվային փոխակերպումներ տեղի կունենան բոլոր ոլորտներում: Անվտանգային ռիսկերSoftline ընկերության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կիբերանվտանգության գծով տնօրեն Վյաչեսլավ Ալիսեեւիչի համոզմամբ՝ թվայնացման գործընթացներն ուժեղացան 2 տարի առաջ Covid-19-ի տարածմանը զուգահեռ: «Բիզնեսի համար առաջ եկան անվտանգային մի շարք ռիսկեր, որոնց շատերը պատրաստ չէին: Անվտանգության ոլորտում նորություններ, երևի թե, չկան: Ավելի ճիշտ է ասել, որ անդրադարձ եղավ լավ մոռացված հնին: Այս ժամանակահատվածում ամեն ինչ այնպես դասավորվեց, որ նախկինում առկա խոցելի կետերը, որոնք ընկերությունները մոռացության էին մատնել, ջրի երես դուրս եկան: Պաշտպանվածության շրջանակը պահպանելն առավել բարդ դարձավ, երբ մարդիկ անցան հեռավար աշխատանքի: Ակտիվացան ֆիշինգը, կոմերցիայի հետ կապված խարդախությունները»,- մանրամասնել է նա: Վյաչեսլավ Ալիսեեւիչը Վյաչեսլավ Ալիսեեւիչն ընդգծել է, որ թվային փոխակերպումը անվտանգության տեսանկյունից գործընթացների առավելագույնս ավտոմատացումն է: Այս պարագայում ողջունելի է ընկերության առաջընթացը դեպի Security Operation Center-ներ, որտեղ մարդկային գործողը նվազեցվում է եթե ոչ զրոյի, ապա 10-20 տոկոսի:Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 12477