2021-ի հունվարին հայկական շուկայում հայտնված «Մուսայէլ» պիտակով արտադրանքի տեսականին այնքան էլ շատ չէ՝ կարճաթեւ ու երկարաթեւ շապիկներ, տաբատներ, բաճկոններ ու պայուսակներ, բայց շատ առանձնահատուկ է։ Հագուստի բոլոր մոդելները կրում են բանաստեղծությունների տողեր՝ գրաբարով կամ արեւմտահայերենով։Հեղինակը Մանե Մուսայելյանն է, որը Banks.am-ի հետ զրույցում պատմել է ամեն ինչ «Մուսայէլ» բրենդի մասին։ Բրենդը՝ Մուսայէլ։Արտադրվում է՝ Հայաստանում։Նյութը՝ կտորը ներկրվում է Ռուսաստանից՝ ուզբեկական, չինական, կորեական արտադրության։ Թուրքական կտոր առհասարակ չի օգտագործվում։Առանձնահատուկ է, որովհետեւ մեր ստեղծած հագուստի դիզայնը եզակի է՝ արեւմտահայերեն գրական մեջբերումներով է։ Այս ճանապարհով փորձում ենք ներկայացնել արեւմտահայ գրականությունը, այն ճանաչելի դարձնել ու արվեստ քարոզել։ Ուզում ենք, որ շապիկի նկարը տեսնելով, գրվածքը կարդալով, գնորդը ցանկություն ունենա գտնել ստեղծագործությունն ու ընթերցել այն ամբողջությամբ, պարզել հեղինակին։ Մեր ստեղծած արտադրանքը միայն մարմինը ծածկելու կտոր չէ, կրթելու տարբերակ է։ Մուսայէլի նպատակը գրականություն ու արվեստ քարոզելն է։ Հենց այդ պատճառով էլ խանութ սրահում գրադարակներ կան, որտեղ հիմնականում արեւմտահայ գրականություն է։ Հագուստի նկարները հայտնի եւ անհայտ նկարիչների աշխատանքների վերատպում են, երբեմն՝ պատկերազարդումներ։ Մուսայէլի մեկ այլ առաքելությունն էլ ուսանողներին աշխատանքով ապահովելն է։ Այս պահին երկու նկարիչների հետ ենք գործակցում, որոնք Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջից են։ Հագուստների մոդելավորման հարցում էլ մեզ օգնում է Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհիներից մեկը։ Երբ ընդլայնվենք, շարունակելու ենք հետեւել այս առաքելությանը։ Շատ ենք օգտվում պոեզիայից։ Փորձում ենք մեր ընթերցածն ավելի հայտնի դարձնել, տարածել, որովհետեւ շատերն այսօր արեւմտահայ գրականություն չեն կարդում։ Գուցե չեն հասկանում կամ չեն սիրում, կամ էլ դպրոցական պարտադրվող դժվար անգիրների նստվածքն է իր գործն անում։ Բայց արեւմտահայերենն ամենահարուստն է ու գեղեցիկը։ Ամեն ինչ սկսվեց կարանտինից։ Փակվել էի տանը, լճացել, ուզում էի հասկանալ՝ ուր եմ գնում, ինչ եմ ուզում։ Փորձեցի կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ սիրում եմ։ Հասկացա, որ պաշտում եմ նկարչությունը։ Որոշեցի գնալ երազանքիս հետեւից՝ ուղիղ ներկերի խանութ։ Գնեցի վրձիններ ու ներկեր ու տուն վերադարձա։ Սկսեցի նկարել ու հասկացա, որ երբ վրձինը ձեռքիս է, ես ինձ երջանիկ եմ ինձ զգում։ Զուգահեռ արեւմտահայերեն էի ուսումնասիրում, հատուկ դասընթացներ էի վերցրել։ Սերը արեւմտահայերենի հանդեպ բոլորովին պատահաբար է արթնացել։ Մի օր Ֆեյսբուքում արեւմտահայ գրողների էջ գտա։ Սկսեցի ընթերցել, հետո ուսումնասիրել ու սիրահարվեցի հնչեղությանը։ Որոշեցի, որ այն պետք է կիրառելի դարձնել ամենօրյա կյանքում։Մասնագիտությամբ արխիվագետ եմ, 21 տարեկան եմ։ Մասնագիտությունս ինձ հետ կապ չունի։ Տարիներ շարունակ ոլորտից ոլորտ եմ գլորվել, որ հասկանամ, ինչ եմ ուզում ի վերջո, մինչեւ հասա այստեղ ու որոշեցի հանգրվանել։ Նկարչական կրթություն չունեմ, միայն մի քիչ տաղանդ։ Ամբողջը սիրողական է արվում։ Մանկությանս տարիներին էի նկարում, բայց երբեւէ դրան լուրջ չեմ վերաբերվել։ Մուսայէլում պատասխանատվությունը շատ մեծ է։ Դրա համար էլ դիմել եմ պրոֆեսիոնալ նկարիչների օգնությանը, որոնք օգնում են ինձ այն բոլոր հարցերում, որտեղ ես թերանում եմ։ Բիզնեսը սկսել ենք կարճ թեւերով շապիկների արտադրությունից։ Հիմա արդեն ունենք երկարաթեւ շապիկներ, հուդիներ, աշնանային բաճկոններ։ Ամռանը նաեւ տաբատներ ու կիսաշրջազգեստներ ունեինք, որոնք շատ արագ սպառվեցին։Առաջին պատվերն Արցախից էր։ Քրիստինե էր հաճախորդուհու անունը։Առաջին շապիկը, որով սկսվեց Մուսայէլի պատմությունը, կրում էր Քուչակի հայրեններից «Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո՛յս՝ աչքըն խաւարի» գործը ու ձկան պատկեր։ Ֆինանսական ներդրում չի եղել։ Սկզբում միայն մեկ շապիկի կտոր եմ գնել։ Դրան հետեւեցին պատվերներն ու հունվարից մինչեւ այսօր 2,5 մլն դրամի ներդրում եմ արել, որն անընդհատ շրջանառության մեջ է։ Վաճառքով զբաղվում եմ հենց ես։ Առաջին խանութ-սրահը բացվել է 2021թ. մայիսին։ Հեռվից հեռու ճանաչում եմ իմ գնորդներին։ Շատ հավես մարդիկ են, հիմնականում երիտասարդներ են, սիրում են լինել տարբերվող, կիսում են մեր առաքելությունը, սիրում են գրականություն ու երաժշտություն։ Իրենց կարելի է հանդիպել թատրոններում ու քիչ հայտնի սրճարաններում։Մարքետինգային ռազմավարության խնդիր ունեմ այս պահին։ Շատ կուզեի մարքետինգային արշավներ իրականացնել, որովհետեւ արտադրական հզորության հետ խնդիր չունեմ, մեր գերխնդիրը տարածում գտնելն է։Մենք փորձում ենք շուկա մտել արվեստ եւ գրականություն տարածելու ոչ շաբլոն առաքելությամբ, ինչը ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված։ Արտադրամաս չունենք։ Աշխատում ենք Նուբարաշենի տրիկոտաժի ֆաբրիկայի հետ։ Մենք կտորը ներմուծում ենք, տալիս ենք իրենց, իրենք կարում են ըստ մեր մոդելավորման։ Նկարներն ու գրություններն արդեն մեր վաճառքի սրահում են արվում։ Կտորն անձամբ եմ ընտրում, կենտրոնանում եմ որակի վրա՝ բամբակյա հումքը պարտադիր է։ Արտադրամասում թափոնները դեն չեն նետվում, դրանք հավաքում ենք եւ որոշակի քանակի հասնելուն պես՝ վերամշակվելու է ու դառնա թել։Մեր պիտակները կտորից են, փաթեթավորումը նույնպես, պայուսակներն էլ, հնարավորինս խուսափում ենք աղբ ստեղծելուց։ Գույների ընտրությունը ըստ թրենդների է՝ հիմա շատ արդիական են պաստելային երանգները։ Նման ընտրության շնորհիվ կարողանում ենք նաեւ գույներով աշխատել՝ որքան բաց գույն ունի կտորը, այնքան հեշտ է նկարել։Գները տատանվում են 6 000-ից 15 000 դրամ։ Ձեռագործ աշխատանքը հաշվի առնելով՝ կարող էինք Մուսայէլն ավելի թանկ վաճառել, բայց որոշեցի, որ այն պետք է միջին գնողունակություն ունեցող մարդկանց համար հասանելի լինի։ Հիմնական խոչընդոտը՝ մարդկային ռեսուրսների բացակայությունն է։ Շատ մեծ դժվարությամբ եմ կարողացել գտնել արտադրամաս ու նկարիչներ։ Կտորի ներկրման խնդիր էլ ունեմ։ Ես այն խոշոր ներկրողից եմ գնում, հետագայում շատ ավելի լավ կլինի, եթե ինքս կարողանամ ներկրել։Սրահի դիզայնը ես եմ ընտրել։ Ուզում էի, որ այն լոֆթ ոճով լինի, պատին դեռ կտավներ պետք է փակցվեն, որ գնորդը գա ու արվեստի բույրը զգա։Լուսին ՄկրտչյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 13969