Going Green. City College-ը եւ ՄԹ դեսպանատունը հասցեագրել են գլոբալ մարտահրավերները

01.10.2021 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Կլիմայի փոփոխության խնդրին աշխարհի պետությունների արագ ու համախմբված արձագանքն այլընտրանք չունի: Սեպտեմբերի 30-ին Երեւանում տեղի ունեցավ «Դեպի կանաչ տնտեսություն. կայուն զարգացման եւ կառավարման համաշխարհային եւ հայկական հեռանկարները» խորագրով կոնֆերանսը, որի նպատակը կլիմայի փոփոխության մարտահրավերի հասցեագրումն էր:

Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի հետ համագործակցությամբ: Banks.am-ը ներկայացնում է կոնֆերանսի առանցքային դրվագները:

Նպատակ եւ առաջնահերթություններ

Կոնֆերանսը կազմակերպվել է Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ն անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ գագաթաժողովին (COP26) ընդառաջ: Այս մասին նշել է Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի պաշտոնական ներկայացուցիչ, հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը:

Լիլիթ Շահզադեյանը

 
«Միջոցառման նպատակն է ուսումնասիրել Հայաստանում մատակարարման շղթաների կայունության, կլիմայի փոփոխության, բնապահպանական խնդիրները, ինչպես նաեւ քաղաքականություն մշակողներին ու հետազոտողներին հնարավորություն տալ իրականացնել փորձի փոխանակում, քննարկել առկա խնդիրները, տեղում կիրառել միջազգային փորձն ու տեղականը դուրս բերել միջազգային հարթակ»,- մանրամասնել է նա:



Կոնֆերանսն իրականացվել է հիբրիդային ձեւաչափով՝ հնարավորություն տալով մասնակցություն ունենալ ինչպես ֆիզիկական ներկայությամբ, այնպես էլ հեռավար եղանակով: Շուրջ 150 մասնակիցներ եւ փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, քննարկել են շրջանակային տնտեսության հեռանկարն ու կլիմայի փոփոխության ազդեցությունը նվազեցնելուն ուղղված առաջիկա քայլերը:

Մեծացնելով Հայաստանի հավակնությունները

Միացյալ Թագավորությունը, որպես COP26-ը հյուրընկալող երկիր, մեծապես կարեւորում է կլիմայի փոփոխության խնդիրն ու այն դիտարկում առաջնահերթություն: Այս մասին Banks.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Վիկտոր Քլարկը: Նա ընդգծել է, որ բրիտանական կառավարությունը ձգտում է հնարավորինս շատ երկրների խրախուսել այս խնդրի ուղղությամբ ավելի մեծ քայլեր ձեռնարկելու ու իրենց հավակնություններն ընդարձակելու հարցում:

Վիկտոր Քլարկը


«Այս կոնֆերանսը նշված գործընթացի մի մասն է: Հայաստանը առանձնահատուկ դիրք է զբաղեցնում Կովկասում, եւ դրա հետ մեկտեղ էլեկտրաէներգիայի նետտո ներմուծող երկիր է: Սա հնարավորություն է Հայաստանի համար դառնալու տարածաշրջանի առաջատարը վերականգնվող էներգիայի կիրառելիության տեսանկյունից՝ հրաժարվելով հանածո վառելիքի օգտագործումից եւ ընդառաջ գնալով էկոլոգիապես ավելի կայուն ապագային: Միջոցառման նպատակը ինչպես իրազեկումն է, այնպես էլ Հայաստանի առաջատար դերակատարների գաղափարների համախմբումն ու հեռանկարի ուրվագծումն է առ այն, թե ինչպես կարող է Հայաստանն առաջ մղել իր հավակնություններն ու առաջնորդել տարածաշրջանի երկրներին խնդրի համաշխարհային պատկերում իրենց ներդրումն ունենալու հարցում»,- ասել է նա:

Փոխդեսպանը համոզված է, որ Հայաստանը կարող է կարճ ժամանակահատվածում լավ արդյունք գրանցել: Այդ նպատակի համար իրականացվում են մի շարք նախաձեռնություններ ինչպես բրիտանական կառավարության աջակցությամբ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի միջոցով:



«Այժմ ամենատարածված խնդիրներից մեկը տրանսպորտի էլեկտրաֆիկացումն է: Այս առումով Հայաստանը սկսել է որոշ քայլեր ձեռնարկել: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է երկարաժամկետ ռազմավարություն որդեգրել՝ ընդունելով այն փաստը, որ 10-15 տարի անց մեքենա արտադրող խոշոր ընկերություններն ամենայն հավանականությամբ այլեւս չեն արտադրելու ոչ էլեկտրական տրանսպորտային միջոցներ: Այս մոտեցմամբ առաջնորդվելով կարելի է մտածել՝ ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ, ինչպես է պետք պատրաստ լինել այս փոփոխությանն ու ինչպես դառնալ դրա առաջամարտիկը: Նման առաջընթացի համար, իհարկե, միջազգային հանրությունը եւս պետք է ունենա իր դերակատարումը»,- հավելել է Վիկտոր Քլարկը:

Սպառողական հասարակության մեկ մոլորակը

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի հետազոտությունների եւ նորարարության գծով փոխնախագահ, պրոֆեսոր Պանայիոտիս Կետիկիդիսը ընդգծում է համագործակցության կարեւորությունը՝ համաշխարհային մարտահրավերների հաղթահարման համար:  

«Կառավարությունը, արտադրական եւ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներն ու քաղաքացիական հասարակությունը պետք է աշխատեն միասին, որպեսզի կանաչ տնտեսությունը դառնա հնարավոր: Առանց այս գործակցության անհնար է Կայուն զարգացման նպատակների իրագործումը: Այս գործընթացում համակարգողի դերը պետք է ստանձնի կառավարությունը»,- նշել է նա:

Պանայիոտիս Կետիկիդիսը


Գծային տնտեսությունից շրջանակային տնտեսությանն անցնելու գործընթացում էական է հասարակական գիտակցության բարձրացումը, որի ուղղությամբ հնարավոր է աշխատել ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ ծրագրերով:

«Երկարաժամկետ ռազմավարությունն, իհարկե, էկոլոգիական կրթությունն է՝ սկսած մանկապարտեզներից: Բայց անհրաժեշտ են նաեւ պրակտիկ ու կարճաժամկետ լուծումներ: Պետք է հանրությանը բաժանել խմբերի՝ ըստ գործունեության ոլորտների, եւ աշխատել ասոցիացիաների հետ, որոնք էլ իրենց հերթին կկրթեն իրենց ոլորտի ներկայացուցիչներին: Կարեւոր է մարդկանց բացատրել նաեւ, թե իրենք ինչպես են շահում կանաչ տնտեսությունից, փորձել հասկանալ հակառակ կողմի տեսանկյունն ու աշխատել այդ մոտեցմամբ: Ի վերջո, մենք միայն մեկ երկրագունդ ունենք, որի մասին պետք է հոգ տանենք բոլորս, մինչդեռ այժմ մենք օգտագործում ենք 1.7 մոլորակի չափով ռեսուրս:



Երկրներ կան, որոնք սպառում են մինչեւ 5 մոլորակի ռեսուրս, բայց ու՞ր կտանի դա: Սա է պատճառը, որ մենք պարտավոր ենք գործել հիմա ապագա սերունդների համար»,- հավելել է պրոֆեսոր Կետիկիդիսը:

Executive MBA-ի համայնքի դերը

Կոնֆերանսի մոդերատորը Յորքի համալսարանի եվրոպական կամպուս City College-ի համաեվրոպական Executive MBA ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին էր: Միջոցառմանն ակտիվ ներգրավված էին նաեւ Executive MBA ծրագրի ուսանողներն ու շրջանավարտները:

«Համաեվրոպական Executive MBA ծրագրի հիմնական առավելություններից մեկը հաղորդակցության հնարավորությունն է համախոհների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ Կենտրոնական եւ Հարավարեւելյան Եվրոպայից: Արդեն 30 տարի է, ինչ ծրագիրը գործում է, եւ այս ընթացքում մենք կրթել ենք ավելի քան 4000 ղեկավարների եւ ավագ կառավարիչների ամբողջ տարածաշրջանից: Մեր ներկայացուցիչներն ու շրջանավարտներից շատերն իսկապես հզոր թեկնածուներ են: Այսպիսով, ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալու միջազգային չափանիշներին համապատասխան դաստիարակություն բիզնեսի տեսանկյունից: Մենք ներբերում ենք միջազգային փորձը ոչ միայն պարզապես կրթելու ու դրանից սովորելու, այլեւ այն տեղայնացնելու համար»,- ասում է Լեսլի Սզամոզին:

պրոֆեսոր Լեսլի Սզամոզին


Executive MBA-ի համայնքի դերը կարեւորվում է նաեւ նմանատիպ միջոցառումների ժամանակ, որտեղ համայնքի ներկայացուցիչները կապող օղակի դեր են ստանձնում միջազգային ու տեղական լսարանի միջեւ:   

«Երբ հերթը հասնում է այնպիսի խնդիրներին, որոնցից է կայունությունը, մենք կարող են մեր գլուխը մտցնել ավազի մեջ ու ձեւացնել, թե խնդիրներ գոյություն չունեն: Բայց ոչինչ ինքն իրենով չի լուծվի, եւ կարող է շատ ուշ լինել: Դրա համար էլ նմանօրինակ միջոցառումներն առանցքային են, քանի որ օգնում են խնդիրներն առաջնագիծ բերել: Տեղի ունեցած քննարկման կարեւոր ձեռքբերումներից է ընկալումն առ այն, որ մենք չենք սովորում միայն զարգացած տնտեսություններից, զարգացող երկրներում եւս հրաշալի գործընթացներ կան, որոնց մասին մենք չգիտենք: Կան բաներ, որոնք մենք լավ ենք անում, բայց ի՞նչ կարող ենք սովորել մյուսներից, եւ հենց այստեղից է սկսվում երկխոսությունը»,- նշել է Լեսլի Սզամոզին:



Պրոֆեսորը համոզված է, որ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի, քանի որ այստեղ մարդիկ կարողանում են համախմբված աշխատել: Նրա խոսքով՝ համեմատաբար քիչ զարգացած տարածաշրջաններում մարդիկ առանձնանում են այդպես կոչված փափուկ հմտություններով: Դրանք պետք է համադրել զարգացած երկրներից եկող կոշտ հմտություններին, ինչն էլ անում է համաեվրոպական Exacutive MBA ծրագիրը:

Ամփոփելով միջոցառումը՝ պրոֆեսոր Լեսլի Սզամոզին ընդգծում է, որ թեմայի առանցքում մնում է մարդը. «Մարդն է բոլոր խնդիրների հիմքում, սակայն հենց մարդն է դրանց լուծումը»:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 11337
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW