“Գազպրոմբանկն” ավելացրել է “Առէկսիմբանկի” կապիտալը

09.07.2008 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հարցազրույց “Առէկսիմբանկի” գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանի հետ

- Այս տարի հայտարարվեց, որ ռուսական “Գազպրոմբանկը” նախատեսում է ավելացնել “Առէկսիմբանկի” կանոնադրական կապիտալը: Ի՞նչ գումարների մասին է խոսքը:

- “Առէկսիմբանկի” կապիտալն արդեն ավելացել է ’6 մլրդ-ով և երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմում է ’9,6 մլրդ: Սակայն սա վերջին ավելացումը չէ: Դեռևս որոշված չէ` որքանով կավելացվի այն, սակայն դա լինելու է ոչ պակաս, քան վերջին ավելացումը: Կապիտալի ավելացումը անհրաժեշտ է կորպորատիվ հաճախորդների սպասարկման համար: Մասնավորապես` էներգետիկ համակարգի ընկերությունների սպասարկման առումով մենք գիտակցում ենք, որ պետք է ունենալ ոչ միայն համապատասխան պրոֆեսիոնալ մակարդակ, այլ նաև լուրջ ֆինանսական հնարավորություններ: Նման հաճախորդներ բանկում արդեն կան, որոնց թվում են “ՀայՌուսգազարդը”, “Հայաստանի էլեկտրական ցանցերը”, խոշոր շինարարական ընկերություններ և այլն:

- “Գազպրոմբանկը” չէր բացառում “Առէկսիմբանկի” մնացած մոտ 20% բաժնետոմսերի գնումը: Որևէ որոշում արդեն կա՞:

- Ներկայում բանակցություններ են ընթանում ավստրիական “Ռայֆայզեն բանկի” հետ, և “Գազպրոմբանկը” շուտով կդառնա մեր բանկի միակ սեփականատերը: Նախատեսվում է, որ բաժնետոմսերի գնման գործարքը կավարտվի այս տարվա ընթացքում:

- “Առէկսիմբանկը” սկսել է ռեբրեբդինգի գործընթաց: Ե՞րբ է նախատեսվում այն ավարտել:

- “Առէկսիմբանկը” բրենդ է, որն ընդունվում և հարգվում է մեր հաճախորդների կողմից: Սակայն հաշվի առնելով, որ “Գազպրոմբանկը” արդեն հիմնական սեփականատերն է և մենք էլ ավելի ակտիվ ենք աշխատելու խոշոր հաճախորդների հետ, վաղ թե ուշ ճիշտ կլինի կատարել անվանափոխում: Երբ “Գազպրոմբանկը” դառնա “Առէկսիմբանկի” 100% բաժնետերը, ինչը, ըստ իս, կլինի մինչև տարվա վերջ, բանկի անվանափոխումն արդեն անհրաժեշտություն կդառնա: Մենք դիմել ենք առաջարկով, որ բանկը կոչվի “Գազպրոմբանկ Արմենիա”: Առաջարկը շատ պարզ Է. բոլորս գիտենք, որ արտերկրյա ֆինանսական կառույցները այդպես էլ անվանվում են, օրինակ HSBC-ն կամ ВТБ-ն: Նոր հեծանիվ հորինելն անիմաստ է: Նախատեսվում է, որ արդեն մյուս տարի բանկը կկոչվի կամ “Գազպրոմբանկ Արմենիա” կամ “ԳՊԲ Արմենիա”: ԳՊԲ-ն “Գազպրոմբանկի” կարճ անվանումն է:

- Բացի անվան փոփոխությունից` այլ փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:

- Փոփոխություններ, անշուշտ, կլինեն: Բանկն արդեն սկսել է դեպի մարզեր ընդլայնման գործընթացը: Մայրաքաղաքից դուրս արդեն ունենք վեց մասնաճյուղ: Մեր նպատակն է ներկայացված լինել ողջ հանրապետության տարածքում և լինել մեր բոլոր հաճախորդների կողքին: Մոտ ժամանակ մասնաճյուղեր են բացվելու Արմավիրում, Աբովյանում, Արտաշատում, հնարավոր է` նաև Դիլիջանում: Մասնաճյուղերի ավելացումը լինելու է շարունակական գործընթաց: Մեր նպատակն է մինչև 2009թ. վերջն ունենալ 30 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում:

- Նախատեսվում էր, որ “Առէկսիմբանկը” կմասնակցի էներգետիկ խոշոր նախագծերում: Ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան:

- Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, սակայն ասեմ, որ արդեն աշխատանքներ են տարվում մեր խոշոր կորպորատիվ հաճախորդների` “ՀայՌուսգազարդի” և ՀԷՑ-ի ծրագրերի ֆինանսավորման համար “Գազպրոմբանկից” միջոցներ ներգրավելու ուղղությամբ: Խոսքը տասնյակ միլիոն դոլարների մասին է: “Առէկսիմբանկը”, ելնելով նորմատիվային պահանջներից, սեփական ֆինանսական միջոցներով չի կարող ֆինանսավորել այդ ծրագրերը: Այսօր “Գազպրոմբանկի” ղեկավարության հետ բանակցում ենք մեր այդ հաճախորդների համար “Գազպրոմբանկում” վարկային գծեր բացելու ուղղությամբ: Միջոցները տրամադրվելու են երկարաժամկետ կտրվածքով` 5-7 տարուց ոչ պակաս և շատ ցածր տոկոսադրույքներով:

- “Առէկսիմբանկը” առաջատարներից է ավտովարկավորման և սպառողական վարկերի տրամադրման գործընթացում: Այս ուղղություններով շարունակելո՞ւ եք աշխատել, թե՞ կենտրոնանալու եք խոշոր կորպորատիվ հաճախորդների սպասարկման վրա:

- Այն, ինչ ձեռք է բերվել բանկի կողմից, կպահպանվի: Մենք լինելու ենք այդ շուկաներում, քանի որ ունիվերսալ բանկ ենք: “Առէկսիմբանկը” ոչ մի պարագայում ֆիզիկական անձանց սպասարկումից հետ չի կանգնելու: Նույն` “ՀայՌուսգազարդը” կամ ՀԷՑ-ն իրենց աշխատակիցների համար իրականացնում են տարբեր սոցիալական ծրագրեր. լինելով նրանց կողքին` մենք պետք է մասնակցենք այդ գործընթացի, օրինակ` ավտովարկավորման, հիպոթեկի, այլ սպառողական վարկերի տրամադրման հարցում: Մենք մնալու ենք այս շուկաներում և ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր խոշոր գործընկերների աշխատակիցների նպաստավոր պայմաններով վարկավորմանը: “ՀայՌուսգազարդի” աշխատակիցների հետ, օրինակ, նման դրական փորձ արդեն կա:

Արմենակ Չատինյան

Դիտում՝ 5495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW