Digitex-ի հիմնադիր Քրիստ Շարոյանը՝ բիզնեսի, բանկերի, «կեղտոտ» աշխատավարձի մասին

07.05.2021 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հալեպում ծնված Քրիստ Շարոյանը Սիրիայի պատերազմի հետեւանքով 2012 թվականին տեղափոխվում է Հայաստան ու իր բիզնես գործունեությունը սկսում զրոյից: Այստեղ նա հիմնում է Digitex ՍՊԸ-ն՝ շարունակելով Սիրիայում իրենց ընտանիքի հիմնադրած հագուստի տպագրության եւ արտադրության ավանդույթները:

Banks.am-ը զրուցել է Քրիստ Շարոյանի հետ Հայաստանում արտադրություն հիմնելու դժվարությունների եւ թուրքական արտադրանքից հրաժարվելու հեռանկարի մասին:

«Ժողովուրդը նախընտրում էր թուրքականը»

«Սիրիայում մոտ 45 տարվա ընտանեկան բիզնես ունեինք, զբաղվում էինք հագուստի տպագրությամբ եւ արտադրությամբ: Հայաստան գալուց հետո մոտ մեկ տարի շուկան էի ուսումնասիրում, հետո արդեն կարողացանք սկսել նույնը զրոյից: Փոքր եւ միջին ձեռնարկատերերին աջակցող կազմակերպության շնորհիվ կարողացանք վարկ վերցնել ցածր տոկոսով, այլապես շատ ավելի դժվար կլիներ»,- հիշում է Քրիստ Շարոյանը:



Նրա խոսքով՝ այդ տարիներին շուկան թուրքական արտադրանքով էր լցված, տեղական գործարանները հատուկենտ էին: Աշխատանքը սկսելու հարցում նրանց օգնում է նախկին գործընկերներից մեկը Եգիպտոսից, որն առանց վճարի կտորեղեն է ուղարկում, որպեսզի ե՛ւ հայկական շուկան փորձի, ե՛ւ օգնի սկսնակ բիզնեսին:

«Սկզբում չէինք հաջողում, որովհետեւ ժողովուրդը չսիրեց այդ կտորները, նախընտրում էին թուրքականը: Չէին հավանում թե՛ վառ գույները, թե՛ այն, որ կտորները պոլիեսթեր էին պարունակում, մինչդեռ շուկայում առկա գրեթե բոլոր կտորներն էլ նման խառնուրդներ էին: Մարդիկ չէին վստահում տեղական արտադրողներին:

Նույնն էլ Սիրիայում էր 90-ականներին, երբ մարդիկ չէին հավանում սիրիական ապրանքը, նախընտրում էին դրսինը, բայց հետո սիրիականն այնքան զարգացավ, որ ներկրվածն այլեւս չէր կարողանում մրցակցել տեղականի հետ, սիրիականն էլ սկսեցին արտահանել: Նույնն էլ, կարծում եմ, այստեղ է լինելու»,- պատմում է Digitex-ի հիմնադիրը:

Հումքի ներմուծում

Այժմ կտորեղենը շարունակում են Եգիպտոսից ներմուծել: Փորձել են նաեւ սիրիական շուկան, սակայն դժվարությունները շատ են եղել: Մտածում են չինական եւ հնդկական հումքը փորձարկել, սակայն դեռեւս չեն գտնում համապատասխան գործընկերների:


 
«Հիմա Թուրքիայից սկզբունքորեն չենք ներկրում հումք: Ժամանակին փորձել ենք, բայց ամեն անգամ ապրանքը խնդիրներ է ունեցել, հետո չես կարող ո՛չ վերադարձնել, ոչ էլ գումարը հետ պահանջել: Այս առումով գործարարներից շատերը փորձառություն չունեն: Շատ հաճախ թուրքական խոտանված կտոր են ներմուծում ու ոչ էլ իմանում են այդ մասին: Սարքավորումներն էլ են սխալ ընտրում, հետո էլ ասում են, թե շուկա չկա, դրա համար էլ ձախողեցինք»,- կարծում է գործարարը:

Մաղային տպագրություն

Digitex-ում տպագրությունը մաղային է, որը բավականին հին տեխնոլոգիա է: Քրիստ Շարոյանի խոսքով՝ հենց դրանում է մաղով տպագրության առավելությունը:

Մաղային տպագրությունում օգտագործվում է բնական կամ արհեստական մետաքս՝ տարբեր խտության հյուսվածքներով: Ըստ դիզայնի՝ մասնագետը հասկանում է, թե որ խտության հյուսվածքն է պետք ընտրել, այն ձիգ անցկացնում է շրջանակի վրա, այնուհետեւ ֆոտոէմուլսիա քսում, չորացնում: Պատկերը մետաքսի վրա ստանալուց հետո ներկը լցնում է մետաքսի վրա ու հատուկ գործիքով տարածում։ Այդպես յուրաքանչյուր գույնի համար մի մաղ է պատրաստվում: Տպագրությունն ամրապնդելու համար կատարվում են նաեւ այլ աշխատանքներ:



«Այս ուղղությունը խորապես ուսումնասիրված է եւ զարգացած, դրա համար էլ այս տեխնոլոգիայով տպագրությունների ներկը լվանալիս չի վնասվում: Թվային տպագրությունը դեռեւս նոր է զարգանում, մոտ 20 տարի է, ինչ կա, այդ պատճառով էլ թվային տպագրությունները կարող են ոչ ճիշտ ջերմաստիճանով լվանալու պատճառով կամ շատ լվանալուց հետո գունաթափվել, ջարդոտվել եւ այլն: Իհարկե, թվային տպագրությունն ունի իր առավելությունները: Օրինակ՝ մեկ մոդելից կարող ես շատ քիչ քանակով տպագրել՝ ընդհուպ մինչեւ մեկ հատ, մինչդեռ մաղով տպագրության պարագայում դա հնարավոր չէ, քանի որ գործընթացը շատ ծախսատար ու ժամանակատար է, մարդկային սխալվելու գործոն էլ կա»,- մանրամասնում է Քրիստ Շարոյանը:



Նրա խոսքով՝ այժմ պատվիրատուները սկսել են ավելի շատ քիչ քանակով տարբեր մոդելներ պատվիրել, ինչն իրենց համար ձեռնտու չէ: Բիզնես հնարավորություններ ունենալու դեպքում անպայման կանցնեն թվայինի, որպեսզի կարողանան քիչ քանակով տպագրություն եւս իրականացնել:

Խաբեբա գործընկերներ

«Ցավալի է, որ շատ հայ գործարարների հետ չկարողացանք աշխատել: Խաբեբա, գող-ավազակ շատ մարդիկ եղան, որ փորձում էին գնել, հետո առանց վճարելու փախչել: Գործունեության տարիների ընթացքում շատ վնասներ ենք կրել, ընդամենը մի քանի հաճախորդ է մնացել Հայաստանում, որ մինչ այսօր շարունակում ենք համագործակցել»,- պատմում է Քրիստ Շարոյանը:

Բիզնեսի մեկնարկային տարիներին տպարանը միայն մեկ աշխատող ուներ՝ Քրիստ Շարոյանը: 2019 թվականից, երբ սկսում է գործել կարի արտադրամասը, աշխատակիցների թիվն ավելանում է:



«Մինչեւ մեր արտադրամասի հիմնումը կարը պատվիրում էինք այլ ընկերությունների, սակայն գողություններն ու խախտումներն այնքան շատ էին, որ որոշեցինք՝ կամ պետք է ինքներս արտադրենք, կամ սնանկանալու ենք»:

Կտորի գողություններ, խաբեություններ, ուշացումներ, խոտանված արտադրանք՝ այս բոլոր խնդիրներին Քրիստ Շարոյանը Սիրիայում եւս բախվել է, դրանք ամենեւին էլ անակնկալ չէին, դրա համար էլ կարողացել է չհուսահատվել ու շարունակել զարգացնել բիզնեսը:



Առաջիկայում արտադրանքը կսկսեն արտահանել: Առաջին թիրախը Ռուսաստանն է:

Աշխատավարձի «մաքուրն» ու «կեղտոտը»

Քրիստ Շարոյանը, որ բիզնես կառավարում է սովորել Սիրիայի Ամերիկյան համալսարանում, Հայաստանում տնտեսագիտական կրթությունը շատ ցածր է գնահատում: Նրա կարծիքով՝ հենց ֆինանսական գիտելիքների պակասից է, որ «ժողովուրդը չարչարվում է աղքատությունից»:


 
«Դա հավանաբար սովետական կրթությունից է գալիս: Մարդիկ չգիտեն բանկային համակարգն ինչ է, հարկն ինչ է: Մտածում են՝ հարկը գործատուի պատասխանատվությունն է միայն, իրենք կապ չունեն, ոնց որ իրենց երկիրը չլինի: Ամեն վճարվող հարկ յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է, այլ ոչ թե գործարարի պատիժը: Այդ սխալ մտածելակերպն անգամ լեզվամտածողությունում է արմատացած: Ի՞նչ է նշանակում «մաքուր» աշխատավարձ եւ «կեղտոտ» աշխատավարձ: Ուրեմն գումարը, որ գնում է պետությանը, կեղտո՞տ է: Սա ի՞նչ մտածելու ձեւ է: Ասֆալտը, որի վրայով քայլում ես, փաստորեն կեղտո՞տ դրամով է սարքված»,- ասում է սիրիահայ գործարարը՝ հավելելով, որ նոր սերունդները կարծես ավելի արագ են զարգանում, նոր ձեւով են սկսում մտածել:

Բանկային համակարգի խնդիրներ

Գործարարի խոսքով՝ բանկային համակարգը եւս շատ թույլ է, բանկի աշխատակիցները նոր-նոր են սկսել հասկանալ, թե ինչի համար պետք է վարկ տան:

«Բանկային համակարգի հետ կապված խնդիրները շատ են: Եթե ես ներկայացնեմ պայմանագիր, որ, օրինակ, 1 մլն դոլարի ապրանք եմ ուզում արտահանել, պայմանագրով ցույց տամ, որ հաճախորդ ունեմ արդեն ու անհրաժեշտ սարքավորման համար վարկ փորձեմ ստանալ, չեն ֆինանսավորի: Կասեն՝ պետք է անշարժ գույք բերեմ: Եթե ես անշարժ գույքի տեր եմ, ինչի՞ պետք է գամ քեզ մոտ: Ցանկացած այլ երկրում ընդամենը կուսումնասիրեն՝ տվյալ հաճախորդը կարողանո՞ւմ է վճարումներ անել, թե՞ ոչ, պատվերները կնայեն ու տեղում կհաստատեն: Դրա համար է, որ մյուս երկրները զարգանում են, իսկ մենք շատ դանդաղ ենք առաջ գնում: Մինչեւ սարքավորում ենք ավելացնում, մեկ տարի է տեւում, որովհետեւ գործարարն ինքն իր հաշվին կոպեկ առ կոպեկ հավաքում է անհրաժեշտ սարքավորման գումարը: Այդ ժամանակի ընթացքում ե՛ւ հարկ է քիչ վճարում, ե՛ւ աշխատատեղ չի ստեղծում»,- ասում է Քրիստ Շարոյանը:



Նա համոզված է, որ եթե ֆինանսական կառույցները ճիշտ աշխատեին, զարգացումը շատ արագ հնարավոր կդառնար:

Թուրքականից կախում չունենալը հնարավոր է

Թուրքական հումքի ներմուծման արգելքից հայ գործարարը շատ է շահել: Քրիստ Շարոյանի խոսքով՝ պատվերները եռակի աճել են:

«Վեց տարի շարունակ ես կրկնում էի, որ պետք է արգելվի թուրքական ապրանքի ներմուծումը: Վերջապես ընդունվեց այդ օրենքը: Բանը նրան էր հասել, որ կիլոգրամով հագուստ էին ներկրում Թուրքիայից՝ վճարելով նույնքան մաքսատուրք, ինչ տրիկոտաժի կգ-ի համար: Այդ պայմաններում ո՞նց կարող է հայ արտադրողը մրցակցել, տրամաբանությունից դուրս է»,- ասում է նա:



Նա համոզված է, որ Հայաստանում կարելի է տրիկոտաժ արտադրել եւ Թուրքիայից հումքի կախվածությունը էականորեն նվազեցնել: Հայաստանն ունի այդ փորձը խորհրդային տարիներից: 1932-ին Հայաստանում բամբակենու ցանքատարածությունը եղել է 27,4 հազար հա, իսկ հետագայում, մինչեւ 1956-ը այն տատանվում էր 16–18 հազար հա սահմաններում։

«Օրինակ՝ Մարալիկում թել մանելու մեծ գործարան է եղել, կտոր էլ էին հյուսում: Այս ավանդույթները հնարավոր է վերականգնել: Հիմա ներկատուն էլ չունենք, որովհետեւ քիմիկոսներ չկան, քիմիկատի գործարաններ չունենք, բայց եթե այս հարցերը լուծվեն, անպայման կարող ենք նաեւ կտորեղեն արտադրել, եղածը հրթիռ չէ, որ չկարողանանք: Սիրիայում այս պատերազմի օրերին առանց հոսանքի, առանց հնարավորությունների էլ կարողանում են, իսկ մենք չենք անում: Սխալը մեզնից է, ոչ թե աշխարհից, ոչ էլ թուրքերն են շատ խելացի, այդ մենք ենք, որ եղած հնարավորություններից չենք օգտվում»,- ամփոփում է Քրիստ Շարոյանը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Դիտում՝ 5333
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW