Հայկական Prime Casual Wear-ի նոր մասնաճյուղը՝ թուրքականի փոխարեն
10.04.2021 | 09:52
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս














Թուրքիայից պատրաստի ապրանքների ներմուծման արգելքից հետո որոշ թուրքական բրենդների խանութների տարածքում կարելի է տեսնել դատարկ ցուցափեղկեր: Աբովյան 20 հասցեում նախկին թուրքական բրենդի տարածքը երկար դատարկ չմնաց. մարտից այդտեղ կարելի է տեսնել Prime Casual Wear խանութ սրահը, որը ներկայացնում է հայկական արտադրանք:
Prime Casual Wear-ի հիմնադիր Սոնա Բուլգադարյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է խանութ-սրահի ստեղծման ու համավարակային ճգնաժամի ընթացքում ընդլայնման մասին:
Անտեսված գունավոր կտորները
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայկական արտադրության գունավոր ու մատչելի ամենօրյա հագուստ չկար: Առկա տեսականին հիմնականում մուգ գույներով էր: Կտորի ներկրող ծանոթիցս իմացա, որ իր ներկրած գունավոր կտորները չեն վաճառվում: Գնացի դրանք տեսնելու ու համոզվեցի, որ շատ որակյալ են, արդեն պատկերացրի՝ ինչ գեղեցիկ շապիկներ կարելի է դրանցից կարել, ստանալ հետաքրքիր տպագրություններ: Այդտեղից ծնվեց Prime Casual Wear-ը ստեղծելու գաղափարը»,- պատմում է Սոնա Բուլգադարյանը:
Առաջին խանութ սրահը Հանրապետության 67 հասցեում Սոնային հաջողվում է բացել 2019 թվականի մայիսին, թեեւ գաղափարը մշակվում էր դեռեւս 2018-ից:
«Շունչդ մի´ պահիր, սիրի´ր»
Ի սկզբանե, բրենդը չէր առաջարկում հայկական թեմաներով տպագրություններ, սակայն հետագայում հաճախորդները ցույց տվեցին, որ կա դրա պահանջարկը:
«Հասկացանք, որ հաճախորդներն այնպիսի շապիկներ են ուզում, որոնք ասելիք կունենան, կբնութագրեն իրենց: Որոշեցինք հատուկ դիզայնով տպագրություններ անել: Սկսեցի կարդալ, ուսումնասիրել՝ մարդիկ ինչ են սիրում, ուր են ճամփորդում: Ուզում էի, որ շապիկների վրա այնպիսի լեռներ լինեն, որ հիմա շատերը սիրում ու արշավների են գնում, զրուցեցի լեռնագնացների հետ, հարցնում էի՝ որ կողմից է ավելի ճիշտ պատկերել այս կամ այն լեռը»,- մանրամասնում է բրենդի հիմնադիրը՝ հավելելով, որ դիզայնի իրականացման համար համագործակցում են նկարիչ Վիգեն Շարոյանի հետ:
«Ինձ փնտրեք լեռներում», «Սարերը կանչում են», «Աշուղ է եկել մեր մայլեն, առնեմ յարիս էրթամ յայլեն...», «Շունչդ մի´ պահիր, սիրի´ր» եւ այլ հետաքրքիր գրառումներով տպագրությունների մեծ մասը հայերեն տառատեսակներով են, քանի որ Սոնան ցանկանում է հայերեն տառատեսակներն ավելի սիրված դարձնել:
Գործընկերները՝ հայ արտադրողներ
Prime Causal Wear-ը շապիկների պատրաստման համար համագործակցում է Digitex ՍՊԸ-ի հետ, որի արտադրամասը Երեւանում է: Digitex-ում է արվում նաեւ շապիկների մաղով տպագրությունը, որի պարագայում պատկերները լվանալիս չեն վնասվում:
Սոնայի խոսքով՝ մշտապես փորձում են ընդլայնել համագործակցության շրջանակը հայ արտադրողների հետ: Խանութ սրահներում վաճառվում են նաեւ ձեռագործ աքսեսուարներ ներկայացնող հայկական ընկերություններ արտադրանք, որոնցից է «Սաղմոս կերամիկան»:
«Մենք պատրաստում ենք կավե տարբեր իրեր, կենտրոնացած ենք զարդերի պատրաստման ուղղությամբ: Վաճառքը հիմնականում առցանց ձեւաչափով ենք իրականացնում, սակայն համագործակցում ենք նաեւ տարբեր խանութների հետ: Վերջերս Սոնայից հետաքրքիր առաջարկ ստացանք, այժմ արդեն Prime Casual Wear-ում կներկայացնենք մեր կրծքազարդերը, իսկ հաջող ընթացքի դեպքում՝ կընդլայնենք տեսականին»,- Banks.am-ի հետ զրույցում պատմում է «Սաղմոս կերամիկա»-ի հիմնադիր Անդրանիկ Մանուկյանը:
Սոնայի խոսքով՝ վերջերս սկսել են նաեւ ջինսերի ուղղությամբ աշխատել, որի համար էլ համագործակում են մեկ այլ հայկական՝ Nanman ընկերության հետ: Առաջիկայում խանութ սրահում կլինեն հայկական գուլպաներ, իսկ ավելի ուշ՝ նաեւ նորածինների եւ հղիների համար նախատեսված տեսականի:
«Մեզ համար սկզբունքային է մեր բրենդի ներքո վաճառվել հայկական արտադրանք: Երբեմն միայն քիչ քանակով ներմուծում ենք հագուստ որպես նմուշ՝ հասկանալու համար հաճախորդներն ինչ կտոր ու ոճ են հավանում, որպեսզի հետագայում հասկանանք՝ ինչ պատվիրել արտադրամասում»,- պատմում է նա:
«Ես ուզում եմ այս խանութը»
Prime Casual Wear-ի երկրորդ մասնաճյուղը մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքի հարեւանությամբ բացվեց նախորդ տարվա հուլիսին՝ համավարակային ճգնաժամի ընթացքում: Վաճառքի ցածր ցուցանիշի պատճառով ընկերությունը երկընտրանքի առաջ էր՝ կամ փակվել, կամ էլ բացել նոր մասնաճյուղ ու փորձել վաճառել առկա տեսականին:
«Որոշեցինք ռիսկի դիմել ու հաջողեցինք: Քանի որ բյուջեն սահմանափակ էր, սրահը նվազագույն ձեւով էր կահավորված: Վաճառքի աճի հետ մեզ թույլ էինք տալիս գնել մեկ ստենդ, հետո գանձապահի սեղան՝ այդպես հետզհետե կահավորելով խանութը»,-ժպիտով հիշում է Սոնան:
Մարտի 2-ից էլ բացվել է Prime Casual Wear-ի երրորդ՝ Աբովյան 20-ի մասնաճյուղը: Խորհրդանշական է, որ հայկական խանութը փոխարինելու է գալիս թուրքականին: Այս հանգամանքը Սոնայի համար եւս գրավիչ է եղել:
«Երիտասարդականի մասնաճյուղից դեպի Հանրապետության փողոց քայլելիս մշտապես այդ տարածքի կողքով էի անցնում: Մի օր էլ տեսա «Տրվում է վարձով» գրառումն ու նույն պահին զանգահարեցի նշված համարով: Մտքումս միայն մի բան էր՝ ես ուզում եմ այս խանութը»,- պատմում է բրենդի հիմնադիրը:
Մատչելի գներ
Սոնայի խոսքով՝ մատչելի գներ ապահովելու համար մշտապես ռիսկի է դիմում՝ արտադրամասին մեծաքանակ պատվեր տալով:
«Այժմ վաճառքի գները փոքր-ինչ բարձրացել են՝ պայմանավորված դոլարի փոխարժեքի հետ: Նախկինում 3500 դրամով վաճառվող կարճաթեւ շապիկներն այժմ 4200 դրամ են: Ունենք 5200 դրամ արժողությամբ շապիկներ, որոնց կտորի հյուսվածքը փոքր-ինչ ավելի խիտ է: Արժեքը ստանդարտ է եւ չի փոխվում կախված տպագրությունից»,- ասում է նա:
Տպագրությունները սահմանափակ են, յուրաքանչյուր տեսակի մեկ չափսից 3 հատ՝ ամեն մասնաճյուղում ունենալու համար: Նույն շարքը նորից չի տպագրվում, մշտապես նոր գաղափարներ են փնտրում: Առաջիկայում նորություններ են սպասվում «Սյունիք» շարքից, կլինեն նաեւ «Գյումրի» եւ «Վանաձոր» շարքեր:
«Մեր բոլոր աշխատողներին ասում ենք, որ ամեն մի վաճառքով իրենք աշխատանք են ապահովում արտադրամասի համար, արտադրամասն էլ կարողանում է նոր աշխատատեղեր ստեղծել: Այդպես փորձում ենք խթանել տեղական արտադրությունը»,- ամփոփում է Սոնան Բուլգադարյանը:
Գայանե Ենոքյան
Վերջին լուրեր
17.04.2025 | 10:05 Արժեթղթերի շուկա
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: