Երեք հատված Նասիմ Թալեբի «Սեւ կարապից»

27.02.2021 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Անտարես» հրատարակչությունը«Կողբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ լույս է ընծայում ակնարկագիր, մաթեմատիկոս եւ թրեյդեր Նասիմ Թալեբի Incerto շարքի 5 գրքերը: Շարքը կբացի «Սեւ կարապը» ստեղծագործությունը, որը մի քանի օրից կհայտնվի գրախանութներում: Թարգմանիչը Սոնա Գրիգորյանն է, խմբագիրը՝ Վահագն Խաչատրյանը:

«Անտարես»-ը Banks.am-ին բացառիկության իրավունքով տրամադրել է երեք հատված գրքից:

***

Թռչունների փետրավորման մասին

Նախքան Ավստրալիայի հայտնագործումը Հին աշխարհի բնակիչները համոզված էին, որ բոլոր կարապները սպիտակ են: Սա մի անսասան ճշմարտություն էր՝ հաստատված բազում փաստացի վկայություններով։ Առաջին սեւ կարապը տեսնելը պետք է որ հսկայական զարմանքի պատճառ դարձած լիներ թռչնաբանների համար (ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց համար, որոնց ինչ-ինչ պատճառով հետաքրքրում են թռչունների փետուրների գույները), սակայն այս պատմությունը կարեւոր է մեկ այլ պատճառով։ Այն ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է սահմանափակված մեր ուսումնառությունը դիտարկումների եւ գիտափորձերի խիստ կաղապարներով, եւ թե ինչքան հարաբերական են մեր գիտելիքները։ Մեկ եզակի դիտարկումը կարող է ջախջախել մի աքսիոմ, որ հիմնավորված էր մի ամբողջ հազարամյակի ընթացքում միլիոնավոր սպիտակ կարապների ուսումնասիրությամբ։ Դրա համար բավարար էր տեսնել ընդամենը մեկ սեւ թռչուն (ընդ որում, ինձ հասած տեղեկություններով, այն բավականին անճոռնի տեսք ունի) ։

Դուրս գալով այս փիլիսոփայա-տրամաբանական հարցադրման սահմաններից՝ ես ընկղմվում եմ էմպիրիկ իրականության ոլորտ, որի հանդեպ հետաքրքրությամբ համակված եմ եղել մանկուց ։ Այս համատեքստում Սեւ կարապ կոչում ենք (եւ նշում ենք մեծատառով) հետեւյալ երեք առանձնահատկություններով օժտված դեպքերը։

Նախ եւ առաջ՝ այն արտասովոր է եւ անոմալ. դուրս է մեր սովորական սպասումների սահմաններից, քանի որ անցյալում կատարված եւ ոչինչ չէր կարող մատնացույց անել նրա հավանականության մասին։ Երկրորդ՝ այն ունի ծայրահեղ ուժգին ազդեցություն։ Եվ երրորդ՝ մարդկային բնույթը ստիպում է գտնել այդ իրադարձության բացատրություններն ու հիմնավորումները վերջինիս կատարվելուց հետո միայն՝ դարձնելով այն կանխատեսելի ու հասկանալի։

Կանգ առնենք եւ ամփոփենք այս երեք առանձնահատկությունները. հազվադեպ բնույթ, ուժգին ազդեցություն եւ հետադարձ կանխատեսում (ոչ թե ապագայի կանխատեսում, այլ անցյալի) ունեցող իրադարձություններ։ Մի քանի Սեւ կարապ կարող են բացատրել աշխարհում գրեթե ամեն ինչ՝ սկսած կրոնների ու գաղափարախոսությունների հաջողությունից, պատմական իրադարձությունների զարգացումից մինչ մեր անձնական կյանքի մանրամասները։ Պլեիստոցենից
դուրս գալուց հետո արդեն մոտ տասը հազարամյակ է, ինչ Սեւ կարապների ազդեցությունը գնալով ուժգնանում է։ Այս գործընթացն առավել տեսանելի դարձավ հատկապես արդյունաբերական հեղափոխության ընթացքում, երբ աշխարհը դարձավ առավել բարդ, իսկ սովորական իրադարձությունները, որոնք մենք ուսումնասիրում ենք, քննարկում եւ փորձում կանխատեսել թերթեր կարդալով, դարձան ավելի աննշան։

Միայն պատկերացրեք, թե 1914 թ. դեպքերի նախօրեին աշխարհի մասին ձեր ընկալումներն ինչքան քիչ կօգնեին ձեզ կանխատեսել, թե ինչ է կատարվելու հաջորդիվ։ (Միայն թե ինքներդ ձեզ չխաբեք՝ օգտագործելով դպրոցական պատմության ձանձրալի ուսուցիչների կողմից ձեր ուղեղ ներարկված պարզ բացատրությունները)։ Իսկ ի՞նչ կասեք Հիտլերի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Իսկ խորհրդային համակարգի սրընթաց փլուզման մասի՞ն։ Իսկ իսլամական ֆունդամենտալիզմի զարգացման հետեւանքների՞։ Ի՞նչ կասեք ինտերնետի զարգացման ու տարածման մասին։ Իսկ 1987 թ. արժեթղթերի շուկայի անկման (ու նույնքան անսպասելի վերականգնման) մասի՞ն։ Նորաձեւ միտումներ, համաճարակներ, գաղափարախոսություններ, արվեստի ուղղություններ եւ դպրոցներ, եւ այս ամենը սեւկարապյան դինամիկայով են զարգանում։ Բառացիորեն ամեն ինչ, որ թեկուզ չնչին կարեւորություն ունի մեր շուրջը։

Ցածր հավանականության եւ ուժգին ազդեցության այս համադրության պատճառով Սեւ կարապը դարձել է մի իրական գլուխկոտրուկ։ Բայց դա էլ դեռ այս գրքի հիմնական խնդիրը չէ։ Այդ երեւույթին ավելանում է այն հանգամանքը, որ մենք հակված ենք ձեւացնելու, թե այն գոյությո՜ւն անգամ չունի։ Ես նկատի չունեմ միայն ձեզ, ձեր զարմիկ Ջոյին եւ ինձ, այլ գրեթե ամբողջ «հասարակագետների» հանրությանը, որ ավելի քան մեկ դար է՝ իրենց հուսադրում են այն կեղծ համոզմունքով, թե իրենց մեթոդներով հնարավոր է հաշվարկել անորոշությունը։ Ոչ ճշգրիտ գիտությունների կիրառությունն իրական խնդիրների լուծման նպատակով անհեթեթ արդյունքներ է տալիս։ Ես ինքս ֆինանսների եւ տնտեսագիտության ոլորտում այդ երեւույթի ականատեսը լինելու պատիվ եմ ունեցել։ Հարցրեք ձեր ներդրումային փաթեթի կառավարչին, թե ինչպես նա կսահմաներ «ռիսկը», եւ, հավանականությունը մեծ է, որ նա ձեզ ինչ-որ ցուցանիշ կներկայացնի, որը բացառում է Սեւ կարապի հնարավորությունը, այսինքն՝ մի ցուցանիշ, որը կանխատեսման նպատակով կարելի է կիրառել նույն հաջողությամբ, ինչ, ասենք, աստղագուշակությունը (դեռ կտեսնենք, թե ինչպես են նրանք ինտելեկտուալ խաբեությունը փաթեթավորում մաթեմատիկական մեթոդներով)։ Հասարակական երեւույթների առումով այս խնդիրը համաճարակի ազդեցություն ունի։

Այս գիրքը կենտրոնանում է պատահականությունների, մասնավորապես մեծ շեղումների հանդեպ մեր կուրության վրա. ինչո՞ւ ենք մենք, լինելով գիտնական կամ ոչ գիտնական, զարգացած առաջադեմ դեմքեր կամ շարքային քաղաքացիներ, հակված դոլարների փոխարեն ուշադրություն դարձնելու կոպեկներին։ Ինչո՞ւ ենք մենք շարունակ կենտրոնանում մանրուքների վրա, այլ ո՛չ հավանական խոշոր ու կարեւոր իրադարձությունների, չնայած վերջիններիս հսկայական ազդեցությունը վկայող բազմաթիվ փաստարկների գոյությանը։ Եվ, եթե դեռ չեք կորցրել մտքիս թելը, ինչո՞ւ է թերթեր կարդալն իրականում նվազեցնում աշխարհի վերաբերյալ մեր գիտելիքները։

Նասիմ Թալեբը


Դժվար չէ նկատել, որ կյանքը սահմանվում է ընդամենը մի քանի խոշոր ցնցումների կուտակային ազդեցությամբ։ Իսկ Սեւ կարապների ազդեցությունը կարելի է հեշտությամբ նկատել նաեւ ձեր բազկաթոռից (կամ էլ բարի աթոռակից) առանց վեր կենալու։ Կատարենք հետեւյալ վարժությունը։ Դիտարկեք ձեր սեփական կյանքը։ Հաշվեք ամենաէական իրադարձությունները, տեխնոլոգիական փոփոխությունները եւ նորարարությունները, որ տեղի են ունեցել ձեր միջավայրում ձեր կյանքի ընթացքում, եւ համադրե՛ք դրանք այն սպասելիքների հետ, որ կային մինչ դրանց հայտնագործում։ Դրանց ո՞ր մասն էր, որ հայտնագործվել է ըստ նախապես մշակված ժամանակացույցի։ Վերցրեք ձեր անձնական կյանքը, մասնագիտության ընտրությունը կամ էլ, օրինակ, ձեր կողակցի հետ հանդիպումը, ձեր հայրենիքից արտաքսումը, ձեր հանդեպ բոլոր դավաճանությունները, հանկարծակի հարստանալը կամ աղքատանալը։ Հաճա՞խ է այդ ամենը ըստ մշակված պլանների ընթանում։

Սովորում ենք սովորել

Մեկ այլ մարդկային զարգացման խոչընդոտ է, որ մենք չափազանց շատ ենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչ գիտենք. մենք հակված ենք ուսումնասիրելու դետալներն ու մանրուքները՝ ընդհանուր պատկերի փոխարեն։

Ի՞նչ դասեր քաղեց մարդկությունը սեպտեմբերի 11-ի ողբերգությունից։ Արդյոք նրանք հասկացա՞ն, որ որոշ իրադարձություններ, պայմանավորված յուրահատուկ դինամիկայով, դուրս են կանխատեսելիության սովորական սահմաններից։ Ոչ։ Արդյոք նրանք հասկացա՞ն, որ ավանդական գիտելիքը արմատական թերություններ ունի։ Ոչ։ Ի վերջո, ի՞նչ դասեր քաղեցին նրանք։ Նրանք հստակ կանոններ միայն ընկալեցին. այն, որ պետք է խուսափել մահմեդական պոտենցիալ ահաբեկիչներից եւ բարձրահարկ շենքերից։ Ինձ շատերն են հուշում, որ շատ կարեւոր է պրակտիկ եւ շոշափելի քայլեր ձեռնարկել՝ գիտելիքի վերաբերյալ «տեսաբանություններ» մշակելու փոխարեն։ Մաժինոյի գծի վերաբերյալ պատմությունը լավագույն օրինակն է, որ ցույց է տալիս, թե ինչքան ենք հակված լինելու կոնկրետ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիացիներն ամրությունների համակարգ կառուցեցին Գերմանիայի հետ սահմանի վրա (որտեղով նախկինում հարձակվել էին գերմանական զորքերը), որպեսզի կանխարգելեն ապագա հարձակումները։ Հիտլերը (գրեթե) առանց դժվարության շրջանցեց այն։ Ֆրանսիացիները պատմության գերազանց ուսանողներ էին, սակայն նրանք միայն մասնավոր դեպքն էին շատ լավ ուսումնասիրել։ Նրանք չափազանց պրակտիկ էին եւ չափից դուրս կենտրոնացած սեփական ապահովության վրա։

Մենք ինքնըստինքյան չենք բացահայտում, որ մենք չենք գիտակցում այն, ինչ չենք սովորում։ Խնդիրը մեր մտածելակերպի մեջ է. մենք չենք սովորում կանոններ, այլ միայն փաստեր։ Մետականոնները՝ այլ կանոնների բովանդակությունը, ձեւը կամ կիրառումը կարգավորող կանոնները (օրինակ՝ կանոնը, որ մենք հակված ենք կանոններ չսովորելու), լավ չենք ընկալում։ Մենք քամահրանքով ենք վերաբերվում վերացական երեւույթներին, ընդ որում՝ ջանասիրաբար ենք դա անում։

Ինչո՞ւ։ Քանի որ սա գրքիս հիմնական նպատակն է, ապա այստեղ անհրաժեշտ է, որ ես ավանդական գիտելիքը գլխիվայր շրջեմ եւ ցույց տամ, թե ինչքան ոչ կիրառական է այն ժամանակակից, բարդ եւ գնալով ավելի ռեկուրսիվ բնույթի մեր միջավայրի համար։

Կա նաեւ ավելի լուրջ հարցադրում. ի՞նչ նպատակով է ստեղծված մեր ուղեղը։ Մեր ունեցած օգտագործման ձեռնարկը կարծես թե ճիշտ չէ։ Մեր ուղեղը կարծես թե մտածելու եւ վերլուծելու համար չի ստեղծված։ Եթե այդպես լիներ, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ մեզ համար, բայց մենք այսօր այստեղ չէինք էլ լինի, եւ ես չէի պատմի այս ամենը ձեզ, քանի որ իմ ոչ պրակտիկ, մտածող եւ վերլուծող նախահորը կուտեր առյուծը, մինչ նրա՝ այնքան էլ շատ չմտածող, փոխարենը արագ արձագանքող զարմիկը կվազեր փրկվելու համար։ Նկատեք, որ մտածելը ժամանակատար է եւ սովորաբար նաեւ մեծ քանակությամբ էներգիա է սպառում, եւ որ մեր նախնիները հարյուրավոր միլիոն տարի են ապրել որպես անգիտակից կաթնասուններ, եւ որ մեր պատմության այն ակնթարթում, որ սկսեցինք կիրառել մեր ուղեղները, այն կիրառել ենք այնպիսի ուղղություններով, որ կարելի է լիովին անիմաստ համարել։ Փաստերը ցույց են տալիս, որ մենք շատ ավելի քիչ ենք մտածում, քան կարծում ենք, բացի, իհարկե, այն դեպքերից, երբ իսկապես մտածում ենք այդ մասին։

Ումբերտո Էկոյի հակագրադարանը կամ հաստատման փնտրտուքի մասին

Գրող Ումբերտո Էկոն այն հազվագյուտ գիտնականներից է, որ հանրագիտարանային գիտելիքներ ունի, խորաթափանց է ու նաեւ ոչ տաղտկալի։ Նա ունի պատկառելի անձնական գրադարան (որն ընդգրկում է ավելի քան երեսուն հազար անուն գիրք) եւ իր այցելուներին բաժանում է երկու հիմնական խմբի. առաջին խմբի արձագանքն այսպիսին է՝ «Օօօ՜, Signore professore dottore Eco, այս ինչ շքեղ է ձեր գրադարանը։ Այս գրքերից քանի՞սն եք կարդացել։» Եվ երկրորդ խումբը, որը շատ ավելի փոքրաքանակ է, հասկանում է, որ հարուստ գրադարան ունենալը ոչ թե սեփական եսը շոյող երեւույթ է, այլ հետազոտական լուրջ գործիք։ Ընթերցված գրքերը շատ ավելի քիչ արժեք ունեն, քան չընթերցվածները։ Գրադարանը պետք է ընդգրկի այնքան չբացահայտված գիտելիքներ, որքան որ թույլ կտան ձեր ֆինանսական հնարավորությունները, հիփոթեքային վարկերի դրույքներն ու անշարժ գույքի շուկայի ներկայիս բարդ իրավիճակը։ Տարիների ընթացքում ձեր կուտակած գիտելիքներն ու գրքերի քանակը կավելանան, եւ չընթերցված գրքերի աճող բանակը դարակներից սպառնացող հայացքով կհետեւի ձեզ։ Անշուշտ, ինչքան շատ է ձեր գիտելիքը, այնքան շատ են չկարդացած գրքերով լի դարակաշարերը։ Այս չկարդացած գրքերն առաջարկում եմ կոչել հակագրադարան։

Մենք հակված ենք մեր գիտելիքներին վերաբերվել որպես մեր սեփականության, որ հարկավոր է պաշտպանել ու փայփայել։ Այն համարում ենք զարդ, որ հնարավորություն է տալիս տարբերվել մյուսներից։ Ուստի միայն իմացածի վրա կենտրոնանալով, Էկոյի գրադարանային զգացմունքները խոցելու մեր այս միտումը մարդկային թուլություն է, որ բնորոշ է մեր ամբողջ մտավոր գործունեությանը։ Մարդիկ իրենց հակառեզյումեները չէ, որ բաժանում են ու աջ ու ձախ պատմում, թե ինչ չեն սովորել ու ինչի փորձառությունն իրենք չունեն (դա նրանց մրցակիցների գործն է)։ Իհարկե, լավ կլիներ, եթե այդպես լիներ։ Գիտելիքի վերաբերյալ մեր կարծրատիպերի հետ պետք է վարվել ճիշտ ինչպես գրադարանային տրամաբանության՝ շրջել գլխիվայր։ Հաշվի առեք, որ Սեւ կարապները հայտնվում են, քանի որ մենք թերագնահատում ենք անակնկալների՝ չկարդացած գրքերի հավանականությունը եւ չափազանց լուրջ ենք վերաբերվում միայն մեր ունեցած գիտելիքներին։
Դիտում՝ 12735
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW