Խաղ փոխող գործադիր տնօրեն

10.12.2020 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սեւադա Բաղդյան #Relevant Executive Search
Ներկայացնում ենք Relevant Executive Search ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սեւադա Բաղդյանի հոդվածը՝ նվիրված այնպիսի գործադիր տնօրեններին, որոնց կարիքն այսօր շատ բիզնեսների համար օրհասական է։

Դինամիկ զարգացող աշխարհում ավելի ու ավելի կարեւոր են դառնում այնպիսի ղեկավարները, որոնք ոչ միայն կարող են լավ կառավարել եւ առաջ մղել ընկերությունը, այլեւ կտրուկ փոխել խաղի կանոններն ու հեղափոխական քայլեր ձեռնարկել։

Այս հատկանիշներով օժտված գործադիր տնօրեններն իսկապես մեծ պահանջարկ ունեն այժմ, սակայն աշխատաշուկայում նրանց գտնելը եւ տարբերելն այնքան էլ հեշտ չէ: Տնօրենի ընտրության ստանդարտ մեթոդներն ու գործիքներն այս դեպքում մեզ լիովին չեն կարող օգնել։ Փորձառու մասնագետ լինելը կամ հաջողակ կարիերա ունենալը դեռ չի նշանակում, որ կարելի է դառնալ խաղի կանոններ փոխող ղեկավար։

Relevant Executive Search ընկերության կողմից գործադիր տնօրենների հետ անցկացված հարյուրից ավել հարցազրույցները ցույց են տվել, որ գործադիր տնօրեններն օժտված են լինում տարբեր կառավարչական հմտություններով: Ոմանց մոտ ստացվում է ստեղծել լավ կորպորատիվ մշակույթ, ներդնել արդյունավետ բիզնես գործընթացներ, շահութաբեր բիզնես կառուցել, մինչդեռ այլոք՝ այսպես կոչված Game Changer-ները, կարողանում են հեղափոխական քայլերով կտրուկ բարձրացնել աճի կորն այն բիզնեսում, որը ղեկավարում են։

Այս հոդվածում առանձնացրել եմ մի քանի չափորոշիչ, որոնց հիման վրա կարելի է տարբերել խաղ փոխող գործադիրներին:

1. Տեխնոլոգիաների եւ նորարարական մոտեցումների կիրառում

Վերջին 20 տարում աշխարհում բազմաթիվ ընկերությունների կողմից շուկայի զգալի հատված կորցնելու կամ, ընդհակառակը, այդ սեգմենտում քվանտային թռիչք կատարելու գործում առանցքային դեր են ունեցել տեխնոլոգիաներն ու նորարարությունը։ Այսօր տեխնոլոգիական ապրանքների շուկայում հազվադեպ կարող ենք տեսնել ժամանակին շատ հայտնի եւ սիրելի այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nokia-ն, Kodak-ը, BlackBerry-ն, որոնք, լինելով ճանաչված եւ ուժեղ տեխնոլոգիական ընկերություններ, կորցրին շուկան՝ ինովացիաներին բավարար չափով չհետեւելու պատճառով։

Սակայն սա չի նշանակում, որ ընկերության գործադիր տնօրենը կառավարչական աշխատանքը պետք է փոխարինի տեխնոլոգիական աշխատանքով։ Նա պարզապես պետք է ունենա գոնե բազային տեխնոլոգիական գիտելիքներ, հետեւի թրենդներին, ընկերության ռազմավարության զարգացման գործում մեծ տեղ հատկացնի տեխնոլոգիական նորարարությանը:

Իսկ ամենակարեւոր հանգամանքն ընկերության բոլոր ստորաբաժանումների (այլ ոչ միայն ՏՏ կամ թվային մարքեթինգի) աշխատանքներում տեխնոլոգիական լուծումների եւ նորարարությունների լայն կիրառումն է: Այս ամենն ընկերությանը հնարավորություն կտա արդյունավետ լինել եւ առաջնորդվել ոչ ստանդարտ, կարծրատիպերից դուրս լուծումներով։

Գործադիրի ամենակարեւոր գործառույթը նրա կայացրած որոշումներն են, որոնց առավելագույնս ճիշտ լինելու համար հաճախ են սկսել օգտագործել Big Data, որին անհնար է տիրապետել առանց տեխնոլոգիաների։

2. Համագործակցություն թիմի հետ

Հաճախ գործադիրները կարեւոր ռազմավարական որոշումներ են կայացնում, որոնք այդպես էլ լիարժեք չեն ներդրվում ընկերության աշխատանքում։ Քիչ չեն դեպքերը, երբ խնդիրը ոչ թե սխալ որոշումների մեջ է, այլ այն, որ թիմն ու ղեկավարը «նույն ալիքի վրա» չեն. այդպիսով որոշումներն արդյունավետ չեն իրագործվում եւ թիմը սկսում է խոչընդոտել նոր որոշումների կյանքի կոչումը։

Եվ հենց այստեղ է ամենամեծ մարտահրավերը, քանի որ խաղ փոխող գործադիր տնօրենները հաճախ դժվար են հասկացվում եւ ընդունվում հատկապես մեծ թիմերում: Նրանք անընդհատ ուզում են փոխել խաղը, իսկ թիմակիցները չեն հասկանում փոփոխության անհրաժեշտությունը:

Հաշվի առնելով, որ իրական խաղը տեղի է ունենում ստորին եւ միջին օղակներում, ղեկավարը չպետք է կտրված լինի թիմից: Նա պետք է ակտիվ կապի մեջ լինի բոլոր օղակների հետ, որպեսզի զգա թիմին եւ կարողանա խնդիրները ճիշտ ձեւակերպել: Անհրաժեշտ է, որ թիմը վարակվի նորարարության գաղափարով եւ մեծ խանդավառությամբ գնա խնդրի իրականացման հետեւից։ Թիմը պետք է տեսնի, որ դա այն վայրն է, որտեղ խաղ է փոխվում (This is where the game is changing)։

Այս հարցում գործադիր տնօրենին կարող են նաեւ օգնել միջին օղակում աշխատող այն պրոֆեսիոնալները, որոնք կարող են ստանձնել խաղարկողի (playmaker` ֆուտբոլում) դերը եւ օգնել թիմի մյուս անդամներին՝ ներգրավվելու խաղ փոխող որոշումների իրագործմանը։
 
3. Համապատասխան մետածրագիր

Խաղ փոխող գործադիր տնօրեն լինելու համար անհրաժեշտ է տիրապետել ոչ միայն գիտելիքների եւ հմտությունների, այլեւ լինել համապատասխան հոգեկերտվածքի անձնավորություն, որն ունի բավականաչափ ներքին էներգիա՝ պարբերաբար նորարարություններ իրականացնելու եւ իրերին ու երեւույթներին բոլորովին այլ տեսանկյունից նայելու համար։

Նմանատիպ մասնագետներ գտնելու հարցում վերջերս լայնորեն կիրառվում են մետածրագրերը։ Դրանք մարդու մտածելակերպի առանձնահատկություններն են, որոնք որոշում են նրա վարքագիծը հասարակությունում։ Առանձնացրել ենք այն երկու մետածրագրերը, որոնք հիմնականում բնորոշում են խաղ փոխողներին:

Փախուստը կամ ձգտումը՝ որպես մոտիվացիա

Բոլորն էլ ունեն նպատակներ եւ ներքին ուժ՝ այդ նպատակներին հասնելու համար։ Այն գործադիր տնօրենը, որի մոտ զարգացած է փախուստի մոտիվացիան, ներքին ուժն ակտիվանում է միայն, երբ ստեղծված իրադրությունն իր համար վատ է, կամ կան հիմքեր, որ շուտով կվատանա։ Այդ դեպքում նրանք իրենց մեջ ուժ են գտնում՝ նոր քայլեր ձեռնարկելու համար։

Փախուստի մոտիվացիա ունեցող ղեկավարները սպասում են դրության վատթարացմանը կամ նախանշանների հայտնվելուն, նոր միայն սկսում են գործել, ինչը կարող է հաճախ ուշացած եւ կործանարար լինել բիզնեսի համար։

Իսկ այն ղեկավարը, որի մոտ զարգացած է ձգտումը, գործում է նույնիսկ իրերի ամենաբարենպաստ դրության ժամանակ: Այդպիսի գործադիրները պարբերաբար ձգտում են ավելիին եւ երբեք հանգիստ չեն կարողանում նստել ու սպասել։ Խաղ փոխողի համար կարեւոր է ունենալ ձգտման մոտիվացիա, որպեսզի նորարարությունները պարբերական բնույթ կրեն։

Գործընթաց եւ արդյունք

Որպես կանոն, մարդկանց մի մասին մոտիվացնում է գործընթացը, մյուսին՝ դրա վերջնական արդյունքը: Երկու դեպքում էլ հնարավոր է ստանալ գործի վերջնական դրական արդյունք, սակայն տարբեր ճանապարհներով:

Գործընթացին միտված ղեկավարը սիրում է ստեղծել մանրակրկիտ եւ արդյունավետ բիզնես գործընթացներ, որոնք ուղղված են նպատակին հասնելուն, եւ նա, ի վերջո, հաջողություն է գրանցում։

Այս դեպքում մարդու համար ավելի կարեւոր են իր ստեղծած գործընթացներն ու դրանց անխափան աշխատանքը։

Արդյունքին միտված CEO-ն երբեք չի ընկնում մանրակրկիտ գործընթացներ կառուցելու հետեւից, նա շատ լավ կարողանում է պատկերացնել վերջնական արդյունքը եւ փորձում է գտնել ամենակարճ ճանապարհն այդ արդյունքին հասնելու համար։ Ճիշտ է, քիչ չեն դեպքերը, երբ ձեռք բերված արդյունքն արագ անհետանում է, քանի որ այդպես էլ չեն հասցնում կառուցել դրան նախորդող անհրաժեշտ գործընթացները:

Խաղ փոխող գործադիրներին ավելի բնորոշ է արդյունքին միտված լինելը։

Շատ կարեւոր է, որ բիզնեսի սեփականատերերը հստակ պատկերացնեն, թե ինչ տեսակ կառավարիչ են ցանկանում տեսնել ընկերության ղեկին։ Իրականում ոչ բոլոր բիզնեսներն ունեն խաղ փոխող ղեկավարի կարիք։ Միգուցե ձեզ անհրաժեշտ է ղեկավար, որը ճգնաժամային կառավարման լավ հմտություն ունի, կամ մեկը, որը հիանալի կարող է արտադրական գործընթացներ ներդնել ու ղեկավարել։ Ամեն դեպքում, պետք է հիշել, որ ապագա գործադիր տնօրենը պետք է համապատասխան լինի հենց ձեր բիզնեսին, ինչից կշահեն բոլորը։
Դիտում՝ 30371
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW