Բանկերից խոշոր միջոցների արտահոսք չի նկատվել

08.04.2008 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Չնայած քաղաքական իրադրության վերջին սրացումներին, Հայաստանի ֆինանսական համակարգում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է: Իսկ արժութային շուկան, որն ամենաարագն է արձագանքում նման իրավիճակներին, միանգամայն կայուն է: Արդյոք քաղաքական լարվածությունը ֆինանսական համակարգի վրա որեւէ ազդեցություն չի ունեցել: “Հայոց Աշխարհ”- ի հարցերին պատասխանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:

- Կարող ենք ասել, որ առաջին երկու ամիսներին ընտրական գործընթացները ֆինանսական համակարգի վրա էական ազդեցություն չեն գործել: Զարգացումները շարունակվել են: Ֆինանսական հատվածը վարկավորում է իրականացրել ավելի մեծ տեմպերով: Հավանաբար որոշակի խնդիրներ կան մարտին, բայց այդ ամսվա վերաբերյալ ամբողջական վիճակագրություն չունենք, որպեսզի հնարավոր լինի լիարժեք դատողություններ անել: Որոշ ժամանակ հետո միայն պարզ կլինի մարտ ամսվա ընթացքում ձեւավորված քաղաքական իրավիճակը տնտեսական զարգացումների վրա շատ ավելի կտրուկ ազդեցություն ունեցե՞լ է, թե՞ ոչ:

- Կա տեղեկատվություն, որ բանկային համակարգում սկսվել է ֆինանսական միջոցների արտահոսք: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Ճիշտն ասած, նման տեղեկատվություն չունենք: Այդ առումով կա հրապարակայնություն: Փողի զանգվածի վերաբերյալ հաշվետվությունը պարբերաբար տպագրում ենք, տեղադրում ինտերնետում: Այնտեղ կան հասկացություններ, որոնք առնչվում են փողի շարժերին` զուտ արտաքին կամ ներքին ակտիվներին: Դրանց հետեւելով` կարելի է դատողություններ անել: Ամեն դեպքում, ոչ մասնագիտական լեզվով ասեմ, մենք խոշոր միջոցների արտահոսք չենք նկատել:

- Որոշ բանկեր հայտարարում են, որ վերջին շրջանում կրճատվել է ֆինանսական միջոցների մուտքը բանկային համակարգ:

- Նախ պետք է տարբերակել, թե խոսքն ինչպիսի մուտքերի մասին է` արտաքին, ներքին, թե այլ: Դժվար է միանշանակ գնահատական տալ: Մասնավորապես, եթե վերցնենք ամբողջ բանկային համակարգում եղած փոխանցումների ծավալը, ապա տարեսկզբի առաջին երկու ամսվա տվյալներով, տեմպերը մի փոքր դանդաղել են, բայց ընդհանուր առմամբ առկա է փոխանցումների ավելացում: Այսինքն` այդ ընթացքում ավելի շատ փող է եկել, ուղղակի նվազել է աճի տեմպը, ինչը, իհարկե, չի կարելի ասել ոչ առեւտրային փոխանցումների մասին, որոնց աճի տեմպը ավելացել է: Ամեն դեպքում, անկում չի եղել:

- Այնուհանդերձ այս իրավիճակը սպասումներ չի՞ առաջացրել բանկային համակարգում, հատկապես վարկավորման առումով:

- Մարտի տվյալներին դեռ ծանոթ չեմ, բայց մինչ այդ ունեցել ենք ակնհայտ ավելի ակտիվ վարկավորում: Ի տարբերություն մյուս տարիների` անգամ հունվար- փետրվարին է արձանագրվել վարկավորման էական աճ:

- Քաղաքական վերջին իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան ֆինանսական համակարգի վրա:

- Կարծում եմ, ֆինանսական համակարգն ունի բավականաչափ իներցիա, որպեսզի էական տատանումներ չլինեն: Սակայն ամբողջովին հարթ ընթացք կանխատեսելը խիստ դժվար է:

- Այս տարի Հայաստանի արժութային համակարգը շատ կայուն է, չնայած ընտրական գործընթացների կամ քաղաքական իրավիճակի լարվածությանը: Ինչո՞վ եք բացատրում:

- Այստեղ կան երկկողմանի զարգացումներ: Եթե մինչ այդ ճնշումները մեկ ուղղությամբ էին, ապա այս պահին դրանք երկու ուղղությամբ էլ կան: Շուկայում Կենտրոնական բանկի մասնակցություն եղել է, բայց դա արտահայտվել է ոչ թե փոխարժեքներն ուղղորդելու կամ ամրագրելու, այլ հնարավոր տատանումները մեղմելու տեսքով: Այս տարի երեւի թե հիմնական տարբերությունն այն էր, որ կային երկկողմանի զարգացումներ ե°ւ արժեւորման, ե°ւ արժեզրկման ուղղությամբ:

- Եթե նախկինում ԿԲ- ն հիմնականում դոլար էր գնում, ապա այժմ կարծես սկսել է վաճառել: Կարելի՞ է ասել, որ շուկայում նվազել է դոլարի ծավալը:

- Եթե նայեք վիճակագրությանը, ապա տարեվերջին էապես ավելացել էր Հայաստանի ներմուծումը: Արտարժութային միջոցների շարժը հիմնականում համապատասխանել է ներմուծման ոլորտում դրսեւորված նորահայտ միտումներին: Այնպես որ, կարծում եմ, դա կապված է անցած տարվանից ներմուծման էական ավելացման հետ: Հոսքերը մեծ մասամբ սպասարկել են ներմուծումը:

- Նախկինում դրամի արժեւորումը հիմնականում կապվում էր տնտեսական աճի եւ տրանսֆերտների ներհոսքի հետ: Հիմա, երբ փոխարժեքները կայուն են, նշանակում է այդ գործոններն այլեւս չկա՞ն:

- Ոչ, այդ ամենը կա: Իրավիճակն ուղղակի պայմանավորված է անցած տարվա վերջից դրսեւորված ներմուծման տեմպերի աճով, ինչը շարունակվում է պահպանվել նաեւ այս տարի: Դա որոշակի հավասարակշռություն է մտցնում շուկայում:

- Եթե այնպես ստացվի, որ քաղաքական իրավիճակի պատճառով կրճատվեն տրանսֆերտները, դա ինչպե՞ս կանդրադառնա փոխարժեքների վրա: Հնարավո՞ր է, որ վերսկսվի դրամի արժեզրկումը:

- Չի բացառվում: Բայց չեմ կարծում, որ տեղի կունենա կտրուկ շրջադարձ: Ամեն դեպքում, եթե ոչ թե տեմպերը դանդաղեն, այլ կրճատվեն տրանսֆերտները, ապա արժեզրկման որոշակի միտումները չեն բացառվում: Իհարկե, Ռուսաստանի, Հայաստանի ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակներից, արտագնա աշխատուժից եւ այլ հոսքերից ելնելով, շատ դժվար է նման կանխատեսում անել:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 5199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW