«Արմբերրի»-ն իր բիզնես ճանապարհը սկսել է 2015 թվականին՝ 110 մլն դրամ բաժնետիրական կապիտալով։ 2020-ին հատապտղային շուկայում դիրքերն ամրապնդած ընկերությունը ներկայանում է կիսա-օրգանական ճանապարհով մշակվող մոշի եւ ազնվամորու տեսակներով։ Դրանք աճում են Արա լեռան փեշերին, աճեցվում նոր տեխնոլոգիայով՝ առանց քիմիական ներգործության։«Արմբերրի»-իհիմնադրման եւ հատապտուղների բիզնեսի զարգացման հեռանկարի մասին Banks.am-ին պատմել են ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը եւ գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը։Արմբերրին նախ աշխատատեղ է2015-ին «Արմբերրի»-ի հիմնադիրները «Արար» հիմնադրամի միջոցով հետազոտեցին Հայաստանում այգեգործության զարգացման հեռանկարներն ու պարզեցին, որ 1 հա-ից ամենաշատ եկամուտ կարելի է ստանալ հատապտուղներից։ Դրանց 1 կգ-ը, ի տարբերություն մրգերի եւ բանջարեղենների, ավելի թանկ արժե, իսկ բերքատվությունն ավելի բարձր է։«Սկզբում կարծում էինք, որ հատապտուղների մշակումը բարձր շահութաբերություն ունեցող գործ է։ Ավելի ուշ պարզեցինք, որ մոշի եւ ազնվամորու աճեցումը չափազանց աշխատատար է։ Արդյունքում, այս բիզնեսը բացի շահույթ ապահովելուց, սկսեց նաեւ աշխատանքով ապահովել շրջակա համայնքների բնակիչներին», - պատմում է Ավետիք Չալաբյանը։ Ավետիք Չալաբյանը Լուսանկարը՝ «Արմբերրի» Ըստ ընկերության հաշվարկների, հատապտղանոցի յուրաքանչյուր բերքատու հեկտարը չորս սեզոնային աշխատատեղ է ստեղծում։ Ազնվամորու դեպքում սեզոնն ավելի երկար է՝ բերքահավաքը տեւում է 3-4 ամիս։ Ոչ բերքատու ամիսներին աշխատանք նույնպես կա՝ մշակում են հատապտուղները, քաղհանում, էտում, կապում։«Սա աշխատանքի հսկայական ծավալ է, որը հնարավորություն է տալիս առնվազն 6 ամիս աշխատանքով ապահովել մարդկանց։ Այդ բնակավայրում կանանց համար սա միակ նման եկամտով աշխատանքն է։ Մենք վճարում ենք եւ միջին պլանային, եւ որոշ դեպքերում նաեւ գործարքային աշխատավարձ», - ասում է Ավետիք Չալաբյանը։ Լուսանկարը՝ «Արմբերրի» Բերքատու ազնվամորու եւ մոշի տեսակները ներմուծված են Հոլանդիայից եւ Լեհաստանից։ Բազմաթիվ փորձերի արդյունքում են կենտրոնացել այս երկու տեսակի մշակման ուղղությամբ։ Մյուսները հայկական բնակլիմայական պայմաններին այդպես էլ չեն հարմարվել ։ Լուսանկարը՝ «Արմբերրի» Պլանային բերքատվության գագաթնակետին հասած հատապտուղներն ապացուցել են, որ մասամբ հաղթահարվել են տեխնոլոգիական մշակման՝ պարարտացման, ոռոգման, քամուց, արեւից, շոգից պաշտպանության խնդիրները։ Ամեն տարի այգին կմեծանա մի քանի հեկտարով, յուրաքանչյուրն իր հետ բերելով 12 նոր աշխատատեղ։ Արմբերրիի տեխնոլոգիան նորություն է«Ի՞նչ հող ընտրել», «Ինչպե՞ս պարարտացնել», «Ինչպե՞ս ջրել ու մշակել»՝ այս հարցերը ծագել են, երբ պարզվել է, որ տարածքի հողի կրային մասը բավականին բարձր է, իսկ մասնագետ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Հարցը լուծվել է քարերն աղալուց հետո։«Հողում եղած քարերը աղացինք՝ վերածելով մանր քարերի, հետո հրաբխային խարամ խառնեցինք, որ ապահովենք օդաթափանցելիություն։ Հետո ավելացրեցինք պարարատանյութեր եւ կարողացանք փոխել հողի որակը», - պատմում է Ավետիքը: Լուսանկարը՝ «Արմբերրի» Այսօր Արմբերրիի հատապտղանոցներում ազնվամորու եւ մոշի աճեցման բացառիկ պայմաններ են՝ տարածքը պաշտպանված է արեւից, տեղադրված են կարկտապաշտպան ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգ, սառնարաններ։ Սա հնարավորություն է տալիս ընդլայնել ոչ միայն մատակարարման ժամկետները, այլեւ արտահանման ծավալները՝ ընկերության գործունեությունը եղանակային պայմաններից կախված չէ։ Սակայն ջրի հարցը շարունակում է մնալ խնդրահարույց։ Լուսանկարը՝ «Արմբերրի» «Այս պահին երաշխավորված ենթակառուցվածքների ապահովման կարիք ունենք՝ հոսանք, խմելու եւ ոռոգման ջուր։ Հոսանքը մեր ուժերով ենք տարածք հասցրել, խմելու եւ ոռոգման ջրի հարցը նույնպես սեփական միջոցներով ենք մասամբ լուծել։ Օրենքը թերի է՝ ոռոգման ջրի կնքված պայմանագրում հստակ ֆիքսված չէ, թե շաբաթական կամ օրական որքա՞ն ջուր պետք է մատակարարվի, միայն նշված է, որ 1 հեկտարի հաշվարկով տարեկան պետք է տրամադրի 10 000 խմ ջուր։ Բայց ի՞նչ հաճախականությամբ եւ ի՞նչ որակով, պարզ չէ։ Սա իսկապես լուրջ խնդիր է, որի լուծման պարագայում հարյուրավոր նոր աշխատատեղեր կունենանք», - ասում է ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը։ Հարություն Փախչանյանը Լուսանկարը՝ «Արմբերրի» Նա պատմում է, որ Արմբերրին չի խուսափում նորություններ փորձարկելուց՝ օրինակ, այգում օդի խոնավության մակարդակն ու ջերմաստիճանը բջջային հավելվածի միջոցով են ստուգում եւ կարգավորում, աշխարհի ցանկացած անկյունից էլ հեռախոսազանգով անջատում կամ միացնում են պոմպը։Այգիների տարածքըԸնկերության առաջնահերթ նպատակներից մեկը գյուղատնտեսությունից գործարանային արտադրության անցումն է։«Արմբերրիի հատապտղային այգին տեսակով եզակի է եւ առաջինը Հայաստանում, մենք ոլորտի առաջատարներն ենք, հատապտուղների մշակման տեխնոլոգիան վերջնականապես հստակեցնելուց հետո, մենք այն կառաջարկենք գյուղատնտեսներին, որպեսզի նրանք զբաղվեն արտադրությամբ, իսկ մենք կկենտրոնանանք որակը վերահսկելու, տեխնոլոգիան կառավարելու ուղղությամբ», - փակագծեր է բացում Ավետիք Չալաբյանը։ Լուսանկարը՝ «Արմբերրի» Նրա գնահատմամբ, հատապտուղների այս տեսակների եւ նման քանակի մշակման տեխնոլոգիան կայունացնելը շատ բարդ է, քանի որ մեծ ներդրում է պահանջում։ Թունելային ջերմոցների պարագայում 1 հա-ի համար անհրաժեշտ է 50 միլիոն դրամ, բաց այգեգործության դեպքում՝ 1 հա-ի համար գյուղացուց կպահանջվի ավելի քան 20-25 միլիոն։ Ավետիք Չալաբյանը Լուսանկարը՝ «Արմբերրի» «Շարքային գյուղացիական տնտեսությունների համար նման ներդրումը շատ բարձր նշաձող է եւ գրեթե անհասանելի է։ Սա է պահանջում մեր սահմանած որակի նշաձողը, որը պահպանելը շատ բարդ է, չպահպանելու դեպքում տուժում է արտադրանքը՝ դառնալով ավելի մատչելի, բայց որակապես ավելի վատը։ Օրինակ, հակակակարկտային եւ հակարեւային պաշտպանություն ենք տեղադրել, որը 1 հեկտարի մեջ լրացուցիչ 8 միլիոն դրամ ներդրում է պահանջել։ Չտեղադրելու դեպքում որակը տուժելու էր, աշխատանքային պայմանները վատթարանալու էին, իսկ մեզ համար կարեւոր է, որ մարդը կիզիչ արեւի տակ չաշխատի, որովհետեւ իր աշխատանքային պայմաններից է կախված նաեւ իր աշխատանքի որակը։ Մենք չենք ուզում, որ մարդկանց առողջությունը քայքայվի, մենք ուզում ենք ապահովել նրանց այնպիսի պայմաններով ու վարձատրությամբ, որ աշխատանքը բավականություն պատճառի», -ասում է Ավետիք Չալաբյանը։ Լուսանկարը՝ «Արմբերրի» Ըստ նրա, փորձն ապացուցում է, որ լրացուցիչ ներդրումը շուկայում ապահովում է ավելի բարձր հեղինակություն, որը գնահատում են այն հաճախորդները, որոնց համար կարեւոր է արտադրանք գնել սոցիալապես ավելի պատասխանատու, բնությունը խնայողաբար օգտագործող, մարդկանց առողջությանը հարգանքով վերաբերող եւ բերքը քիմիական ազդեցությունից զերծ պահող ընկերությունից։Լուսին Մկրտչյան Tweet Դիտում՝ 22880