Սահմանամերձ Տավուշը զբոսաշրջային ռեսուրսի պակաս չունի։ Բնությունը պարգեւել է, մարդը՝ հղկել ու կատարելագործել՝ ստեղծելով այն, ինչի համար շատերն են Հայաստանի տարբեր վայրերից մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ կտրում- անցնում։ Հովքի հայտնի Քարի լիճն արդեն ոչ միայն տեսարժան վայր է, այլեւ՝ հանգստի գոտի, որտեղ կարելի է պարզապես վայելել բնությունը, սար բարձրանալ, ձկնորսություն անել, նաեւ՝ սնվել ու գիշերել։ Քարի լճի հիմնադիր Ժիրայր Մելիքսեթյանը Banks.am-ին պատմել է լճի ստեղծման, ապա տարածքը զբոսաշրջային գոտի դարձնելու պատմությունը։Հովքի լեռնային փոքրիկ լիճը վաղուց չորացած կլիներ, եթե Ժիրայր Մելիքսեթյանը չստանձներ բնության հարստությունը փրկելու գործը։ Նա մոտ 3 կմ հեռավորությունից լեռների ջուրը խողովակներով լճի տարածք է հասցրել, ապա աստիճանաբար ձկնատեսակներ ներմուծել՝ լճում ջրիմուռների առկայությունն ապահովելու նպատակով։ Բնության համար՝ բնության օգնությամբ․այսպես 12 տարի պայքարելով ու տարբեր աշխատանքներ կատարելով՝ կարողացել է ստանալ այն, ինչի մասին երազել է։ Լիճ ունենալու երազանքը«Շատ տարիներ առաջ Գանձաքար գյուղի վերեւում՝ քարանձավի մոտ լիճ սարքեցի, բայց մասնագետ չլինելու պատճառով տուժեցի․երեք անգամ գետի վարարումից լիճը քանդվեց, ու գետի ջուրը ձուկը քշեց-տարավ։ Իմ մեջ էդ լճի երազանքը մնաց, որովհետեւ շատ եմ սիրում բնությունը, կենդանական աշխարհն ու հանուն դրա պատրաստ եմ ամեն ինչի։ Իսկ այս լիճը տուրիստական գոտի դարձնելու նպատակ չեմ ունեցել։ Ուզում էի ձկնորսների, որսորդների եւ ընդհանրապես բնասերների համար ստեղծել մի տնտեսություն, որտեղ տարբեր մրցույթներ կանցկացվեին։ Նաեւ կենդանական աշխարհն էի ուզում զարգացնել էս տարածքներում, ու կարծես թե ստացվեց․հսկողությունն ուժեղացրել եմ, արդեն կենդանիներ են երեւում անտառներում»,- զրույցի սկզբում իր նպատակների եւ արած աշխատանքի մասին է պատմում մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս, Տավուշի մարզի որսորդմիության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանը։ Բնության պահպանությունն այնքան է առաջնային նպատակ ու սիրելի գործ եղել, որ կյանքի հետագա բոլոր ծրագրերն ու անգամ գումար վաստակելը դրա հետ են կապվել։ Երբ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հետաքրքրվել են՝ արդյոք հնարավոր է այնպիսի բան ստեղծել, որ զբոսաշրջիկներին ցույց տալու նոր բան լինի, Ժիրայր Մելիքսեթյանը պատասխանել է՝ Հովքի պոտենցիալն այնքան մեծ է, որ տասնյակ ծրագրեր կարելի է իրականացնել։ Եվ այդ ծրագրերի մեկնարկը տվել է՝ Քարի լճի մոտ ընտանեկան հանգստի գոտի կառուցելով։ Դեպի լիճ տանող գրեթե անանցանելի ճանապարհի բարեկարգումն ու քոթեջների կառուցումն իրականացրել են Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի աջակցությամբ ու համաֆինանսավորմամբ։ Մինչ այդ, սակայն, Ժիրայր Մելիքսեթյանն իր երկու որդիների հետ լճի շրջակայքում տաղավարներ է կառուցել ու վարձով տրամադրել այստեղ մի քանի ժամ հանգստանալ ցանկացողներին։ Բիզնեսը, կարելի է ասել, այսպես են սկսել։ Իսկ երկու քոթեջները, որոնցից յուրաքանչյուրը 5-6 հոգու համար է նախատեսված, կառուցել են նախորդ տարի։ Գները Քարի լճում հանգստանալիս՝ վճարել անհրաժեշտ է միայն քոթեջի եւ սնվելու համար։ Քոթեջը տրվում է մեկ օրը 25 000 դրամով ու, ինչպես նշում են հանգստի գոտում, լավ նախաճաշի համար էլ եւս 5 000 դրամ է անհրաժեշտ։ Իսկ «լավ նախաճաշ» ասվածը էկոլոգիապես մաքուր մթերքն է՝ մեղր, ձու, կարագ, պանիր, գոմեշի մածուն, տաք հաց, բուսական թեյեր եւ այլն։ Թեպետ մնացողներն իրենց սնվելու հարցը կարող են նաեւ ինքնուրույն կազմակերպել․խոհանոցային անկյուն կա՝ բոլոր հարմարություններով։ Տաղավարները նույնպես կարելի է վարձակալել 10 000-25 000 դրամով։ Բայց լճի եզրին գտնվող փոքր տաղավարները միայն նրանց համար են, ովքեր նախընտրում են Քարի լճի ուտեստները համտեսել։ Ժամանցը, ինչպես, օրինակ, ձկնորսությունն ու նավակ քշելն, անվճար է։ «Հատուկ դրվածք ունենք․մեծամասամբ ընդունում ենք ընտանիքների, այսինքն՝ էնպես չի, որ ով ցանկանա, կարող է գալ, էստեղ հաց ուտել ու գնալ։ Բարձր երաժշտություն, աղմուկ-աղաղակ չպիտի լինի։ Ձկնորսություն սիրողները կարող են լճի ափին մնալ այնքան, որքան ուզում են։ Չեմ կարող արգելել ու վիրավորել մարդուն՝ թույլ չտալով, որ բավարարի իր էմոցիաները։ Նավակներն անվճար են․ պետք է բոլորը կարողանան օգտվել դրանցից։ Եթե հասանելի չի բոլորին, ուրեմն իմ աշխատանքն իզուր է»,- եզրափակում է Ժիրայր Մելիքսեթյանն ու նշում՝ վճարովի են միայն այն ծառայությունները, որոնց համար ինքը վճարում է իր աշխատողներին։ Հանգստի գոտու աշխատողները Հովքի բնակիչներ են։ Զբոսաշրջային ակտիվ՝ գարուն-աշուն շրջանում 4 աշխատակից են ունենում, իսկ ձմռանն ամեն ինչ կազմակերպում են ընտանեկան ուժերով։ Չվնասելով բնությունը«Հանգստի գոտու կառուցման օրից ասել եմ, որ էս տարածքում հոսանքի որեւէ լար չպիտի երեւա։ Լարերը հատուկ մեկուսիչներով հողի տակով եմ անցկացրել, որպեսզի բնությունը չկեղտոտեմ։ Գովազդային գունավոր պաստառներ ու վահանակներ մտածված չենք կիրառել։ Մշտական երաժշտությունը բնության ձայներն են։ Տարբեր ծառատեսակների միջոցով մոծակների հարցն էլ լուծել եմ (ժպտում է – հեղ․), լիճ է, շուրջբոլորը՝ անտառ, բայց միջատները մարդկանց չեն անհանգստացնում»,-պատմում է Քարի լճի հիմնադիրն ու իր բնագետ եւ բնասեր լինելը բացատրում մանկության տարիներին սարերում՝ տատիկի մոտ ապրելու եւ անտառապահ հոր հետ անընդհատ բնության մեջ լինելու հանգամանքով։ Քարի լճի հիմնադիր Ժիրայր Մելիքսեթյանը Ճարահատյալ պատրաստած ուտեստները՝ բրենդ Քարի լճում խոհանոցը բացառապես հայկական ավանդական է։ Բայց կան ուտեստներ, որոնք որեւէ այլ տեղում չես պատվիրի։ «Չոբանի ձվածեղն» ու «Ղազան քյաբաբն», ինչպես պատմում են, անճարությունից ելնելով են պատրաստել, այսինքն՝ ձեռքի տակ եղած-չեղածով, ու տեսնելով, որ համեղ է ստացվում, կատարելագործել ու դարձրել են իրենց բրենդային ուտեստը։ Չոբանի ձվածեղը Ի դեպ, այստեղ ամեն ինչ կրակի վրա են եփում, բացի սուրճից։ Փայտի ջերմությամբ պատրաստված ցանկացած կերակուր, ասում են, ուրիշ համ է ունենում։ Ժիրայր Մելիքսեթյանը համոզված է, որ հայերը, եթե միայն հայկական խոհանոցն ու ուտեստների պատրաստման մշակույթը կարողանան ճիշտ ներկայացնել աշխարհին, ապա ամբողջ աշխարհը կգա Հայաստան՝ թեկուզ միայն համեղ սնվելու համար։ Ապագայի ծրագրերՀովքում զբոսաշրջությունը զարգացնելու համար մարդածին ռեսուրսներն էլ քիչ չեն՝ միջնադարյան բերդեր, մատուռներ, տեսարժան վայրեր։ Հաջորդ տարվանից սկսած Քարի լճի այցելուները դեպի այդ վայրեր քայլարշավի հնարավորություն կունենան։ Իսկ ավանդական ձիարշավի փոխարեն այստեղ գոմեշներով արշավ կիրականացնեն։«Մեր պապերը գոմեշներով շատ են ման եկել, եթե հաջողի այն, ինչ մտածել ենք, գոմեշներով արշավի կտանենք մարդկանց։ Հենց էդ նպատակով երկու հատ գոմեշ եմ գնել, պետք է վարժեցնեմ, սովորեցնեմ։ Մեր յուրօրինակ նախաձեռնության համար նաեւ թամբեր ենք պատրաստելու։ Գոմեշը ձիուց մի քանի անգամ ապահով է․ կճղակավոր է, եւ ոտքերը արահետներում չեն սահում։ Ձիու վրա անընդհատ ճոճվում ես, իսկ գոմեշի վրա ավելի հանգիստ ու ապահով ես։ Ես ինքս երկուսով էլ ճամփորդել եմ ու սեփական փորձից գիտեմ էդ ամենը»,- ոգեւորությամբ հետագա անելիքներն է ներկայացնում Ժիրայր Մելիքսեթյանը, ում ծրագրերի շարքում է նաեւ հայկական ուտեստների քարոզը։ Պատմում է՝ նախկինում, երբ եկվորներն ասում էին, որ Հայաստանի սննդի համն ուրիշ է, կարծում էր, թե ձեւական են արտահայտվում։ Բայց հետո դրանում ինքն էլ է համոզվել՝ այլ երկրներում ազգային խոհանոց համտեսելով։ Հաջորդ տարի Քարի լճում գիշերակացի հնարավորությունն ավելի շատ մարդկանց հասանելի կլինի․նախատեսում են եւս մեկ քոթեջ կառուցել։ Լիճն ու լեռները կան, իսկ դա նշանակում է, որ արկածային տուրիզմի ոլորտում նույնպես անելիք ունեն։ Ապագայի ծրագրերից մեկն էլ զիփլայնն է։Համավարակը չի խանգարել, օգնել էՔարի լճի այցելուներն այս տարի նախորդ բոլոր տարիներից շատ են եղել։ Երեւանից, Գյումրիից եւ այլ բնակավայրերից Հովք եկածներն անկեղծացել են՝ ասելով, որ իրենց հայրենիքը նախկինում չեն ճանաչել։ Կորոնավիրուսն է ստիպել բոլորին բացահայտել Հայաստանը։ Ինչո՞ւ քարի լիճ«Լիճը մեծացնելու ժամանակ տարածքից էնքան շատ քար դուրս եկավ, որ անընդհատ ասում էինք՝ քարը խանգարեց, նորից քար դուրս եկավ։ Ուզում էինք խորացնել, ու հատակին նորից հսկայական քարեր էին։ Սրտնեղելով ասացի՝ էս քարի լիճ դառա՞վ։ Էդպես էլ անունը մնաց»,- պատմում է Քարի լճի հիմնադիրը, ապա ավելացնում՝ բնության հանդեպ ունեցած մեծ սիրուց է գուցե, որ վատ վերաբերմունք ունի բնությունից ծնված-ստեղծվածը մարդկանց անուններով կոչելու երեւույթի հանդեպ։ Ու արգելել է բոլորին իր անունը կապել այս տարածքի հետ։ Ինչպե՞ս հասնելՀովք գյուղը Դիլիջան-Իջեւան միջպետական ճանապարհին է, իսկ գյուղի հայտնի հանգստավայրը մարզկենտրոն Իջեւանից 10 կմ հեռավորության վրա։ Հանգստի գոտու հանրայնացմամբ եւ ամրագրումներով Ժիրայր Մելիքսեթյանի որդիներն են զբաղվում։ Հանգստավայրը հասանելի է Facebook-ում եւ Booking-ում։ Գովազդն այս տարի շատ ակտիվ չեն պահել, որովհետեւ մարդկանց հետաքրքրությունը մեծացել է, իսկ իրենց տարածքը ներկայում այնքան մեծ չէ, որ բոլոր ցանկացողներին ինչպես հարկն է կարողանան ընդունել ու ճանապարհել։ Տաթեւիկ Ճուղուրյան Tweet Դիտում՝ 30947