Վերջին 5 տարիների ընթացքում Շիրակի մարզում սկսեցին մեկը մյուսի հետեւից ջերմոցներ ստեղծվել։ Խթան հանդիսացան տարբեր ծրագրերով Շիրակի մարզի համայնքներում ջերմոցների ու արեւային էներգիայի օգտագործման արդյունավետ օրինակները։ Կարեւոր էին նաեւ մասնագիտական այն դիտարկումները, որ Հայաստանում տարեկան 300 եւ ավելի արեւային օրեր կան, ինչը հնարավորություն է ընձեռում կազմակերպել մրգի եւ բանջարեղենի արտադրություն ողջ տարվա ընթացքում` առանց թանկարժեք լուսավորության համակարգերի կիրառման։ Նպաստեցին նաեւ ջերմոցային տնտեսություններին կառավարության աջակցության տարբեր ծրագրերն ու արտոնությունները։ Շիրակի մարզում որոշեցին զբաղվել հիմնականում ծաղիկների մշակմամբ։ Տեղի ու արտերկրի շուկայի համար ծաղիկների արտադրությունը բավական արդյունավետ կազմակերպվում էր։ Որոշ ձեռներեցների հաջողվեց ընդլայնել ջերմոցները։ Սակայն վարակը իր հետեւանքներով անորոշ դարձրեց իրավիճակը։ Ծաղիկներ էժան գներով - Ժավելի սպիրտի պես ուղարկել էինք բակերը, վարդ էին ծախում, ափսոս էր, բայց դե թափելու տեղը ավելի լավ է բնակիչներին էժան տվեցինք։ Ի՞նչ անեինք, երբ մարտի կեսերին մենք արդեն բացված ծաղիկներ ունեինք, - անցնող ամիսների ծանր վիճակն է ներկայացնում «Վարդերի աշխարհ» ջերմոցի սեփականատեր Կոլյա Ղուկասյանը։ Կոլյա Ղուկասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Վարդերի աշխարհ» ջերմոցը ստեղծվել է երկու տարի առաջ, տեղական ու հոլանդական վարդերի տեսականին իրացնում են Շիրակի մարզում ու մայրաքաղաքում։ Կոռոնավիրուսի հետեւանքով կրած վնասները դեռ հաշվում են։ Խստաշունչ ձմեռվանից հետո, երբ ջեռուցել են ջերմոցը այն հույսով, որ գարնանը վաճառելու են վարդը ու եկամուտ են ստանալու, հակառակ պատկերն է գրանցվել։ 5 անգամ պակաս գնով հազիվ կարողացել են իրացնել, մինչեւ այժմ էլ վարդերի գինը մի քանի անգամ ցածր է ու իրացման խնդիրները մնում են անլուծելի։ Լուսանկարը՝ Մեդիամաքս -20 օրից նորից կէլնի վարդը ու պտի ընկնիք դռնեդուռ, թե ում ծախենք։ Աստիճանաբար երբ բացվեն հարսանիքների, ծնունդների միջոցառումները, ծաղիկը կսկսի վաճառվել ու գինն էլ կկայունանա,-ասում է Կոլյա Ղուկասյանը։ Սեփականատերերը օգտվել են կառավարության տրամադրած արտոնյալ վարկերից: Ֆինանսական կորուստներ շարունակում են կրել, վարկային պարտավորություններն էլ միայն 2 ամսով են հետաձգել։ Այս ընթացքում միակ ձեռքբերումն այն է, որ փորձել են նաեւ օնլայն պատվերներով աշխատել, սակայն դեռեւս միանշանակ չեն նշում, որ այն արդյունավետ է։ - Մեր ժողովուրդը սովոր չէ օնլայն վաճառքին, մանավանդ գյումրեցոնք, ուզում են իրանց աչքի առաջ ծաղիկը կապեն, նույնիսկ իրանց աչքի առաջ վարդը քաղեն, որ գոհ մնան,- նշում է ջերմոցի սեփականատերը: «Վարդը դարձել է Գյումրիի բրենդը, մեր վարդը դուրսը լավ անուն ունի»Այսպես է սկսում մեր զրույցը «Վարդերի Ջերմոց Գյումրիում»-ի հիմնադիրներից Ցոլակ Չադրյանը։ Ու բացատրում է, որ բնավ էլ կատակ կամ մեծախոսություն չէ իր ասածը։ Իսկապես, Գյումրիից արտահանվող վարդերին շատերն են սպասում։ Վարդերի տեղական ու հոլանդական տարբեր տեսակներ աճեցնել սկսել են 2015 թվականից։ Ցոլակ Չադրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընդամենը 500 մետրանոց ջերմոցը երկու ընկերներով կարողացել են մեծացնել այնքան, որ դրանից զատ եւս մեկ հեկտարանոց ջերմոց ստեղծեցին, որտեղ կարելի է գտնել կոկոպիտի/կոկոսի թեփի ու տաշեղների խառնուրդ՝ նախատեսված բույսերի աճեցման համար։ -Երբ սկսում ես ինչ-որ մի գործ կամ որեւէ մշակաբույսի աճեցում ու այն հաջող է ստացվում, շատ արագ այդ բիզնեսը սկսում են կրկնօրինակել ու գալիս է մի պահ, երբ տվյալ ապրանքը շուկայում լճանում է ու հարկավոր է փնտրել արտահանման տարբերակներ։ Մեր ծավալները թույլ են տալիս, որ Հայաստանից բացի ՌԴ-ում մեր շուկան զարգացնենք։ Կարծում եմ, Հայաստանը կարող է դառնալ ծաղիկի խոշոր արտադրող դառնալ, եթե մենք մեր ներուժը ճիշտ օգտագործենք,- ասում է Ցոլակ Չադրյանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Բիզնեսը զարգացնելու համար ջերմոցային բիզնես հիմնադրող ընկերներին օգնել են վարկային միջոցները։ Եթե մինչ համավարակը ամսական վճարումներ պարտաճանաչ կատարել են, հիմա առաջանում են որոշակի դժվարություններ։ - Ունենք մոտ 400 000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ ներգրավված: Ճիշտ է, բանկերը ընդառաջել են, 3-4 ամիս ժամկետ են տրամադրել, բայց պարզ է, որ տնտեսական հետեւանքները մոտ ապագայում չեն վերանա: Ցոլակ Չադրյանն ասում է, որ ճգնաժամը նաեւ նոր հնարավորություններ է բացել, մտածում են այլ մշակաբույսեր նույնպես աճեցնել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս - Ջերմոցում մեկ տասնյակից ավելի մրգերի եւ այլ ծաղիկի տեսակի նմուշներ ենք ուզում բազմացնել, ունենք մուշմոլա, անանասի տնկիներ, ավոկադո, կիվի: Օրինակ, կիվին ամբողջ տարվա ընթացքում պահանջարկ ունեցող միրգ է։ Կարծում եմ, եթե կառավարությունը որոշակի մեխանիզմներ մտածի, սուբսիդավորի, ձեռներեցները ավելի շահագրգռված կլինեն, զբաղվել ջերմոցային տնտեսության մեջ նոր մշակաբույսերի մշակմամբ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ցոլակ Չադրյանը մոտավոր հաշվել է վնասները՝ 3-4 ամսվա ընթացքում 12 միլիոն դրամ, սակայն էլի չի տրտնջում ու հաղթահարման ուղիներ է որոնում։ Չիդես հետոն ինչ կէղնի...Եթե խոշոր ձեռներեցների համար վնասները հաշվում են միլիոններով ու ելքեր են փնտրում, փոքր ջերմոցները փորձել են արձագանքել ստեղծված իրավիճակին միանգամից ու փորձարկել նոր մշակաբույսերի աճեցումը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նոր Կյանք գյուղի բնակիչ Հուսիկ Տոնոյանը իր սեփական տան բակում փոքր ջերմոցն ունի, որը հայրը կառուցել է 1978 թվականին. այն ժամանակ դեռ ապակեպատ ջերմոցում աճեցրել են տարբեր ծաղիկներ։ Վերջին տարիներին որդին ընդլայնել է ջերմոցը ու նորից ծաղիկներ տնկել։ Հուսիկ Տոնոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս - Մարտի 8-ի համար կակաչն օր հանեցի ու չծախվավ, հասկցանք օր էլ օգուտ չկա։ Սաղ ձմեռը վառեցի, կակաչը 20 դրամով տարա մեծածախ ծախեցի։Հուսիկ Տոնոյանի ջերմոցում աճում են տեղական ու հոլանդական կակաչներ, աստրումերիաներ ու գլադիոլուսներ։ Գարնանը սպառվող տեղական կակաչը 100-150 դրամի փոխարեն վաճառել է 20 դրամով, իսկ հոլանդական տեսակը՝ 40 դրամով (250-ի փոխարեն)։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Կանխորոշելով, որ ծաղիկը չի սպառվելու առաջիկա ամիսներին, միշտ ծաղիկներ տեսած ջերմոցում տնկել է պոմիդորի ու վարունգի սածիլներ՝ մտածելով, որ, գոնե, այս միջոցով կկարողանա կորցրած ֆինանսական ծախսերը վերականգնել։ - Վարունգը բերք չի տա, ծաղիկը կէլնի ու կթափի։ Պոմիդորն էլ մինչեւ կարմրի Արարատյան դաշտի հողի պոմիդորը գուկա էժան գնով, ու պոմիդորը գին չի ունենա,- մտահոգ նշում է Հուսիկ Տոնոյանը, նրա խոսքին միանում է կինը՝ Ռուզաննան։ Լուսանկարը՝ Մեդիամաքս - Աշունը երեւի նորից պտի ցանենք, հմի դաշտը գլադիոլուսը դրած է, չիդես ինչղ պտի ծախես, խո չես թափե՞։ Վարկ առաջարկեցին, չվերցրինք, չիդես հետոն ինչ կէղնի, էդ վարկը ինչո՞վ պտի փակեինք։Անահիտ ՀարությունյանԼուսանկարները՝ Գեւորգ Հրաչյանի Tweet Դիտում՝ 24520