Հյուրանոցներ հայկական գյուղերում. տրվել է նախաձեռնության մեկնարկը

08.07.2020 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Կարեն Ճարակյան #Հայկ Հարությունյան

Հյուրանոցային բիզնեսի ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ընկերներ Կարեն Ճարակյանն ու Հայկ Հարությունյանն իրենց նոր նախագծով զբոսաշրջիկին հնարավորություն են տալու էլ ավելի կոլորիտային տպավորություններ ստանալ Հայաստանի մարզերից:



Գործընկերների նախագծի գաղափարն է՝ ստեղծել փոքր, բայց հարմարավետության միջազգային ստանդարտներին համապատասխանող հյուրանոցներ՝ գյուղական բնակավայրերում:

Banks.am-ի հետ զրույցում Կարեն Ճարակյանն ու Հայկ Հարությունյանը պատմել են իրենց նախագծի, առաջին քայլերի ու ներդրումներ անել ցանկացողների հետ համագործակցության մասին:

Հյուրանոցներ՝ գյուղական համայնքներում

Միջազգային բիզնեսի զարգացման մասնագետ Կարեն Ճարակյանը, ով ավելի քան 18 տարի հայրենիքից դուրս է ապրել ու աշխատել, կարծում է, որ Հայաստանը ճանաչելու համար զբոսաշրջիկը պետք է Երեւանից դուրս ապրի կամ գոնե ավելի շատ ժամանակ անցկացնի մարզերում:

«Մեր նախագծի հիմքում դրեցինք հենց այս գաղափարը՝ գտնել այն վայրերը, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան եւ հանգստանալու, եւ Հայաստանի շրջանների առօրյային ու պատմամշակութային հուշարձաններին ծանոթանալու»,- ասում է նա:

Կարեն-Ճարակյանը


Հայկ Հարությունյանն էլ հավելում է՝ իրենք ցանկանում են, որ զբոսաշրջիկը գա ու մնա ոչ թե Երեւանում եւ այստեղից տուրով գնա մարզեր, գյուղեր, այլ գտնի մայրաքաղաքի հյուրանոցների ստանդարտներին համապատասխանող հյուրանոց հենց գյուղական համայնքներում:

«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, նախատեսում ենք 6 հյուրանոց կառուցել Վայոց ձորի, Լոռու, Տավուշի ու Սյունիքի մարզերում: Ցանցի գաղափարն այն է, որ այդ 6 կետը զբոսաշրջիկը կարողանա որպես բազա օգտագործել, եւ իր տուրն այնպես կազմակերպել, որ օգտվի մեկ ցանցի հյուրանոցներից՝ նույն պայմաններով: Այսինքն՝ մնալու եւ սնվելու որակի հետ կապված անակնկալներ չունենա»,- մանրամասնում է նա:

Wine Cliff hotel. ցանցի առաջինը՝ Արենիում

«Առաջին հյուրանոցը կկառուցվի Արենիում: Շինաշխատանքները սկսելու թույլտվությունն արդեն կա: Շենքը կկառուցվի զրոյից: Այն կստանա Wine Cliff hotel անունը, որը կներկայացնի Արենի գյուղի խորհրդանիշները՝ խաղողի վազն ու ժայռը»,- ասում է Հայկ Հարությունյանը:

Կարեն Ճարակյանի խոսքով էլ՝ Արենիում հիմնականում հյուրատներն են՝ ստեղծված բնակիչների տնտեսության հիմքի վրա, իսկ այս պարագայում զբոսաշրջիկը կգա Արենի, կապրի գյուղում, բայց իրեն ծանոթ հյուրանոցային չափանիշներին համապատասխանող պայմաններում:

Հայկ-Հարությունյանը


Գործընկերները նշում են, որ կոլորիտային տպավորություններ ստանալու հնարավորություն է տրվելու զբոսաշրջիկին. «Կարող է տեսնել՝ կողքի տան բնակիչն ինչպես է գործ անում, ծանոթանա նրա հետ, հյուր գնա, այսինքն` ապրի ավանդական գյուղական միջավայրում:

Այցելուին կտրամադրվի նաեւ մեծ ցանկ, թե ուր կարող է գնալ ինքնուրույն, ուր՝ գիդի ուղեկցությամբ կամ ամենագնացով: Տարածքում հնարավորություն կլինի նաեւ քայլարշավներ, հեծանվաարշավներ կազմակերպելու»:

Ինչ վերաբերում է Արենիում կառուցվելիք հյուրանոցի ֆիզիկական չափանիշներին՝ Կարեն Ճարակյանը նշում է, որ նախատեսում են հյուրանոցում ունենալ 11 սենյակ, որտեղ օրական 25 այցելու կարող են ընդունել: Հյուրանոցը կունենա նաեւ ռեստորանային մաս, որն օրական կարող է սպասարկել շուրջ 200 այցելուի:

Տեղացիների արձագանքը

Կարեն Ճարակյանը պատմում է, որ հնարավորություն են ունեցել շփվելու Արենիի բնակիչների հետ ու ներկայացնելու իրենց նախագիծը. «Թե բնակիչները, թե տեղական ինքնակառավարման մարմինները հասկանում են, որ սա լոկալ ավանդույթը, մշակույթը, ինչ-որ բան ստեղծելու ունակություններն աշխարհին ներկայացնելու, վաճառելու լավ հնարավորություն է: Բոլորի կողմից օգնելու պատրաստակամություն, միայն դրական, գործնական մոտեցում կա»:

Հայկ Հարությունյանն էլ հավելում է, որ սա նաեւ հնարավորություն է տալու տեղացիներին թեկուզ փոքր, բայց սեզոնային լրացուցիչ աշխատանք ունենալ. «Կկազմակերպվեն վարպետության դասեր՝ լավաշ թխելու, այգիներ մշակելու, որոնք կանցկացնեն բնակիչները»:

«Բաց ենք ներդրումային առաջարկների համար»

Գործընկերներն ասում են՝ նման նախագծերի անգամ մեկ հյուրանոցն արդեն լուրջ ներդրում է պահանջում: Նախագծի կյանքի կոչման համար իրենք եւս ներդրող գործընկերներ են փնտրում:

«Եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան ներդրում կատարել ողջ նախագծի մեջ կամ թեկուզ մեկ հյուրանոցի աշխատանքներում, մենք սիրով կընդունենք: Բաց ենք բոլոր քննարկումների ու առաջարկների համար: Մշակված փաթեթ ունենք պոտենցիալ ներդրողների համար, որտեղ մանրամասն ներկայացնում ենք, թե ինչ պայմաններով կարող ենք համագործակցել:

Մանրամասն փաթեթ ենք մշակել նաեւ օտարերկրյա ներդրողների համար, քանի որ, եթե մարդը գաղափար չունի Հայաստանի կամ կոնկրետ համայնքի մասին, թե որտեղ պետք է հյուրանոց կառուցվի, ինչու, եկամտաբերությունն ինչպես ենք ապահովելու, նրա մոտ համագործակցության հետաքրքրություն չի առաջանա»,- ասում է Կարեն Ճարակյանը:

Արփի Ջիլավյան

Դիտում՝ 6155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW