Միջոցառումների ոլորտի «ընդմիջումն» ու #DMFC-ի «գաղտնի» խոսնակը
27.05.2020 | 14:03
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Skill.am




Skill.am ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը Banks.am-ին պատմել է օֆլայն միջոցառումներն առցանց տիրույթ տեղափոխելու մասին եւ բացահայտել է, թե ով է լինելու երկրորդ Digital Marketing Friday Conference-ի միջազգային խոսնակը:
Ոլորտի «ընդմիջումը»
Մարդկանց մեծ մասը միջոցառումների կազմակերպման ոլորտում դիտարկում է միայն համերգների, ընտանեկան միջոցառումների կազմակերպիչներին, բայց իվենթ (event) ինդուստրիան շատ ավելի լայն է:
Ընտանեկան միջոցառումները կազմում են ընդհանուր ոլորտի մեկ ուղղությունը՝ հարսանիքներ, խնջույքներ: Այլ ուղղություններ են կազմում, օրինակ, սարքավորումների, տարածքների վարձակալություն տրամադրող, բիզնես միջոցառումներ կազմակերպող ընկերությունները եւ այլն:
Ոլորտը բաղկացած է բազմաթիվ մասնագետներից, որոնք աշխատանքի ամբողջ շղթայում ապահովում են իրենց զբաղվածությունը: Skill-ի դեպքում մենք ստեղծում ենք պրոդուկտ եւ հարյուրավոր գործընկերների հետ միասին աշխատում դրա ուղղությամբ:
Այս ամբողջ ոլորտը արդեն 3 ամիս է, ինչ կանգ է առել՝ առաջին հարվածը վերցնելով իր վրա: Արտակարգ դրության հայտարարումից դեռ 2 շաբաթ առաջ սկսեցինք միջոցառումներ հետաձգել՝ հետեւելով վարակի տարածմանն ու համաշխարհային միտումներին:
Անորոշության վնասները
Երբ նայում ենք պարետատան որոշումներին՝ 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումները արգելելու մասին, հասկանում ենք, որ կառավարությունում չեն պատկերացնում՝ ինչպես է աշխատում մեր ոլորտը:
Իվենթ ինդուստրիայում միջոցառումների 95%-ը եղել է օֆլայն, որն այժմ սառեցվել է: Թեեւ չենք աշխատում, ունենք որոշակի պարտավորություններ:
Մեզ համար անհասկանալի է՝ ինչ է լինելու 15 օր, մեկ ամիս հետո: Որոշակիության բացակայությունը չափազանց բարդացնում է խնդիրը, քանի որ կան ծրագրեր, որ գուցե անհրաժեշտ է առհասարակ չեղարկել: Եթե ընկերությունը վնասներ է կրել, պետք է արձանագրի դրանք ու առաջ անցնի, ոչ թե շարունակի նոր խնդիրներ կուտակել՝ մեծացնելով կորստի չափը:
Այժմ ոլորտի տարբեր ուղղությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ ենք վարում՝ միասնական դիրքորոշում ձեւավորելու եւ առաջարկություններով հանդես գալու համար:
Օֆլայնից՝ օնլայն
Ճգնաժամային իրավիճակի հետ ամբողջապես փոխեցինք Skill-ի 2020 թվականի ռազմավարությունը: Skillrocks այլընտրանքային կրթական հարթակի բոլոր դասընթացները տեղափոխեցինք օնլայն տիրույթ՝ համապատասխանեցնելով օնլայնի առանձնահատկություններին:
Հստակ է, որ առցանց միջոցառումների դեպքում պահանջներն այլ են: Թիմը շատ սեղմ ժամկետում վերապատրաստում անցավ. մոտ մեկ շաբաթ բոլորս սովորում էինք:
60 օրում կազմակերպեցինք 35 տարբեր օնլայն միջոցառումներ, որոնցում ներգրավեցինք փորձագետների Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ այլն երկրներից: Այս կերպ ձեռք բերեցինք լայն լսարան՝ հասկանալով, որ մեր ծառայություններն ունեն պահանջարկ նաեւ օնլայն տիրույթում:
Իհարկե, անհամբերությամբ սպասում ենք օֆլայն աշխատանքին, սակայն առցանց ուղղությունը շարունակելու ենք պահել եւ զարգացնել: Վստահ ենք, որ երկու ուղղություններն էլ համատեղ «ապրելու» են:
Դեպի միջազգային լսարան
Հարմարվելով օնլայնի կանոններին՝ ստեղծել ենք տեւական ծրագիր՝ Digital Marketing Friday Conference-ը (#DMFC), որն անցկացնելու ենք ամեն ամիս:
Առաջին կոնֆերանսը, որ անցկացրինք մայիսի 8-ին, բավականին բարձր եմ գնահատում: Չունեցանք ոչ մի խափանում, պահեցինք ճշգրիտ ժամանակացույցը, ինչը մեր թիմի սկզբունքներից է: Թեեւ բոլորը մեկուսացման մեջ էին գտնվում, փորձեցինք էկրանի միջոցով լավ տրամադրություն փոխանցել՝ հետաքրքիր ընդմիջումներ ապահովելով:
Առաջիկայում մասնակիցներին նաեւ միջոցառման ընթացքում ծանոթանալու, կապեր ձեռք բերելու հնարավորություն կտանք: Արդեն ունենք համապատասխան գործիքներ եւ հուսով եմ՝ 3-րդ #DMFC-ի ժամանակ կկիրառենք:
Նախատեսում ենք սեպտեմբերին այս կոնֆերանսով մուտք գործել միջազգային շուկա՝ ապահովելով նաեւ միջազգային լսարանի մասնակցությունը: Այժմ գործում ենք միայն հայկական տիրույթում եւ դեռեւս փորձ ենք ձեռք բերում:
«Գաղտնի» խոսնակը
Հունիսի 12-ին տեղի կունենա երկրորդ օնլայն Digital Marketing Friday Conference-ը, որում ներգրավված կլինեն փորձագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Շվեդիայից:
Երկու տարի առաջ մեր ընկերության World’s Top Speakers In Armenia նախագծի շրջանակում Հայաստան էինք հրավիրել ականավոր շվեդ տնտեսագետ, Funky Business համաշխարհային բեսթսելերի հեղինակ Կյել Նորդստրյոմին: #DMFC երկրորդի մեր համաշխարհային ճանաչման խոսնակը հենց նա է լինելու:
Մասնակիցները կկարողանան հարցեր ուղղել «նոր տնտեսության մանիֆեստի» հեղինակին: Հետաքրքիր կլինի լսել նրանից՝ ինչ է փոխել համավարակը բիզնեսում, ինչ սպասել հետագա զարգացումներից:
Գայանե Ենոքյան
Վերջին լուրեր
21.04.2025 | 10:20 Նորություններ
Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում
20.04.2025 | 09:43 Նորություններ
Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: