Covid-19-ը եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի ընկալումներն աշխարհում

12.05.2020 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք «Արինսայթս» հետազոտական ընկերության տնօրեն Լիլիթ Ղաբանյանի հոդվածը՝ գրված հատուկ Banks.am-ի համար:

Covid-19 համավարակի տարածման առաջին իսկ փուլերից սկսած՝ հետազոտությունների եւ  վերլուծությունների համաշխարհային առաջատարները պրոակտիվ կերպով պարբերական հետազոտություններ են իրականացնում՝ անդրադառնալով համավարակի պայմաններում տարբեր երկրների քաղաքացիների սոցիալական տրամադրություններին, իրականության ընկալումներին եւ վարքային փոփոխություններին:

2020 թվականի փետրվար ամսից սկսած՝ IPSOS MORI եւ Kantar միջազգային հետազոտական ընկերությունների կողմից իրականցվել են օնլայն հարցումներ, որոնք կրում ենք պանելային բնույթ, այսինքն՝ հետազոտությունն իրականացվում է կայուն պարբերականությամբ՝ նշված ընկերությունների կողմի հավաքագրված միեւնույն հանրույթի շրջանում:

Այստեղ մեծամասամբ կանդրադառնանք IPSOS MORI ընկերության Global Advisor  կոչվող հետազոտությանը, Kantar ընկերության կողմից Մեծ յոթնյակի երկրներում եւ Ռուսաստանում իրականացված Covid19 Barometer հետազոտություններին:

Համավարակի տնտեսական եւ սոցիալական ազդեցությունների ընկալումները

IPSOS MORI ընկերության հրապարակումը ցույց է տվել, որ Covid-19 համավարակն ընկալվում է որպես մեծ սպառնալիք առավելապես ֆինանսական վիճակի տեսանկյունից, քան՝ առողջության. որում, համավարակը որպես սպառնալիք ընկալողների տոկոսն էապես աճել է փետրվարի 15-ից մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում : Հետաքրքիր է նկատել, որ Ֆրանսիայի հարցվողները մնացած ուսումնասիրված երկրների համեմատ ամենաքիչն են համավարակն ընկալել որպես առողջության սպառնալիք. եթե, օրինակ, մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում հարցման ժամանակ համավարակը որպես առողջության լուրջ սպառնալիք է ընկալել ԱՄՆ-ի եւ Իտալիայի բնակչության 38%-ը, Ռուսաստանի՝ 34%, Գերմանիայի՝ 32%-ը Միացյալ Թագավորության՝ 23%-ը, ապա Ֆրանսիայում նման  հարցվողների թիվն ընդամենը 12% է:

Մարտի 21-ի դրությամբ՝ համավարակը որպես տնտեսական սպառնալիք ամենաշատն ընկալել են Վիետնամի (մոտ 70%) եւ Իտալիայի (63%) հարցվողները:

Գծապատկեր 1. Համավարակի ազդեցության ընկալումները սեփական առողջության վրա


Գծապատկեր 2. Համավարակի ազդեցության ընկալումները աշխատատեղերի վրա


Ipsos MORI ընկերության կողմից իրականացված քաղաքական մոնիտոր հետազոտության (Ipsos MORI Political Monitor) արդյունքները ցույց են տալիս, որ պանդեմիայի արդյունքում տնտեսական օպտիմիզմի մակարդակի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 2008 թվականից հետո: Մարտի 13-16 ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների արդյունքում հարցվողների 10-ից 7-ը նշել է, որ իր կարծիքով տնտեսությունն ավելի է վատանալու առաջիկա 12 ամիսներին:  Միայն 15%-ն է գտնում, որ տնտեսությունը կզարգանա. տնտեսական օպտիմիզմի ցուցանիշը կազմում է -54%: Տնտեսական վատատեսությունն ավելի բարձր է կանանց մոտ, քան տղամարդկանց (համապատասխանաբար՝ 77% եւ 60%):

Տնտեսական համակարգի նկատմամբ հոռետեսական տրամադրությունների մասին են վկայում նաեւ Kantar ընկերության Covid19 Barometer հետազոտության արդյունքները: Օրինակ՝ Ռուսաստանում հարցվողների զգալի մասը՝ 65%, հոռետեսական է տրամադրված տնտեսական համակարգի վերականգնման նկատմամբ. նրանք գտնում են, որ վերջինիս համար երկար ժամանակ է պահանջվելու, ընկերությունները մեծ դժվարությունների հետ են բախվելու, ինչի արդյունքում գործազրկության ծավալներն են մեծանալու: Պեսիմիստական դիրքորոշումը տարածված է նաեւ Մեծ յոթնյակի երկրներում, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններում (տե՛ս Գծապատկեր 3).

Գծապատկեր 3. «Ես գտնում եմ, որ տնտեսական վիճակն արագ կվերականգնվի, անմիջապես կորոնավիրուսի ավարտից հետո» դատողության հետ համաձայնությունը (%, գնահատվել է 1-5 բալային սանդղակով)


Kantar ընկերության կողմից իրականացված՝ ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Covid19 Barometer` Մեծ յոթնյակի (G7) հետազոտության արդյունքների համաձայն՝ համավարակը  բացասական անդրադարձ է ունեցել հարցվողների զգալի մասի եկամտի վրա. մեծ յոթնյակի քաղաքացիների 71% նշել է, որ իրենց եկամուտը կիսով չափ կրճատվել է: Վերջինս ավելի հաճախ արձանագրվել է Իտալիայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում: Ռուսաստանում մարտի 25-27-ի հետազոտության տվյալներով հարցվածների 25%-ը նշել է, որ կորոնավիրուսն արդեն իսկ ազդել է իրենց եկամտի վրա՝ կրճատելով այն, իսկ 45%՝ ակնկալում է, որ համավարակը ապագայում կանդրադառնա իրենց եկամտի վրա: Միայն 21%-ն է նշել, որ համավարակը որեւէ կերպ չի անդրադառնա իրենց եկամտի վրա: Նույն հաշվետվությունից երեւում է, որ փոքր թիվ են կազմում այն հարցվողները, ովքեր լավատեսորեն են տրամադրված պանդեմիայի՝ իրենց եկամտի վրա ազդելու հարցի շուրջ. 10 հարցվողից 3-ը նշել է, որ կորոնավիրուսը չի ազդի իրենց անձնական ֆինանսների վրա: Վերջինս ավելի շատ հանդիպել է Գերմանիայում՝ 46%, Ճապոնիայում՝ 35% եւ Ֆրանսիայում՝ 34%:

Հարցվածների կարծիքով պանդեմիան կնպաստի սոցիալական կապերի ամրապնդմանը, մտերմության աստիճանի բարձրացմանը. չնայած ֆիզիկական հեռավորության մեծացմանը, քաղաքացիները նշել են, որ պանդեմիայի արդյունքում ավելի շատ կմտերմանան իրենց ընտանիքի անդամների եւ ընկերների հետ: Այս կարծիքն ավելի շատ բնորոշ է ասիական երկրներին (Հնդկաստան՝ 72%, Վիետնամ՝ 70% եւ Չինաստան՝ 67%):

Սոցիալական տրամադրությունները

Kantar եւ Ipsos ընկերությունների հրապարակված հաշվետվություններից կարելի է վերհանել  սոցիալական տրամադրություններին վերաբերող մի շարք միտումներ:

Մարտի 27-31 ընկած ժամանակահատվածում Kantar ընկերության կողմից իրականացված՝ Covid19 Barometer հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համավարակով պայմանավորված վիճակը 23 երկրներից ամենաշատն անհանգստացրել է Վիետնամի, ՖԻլիպինների եւ Իսպանիայի, իսկ ամենաքիչը՝ Շվեյցարիային, Իսրայելի եւ Գերմանիայի բնակիչներին: Ռուսաստանում, նշված ժամանակահատվածում, հարցվողների 29%-ն է նշել, որ շատ անհանգստացած է համավարակով պայմանավորված իրավիճակով:

Գծապատկեր 4. «Ինձ շատ է անհանգստացնում կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակը» դատողության հետ համաձայնությունը 23 երկրներում (%, գնահատվել է 1-5 բալային սանդղակով)


Ռուսաստանում իրականացված հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ քաղաքացիները մեծ կորուստ են համարում անվտանգության զգացումը կորցնելը (40%), տանից դուրս գալու հնարավորության սահմանափակումը (36%) եւ  մեծ պլաններից հրաժարվելը (օրինակ, աշխատավայրի փոփոխություն, գույքի վաճառք, արձակուրդ եւ այլն, 34%): Ավելի քիչ թվով հարցվողների կողմից որպես կարեւոր կորուստներ են նշվել նաեւ գործողությունների ազատության բացակայությունը (24%), սոցիալական հարաբերությունների սահմանափակումները (18%), սպորտով զբաղվելն (14%) ու երեխաների՝ դպրոց չայցելելը (13%):

Ipsos ընկերության հետազոտությունը ցույց է տալիս, որ  հարցվածների մեծամասնության շրջանում մտահոգության պատճառ հանդիսանում է ավելի շատ ոչ թե սեփական կյանքը, այլ այն անձանց, ովքեր վարակի տեսանկյունից գտնվում են ռիսկային խմբում: Մատնանշված «ալտրուիստական մտահոգությունն» ավելի շատ տարածված է Բրազիլիայում (70%), Իսպանիայում եւ Միացյալ Թագավորությունում, Մեքսիկայում (61%) եւ Կանադայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում (60%), ավելի քիչ՝ Ճապոնիայում եւ Չինաստանում: Իսկ սեփական կյանքի մասին մտահոգվողներն ավելի շատ վիետնամիցներն ու ռուսաստանցիներն են:

Գծապատկեր 5. Մտահոգությունը սեփական  եւ այլ անձանց կյանքի նկատմամբ 15 երկրներում


Kantar ընկերության Մեծ յոթնյակի հետազոտության արդյունքներից եւս նույն միտումն է արձանագրվել. հարցմանը մասնակցածների 73%-ը մտահոգություն է հայտնել իրենց անձի առողջության վրա՝ վիրուսի ազդեցության շուրջ, մինչդեռ ավելի շատ թվով քաղաքացիներ՝ 85%, նշել են, որ իրենց մտահոգում է պանդեմիայի ազդեցությունն իրենց շրջապատող մարդկանց առողջության վրա:

Ipsos ընկերության հարցվողները դրական լույսի ներքո են ընկալում ճգնաժամի ընթացքում նոր հմտությունների ձեռք բերելու հնարավորությունը. քաղաքացիների 44%-ը կարծում է, որ այս ժամանակահատվածը հնարավորություն է՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Այս առումով ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հետեւյալ երկրներում. Վիետնամ՝ 75%, Հնդկաստան՝ 74%, Մեքսիկա՝ 64%, Չինաստան՝ 63% ու Բրազիլիա՝ 60%):

Գծապատկեր 6. Նոր գիտելիք ձեռքբերելու հավանականության ընկալումները 16 երկրներում


Kantar ընկերության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 50 երկրներում միլենիալների խմբին պատկանող հարցվողների զգալի մասը դիտարկում է մեկուսացման ժամանակահատվածը որպես հնարավորություն՝ հանգստանալու եւ առողջ ապրելակերպին բնորոշ վարքային պրակտիկաներ որդեգրելու համար: Նշված խմբի հարցվողները նշել են մեկուսացման ժամանակահատվածում կիրառած առողջ ապրելակերպի այնպիսի սովորություններ, ինչպիսիք են առողջ սնվելը (59%), ավելի շատ քնելը (57%), ֆիզիկական վարժություններ անելը (48%), սեփական անձի զարգացմամբ (44%) եւ մեդիտացիայով զբաղվելը (25%): Մասնավորապես՝ Ռուսաստանում հարցվողների զգալի մասը նշել է, որ ավելի շատ ժամանակ է տրամադրում քնելուն (41%), ընթերցանությանը (37%), անձնային զարգացմանը (32%), հնարավորին չափ շատ արեւային լույսի ներքո գտվելուն (26%) եւ ֆիզիկական վարժություններին (24%):

Գծապատկեր 7. Միլենիալների վարքի փոփոխությունները 50 երկրում


Պանդեմիայի տարածմանը զուգահեռ մեծանում է հարցվողների կողմից ինքնամեկուսացման պրակտիկային հավանություն տալը. Ipsos ընկերության ուսումնասիրված 15 երկրներից 14-ում հարցվածների մեծամասնությունը նշել է, որ ինքամեկուսացվում է՝ պանդեմիայի ծավալները կրճատելու նպատակով: Այս քաղաքացիների թիվն աճել է ապրիլի սկզբին՝ մարտի վերջի համեմատ (հետազոտության երկրորդ ալիքն իրականացվել է ապրիլի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում): Աճը հատկապես նշանակալի է եղել Ռուսաստանում (23%), Վիետնամում (16%), Ավստրալիայում (11%) եւ Մեքսիկայում (8%): Ընդ որում, նկատենք, որ մարտին թերահավատություն կար ինքնամեկուսացման եւ ճամփորդությունները սահմանափակելու քաղաքականությունների նկատմամբ. քաղաքացիների կարծիքով, դրանք չէին կարող կանխել պանդեմիան: Այս մոտեցումը զգալի փոխվել է ապրիլի սկզբին: Այն երկրները, որտեղ 5-ից առնվազն 4 նշել է, որ կիրառում է ինքնամեկուսացման պրակտիկան, հանդիսանում են Իսպանիան (95%), Վիետնամը (94%), ֆրանսիան (90%), Բրազիլիան (89%), Մեքսիկան (88%), Ռուսաստանը (85%), ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը (84%): Ինքնամեկուսացումը նախաձեռնվում է հենց քաղաքացիների կողմից՝ որպես արձագանք պանդեմիայի տարածմանը:

Kantar ընկերության՝ Մեծ յոթնյակի հետազոտության արդյունքների համաձայն՝ ինքնամեկուսացման դիմել է բնակչության զգալի մասը՝ Ֆրանսիա՝ 85%, Իտալիա՝ 75%, Կանադա՝ 67%, ԱՄՆ՝ 64%, Գերմանիա՝ 43%:

Kantar ընկերության՝ մարտին իրականացված COVID 19 Barometer հետազոտությունը վեր է հանել «նախկին կյանքին վերադառնալու» նկատմամբ հոռետեսական գնահատականներ. հարցվածների 72%-ը նշել է, որ բավականին երկար ժամանակ կպահանջվի նախկին կյանքին վերադառնալու համար: Միայն 21%-ն է նշել, որ ապրիլ-մայիս ամիսներից հնարավոր կլինի ապրել նախկին «նորմալ» կյանքով:

Հարցվածների մի մասի կարծիքով (38%) ապագան այլեւս նախկինի նման չի լինի, խոսքը թե՛ ազգային տնտեսությունների մասին է, թե՛ սոցիալական բարեկեցության:

Kantar ընկերության հրապարակման շրջանակներում անդրադարձ է կատարվել հեռուստատեսության՝ որպես տեղեկատվության աղբյուրի նկատմամբ վստահությանը. Ֆրանսիայում (33%), Գերմանիայում (31%), Իտալիայում (37%), Ճապոնիայում (46%) եւ Մեծ Բրիտանիայում (28%) քաղաքացիների համար ամենավստահելի տեղեկատվության աղբյուրը հանդիսանում են հեռուստատեսությամբ թողարկվող լուրերը: Կանադայում նման աղբյուր հանդիսանում է կառավարությունը, իսկ ԱՄՆ-ում՝ առողջապահության կառույցը: Ժամանակի ընթացքում Մեծ Բրիտանիայում որպես հուսալի աղբյուր սկսել է ընկալվել նաեւ քաղաքական գործիչների կողմից հրապարակվող տեղեկատվությունը:

Վստահությունը կառավարությունների կողմից ձեռնարկված քաղաքականության նկատմամբ

Ըստ Kantar ընկերության տվյալների՝ Իտալիայում, որտեղ Covid-19 ազդեցությունը բավականին մեծ է եւ ծանր, քաղաքացիների 76%-ը նշել է, որ հավանություն է տալիս կառավարության պատասխան գործողություններին եւ քաղաքականությանը՝ պանդեմիայի կանխարգելման նպատակով:

Ավագ տարիքային խմբի ներկայացուցիչներն առավել հակված են մտածել, որ կառավարությունները ճիշտ են կազմում խնդիրների առաջնահերթությունների ցանկը, մինչդեռ երիտասարդների շրջանում 5-ից 2-ը գտնում է, որ քաղաքական շեշտադրումները ճիշտ չեն, քանի որ ավելի շատ ուշադրության է արժանանում տնտեսական համակարգի վերականգնումը, քան՝ առողջությունը:

Չնայած այն փաստին, որ Մեծ յոթնյակի երկրների հարցվածների 44%-ը գտնում է, որ կառավարության գործողությունները բավարար չափով ճիշտ չեն պանդեմիայի դեմ պայքարելու համար (օրինակ, Ճապոնացիների 74% գտնում է, որ իրենց կառավարությունը բավարար չափով հեռուն չի գնում), այնուամենայնիվ, 54% նշել է, որ վստահում է կառավարության որոշումներին ինչ-որ չափով:

Նշված հետազոտության շրջանակներում հարցվողները գնահատել են բավարարվածությունը հանրային ծառայություններով եւ պետության պատրաստվածության մակարդակով: Տրամադրվող հանրային ծառայությունները եւ պետությունների պատրաստվածության մակարդակը բավարար է գնահատվել ամենաշատը Կանադայում (65%), Գերմանիայում (57%) եւ Մեծ Բրիտանիայում (56%), համեմատաբար ավելի քիչ՝ ԱՄՆ-ում՝ 47%, Իտալիայում՝ 44%, Ճապոնիայում(43%) եւ Ֆրանսիայում՝ 33% (տե՛ս այստեղ):

Ipsos ընկերության կողմից՝ Մեծ Բրիտանիայում իրականացված Ipsos MORI Political Monitor հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների մոտ կեսը՝ 49% գտնում է, որ կառավարությունը հաջողում է հաղթահարում կորոնավիրուսի առաջ բերած խնդիրները հաղթահարելու գործում, ընդ որում երիտասարդներն ավելի քննադատորեն են մոտենում են կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, քան ավագ սերնդի ներկայացուցիչները: 18-34 տարեկանների փոքր մասն է՝ 28%-ն է նշել, որ կառավարությունը լավ է հաղթահարում խնդիրները՝ 70% մեծահասակների համեմատ: Նշված հետազոտության արդյունքները փաստում են, որ բրիտանացիները մեծամասամբ գոհ են կառավարության եւ վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատանքից. Հարցվողների՝ մոտ կեսը՝ 48%, բավարարված է կառավարության, իսկ 52%-ը վարչապետի աշխատանքով:

Գոհունակությունը միջազգային համագործակցության մակարդակից

Kantar ընկերության հրապարակման համաձայն՝ պանդեմիայի կանխարգելման եւ դրա արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծման շուրջ համախմբված պետությունների համագործակցության վերաբերյալ հարցվողները հիմնական դրական կարծիք են հայտնել. մատնանշված համագործակցությունը գոհացնող է գնահատվել Կանադայում 71%-ի կողմից, ԱՄՆ-ում՝ 65% կողմից, Մեծ Բրիտանիայում՝ 62%, Ֆրանսիայում՝ 54%, Գերմանիայում 45% եւ Իտալիայում ու Ճապոնիայում՝ 37% կողմից:
Դիտում՝ 7885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW