Սամվելը ներդրող է փնտրում իր քանդովի-հավաքովի կրպակի համար

24.02.2020 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սամվել Սեյրանյան #մինի կրպակ
66-ամյա Սամվել Սեյրանյանը ներդրող է փնտրում իր արտոնագրած գաղափարի համար. նա առաջարկում է հուշանվերների վաճառքի համար նախատեսված քանդովի-հավաքովի կրպակ արտադրել:

Տեսողական խնդիրներ ունեցող Սամվելը տարիներ շարունակ Գառնիում զբոսաշրջիկներին ձայնասկավառակներ է վաճառել, արդյունքում իր նման վաճառողների համար գծագրել է այնպիսի կրպակ, որը հնարավորություն կտա տարվա ցանկացած եղանակի բացօթյա վաճառք իրականացնել:

Banks.am-ին նա մանրամասն պատմել է իր կրպակի առավելությունների մասին ու բացատրել, թե որքանով է կարեւոր այս նորարարությանն աջակցելը:

Սեփական փորձից

Տարբեր աշխատանքներ եմ արել՝ ռադիոմեխանիկից մինչեւ կոշկակարություն: Վերջին տարիներին զբաղվել եմ իմ բիզնեսով, 12 տարի Երեւանից ամեն օր գնացել եմ Գառնի ու զբոսաշրջիկներին վաճառել իմ կատարմամբ հայկական ժողովրդական երգերի CD-ներ: Ինձ հետ վերցրել եմ աթոռ, սեղան, անձրեւանոց, նստել ու սկսել եմ վաճառելը:

2012-ի աշնանը շաքարային դիաբետի պատճառով սկսեցի կուրանալ: Դեռ երկու տարի այդ վիճակում շարունակեցի գործս, ծանոթ վարորդ կար, տանում էր ինձ Գառնի, երեկոյան բերում Երեւան:

Սամվել Սեյրանյանը

Անհարմար էր. օրվա ընթացքում եղանակը մի քանի անգամ փոփոխվում էր, անձրեւ էր գալիս, փորձում էի անձրեւանոցի տակ պատսպարվել: Տարածքում բոլորն ինձ ճանաչում էին, օգնում: Հենց այդ ժամանակ ծագեց մինի կրպակի գաղափարը, մտածեցի՝ ինչ հարմար կլիներ, եթե հավաքովի կրպակ ունենայի, բացեի, նստեի, երեկոյան էլ արագ հավաքեի ու տուն վերադառնայի:

Երեք տարի առաջ գլխուղեղի կաթված ստացա, մարմնիս կեսը թուլացավ, ու քանի որ տարիների ընթացքում վիճակս ավելի էր բարդանում, հասկացա, որ երկար չեմ կարող սպասել ու որոշեցի ավարտին հասցնել մինի կրպակի գաղափարը: Մեկ-երկու օրվա բան չէ, շատ երկար եմ մտածել կրպակի նախագծի շուրջ:

Մտքերը թղթին հանձնվեցին

Մի օր զանգահարեցի Հայաստանի Ճարտարապետների միություն, խոսեցի նախագահի հետ, պատմեցի մտադրությանս ու վիճակիս մասին, ասացի, որ ուզում եմ գաղափարս ներկայացնել Մտավոր սեփականության գործակալություն: Մի խոսքով՝ խնդրեցի, որ մի գծագրող տրամադրեն, որն ինձ կօգնի այդ գործում:


Մի քանի օրից մեր տուն մի երիտասարդ այցելեց, որը Ճարտարապետների միությունում իր դիպլոմային աշխատանքն էր կատարում: Մոտ երեք ամսում այդ տղան ե՛ւ իր դիպլոմայինը վերջացրեց, ե՛ւ իմ գործն ավարտեց: Ձեռքով-ոտքով բացատրում էի միտքս, նա էլ փորձում էր ընկալել ու իմ ուզած չափսերով գծել կրպակը:

Երբ գծագրերը պատրաստ էին, ներկայացրի ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն, որտեղ հաստատեցին իմ նորարարությունը:

2019-ի նոյեմբերին ստացել եմ արտոնագիրը. եթե որեւէ մեկն ուզենա այս գործն անել, ինձ հետ պայմանագիր պետք է կնքի:


Ի՞նչ կրպակ է

Շատ արագ քանդվող-հավաքվող քառակուսի կրպակ է, որ ցանկացած տեղ կարող ես տանել ու 5-6 րոպեում հավաքել: Կրպակը հավաքված վիճակում տեղավորվում է մեքենայի բեռնախցիկում, ասես, ճամպրուկ լինի, ամեն ինչ տեղավորվում է մեջը:

Արտադրելու համար օգտագործվելու է փայտ, երկաթ եւ ջրամեկուսիչ կտոր: Կրպակը կարելի է օգտագործել ե՛ւ պարզ, ե՛ւ անձրեւային եղանակներին: Պարզ եղանակներին վաճառողները կարող են հուշանվերները տեղադրել իրենց շուրջը բացվող սեղանների վրա, անձրեւի դեպքում սեղաններն ակնթարթորեն տեղափոխվում են ծածկի տակ, որից հետո ջրամեկուսիչ կտորով կարող ես փակել տարածքը: 7 սմ-ով գետնից բարձր է հատակը, որ նույնիսկ ուժեղ անձրեւի դեպքում վաճառողի ոտքերը չթրջվեն:

Նաեւ առաստաղ եմ ավելացրել, որտեղ կարող ես կախովի հուշանվերներ տեղադրել: Երբ ես վաճառում էի, անձրեւանոցս փակցված էր աթոռիս, ուժեղ քամու ժամանակ անձրեւանոցն ինձ գրեթե շուռ էր տալիս, այդ պատճառով, անպայման, առաստաղ եմ ավելացրել, որ քամին չվնասի տարածքը:

Նախատեսում եմ, որ կրպակներն օգտագործվելու են միայն հուշանվերների վաճառքի համար, ցանկալի է՝ վաճառողները հայկական տարազներ հագնեն, հայերենից բացի իմանան մի քանի լեզու. ինքս այդպես եմ աշխատել:

Պատկերացնում եմ, որ կրպակները պետք է տեղադրված լինեն ակտիվ զբոսաշրջային տարածքներում:


Վստահ եմ, որ այս կրպակների պահանջը միայն մեր երկրով չի սահմանափակվի, այն կարող ենք արտահանել, այդ կրպակներով տարբեր ցուցադրությունների մասնակցել, այսինքն՝ կրպակի վրա գրել Armenia ու օտարերկրացիներին հայկական հուշանվերներ վաճառել:

«Նորարարությո՞ւն է պետք, արել եմ»

Քանի որ ես ի վիճակի չեմ հետագա փուլերով զբաղվել, փնտրում եմ ներդրող, որը կսկսի մինի կրպակների արտադրությունը: Այս գործն ինքն իրեն կարդարացնի:

Ամալի Խաչատրյանը զրուցում է Սամվել Սեյրանյանի հետ

Մեկ-երկու հատ կրպակ սարքելու համար ծախսն ուրիշ գումար կկազմի, կարծում եմ՝ մեծ արտադրության դեպքում այս գործն ավելի շահավետ կլինի: Հնարավոր է՝ այս ամբողջ գործընթացը կառավարվի մեկ մարդու կողմից:

Ես չեմ պատկերացնում, որ նմանատիպ կրպակում մեկը հուշանվեր վաճառի, մյուսը՝ բանջարեղեն, այսինքն՝ եթե մարդ սկսի արտադրությունը, կարող է նաեւ հիմնել հուշանվերների վաճառքի բիզնես ու տեղադրել կրպակներն ակտիվ տուրիստական հատվածում:

Սամվել Սեյրանյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է՝ «նորարարություննե՛ր արեք, աշխատատեղե՛ր ստեղծեք», հիմա ես նորարարությունն արել եմ: Եթե ես տեսողությունս կորցրած չլինեի, կշարունակեի այդ գործը, ինքս կանեի ու կավարտեի, բայց ես ոչինչ չեմ տեսնում, իմ գաղափարն իրականացնելու համար ներդրող է հարկավոր, որ շարունակի գործս:

Շատ եմ ցանկանում, որ այս արտադրությունը Հայաստանում իրականացվի:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 7416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW