ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Առաքելյանը Banks.am-ին է տրամադրել «Պատասխանատու վարկավորում» վերտառությամբ իր հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ:Վերջին շրջանում արդարացիորեն ակտիվացել է հասարակության դժգոհությունը սպառողական վարկերի վերաբերյալ, մասնավորապես, որոշ վարկատեսակների բարձր տոկոսադրույքների, ժամկետանց վարկերի ծավալի, վճարումների հետ խնդիրների մասով:Ինչո՞ւ են մարդիկ վերցնում բարձր տոկոսով վարկերԾախսերի իրականացումը քաղաքացիների կողմից բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով առաջացնում է դրամական միջոցների պակաս, որի հետաձգումն առաջացնում է ավելի լուրջ խնդիրներ: Մասնավորապես, ուսման, առողջապահության, սննդի, կոմունալ վճարների ծախսերը հիմնականում հնարավոր չէ հետաձգել եւ մարդիկ ստիպված դիմում են վարկ ստանալու՝ չկարեւորելով վարկի տոկոսի չափը, քանի որ այդ վարկով ստացած արժեքը՝ կրթություն, առողջություն եւ այլն, ավելին է մարդու համար:Ցավոք, Հայաստանի բնակչության 25 տոկոսը դեռ աղքատ է, եւ այդ հատվածի մոտ առկա է կայուն եկամուտների խնդիր, եւ շատերը ստիպված իրենց խնդիրները լուծում են վարկերի միջոցով՝ չկարեւորելով հետագա մարման հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ պահին առկա խնդրի անհետաձգելիությունը: Պատկերավոր ասած, վարկի տոկոսը ժամանակի այն գինն է, որը մարդը չի կարող հետաձգել այս կամ այն բարիքն ապագայում ստանալու համար: Բնակչության մի հատված էլ, ունենալով եկամուտներ, բավական անփույթ է վերաբերվում անձնական եւ ընտանեկան բյուջեի կառավարմանը, երբ անհրաժեշտ ծախսի կատարման պահին չի ունենում բավարար միջոցներ եւ դիմում է վարկի՝ հետագայում մարելու հստակ գիտակցումով եւ պատրաստակամությամբ: Միեւնույն ժամանակ, շատ է տարածված եկամուտներին անհամապատասխան ծախսերի իրականացումը սպառողական վարկերի միջոցով՝ թանկարժեք հեռախոս, շքեղ հարսանիք եւ այլն:Ինչո՞ւ այդ մարդիկ չեն կարողանում ստանալ ավելի ցածր տոկոսով վարկեր Սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքները Հայաստանում բավական տարբեր են՝ սկսած 15-16 տոկոսից մինչեւ 80-90 տոկոս: Ընդ որում, ակնհայտ է, որ բնակչությունն ամբողջությամբ տիրապետում է այդ տեղեկատվությանը, եւ առաջին հերթին ցանկալի է ստանալ նվազագույն տոկոսադրույքով վարկեր: Սակայն, մյուս կողմից էլ՝ բանկերը ցածր տոկոսադրույքով վարկավորում են ցածր ռիսկային հաճախորդներին, որոնք ունեն կայուն եկամուտ, դրական վարկային պատմություն: Արդյունքում, վերը նշված խնդիրների պատճառով (աղքատություն, ֆինանսական գրագիտության պակաս) հասարակության մի հատված դուրս է մնում բանկերի կողմից սահմանված չափանիշներից եւ որպես բարձր ռիսկային հաճախորդ հնարավորություն է ունենում ստանալ միայն բարձր տոկոսադրույքներով վարկեր: Իհարկե, կամ մի հատված էլ, որն այլեւս չի կարողանում օգտվել նույնիսկ ամենառիսկային վարկերից:Ի՞նչ անել երկարաժամկետ հատվածումԻնչպես նշեցինք, վարկերը ոչ թե «պատճառ են, այլ հետեւանք»: Գլխավոր պատճառը՝ աղքատությունը, երկրի կարեւորագույն խնդիրներից է, որի հաղթահարումը կառավարության առաջնահերթություններից է: Այս խնդրի լուծմանն են ուղղված ինչպես բազմաթիվ սոցիալական եւ ֆինանսական քայլերը (կենսաթոշակների բարձրացում, եկամտային հարկի նվազեցում, առողջապահական ոլորտում պետպատվերի ընդլայնում եւ այլն), այնպես էլ կարեւորագույն՝ անապահովության նպաստների համակարգի փոփոխությունները, որի նպատակն է ստեղծել միջոցներ, որ քաղաքացին ինքն իր համար ապահովի կայուն եկամուտ, այլ ոչ թե սպասի ամսական նպաստի ստացմանը: Արդյունքում, բնակչության եկամուտների աճը եւ եկամուտների բեւեռացման նվազեցումն աստիճանաբար կնվազեցնի սպառողական վարկերի նկատմամբ պահանջարկը: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով աղքատության խորությունը, կա անհրաժեշտություն խնդիրների կտրուկ լուծման, մասնավորապես՝ նպատակահարմար է կառավարության եւ Կենտրոնական բանկի համատեղ ջանքերով ներդնել «Բարեկեցության վարկ» ծրագիր, որը գրեթե զրոյական տոկոսով վարկ կտրամադրի աղքատության մեջ գտնվող ընտանիքներին՝ աղքատությունից դուրս գալու ծրագիր ներկայացնելու դիմաց, որն ընտանիքների համար կապահովվի կայուն եկամուտ (միկրոբիզնես, գյուղատնտեսություն, արտադրություն եւ այլն):Ֆինանսական գրագիտության մասով անհրաժեշտ է կրթական ծրագրերի ներդրում սկսած դպրոցից, որը կներառի ոչ միայն վարկավորման առանձնահատկությունները, դրանց հետ կապված ռիսկերը եւ հնարավոր հետեւանքները, այլեւ անձնական եւ ընտանեկան բյուջետավորման կարեւորությունն ու դրա ազդեցությունը բարեկեցության վրա:Ի՞նչ անել կարճաժամկետ հատվածումԱյս պահին միանգամից «պատճառ»-ի ամբողջական վերացումը անիրատեսական է, անհրաժեշտ է սակայն «հետեւանք»-ի նկատմամբ ճիշտ գնահատական, որպեսզի այն չդառնա «պատճառի նոր պատճառ»:Արդյունքում, հաշվի առնելով առկա վիճակը, անհրաժեշտ է կարգավորել վարկավորման այն հատվածները, որոնք կարող են խորացնել աղքատությունը: Մասնավորապես, առաջարկվում է՝- Սահմանափակել վարկավորման գովազդը, որտեղ կոչ է արվում վարկ վերցնել գրավիչ պայմաններով: Գովազդը պետք է կրի բացառապես տեղեկատվական բնույթ:- Սպառողական կրեդիտավորման մասին օրենքում կատարել փոփոխություններ, որտեղ բացի արդյունավետ տոկոսադրույքից, կնշվի փաստացի վճարման ենթակա ամբողջ գումարը կարճաժամկետ վարկերի համար: Ընդ որում, նպատակահարմար է, ինչպես առաջարկվող, այնպես էլ արդյունավետ տոկոսադրույքը նշել նաեւ հաճախորդի կողմից ստորագրման ենթակա հատվածի մոտ, որը զերծ կպահի «այդ հատվածը չկարդալու վտանգից»:- Արգելել վարկավորումը գիշերային ժամերին, երբ գումարի անհրաժեշտությունը հաճախ պայմանավորված է մոլախաղերով, ինչպես նաեւ բարձր է գիշերային ժամերին ոչ սթափ վիճակում վարկ վերցնելու հավանականությունը:- Սահմանափակել մինչեւ 21 տարեկան քաղաքացիների վարկավորումը, որոնք չունեն հաշվառված կայուն եկամուտի աղբյուր:Իհարկե, խնդիրը խորքային է եւ մեծապես կապված է քաղաքացիների բարեկեցության հետ, ինչն էլ իր հերթին կապված է տնտեսության զարգացման հետ։ Հետեւաբար, լուծումն էլ պետք է փնտրել այդտեղ։ Մյուս կողմից, վերոնշյալ երկարաժամկետ լուծումներն ու կարճաժամկետ գործողությունները կմեղմացնեն իրավիճակը, հատկապես սոցիալապես խոցելի խմբերի մոտ։ Պատասխանատու վարկավորումը պետք է դարձնել կացութաձեւ, խաղի կանոն թե՛ վարկատուի, թե՛ վարկառուի մոտ։ Tweet Դիտում՝ 14263