Քրիստինե Ղալեչյան. Հետհայացք Շեֆիլդի Executive MBA ծրագրին
11.02.2020 | 09:35
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ անձնական արխիվից



Ուսումնառության շնորհիվ ստացած նոր հմտությունների եւ կարիերային աճի մասին Banks.am-ին պատմել է համալսարանի ուսանող, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը:
Executive MBA-ը՝ բացառիկ հնարավորություն
Մեծացել եմ իրավաբանների ընտանիքում ու չեմ մտածել որեւէ այլ մասնագիտություն ընտրելու մասին: Կարծես ինքնին կանխորոշված էր ընտրությունս, ու որոշեցի հետեւել ընտանիքիս ավանդույթներին: Աշխատեցի իրավունքի տարբեր բնագավառներում եւ ժամանակի ընթացքում ձեռք բերեցի բազմապրոֆիլ իրավաբանի կարողություններ:
Կարիերային նոր մարտահրավերները ձեւավորեցին այլ գիտելիքներ եւ որակներ ձեռք բերելու պահանջ: Ուզում էի հասկանալ՝ առհասարակ աշխարհում ինչ կարողությունների կարիք կա, ինչ ուղղությամբ են զարգանում աշխատանքային հմտությունների միջազգային պահանջները, եւ արդյոք մենք մեր մտածողությամբ ու հնարավորություններով համահունչ ենք այդ միտումներին:
Սկսեցի փնտրել նոր տեսակի կրթություն ստանալու այնպիսի հնարավորություն, որը համահունչ կլիներ իմ աշխատանքին եւ կենցաղին: Այս առումով մեծ պարգեւ էր այն ձեւաչափը, որ առաջարկում էր Շեֆիլդի համալսարանի MBA Executive ծրագիրը: Կարծում եմ, այն գերազանց եւ բացառիկ հնարավորություն է միջին տարիքի պրոֆեսիոնալների համար՝ համատեղելու կրթությունն ու աշխատանքային խիստ ծանրաբեռնվածությանը:
Աշխարհայացքի փոփոխություն
Շեֆիլդի համալսարանում ուսումնառության մեկնարկին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում» աշխատում էի որպես իրավաբան: Պատասխանատու էի իրավական աշխատանքի մասով, ու թեեւ ունեի նաեւ որոշակի կազմակերպչական գործառույթ, սակայն այն չէր ենթադրում լայնածավալ պատասխանատվության:
Ուսումնառության մեկնարկի հետ իմ կյանքում սկսվեցին արմատական փոփոխություններ, որոնցից առաջինը, որ տվեց ինձ համալսարանը, աշխարհայացքի փոփոխությունն էր:
Իրավաբանների աշխարհայացքն առանձնահատուկ է: Նրանք անում են այն, ինչ իրենցից ակնկալում են, եւ այնքան էլ պատասխանատու չեն զգում վերջնաարդյունքի համար: Աշխարհայացքային փոփոխություններն ինձ սովորեցրին տեղի ունեցող գործընթացներին բոլորովին այլ տեսանկյունից նայել, որ թույլ կտար տեսնել ամբողջական պատկերն ու ձգտել հաջող վերջնաարդյունքի: Ընդ որում, դա անել թիմային ռեսուրսների մոբլիզացման, ֆինանսական միջոցների ճիշտ կառավարման միջոցով:
Կարիերային աճ՝ ուսմանը զուգահեռ
Ուսումնառության տարիներին դարձա կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, մեկ տարուց ավելի է կատարում եմ տնօրենի պարտականությունները:
Համալսարանի տված մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող գիտելիքն էր, որ ինձանում ձեւավորեց ղեկավար եւ պատասխանատու անձ լինելու կարողություններ:
Ուսումնառության ընթացքում ճգնաժամային կառավարման հմտությունները դարձան ավելի առարկայական եւ արդեն աշխատանքային գործընթացում գրքային իրականությունից դարձան առօրյայի պարտադիր բաղադրիչ:
Նախքան ծրագրում ուսանելը, չունեի բավարար ֆինանսական գիտելիքներ, որոնք մինչեւ այժմ էլ շարունակում եմ լրացնել: Երբեմն մտածում եմ, որ կուզենայի նորից անցնեի ուսումնառության գործընթացի միջով, որովհետեւ կարծում եմ, որ այժմ, երբ ստացած գիտելիքն ամեն օր կոփվում է աշխատանքային մարտահրավերներում, կարող էի ավելի լավ ուսանող լինել:
Ուսում, աշխատանք եւ ընտանիք
Ուսումնառության ընթացքում հղկվեց իմ՝ ժամանակի կառավարման հմտությունը, որովհետեւ ստիպված էի ավելի ծանրաբեռնված գրաֆիկով աշխատել: Թեեւ սկզբում որոշակի դժվարություններ կային, սակայն ժամանակի արդյունավետ օգտագործումը, թերեւս, այն առաջին փորձություններից մեկն էր, որին ինձ պատրաստեց Շեֆիլդի համալսարանը:
Երկու տղաներս սովոր էին, որ հանգստյան օրերին մայրիկն իրենցն է, սակայն հետագայում հարմարվեցին զբաղվածությանս եւ իրենք էլ սկսեցին ինձ խրախուսել: Երեխաների դաստիարակության լավագույն ձեւը նրանց համար օրինակ լինելն է, եւ կարծում եմ՝ իմ կրթությունը հենց այդ օրինակն էր, որ պետք է մոտիվացներ երեխաներիս իրենց ուսման հարցում:
Խիստ զբաղվածության պատճառով մագիստրոսական թեզս դեռեւս չեմ ավարտել: Դա պարզապես առաջադրանք չէ, որ պետք է հանձնել համալսարանն ավարտելու համար: Իմ թեզով փորձելու եմ օգտակար լինել նաեւ իմ կազմակերպությանն ու կառավարությանը:
Ուսումնասիրում եմ պետության-մասնավոր հատվածի համագործակցության ձեւաչափին առնչվող հիմնախնդիրներն ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական առումով, ու տեղայնացնում այն ենթակառուցվածքային ծրագրերում:
Կարողությունների անընդհատ զարգացում
Շեֆիլդի համալսարանն ինձ մոտ ձեւավորեց ամենակարեւորը՝ շարունակական կրթության պահանջմունքը: Ամեն ինչ դինամիկ զարգանում է, եւ հնարավոր չէ մի քանի տարի ուսանելով կրթության գործընթացն ավարտված համարել: Համալսարանն իմ առջեւ բացեց կրթության այն պատուհանը, որ մղում է անդադար ինքնազարգացման:
Կրթության գործընթացն ինձ համար շարունակվում է մինչ օրս: Ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ արդեն իսկ սերտած, քննություն հանձնած շատ առարկաների, որովհետեւ դրանցից ես մշտապես ստանում եմ շարունակական գիտելիքներ: Թիմի հետ աշխատանքում եւս շեշտադրում եմ կարողությունների հզորացումը:
Կարեւոր է նաեւ համալսարանի տված շփման նոր տեսակը, երբ գործ ես ունենում տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ ու նոր կապեր ստեղծում: Այդ միջավայրն ու ծանոթությունները եւս մեծ ձեռքբերում եմ համարում:
Գայանե Ենոքյան
Վերջին լուրեր
23.04.2025 | 15:54 Նորություններ
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
23.04.2025 | 12:34 Նորություններ
Նորաբաց Յան Կլինիկում կմատուցվեն որակյալ բուժծառայություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: